19 Նոյեմբեր, Գշ, Հինանց պահքի Բ օր

Աբգար թագավոր

Հայոց Աբգար թագավորը, ով Քրիստոսին հավատացած առաջին հայոց թագավորն է, մեծ առնչություն ունի Քրիստոսի երկրային կյանքի դեպքերի հետ: Քրիստոս ծնվեց այն ժամանակ, երբ Հռոմի կայսր էր Օգոստոսը, իսկ Եդեսիայում թագավորում էր Աբգարը: Մոգերը, որ տասներկու հազար հեծելազորով ճանապարհվում էին Պաղեստին` Քրիստոսին երկրպագելու, լսեցին, թե սով է սկսվել Պաղեստինում, և մտան Եդեսիա, թողեցին իրենց զորքը Աբգարի մոտ և իրենք գնացին տասներկու իշխաններով և հազար հեծյալներով: Մոգերի անուններն էին Մելքոն Պարսիկ, Գասպար Հնդիկ, Բաղդասար Արաբ, ովքեր իրենց հետ իբրև ընծա տանում էին ոսկի, կնդրուկ և զմուռս: Այս մոգերի մասին ոմն Լուկիանոս Փռանկ, որ Ասորիքում էր, Օգոստոս կայսերը նամակ գրեց` հաղորդելով, որ մեծ աստղից առաջնորդվելով հարավ-արևելքից մեծաշուք այրեր եկան և երկրպագեցին Պաղեստինում ծնված մի տղայի: Երբ մոգերը գնացին այլ ճանապարհով իրենց երկրները (Մատթ. 2.12), Հերովդեսը Բեթղեհեմում կոտորեց հազար չորս հարյուր վաթսուներկու մանուկների` ենթադրելով, թե սպանվածների մեջ կլինի նաև մոգերից երկրպագված մանուկը (Մատթ. 2.16): Բայց մանուկ Քրիստոս ծնողներից Եգիպտոս էր տարվել (Մատթ. 2.14): Այդ ժամանակ Եգիպտոս գնաց նաև Օգոստոս կայսրը և սպանեց իր զորավար Անտոնինոսին, որը նրա դեմ ապստամբել էր: Իսկ Աբգար թագավորն այդ ժամանակաընթացքում ավարտեց Ուռհա-Եդեսիա քաղաքի շինարարությունը և այնտեղ տեղափոխեց իր նստավայրը և դիվանը Մծբինից: Տարիներ անց Աբգարը հիվանդացավ մաշկային հիվանդությամբ և լսելով Քրիստոսի մասին` հավատաց, որ Նա Աստծո Որդի է և կարող է իրեն բժշկել, ու նամակ գրեց Տիրոջը բժշկության խնդրանքով` հրավիրելով նաև իր թագավորության մեջ խաղաղ ապրելու, հեռու հրեաների հալածանքներից: Ծառաների միջոցով Աբգարն ուղարկեց իր նամակը, ովքեր չհամարձակվեցին այն անմիջապես Քրիստոսին փոխանցել, այլ խնդրանքը հայտնեցին Փիլիպպոս և Անդրեաս առաքյալներին, ովքեր խնդիրը ներկայացրեցին Տիրոջը, ինչպես որ պատմվում է Ավետարանում (Հովհ. 12.20-22): Քրիստոս պատասխան գրություն ուղարկեց Աբգարին`գրված Թովմաս առաքյալի ձեռքով, ինչպես վկայում է նաև Մովսես Խորենացի պատմիչը, որ հետո կառաքի Իր առաքյաներից մեկին, ով և կբուժի Աբգարին: Աբգար թագավորը նաև մի նկարիչ էր ուղարկել` Քրիստոսի պատկերը նկարելու և իրեն բերելու համար: Սակայն նկարիչը չի կարողանում նկարել Քրիստոսի դեմքը, և Քրիստոս նամակի հետ միասին ուղարկում է նաև իր անձեռագործ պատկերը` դաստառակի վրա նկարված:

