Բարկություն, դատել և հնազանդություն



Գրքեր

Բարկություն, դատել և հնազանդություն

Բարկությունը հաղթահարելի է

Անտեսանելի մի որոգայթ է այդ մեղքը, որի մեջ անզգուշորեն քայլողը անմիջապես ընկնում է փորձանքը: Այդ որոգայթը բարկությունն է: Նրա տարատեսակներն են ցասումը, կատաղությունը, վիրավորելը, հարվածելը, վեճեր ստեղծելը, հակառակելը, բազում տրտունջներն ու բողոքները, հայհոյանքը և այլն:

Բարկությունը այն մեղքն է, որ ամեն անգամ զրկում է մարդուն առողջ դատողությունից:

«Բարկացած մարդը չի ճանաչում ճշմարտությունը»,- վկայում է Սուրբ Հովհան Մանդակունին, այդ պատճառով էլ պետք է զգուշանալ, քանի որ բարկությամբ մարդ կորցնում է Աստծո պատկերը: Լեռան քարոզում բարկության մասին ուսուցանելիս Քրիստոս ասում է, որ ոչ միայն մարդասպանն է դատապարտվելու, այլ նաև նա, ով անիրավի կբարկանա իր եղբոր վրա:

Բարկության ամեն մի դրսևորում սպանում է մեր հոգին ներքնապես և քանդում է մարդկային ամեն մի հարաբերություն:

Ըստ եկեղեցու հայրերի՝ կա նաև արդար բարկություն, որը ներելի է, այն է՝ նախանձախնդրություն կամ բարկություն Աստծո փառքի համար: Աստծուն և իր պատվիրաններին հակառակ, կամ Նրան անպատվություն բերող բան, երբ տեսնի մարդ, չպետք է անտարբեր մնա, բայց՝ առանց մեղանչելու. «Երբ բարկանաք, չլինի թե մեղանչեք» (Սաղմոս 4.5) և «Բարկացած չմնաք մինչև երեկո» (Եփեսացիներ 4.26):

Բարկության հակադիր առաքինությունն է հեզությունը: «Սովորեցե՛ք Ինձանից, որ հեզ եմ և սրտով խոնարհ,- ասում է Տերը,- և դուք ձեր հոգեկան հանգստությունը պիտի գտնեք» (Մատթեոս 11.29): Խոնարհությունը թուլություն չէ, այլ՝ փաստ, որ նրա տերն ուժեղ կամք ունի և կարող է խստությանը հաղթել մեղմությամբ: Խոնարհը կանխարգելում է չարիքը և միշտ մնում է դրության տերը՝ ապահովելով խաղաղություն և համերաշխություն: Այսպես խոնարհը նմանվում է Աստծուն:

Երբ սերը պակասում է

Գրքի բովանդակության մասին հնարավոր չէ դատողություն անել և կարծիք կազմել, կարդալով կոնտեքստից դուրս մի փոքր հատված, այն էլ ոչ այնքան հաջող հատված: Նույնը և մարդու պարագային. «կոնտեքստից դուրս»՝ այսինքն, արտաքին տեսքի և գործողության հիման վրա չպետք է դատել՝ չիմանալով, թե ինչ կա իրականում այդ մարդու ներաշխարհում: Ամեն մեկի մեղքը դիմացինի աչքին ավելի ցայտուն է երևում, քան իր աչքին: «Մի՛ դատեք ուրիշներին, որպեսզի Աստված էլ ձեզ չդատի, որովհետև ինչ սկզբունքով որ դատեք ուրիշներին, Աստված նրանո՛վ է դատելու ձեզ»,- պատգամում է մեր Տերը (Մատթեոս 7.1-2):

Այս մեղքը ծնվում է սիրո պակասից, յոթ մահացու մեղքերից՝ հպարտությունից, նախանձից, բարկությունից, ծուլությունից, ագահությունից, որկրամոլությունից, բղջախոհությունից:

Մարդկանց վնասող բազմապատիկ չարիքներ՝ քաղաքների կործանում, անմեղ արյան հեղում, տարագրություն, անհաշտ խռովություն, թշվառություններ, սովորաբար առաջ են գալիս թյուր կասկածներից:

«Չկա ավելի ծանր ու չար բան, քան դատապարտությունը: Մերձավորիդ մի դատապարտիր, քանզի դու նրա մեղքերին ես տեղյակ, իսկ ապաշխարությանը՝ ոչ» (Հայր Դորոթեոս):

Համաձայն եկեղեցու հայրերի՝ իր մեղքերն ու թերությունները տեսնողը ուրիշինը չի տեսնի:

Խոնարհությունից ծնվող հնազանդությունը

Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ, ազատ արարեց նրան: Աստծո հետ կենդանի հաղորդակցությամբ մարդն ազատորեն վայելում էր դրախտային երանելի վիճակը:

Կար աստվածային պատվերը: Սկզբում մարդը հնազանդ էր, բայց չարի գայթակղությամբ, կամենալով աստվածանալ, անհնազանդ գտնվեց: Արդյունքում՝ Աստծո խոսքի հանդեպ անհնազանդությամբ, մահն աշխարհ եկավ:

Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին բնական է համարում բոլոր արարածներին Աստծո կամքին հնազանդվելը: Քանի որ բնության հեղինակն Աստված է, ուստի և բոլոր արարածները հնազանդվում են Աստծո հավիտենական, անփոփոխ օրենքին: Բնական օրենք է համարում նաև ինչպես Աստծուն, այնպես էլ ծնողներին, ուսուցիչներին, իմաստուններին, ծերերին և բարերարներին հնազանդվելը: Աստծո հանդեպ

հնազանդության մեջ կարևորելով գործով և ոչ խոսքով հնազանդությունը: Ըստ իրեն՝ հնազանդությունը ուրիշի կամքին անկարգաբար հպատակվելը չէ, այլ այն ունի չափ, կարգ ու կանոն: Չափը հնազանդվողի կարողությունն է. ոչ ոք պարտավոր չէ իր կարողությունից վեր լուծ վերցնելու: Կարգն արժանապատվությունն է նրանց, որոնց հանազանդվել է պահանջվում: Եվ կանոնն աստվածային կամքն է: Եթե մարդ ընդդեմ Աստծո կամքի բռնադատում է մեկին որևէ բանում հնազանդվելու, հնազանդության կանոնը եղծում է, ուստի ոչ ոք պարտավոր չէ նրան հնազանդվել:

«Ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ բոլորը մեղավոր եղան, այնպես էլ մեկ մարդու հնազանդությամբ բոլորը պիտի արդարանան» (Հռոմեացիներ 5.19):

Այսպիսով. հետևենք և ավելի մանրամասնորեն ծանոթանանք բարկության, դատելու և հնազանդության մասին խրատներին, գուցե. «Ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, բայց հետո արդարության խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակվածներին» (Եբրայեցիներ 12.11),- գրում է Պողոս առաքյալը:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Հայրերի վարքից
1. Եղբայրը հարցրեց հայր Պիմենին. «Ի՞նչ է նշանակում եղբոր վրա իզուր տեղը բարկանալ»: Ծերը պատասխանեց նրան. «Զուր տեղը բարկանալը համարվում է ամեն առիթով բարկությունը: .....
Բարկության, դատելու և հնազանդության մասին
1. Զգուշացիր որևէ մեկի վրա բարկանալուց, ների՛ր բոլորին (Անտոն Անապատական): 2. Երբ քեզ վրա է հարձակվում բարկությունը, շտապ քշիր, հեռացրու նրան քեզանից և կուրախանաս քո կյանքի .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․