19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Դռնբացեքի խորհրդավոր արարողությունը

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Հայ եկեղեցու ամենախորհրդավոր արարողություններից մեկը՝ դռնբացեքը:

Ծաղկազարդը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Այն նաև խորհրդանշում է մեր Տիրոջ մուտքը Վերին Երուսաղեմ: Այս իմաստով Քրիստոսի մուտքը Երուսաղեմ կոչվում է նաև Գալուստ: Այդ պատճառով էլ Ծաղկազարդի երեկոյան կատարվում է դռնբացեքի արարողությունը, որը Քրիստոսի Գալստյան օրինակն է ցույց տալիս:

Դռնբացեքի արարողության միջոցով վերապրում ենք աշխարհի վախճանին սպասվող այն իրադարձությունը, երբ պետք է բացվեն Աստծո Արքայության դռներն, ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ: Դռնբացեքի արարողությունը կատարվում է երկխոսության ձևով՝ փակ խորանի առջև ծնկած և վարագույրից այն կողմ գտնվող հոգևորականների միջև: Հայ եկեղեցում հարց-պատասխանի այս ձևը կիրառվում է միայն դռնբացեքի արարողության ընթացքում: Վարագուրված խորանը խորհրդանշում է Երկնային Արքայությունը:

Ժամանակին դռնբացեքի արարողությունը կատարվում էր եկեղեցու դռան առջև: Դուռը փակվում էր և փակ դռան առաջ սկսվում էր արարողությունը: Այնուհետև բացվում էր դուռը և հավատացյալները ներս էին մտնում: Այժմ միայն եկեղեցու խորանի վարագույրն է փակվում և այնտեղ էլ կատարվում է արարողությունը:

Վարագույրի հակառակ կողմից հոգևորականն Արքայության դուռը մտնելու պայմաններն է առաջադրում, իսկ ծնկած հոգևորականները խորհրդանշում են ժողովրդին, այն մարդկանց, ովքեր փորձում են արժանանալ Երկնքի Արքայությանը: Երբ հոգևորականները հարց ու պատասխանի միջոցով այլևս պարզում են, որ հավատացյալները պատրաստ են ժառանգելու Տիրոջ Արքայությունը, Աստված խորհրդանշորեն բացում է Երկնքի դռները ու ընդունում նրանց:

Արարողությունը կատարվում է հետևյալ ձևով.

Զգեստավորված քահանան սկսում է երգել.

-Բա՛ց մեզ Տեր, բա՛ց մեզ Տեր, բա՛ց մեզ Տեր, ողորմության դուռը, որի համար ողբալով աղաչում ենք Քեզ:

Այս ընթացքում խփում է փայտին, այնպես ինչպես դուռը ծեծելիս խփում են դռան ուռնակին:

Ներսից քահանաներից մեկը պատասխանում է.

- Ո՞վ են նրանք, որ բացեմ, քանի որ այս դուռը Տիրոջինն է, և միայն արդարներն իրավունք ունեն մտնելու:

Քահանան դրսից պատասխանում է.

-Ոչ միայն արդարները կարող են մտնել, այլ նաև ապաշխարությամբ և խոստովանությամբ արդարացած մեղավորները:

Ներսից ասում է.

- Սա է երկնքի դուռն ու տրտմության հովիտը, արդարների հանգիստը և մեղավորների քավարանը, նաև Քրիստոսի արքայությունը, հրեշտակների բնակարանը, սրբերի ժողովարանը, ապավինության տեղը և Աստծո տունը:

Քահանան դրսից`

- Սուրբ Եկեղեցու մասին ասածներդ ճիշտ են և արդար, որովհետև մեզ համար այն անարատ մայր է և նրանից ենք ծնվում որպես լույսի և ճշմարտության զավակներ: Այն մեզ համար կյանքի հույս է և նրանով ենք գտնում հոգու փրկությունը, այն մեզ համար արդարության ճանապարհ է, և նրանով ենք ելնում մեր երկնավոր Հոր՝ Քրիստոսի մոտ:

Այստեղ դպիրները երգում են «Իմաստուն կուսանք» շարականը, որը իմաստուն և հիմար կույսերի դեպքն է նկարագրում և եզրակացնում, որ պատրաստենք հոգևոր յուղը, վառված լապտերով մտնելու համար անմահ փեսայի առագաստը, և մեղքերի թողություն է խնդրվում Երկնքի Արքայությանը արժանի դառնալու համար:

Ավարտելով՝ քահանան դրսից սկսում է.

