Գրքեր

Արթուն մնացեք և աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք

Ժամանակակից տեղեկատվական աշխարհում, երբ առօրյա զբաղվածությունը, աշխատանքն ու իրադարձությունները սրընթաց թափանցում են անհատի կյանքն ու կլանում նրա ժամանակը, մարդկանց համար ամեն օր եկեղեցի հաճախելը, ժամերգությանն ու աղոթքին մասնակցելը դառնում են դժվարին: Հատկապես աղոթագիրք վերցնելու և աղոթքի կանգնելու համար հատկացված ժամանակը, երբեմն տարբեր հանգամանքների պատճառով, կարող է թե՛ տանը, թե՛ եկեղեցում նույնիսկ բավարար չլինել: Այս առումով նման դեպքերում աղոթական հոգևոր հաղորդակցությունը չկորցնելու կամ ավելի պտղաբեր դարձնելու համար հոգեշահ է նաև «Հիսուսի աղոթք» կոչվող աղոթքը: Նրա սկզբնավորումը վերագրվում է 4-րդ դարում ապրած Մակար Եգիպտացուն: Այս աղոթքին անդրադառնում են սբ. Եփրեմ Ասորին, սբ. Հովհան Ոսկեբերանը, սբ. Իսահակ Ասորին, Սիմեոն Նոր Աստվածաբանը և այլք: Այն աղոթքի բարձրագույն ձևերից մեկն է: Կոչվում է «Հիսուսի աղոթք», քանի որ անձն իր աղոթքն ուղղում է Սուրբ Երրորդության երկրորդ Անձին՝ Հիսուս Քրիստոսին: Լայն տարածում է ունեցել արևելյան եկեղեցիների ճգնավորների շրջանում և հայտնի է իր արդյունավետությամբ և զորությամբ: Դրա խոսքերն են. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստծո՛ Որդի, ողորմյա ինձ` մեղավորիս»: Կան այս աղոթքի համառոտ ձևեր. «Տե՛ր Հիսուս, ողորմյա ինձ» կամ «Հիսո՛ւս, Աստծո՛ Որդի, ողորմյա ինձ» կամ «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմյա ինձ»: Այս աղոթքը կարճ է, համառոտ, բայց ազդու, եթե այն իրապես ի սրտե է հնչում, ինչպես ասում է սբ. Գրիգոր Նարեկացին. «Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ»: Մի կողմից` հեշտ է այն մտապահելը, որը հիշելու առանձնակի ճիգեր չի պահանջում, սակայն, մյուս կողմից, մեծ աշխատանք և կենտրոնանալու ունակություն է պահանջում: Աղոթքի զորությունը ոչ թե պարզապես խոսքերի մեջ է, այլ մտքով, սրտով ու գործով Աստծու հանդեպ վստահության, նվիրումի, Նրա ներկայության ու հաղորդակցության ամեն ակնթարթի հոգևոր գիտակցություն ունենալու, ինչպես նաև պատրաստակամ լինել փոխվելու, նոր մարդ (Եփես. 4:22-24) դառնալու ամենօրյա հոգևոր աշխատանքի և ջանքի, կամքի գործառույթի մեջ է: Աղոթքը մեր հոգուն պետք է հաղորդի աստվածային սիրո լեցունություն, ուրախություն, հանգստություն, խաղաղություն, զորություն, կենսականություն, ուժերի վերազարթոնք: Երբ մենք այն ասում ենք, ավելի հեշտ է կենտրոնացնել մեր մտքերը, վերահսկել, քան այլ աղոթքներ կարդալիս կամ ասելիս, բայց աղոթքի խոսքերը պարզապես մեխանիկական կրկնություն չպետք է դառնան, քանի որ աղոթքի խորաթափանցության և զորության արտացոլումը դուրս կմնա մեր հոգու ոլորտից: Ռուս հոգևորական Անտոն արքեպիսկոպոսը նշում է, որ մարդը միշտ պետք է զբաղված լինի «Հիսուսի աղոթքով»` գիշեր և ցերեկ, տանը և դրսում, աշխատելիս, քայլելիս, որովհետև ինչպես կյանքը, այնպես էլ առաքինությունները ամրապնդվում են մարդու հոգում սովորության ուժով: Երբ մարդ միայնակ է, կարող է «Հիսուսի աղոթքն» ասել բարձրաձայն կամ շշնջալով, իսկ երբ մարդկանց մեջ է` մտքում: Այս աղոթքի ներգործության մասին Ալեքսանդր Մենն ասում է. «Անկյալ վիճակում մարդու բնությունը շերտավորված և կոտորակված է: Քաոսային մտքերն ու զգացմունքներն այն անընդունակ են դարձնում միտքն Աստծո վրա կենտրոնացնելու: Իսկ մարդու ամբողջականությունը վերականգնվում է «միտքը սրտի մեջ ներթափանցելու», այսինքն` մարդու բոլոր ոլորտները հոգուն ենթարկելու շնորհիվ»: «Հիսուսի աղոթքը» նպաստում է այդպիսի ներթափանցմանը: Այս աղոթքի ներգործության միջոցով ամբողջականության վերականգնումը դրսևորվում է բոլոր մակարդակներում: «Հիսուսի աղոթքն» օգնում է մարմինն առողջացնելուն, սովորեցնում է կարգավորել շնչառությունը, ամրապնդում է հոգեկան հավասարակշռությունը: Կարգավորում է զգայարանների կյանքը, ուժեղանում է վերահսկողությունը հույզերի և մտքերի նկատմամբ: Սակայն «Հիսուսի աղոթքի» գլխավոր արդյունքը դրսևորվում է հոգու ոլորտում: Քրիստոսի սուրբ անվան վրա կենտրոնացումը լույսով է ներթափանցում մարդու ողջ հոգևոր կյանքը: Աղոթքը տիրում է նրա ամբողջ էությանը:

