20 Նոյեմբեր, Դշ, Հինանց պահքի Գ օր

Ագահ վանականը

Պատմում են, որ մեծ մենաստաններից մեկում մի ծայրագույն վարդապետ էր ապրում՝ Պախոմի անունով: Ժողովուրդը նրան սիրում էր բարության համար, իսկ վանական եղբայրները հակակրում էին: «Ագահ վանական» էին անվանում: Եվ իսկապես՝ փարաջաները հասարակներից չէին, մեքենան զիլ էր: Խուցն էլ լի էր ունևոր ծխականների նվիրած բազմաթիվ գրքերով, սրբապատկերներով, զանազան հուշանվերներով և այլ նվերներով:

Վանքի մենակյացները, հատկապես նոր ձեռնադրվածները, հաճախ էին գայթակղվում նման շքեղությամբ: Նման ունեցվածքն ինչ-որ չէր համապատասխանում հին անապատական խստակյացների խրատներին: Հատկապես հայր Գերասիմն էր սաստիկ վշտանում «անառակ եղբոր» համար.

- Ախր, սա ինչի՞ նման է: Վանականությանը հարիր չէ:

Գերասիմն ինքը խիստ էր կենցաղում: Նրա խուցն ապշեցնում էր իր պարզությամբ ու աղքատությամբ: Եվ իր հոգեզավակներից ևս նույնն էր պահանջում՝ հաճախակի ակնարկելով վերջին ժամանակների մոտ լինելու մասին: Իսկ մի անգամ նույնիսկ վանահորը դիմած պատվիրակությունը գլխավորեց, թե՝ չենք ուզում Պախոմիի կողքին ապրել:

Վանահայրը միայն ձեռքերը տարածեց. «Իսկ ես ի՞նչ կարող եմ անել: Եվ ուխտավորներն էլ նրան շատ են սիրում»: Եվ եղբայրներին հիշեցնելով եղբայրասիրության ու համբերության մասին, խորհուրդ տվեց ավելի մեծ եռանդով աղոթել Պախոմիի համար:

Իրականում հայր Պախոմին ագահ չէր: Թեև կշռադատությամբ, բայց պատրաստակամորեն կիսվում էր իր ունեցվածքով: «Ախր այսպես նա բոլորին իր պես կդարձնի»,- չէր հանդարտվում հայր Գերասիմը: Եվ աղոթում էր աղետից ազատվելու համար: Բայց սրտի ցավը չէր մեղմանում: Նա նույնիսկ երկու շաբաթով արձակուրդ գնաց, «որպեսզի աչքերը դա չտեսնեն»…

Աստված լսեց նրա աղոթքներն ու մենաստանի ազատումը եկավ Պախոմիից: Նա մի ոչ մեծ մենաստանի վանահայր նշանակվեց: Վանահայրն իր մոտ կանչեց հայր Պախոմիին և ասաց.

- Ահա, հա՛յր, թեմից կարգադրություն է եկել: Սրբազանի օրհնությամբ գլխավորելու ես վերականգնվող Սվյատո-Նիկոլսկի մենաստանը: Քիչ-քիչ հավաքվիր, բայց շատ մի ձգձգիր: Ինքդ գիտես, չարժե ղեկավարությանը բարկացնել: Այնպես որ՝ շնորհավորում եմ քեզ: Երկու միաբանների վերցրու, թող օգնեն ունեցվածքդ փաթեթավորել ու մեքենան բարձել: Ճանապարհը մոտ չէ, բայց բեռնատար կտրամադրենք քեզ: Քո մեքենայով չես կարողանա ամենը տանել: Եվ… ներիր ինձ, մեղավորիս, եթե ինչ-որ բան այնպես չի եղել: Եվ բոլոր եղբայրների համար էլ եմ խնդրում՝ ներիր: Երբեմն մեղադրում էինք քեզ…

Հենց հայր Պախոմին դուրս եկավ վանահոր մոտից, անմիջապես Գերասիմը եկավ:

- Ի՞նչ է, Պախոմին մեկնո՞ւմ է: Ազնվորեն կասեմ քեզ, հա՛յր՝ փա՜ռք Աստծո:

- Դրա համա՞ր ես եկել, ինչ է: Միգուցե՞, ուզում ես օգնել իրերը հավաքել:

- Այդ անպետք իրերին դիպչելն անգամ գարշելի է… Ո՛չ, իհարկե, դրա համար չեմ եկել: Խնդիրս հետևյալն է. հա՛յր, օրհնությունդ տուր հինգ օրով բացակայելու:

- Այ քեզ բա՜ն: Ախր նոր ես արձակուրդից վերադարձել:

- Բանն էլ հենց այդ է: Հյուրընկալվել էի ճեմարանական ընկերոջս՝ հայր Վասիլիի մոտ: Եվ տերողորմյաս այնտեղ՝ վանքում եմ մոռացել: Ափսոս է, որ կորչի:

- Դու ինչ է, ճանապարհին գլուխդ վնասե՞լ ես: Ահա՛ իմ տերողորմյան վերցրու և որքան ուզում ես աղոթիր:

- Այն տերողորմյան առանձնահատուկ է: Ժամանակին երջանկահիշատակ հայր Հովելն է օրհնել դրանք: Ի՜նչ ճգնավոր ծեր էր: Եվ այդ տերողորմյան…

- Ես Հովել ծերի վաստակը չեմ նսեմացնում, ինքդ գիտես,- ընդհատեց նրան վանահայրը,- բայց ինչպե՞ս թույլ տամ, որ գնաս: Ախր արձակուրդից հետո քեզ և՛ պատարագների ժամկետացուցակում ենք ներառել, և՛ տարբեր հնազանդությունների նշանակել: Համա՜ թե գլխացավանք դարձաք իմ գլխին, մեկը բավական չէր, հիմա էլ մյուսն է հրաշագործում…

Ուղիղ երկու ժամ վանահայրն ու թեմակալի օգնականը տանջվում էին՝ մտածելով, թե ինչպես հայր Գերասիմին ամենուր փոխարինեն: Եվ հենց վանահայրը որոշեց հանգստանալ, կրկին հայր Պախոմին հայտնվեց: Կանգնել է շեմին, ուսապարկը թիկունքին, ճամփորդական պայուսակը ոտքերի մոտ.

