19 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր

Հոգեհանգիստ

Հոգեհանգիստը ննջեցյալի համար կատարվող արարողություն է: Այն բառացի նշանակում է «հանգիստ հոգու համար»: Ողջերը, հիշելով ննջեցյալներին, հոգեհանգստի ընթացքում նրանց հոգիների հանգստության համար աղոթում են և ողորմություն հայցում Աստծուց:

Հոգեհանգստյան օրերը և արարողության ընթացքը

Հոգեհանգիստ կատարվում է մահվանից հետո, թաղման հաջորդ օրը, յոթնօրյակին, քառասունքին, մահվան տարելիցին: Թաղման հաջորդ օրը կատարվող սովորությունը հնում կոչվել է «այգալացն»: Այն կապված է Ավետարանի Հարության հատվածի հիշատակության հետ, երբ յուղաբեր կանայք այգաբացին գալիս են Քրիստոսի գերեզման՝ Նրան օծելու, և տեղը թափուր են գտնում (Մարկոս 16.1-11): Այս արարողությունը ժողովրդի մեջ հայտնի է «ինքնահող» անունով: Հոգեհանգստյան արարողության ընթացքում երգվում են հանգստյան շարականներ, ընթերցվում է հանգստյան Ավետարանը և վերջում՝ «Քրիստոս Որդի Աստծոյ» աղոթքի ընթացքում, հիշատակվում են ննջեցյալների անունները, որպեսզի Վերջին դատաստանի օրը Աստված հիշի նրանց և արդարությամբ ու գթությամբ դատաստան անի:

Հոգեհանգիստ կատարվում է նաև հինգ տաղավար տոների հաջորդող օրը՝ մեռելոցին: Այդ օրերին եկեղեցիներում Սբ. Պատարագ է մատուցվում, և կատարվում է հոգեհանգիստ բոլոր քրիստոնյա ննջեցյալների հոգիների փրկության համար: Սուրբ Պատարագով ոչ միայն ողջերի համար է փրկություն լինում, ովքեր հավատով են հաղորդվում, այլև՝ նրանց, ովքեր հույսով ու հավատով ննջեցին ի Քրիստոս: Որովհետև Քրիստոսի մահը ոչ միայն ողջերի համար փրկություն եղավ, այլև՝ ննջեցյալների, ինչպես ասում է Պետրոսը. «Գնաց ավետարանեց հոգիներին, որոնք դժոխքում էին» (Ա Պետրոս 3.19): Գերեզմանատուն գնալուց առաջ կարևոր է Սբ. Պատարագին մասնակցելը և նախքան Սբ. Պատարագի սկսվելը ննջեցյալների անունները պատարագիչ քահանային փոխանցելը: Հոգեհանգստյան արարողության ժամանակ քահանան բարձրաձայն ընթերցում է ննջեցյալների անունները, ինչպես Սողոմոնը հիշատակեց իր հոր՝ Դավթի անունը (Բ Մնացորդաց 6.42) և աղոթում նրանց հոգիների հանգստության և խաղաղության համար: Այնուհետև մարդիկ այցելում են իրենց հարազատների գերեզմանները:

Սակայն աղոթքները և հոգեհանգստյան արարողությունները օգուտ չունեն այնպիսի ննջեցյալի համար, ով ապրել է մեծամեծ մեղքերի մեջ և մեռել առանց զղջալու, ինչպես որ չորացած ծառի համար անօգուտ է ջուրը: Եկեղեցու հայրերից Բարսեղ Մաշկևորցին ասում է, որ այդպիսինների պարագային թերևս օգուտ լինի նրանց անունով ողորմություն անելը, «քանզի ողորմությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակոբոս 22.13):

Աստվածաշնչյան օրինակներ

Սուրբ Գիրքը ուսուցանում է. «Միմյանց համար աղոթք արեք» (Հակոբոս 5.16), և քանի որ Աստծո համար բոլորը կենդանի են (Մատթեոս 22.32), ապա մենք պետք է աղոթենք նաև մահացածների համար: Շատ կարևոր է ողջերի աղոթքը ննջեցյալների համար: Աստվածաշնչում հանդիպում ենք հանգուցյալների համար աղոթելու և նրանց համար ողորմություն անելու օրինակների: Այսպես, Հին ուխտի եկեղեցում սովորություն է եղել մահացածների հիշատակի համար հաց կտրել և աղքատներին բաժանել (Բ Օրենք 26.14; Երեմիա 16.7), հարազատների մահվան առիթով պահք պահել (Բ Թագավորներ 1.12): Դատավորաց գրքում նշվում է, որ Իսրայելում մահացածներին հիշելու սովորություն կար (Դատավորներ 11.40). այդ ամենը կատարվում էր մեռելների մեղքերի թողության արժանացնելու համար: Հուդա Մակաբայեցին, տեսնելով, որ մարտում ընկածների զգեստների տակ հուռութքի ուլունքներ և ամեն տեսակ կուռքերի բժժանքներ կան, մի բան, որ հատկապես մերժելի էր օրենքով, աղոթքով Աստծուն խնդրեց, որ

մարտում ընկածներին թողություն տրվի այդ մեղքի համար: Նա փող հավաքեց և ուղարկեց Երուսաղեմ՝ ննջեցյալների մեղքերի համար Պատարագ մատուցելու (Բ Մակաբայեցիներ 12.39-46): Աստվածաշնչյան կերպարներից Բոոսն էլ էր մեռելների և ողջերի համար ողորմություն անում (Հռութ 2.20):

Ըստ եկեղեցական կանոնի

Եկեղեցական կանոնագրքի կանոններից մեկում նշվում է, որ Աստված լսում է ողջերի աղոթքները և թեթևացնում մեռյալների հոգիների բեռը: Կանոնը վկայակոչում է Սուրբ Գրքից Եղիա մարգարեի կողմից կնոջ խնդրանքով նրա մեռած որդու հարության փաստը (Գ Թագավորներ 17.17-23), ինչպես նաև Տաբիթայի հարությունը, ում հարություն տվեցին առաքյալները՝ տեսնելով մարդկանց արտասուքը (Գործք Առաքելոց 9.36-42): Եկեղեցական կանոնն ասում է, որ եթե ողջերի աղոթքներով աստվածային զորությունը մեռելությունից կենդանության է բերում, կարող է նաև ողջերի աղոթքով մեղքերի թողություն շնորհել հույսով ննջեցյալներին:

Աղոթքը ողջերի գլխավոր և անգնահատելի օգնությունն է մահացածներին: Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Աշխատենք որքան հնարավոր է ննջեցյալներին օգնել ոչ թե արցունքներով, հեկեկանքներով, ճոխ շիրիմներով, այլ նրանց համար մեր աղոթքներով ու ողորմությամբ, որպեսզի դրանով թե՛ նրանք, թե՛ մենք ստանանք խոստացված բարիքները»:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

12.09.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․