«Հոգևոր կյանք» գրքում ասվում է, որ պարզ աղոթասացությունը պարունակում է, որպես կանոն, երկարաշունչ աղոթքներ, իսկ նման աղոթքներն ասելիս շատ դժվար է միտքը պարփակել աղոթքի խոսքերի շրջանակներում և թույլ չտալ անդրադառնալ աշխարհի իրերին, երևույթներին: Այդ պատճառով հնում ճգնավորներն աշխատում էին հնարավորինս համառոտ աղոթել: Նրանք վերցնում էին հիմնականում սաղմոսներից որևէ տող և անդադար կրկնում էին: Այդպիսի կարճ ու համառոտ աղոթքներից ճգնավորների շրջանում տարածված էր հատկապես հետևյալ աղոթքը. «Աստվա՛ծ, ինձ օգնության հասիր, Տե՛ր, փութա ընկերակցել ինձ» (Սաղմ. 69:2): Ճգնավորներն օգտագործում էին նաև այլ համառոտ աղոթքներ, ինչպիսիք են, օրինակ` «Իմ ապավենը Հայրն է, իմ ապաստարանը` Որդին, հովանին` Սուրբ Հոգին» կամ «Որպես մարդ` մեղանչել եմ, իսկ Դու, որպես առատաձեռն Աստված, ողորմյա ինձ»: Այդպիսի համառոտ աղոթքներից է «Տեր ողորմյան», որը տարածված է նաև քրիստոնյա հայերի մեջ: Սակայն շատերը գերադասում էին «Հիսուսի աղոթքը»: «Հիսուսի աղոթքը» կարող է լինել և աղոթասացության մաս և վերածվել անդադար աղոթքի և դառնալ մաքուր աղոթք` բացելով հայեցողության դռները: Այդ պատճառով այն օգտակար է ինչպես ճգնավորների, այնպես էլ եկեղեցու սպասավորների և աշխարհիկ մարդկանց համար, քանզի առանց Աստծո մասին մտածելու և հիշելու ոչ ոք չի կարող փրկվել կամ հոգևոր կատարելության հասնել:

 

Հովհաննես սրկ. Մանուկյան

 

19.01.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․