- Ահա, հա՛յր, եկա մնաս բարով ասելու: Եղբայրներին արդեն հրաժեշտ տվել եմ, երեկոյան գնացքով պիտի մեկնեմ մինչև Կրասնոուգոլսկ:

- Իսկ իրե՞րդ:

- Ինչ ունեմ, ինձ հետ է,- ժպտաց Պախոմին,- իսկ մնացածն արդեն բաժանել եմ: Գրքերը վանքի գրադարանին եմ տվել: Փարաջաները՝ եղբայրներին: Սրբապատկերների մի մասը՝ եղբայրներին, մյուսը՝ հոգեզավակներին: Մի խոսքով՝ գլուխ կհանեն…

- Իսկ մեքենա՞ն:

- Այ դա՛ խնդիր է… Այնտեղ այդ գեղեցիկ մեքենան ինչի՞ս է պետք: Իսկ եթե կարիք լինի՝ Աստված կուղարկի, ինչպես որ սա ուղարկեց: Ինչպես և մյուս բաները: Հենց հիմա այն մեկ ուրիշի անունով ձևակերպել իհարկե չի ստացվի: Բայց հայր Նիկիֆորը լիազորագիր ունի, թող ինքն էլ վարի: Իսկ դու օրհնությունդ կտա՞ս, որպեսզի նա ինձ երկաթուղային կայարան տանի: Թե չէ ավտոբուսները վատ են աշխատում, հանկարծ գնացքից չուշանամ…

- Օրհնում եմ:

- Իսկ մեքենայի համար մի՛ անհանգստացիր,- շարունակեց Պախոմին,- հյուր կգամ ձեզ և կվերաձևակերպեմ: Ուզում ես՝ քո անունով, ուզում ես՝ վանքի հաշվեկշռին…

- Հայր Գերասիմի անունով,- փորձեց կատակել վանահայրը,- վերջերս նա անընդհատ ինչ-որ տեղ է մեկնում…

- Թեկուզ Գերասիմի անունով: Ինչո՞ւ ոչ: Կարծես վատ չի վարում… Հա, մի բան էլ: Մի խնդրանք ունեմ, եթե հնարավոր է… Խուցն իհարկե ազատում եմ: Այն տաք է, առանց միջանցիկ քամիների: Իսկ հայր Վարսոնոֆին վատառողջ է, հաճախ է մրսածություն ունենում: Մտածի՛ր, միգուցե նրան իմ խուցը տեղափոխե՞ս:

- Կմտածեմ…

Չգիտես ինչու վանահայրը ցանկացավ լաց լինել: Սակայն զսպեց իրեն՝ Պախոմիին չշփոթեցնելու համար: Միայն խոնարհվեցին միմյանց, հարազատ եղբայրների պես գրկախառնվեցին և հրաժեշտ տվեցին:

Կայարանի ճանապարհին ղեկին նստած հայր Նիկիֆորը այնուամենայնիվ հարցրեց հայր Պախոմիին.

- Հա՛յր, բայց չէ՞ որ այդ բոլոր իրերը, որ բաժանեցիք, Ձեր հոգեզավակներն ի սրտե էին նվիրել: Նրանք Ձեզ սիրում են, այդ պատճառով էլ նվիրում են որպես հիշատակ: Ափսոս չէ՞ այդ հիշատակից բաժանվել:

- Իսկ ես ոչ մի լավ բան չեմ մոռացել: Չէ՞ որ նրանց ընծաներից յուրաքանչյուրն ասես Աստծուն ընծայված զոհ լինի: Հենց այդ պատճառով, որ ի սրտե է: Ահա իմ սիրտն էլ իմ բարերարներին չի մոռանա: Երբե՛ք: Ոչ ոքի՛: Հիշո՞ւմ ես, երբ աբեղա ձեռնադրվեցի, Ստեփան Իլյիչի կրտսեր դուստրը՝ Անյուտկան, տիկնիկ նվիրեց: Իսկ ես վերցրի, չէ՞ որ նա իր ամենասիրելի խաղալիքը զոհաբերեց: Եվ չես հավատա՝ պահեցի այն: Միայն մեկ շաբաթ առաջ բաժանվեցի նրանից:

- Եվ ի՞նչ արեցիք:

- Ես էլ Անյուտկայի դստերը նվիրեցի,- ժպտաց հայր Պախոմին,- Անյուտկան նույնիսկ արտասվեց հուզմունքից, երբ իր տիկնիկին տեսավ…

Չգիտես ինչու հայր Նիկիֆորը երկար ժամանակ չէր կարողանում կայարանից մեկնել: Կանգնել ու նայում էր Պախոմիին տանող գնացքի հետևից, մինչև լույսերը կորան մթության մեջ:

Հ.Գ.- Իսկ հայր Գերասիմն այդպես էլ չմեկնեց իր տերողորմյայի ետևից: Մտափոխվեց:

 

Վանահայր Վալերիան (Գոլովչենկո)

Ռուսերենից թարգմանեց էմիլիա Ապիցարյանը

18.01.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․