Աղոթքը ջանք է պահանջում

- Հա՛յր, ես նախընտրում եմ նստել խցում և աղոթքով զբաղվել, քան հնազանդություն կատարել:

- Տե՜ղ հասանք: Ինչ է, նիրվանայո՞ւմ ես գտնվելու(1): Ուղղափառ վանականությունը նիրվանա չէ: Պա՞րզ է: Վանականը ծույլ մեկը չէ, որպեսզի չաշխատի, այլ նստի ու միայն աղոթք ասի: Եթե ուզում է անընդհատ նստել, ապա կնմանվի նրանց, ովքեր ինքնակենտրոնացման համար յոգայով են զբաղվում: Վանականը, հատկապես՝ երիտասարդ, պետք է գործուն լինի, կորովալի, վազի հնազանդություն կատարելու:

- Հա՛յր, ծնրադրություններն էլ եմ դժվարությամբ անում:

- Հրաշալի է, թող այդպես էլ լինի՝ ո՛չ երկրպագություն արա, ո՛չ հնազանդություն կատարիր, նստիր ու աղոթիր: Եվ դա կլինի առաջադիմությո՞ւն: Աբբա Իսահակն ասում է, որ առանց մարմնի աշխատանքի արվող աղոթքն այլանդակություն է, այլ ոչ թե աղոթք:

- Տերողորմյայով աղոթելիս չեմ կարողանում երկար կանգնած մնալ, հա՛յր, շուտով ծնկի եմ իջնում և ծնկած աղոթում:

- Նախ արա այն, ինչ դժվար է, իսկ երբ հոգնես՝ ինչ հեշտ է: Եթե կանգնած չես կարողանում, ծնկի իջիր: Եթե ծնկած չես կարողանում, նստիր: Իսկ եթե նստած էլ չես կարող, ապա պառկած աղոթիր: Կարևորն այն է, որ միտքդ Աստծու հետ լինի: Աբբա Իսահակն էլ է այդ ասում:

- Իսկ հայրերն ինչո՞ւ են ասում, որ աղոթք անելիս պետք է նստարանին նստել:

- Նկատի ունեն, որ կանոնը կարդալուց, բոլոր երկրպագություններն անելուց հետո հոգնում ես: Կարելի է մի փոքր նստել ու աղոթել, որպեսզի այնուհետև կարողանաս շարունակել աղոթքդ: Բացի այդ, պատարագների ու հնազանդությունների ժամանակ բավականին երկար ես կանգնում, իսկ դա հոգնեցուցիչ է: Եթե խցում էլ կանգնած աղոթես, ապա ուժասպառ կլինես: Ուստի մի փոքր նստիր և աղոթք արա: Սակայն հայրերն ամենևին նկատի չունեն, որ աղոթք անելու համար պետք է նստել: Ինձ չի թվում, թե ճիշտ է նստել ու աղոթել, եթե կարող ես կանգնել, դա խաղ ու պար է, եթե անգամ քեզ թվում է, թե որոշակի բերկրանք ես զգում դրանից: Հայր Արսեն Անձավաբնակը(2) ասում էր. «Երբ կանգնած եմ աղոթում, ուժեղ անուշահոտություն եմ զգում: Երբ նստած եմ աղոթում՝ թույլ»:

- Հա՛յր, երբ խոնարհումները կամ տերողորմյայով աղոթքը կանգած եմ անում, միտքս դյուրությամբ է կենտրոնանում, այսինքն՝ ֆիզիկական ջանքն ինձ օգնում է կենտրոնանալ:

- Միտքն ուղղվում է դեպի այն գործողությունը, որը կատարում ես: Ինչպես, օրինակ, երբ ինչ-որ տեղդ ցավում է, միտքդ ուղղվում է դեպի ցավը, որովհետև ցավը նրան ձգում է: Այդպես էլ խոնարհումներ անելիս միտքդ դրանց է ուղղվում: Սակայն եթե միտքդ ամբողջովին ուղղված լիներ դեպի Քրիստոս, ապա անգամ չէիր հիշի, թե քանի խոնարհում ես արել:

 

1. Հայրը նկատի ունի, որ աղոթելու պրոցեսը պահանջում է և՛ ֆիզիկական ջանքեր, և՛ պայքար կրքերի դեմ, և՛ ընդհանուր ոչինչ չունի այն տեխնիկայի հետ, որը գործածում են արևելյան կրոնների հետևորդները այսպես կոչված «նիրվանայի» վիճակին հասնելու համար:

2. Հայր Արսեն Անձավաբնակ (1886-1983 թթ.) – ճգնել է Աթոսում գտնվող սուրբ Աննայի անապատի քարանձավներում:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

12.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․