19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Ամենօրյա աղոթքներ

«Միշտ ուրախ եղեք, անդադար աղոթեցեք»

Լիարժեք հոգևոր կյանքը անհնար է պատկերացնել առանց աղոթքի: Ինչպես մարմինը, այնպես էլ հոգին ամենօրյա սննդի կարիք ունի: Այդ սննդի մեջ արևորվում է ամենօրյա աղոթքը:Քրիստոնեություն ընդունելուց հետո դարեր շարունակ եկեղեցու հայրերի կողմից ստեղծվել են բազմաթիվ հիասքանչ աղոթքներ: Անդրադառնալով այդ աղոթքներին՝ մեկ անգամ ևս համոզվում ես, որ աղոթքը, հոգևոր առաջադիմության դրսևորումներից մեկը լինելով, քրիստոնյայի կյանքի հիմքն է կազմում:

 

Ամենօրյա աղոթքի կարևորության մասին վկայում են երանելի Հովհաննես Գառնեցու շաբաթվա յուրաքանչյուր օրվա համար գրված աղոթքները, Սբ. Ներսես Շնորհալու օրվա 24 ժամերի համար գրված «Հավատով խոստովանիմ» աղոթաշարքը, արեգակի նման փայլող Սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ղբերգություն»-ը, 150 սաղմոսները, առավոտյան, ճաշու, երեկոյան և հանգստյան ժամերի համար գրված բազմաթիվ աղոթքները: Բացի ամենօրյա անհատական աղոթքից քրիստոնյան հնարավորություն ունի նաև մասնակցել եկեղեցու ընդհանրական ամենօրյա աղոթքներին՝ ժամերգություններին:

Սուրբ Գիրքն ընթերցող յուրաքանչյուր ոք բազմիցս հանդիպում է ամեն օր և ամեն ժամ աղոթելու հորդորին. «Արթո՛ւն եղեք և աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք…» (Մատթեոս 26:41), «Թախանձագին աղոթեցե՛ք տևաբար, Սուրբ Հոգու օգնությամբ» (Եփեսացիներ 6:18), «Միշտ ուրախ եղեք, անդադար աղոթեցեք» (Ա Թեսաղոնիկեցիներ 5:16-17):

Որոգինեսն ասում է, որ նա՛ է անդադար աղոթում, ով աղոթքը միացնում է գործին և գործը՝ աղոթքին:

Դանիել մարգարեն օրը երեք անգամ ծնրադրում և աղոթում էր այն ժամանակ, երբ մի մեծ վտանգ էր սպառնում իրեն (Դանիել 6:10):

Պետրոս առաքյալն ինքը ևս տանիք էր բարձրանում օրվա վեցերորդ ժամին աղոթելու համար (Գործք Առաքելոց 10:9-10):

Պայծառացնող, մեծ ուրախություն, հոգու հանգստություն, նոր ուժ և հնարավորություն պարգևող ամենօրյա աղոթքը ամենօրյա ջանքեր է պահանջում աղոթողից:

«Ով տրամադրվում է աղոթելուն, պետք է ինքնամփոփվի և որոշ չափով նախապատրաստվի, որպեսզի լինի ավելի փութաջան ու ժիր, ավելի ուշադիր աղոթքի ամբողջությանը: Պետք է նմանապես իր մտքից վանի բոլոր նեղություններն ու խռովքները և աշխատի հիշել Աստծո մեծությունը, որին ինքը մոտենում է, մտածի, որ ամբարշտություն է Նրան ներկայանալ առանց ուշադրության, առանց ջանքի, մի տեսակ անհոգության: Վերջապես պետք է դեն գցել ամեն տեսակ օտարոտի մտածում» (Որոգինես):

Եթե մարդկային փոխհարաբերություններում հնարավոր է, որ մարդիկ երբեմն լինեն սառը, ոչ անկեղծ կամ քաղաքավարությունից դրդված որևէ խնդրանք, գովասանք կամ շնորհակալություն հայտնեն իրար, կամ էլ հակառակը՝ լինեն ջերմ, անկեղծ և սիրով: Այսքան տարբեր մարդը չի կարող լինել Աստծո հետ խոսելիս: Նրա հետ խոսելիս անհրաժեշտ է ողջ սրտով խնդրել, փառաբանել կամ ներում հայցել:

Եկեղեցու հայրերը խրատում են. «Ամենուր հոգևորապես, անխափան կատարի՛ր աղոթք ծառայությունդ՝ թե՛ տանը նստած, թե՛ ճանապարհ գնալիս, թե՛ աշխատելիս, թե՛ ննջելիս և թե՛ արթնանալիս: Ողջ սրտով բխած աղոթքներն ու խնդրվածքները Աստծո շնորհիվ խաղաղություն են բերում հոգուն» (Սբ. Գրիգոր Լուսավորիչ):

Կամ օրինակ՝ «Հարկադրի՛ր քեզ գիշերվա մեջ բազում աղոթքների, քանզի աղոթքը լույս է քո անձին» (Սբ. Սերապիոն եպիսկոպոս), «Հաճախ աղոթեցեք. քանզի աղոթքներն են, որ բարձրացնում են մարդկանց առ Աստված և Աստծուն խոնարհեցնում դեպի մարդիկ» (Սբ. Ներսես Շնորհալի):

Ըստ Պողոս արքեպիսկոպոս Անդրիանուպոլսեցու՝ ոչ ոք իր անձը չի կարող անբասիր դարձնել, եթե զանց առնի աղոթքը. քանզի ամեն ժամ և ամենուր, երբ մարդ ի վիճակի լինի, թե՛ առողջ և թե՛ հիվանդ, կարող է մտքով հիշել Աստծուն, փառավորել Նրան, գովել և օրհնել. և այս իսկ է աղոթքը:

Հավիտենության ձգտող յուրաքանչյուր քրիստոնյայի համար օրվա մեջ բարձրագույն նպատակը պետք է լինի Աստծո հետ զրույցը, իսկ օրվա հոգսերը, ընտանեկան և հասարակական պարտականությունները չպետք է խանգարեն, այլ պետք է նպաստեն և նախապատրաստեն աղոթելուն:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

No results found.

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․