-Բա՛ց մեզ Տեր, բա՛ց մեզ Տեր, բա՛ց մեզ Տեր, ողորմության դուռը, որի համար ողբալով աղաչում ենք Քեզ և դարձյալ խփում է փայտին, ավելի խորհրդավոր դարձնելու համար արարողությունը:

Ներսից ասում է.

- Ահա տեսնում ենք մեր Տիրոջը՝ Քրիստոսին, որ բազմած է Սուրբ Սեղանի վրա և Իր մոտ է կանչում բոլոր Իր կամքը կատարողներին՝ ասելով «Ուր որ Ես եմ, այնտեղ էլ Իմ հետևորդը պիտի լինի»:

Քահանան դրսից ասում է.

- Մենք Աստվածորդու անապական Արյան գինն ենք, ցնծությամբ օրհնում ենք մեր Փրկչին՝ Քրիստոսին, և միաբերան ասում ենք. «Փառք սոսկալի գալստյանդ, Տե՛ր»:

Այնուհետև դպիրները երգում են «Թագավոր փառաց» շարականը, ուր ասվում է, որ արթնությամբ սպասում ենք փառաց թագավորին և ընդառաջում Նրան, որ դատելու համար պիտի գա: Իմաստուն կույսերի նման վառել ենք մեր հավատքի լապտերը, մտնելու համար երկնավոր փեսայի առագաստը: Շտապենք, որ հիմար կույսերի նման դրսում չմնանք:

Եվ ապա քահանան դրսից սկսում է.

-Բա՛ց մեզ Տեր, բա՛ց մեզ Տեր, բա՛ց մեզ Տեր, ողորմության դուռը, որի համար ողբալով աղաչում ենք Քեզ, ճիշտ նախորդի նման և դարձյալ խփում փայտին:

Ներսից՝

- Ահեղ Աստծո փողը մեծաձայն գոչում է՝ ասելով. «Ահա Փեսան գալիս է, եկե՛ք Նրան ընդառաջ»:

Եվ քահանան երկյուղածությամբ ասում է.

- Ահա ես և Աստծո ինձ տված զավակներս այստեղ ենք և ակնկալում ենք տեսնել Քրիստոսին և լսել Նրա երանավետ խոսքը:

Ներսից՝

- Արարիչ Աստուծո ձայնը գոչում է՝ ասելով. «Եկեք իմ Հոր օրհնյալներ, և ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթեոս 25:34):

Եվ ապա քահանան դրսից ասում է.

- Բացե՛ք ինձ արդարության դռները, որպեսզի նրանով մտնեմ և Տիրոջը խոստովանեմ:

Դուռը բացվում է և ժողովուրդը հոգևոր ուրախությամբ ներս է մտնում՝ երգելով «Զողորմութեան Քո զդուռն բաց մեզ Տէր» շարականը, խնդրելով, որ Տերը իրենց արժանի դարձնի երկնավոր օթևանին և վերջին դատաստանի ժամանակ խնայի Իր արարածներին, ճգնավորների միջնորդությամբ: Դուռը բացելը և օրհնությամբ եկեղեցի մտնելը ցույց է տալիս արդարների Արքայություն մտնելը Քրիստոսի հետ:

Նույն պահին բացվում է նաև եկեղեցու վարագույրը:

Այնուհետև ընթերցվում է Ավետարանը վերջին դատասատանի մասին, և արձակվում են:

Հավատացյալը, մասնակցելով դռնբացեքի խորհուրդին և ականատես լինելով քահանաների երկխոսությանը, առավել իրական է պատկերացնում Տիրոջ Երկրորդ Գալստյան օրը և առավել ևս է ձգտում ապաշխարությամբ ու խոնարհությամբ ապրել իր կյանքի մնացյալ օրերը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

12.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․