Աբգար թագավորը հետագայում` Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերին, մի պատմուճան է ընծայում Քրիստոսին, որը հյուսել էր նրա քույրը: Պատմուճանն ամբողջովին հյուսքագործ էր, առանց որևէ կարի և այնքան գեղեցիկ էր, որ Քրիստոսին խաչ հանող չորս զինվորներն ափսոսացին այն կտրել ու չորս մասերի վերածել: Եվ միմյանց մեջ վիճակ գցեցին, որն ընկավ զինվորներից մեկին (Հովհ. 19. 23-24, Սաղմ. 22:18): Ըստ ավանդության` այդ պատմուճանը մի որոշ ժամանակ անց անցավ հռոմեացի հարյուրապետի ձեռքը, ով այն հանձնեց Պիղատոսին, իսկ վերջինս ուղարկեց Հռոմ: Աբգարի և նրա դեսպանների մասին, բնականաբար, տեղյակ էր նաև Հուդա Իսկարիովտացին, ով հետո գնաց փնտրելու քահանայապետներին, ժողովրդի իշխաններին, օրենսգետներին ու փարիսեցիներին, ովքեր տխուր ու տրտում ժողովվել ու խորհում էին, թե ինչպես, ինչ հնարով ազատվեն Հիսուսից, քանի որ ամբողջ աշխարհը Նրա կողմն է` և՛ հրեաները, և՛ հեթանոսներ, և՛ սամարացիները, և՛ հյուսիսի կողմից եկածները, մինչև անգամ Հայոց արքան` Աբգարը, ով բնակվում է Եդեսիա քաղաքում, Հիսուսին Աստծու Որդի է խոստովանում:

Քրիստոսի համբարձումից հետո Թադեոս առաքյալը գալիս է Եդեսիա: Երբ առաքյալը մտնում է Աբգարի մոտ, սքանչելի տեսիլքով պայծառացյալ է երևում թագավորին Թադեոսի դեմքը: Եվ Աբգարը, գահից ելնելով, խոնարհվում է առաքյալի առջև: Առաքյալն ասում է. «Եթե հավատաս Քրիստոս Հիսուսին` Աստծո Որդուն, քեզ կտրվեն քո սրտի խնդրանքները»: Աբգարն ասում է. «Ես հավատացի Նրան և Նրա Հորը, որի համար կամեցա առնել իմ զորքը և կոտորել հրեաներին, որ խաչեցին Նրան, եթե ինձ չարգելեր Հռոմեական թագավորությունը»: Աբգարը բժշկվում է, երկու անգամ նամակ է գրում Տիբերիոս կայսեր` բողոքելով հրեաներից և Պիղատոսից, որ առանց ճիշտ դատաստանի և առանց կայսերական հրամանի այսպիսի հրաշափառ Մարդուն մահվան մատնեցին: Տիբերիոսը բարկությամբ հրամայեց Պիղատոսին ձերբակալել ու Հռոմ բերել, սակայն Պիղատոսը, զարհուրելով թագավորի ցասումից, անձնասպան եղավ` ծովում ջրախեղդ լինելով: Իսկ նրա կինը, հավատացյալ դառնալով, հարեց առաքյալներին:

Աբգարը թագավորեց երեսունութ տարի: Նրա մահից հետո հայոց մյուս արքան` Սանատրուկը ցանկացավ տիրանալ նաև Աբգարի թագավորությանը: Սակայն Եդեսիայի բանկիչները լուր են ուղարկում, որ պատերազմ չանի, իրենց թույլ տա մնալու քրիստոնեական հավատքի մեջ` խոստանալով Սանատրուկին հանձնել քաղաքը և թագավորի գանձերը: Բայց Սանատրուկը խաբեություն է անում, հետո սրով կոտորում Աբգարի զավակներին, խնայում միայն դուստրերին և Աբգարի կնոջը` Հեղինեին, ով Աբգարի պես բարեպաշտ ու հավատացյալ էր: Հեղինեն չի ցանկանում ապրել կռապաշտների մեջ, գնում է Երուսաղեմ Կլավդիոս կայսեր ժամանակ, երբ Ագաբոս մարգարեի կանխատեսած սովն էր սկսվել (Գործք 11.28): Հեղինեն իր բոլոր գանձերը վաճառում է Եգիպտոսում, ցորեն գնում և բաժանում բոլոր կարոտյալներին: Այս մասին վկայում է նաև հրեական հայտնի պատմիչ Հովսեփոսը: Երուսաղեմում երկար ժամանակ նշանավոր է եղել Հեղինեի շիրիմը:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

21.12.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․