Աղոթքը պաշտպանություն է

- Հա՛յր, ի՞նչ անել աղոթքի անհրաժեշտություն զգալու համար:

- Պետք էր պատերազմում եղած լինեիք, որպեսզի հասկանայինք միմյանց: Պատերազմի ժամանակ ռազմաճակատում, երբ կենտրոնի հետ մշտական կապի մեջ էինք, մեզ ավելի անվտանգ էինք զգում: Երբ երկու ժամը մեկ էինք կապի դուրս գալիս, մեզ ապահով էինք զգում: Եթե օրը ընդամենը երկու անգամ էինք կապ հաստատում՝ առավոտյան և երեկոյան, ապա մեզ լքված էինք զգում: Նույնն աղոթքի պարագայում է: Որքան շատ է մարդն աղոթում, այնքան հոգևոր վստահություն է զգում: Աղոթքը պաշտպանություն է:

Եթե մենք Աստծու հետ մշտապես «կապի մեջ» ենք, ապա կարող ենք յուրաքանչյուր չարիք կանխել: Մի անգամ մի վանական գնում էր ավտոբուսով և փակ աչքերով աղոթում, այդ պատճառով բոլորը կարծում էին, թե քնած է: Հանկարծ հանդիպակած գծով ընթացող բեռնատարը հարվածեց սյանը, տարբեր կողմերից մեքենաներ բախվեցին և լուրջ ավտովթար տեղի ունեցավ: Իսկ ավտոբուսն ինչ-որ կերպ հայտնվեց ճանապարհից մի քանի մետր այն կողմ, ասես ինչ-որ անտեսանելի ձեռք տեղափոխեց այն, և ոչ մի ուղևոր չտուժեց: Վանականի աղոթքը փրկեց նրանց*:

- Հա՛յր, աշխարհականները հաճախ հարցնում են ինչպե՞ս հարատև աղոթքի ունակություն ձեռք բերել:

- Բանն այն է, որ առաջ իրենց վանականությանը նվիրածներից և անսասան բնավորություն ունեցողներից ոմանք հեռանում էին՝ անմատչելի ժայռերում, քարանձավներում, հեթանոսական դամբարաններում կամ դևերի կացարաններում ճգնելու: Այնտեղ նրանց բազում վտանգներ էին սպառնում՝ ժայռից կարող էր քար պոկվել, դևերն էին մռնչում և այլն, և վախը նրանց ստիպում էր անդադար օգնություն աղերսել. «Քրիստո՛ս, Սո՛ւրբ Աստվածամայր…» Այդ կերպ նրանց մեջ բնակվում էր հարատև աղոթքի բարի ունակությունը: Այսօր, երբ համատարած գիշերային զվարճանքներ են, թմրանյութեր և այլն, ղեկին նստողներից շատերն իրենց չեն կառավարում: Մարդն աշխատանքի է գնում և չգիտի արդյո՞ք ողջ կվերադառնա տուն, թե՞ խեղված կհայտնվի հիվանդանոցում: Մի՞թե դա առիթ չէ՝ մշտապես աղերսելու. «Քրիստո՛ս, Սո՛ւրբ Աստվածամայր…» Եթե աշխարհականներն իրենց սպառնացող վտանգների վախն օգտագործեին ի բարօրություն, ապա նրանք մեզ՝ վանականներիս էլ կգերազանցեին աղոթքում և վտանգներից էլ կխուսափեին:

Օրերից մի օր մի մարդ եկավ իմ խուց: Նա խիստ վշտացած էր, քանի որ անուշադրության պատճառով երեխայի էր վրաերթի ենթարկել: «Ես հանցագործ եմ»,- կրկնում էր նա: «Իսկ դու այդ ժամանակ աղոթո՞ւմ էիր»,- հարցրի նրան: «Ո՛չ»,- պատասխանեց: «Դու այնքան երեխային վրաերթի ենթարկելու համար մեղավոր չես, որքան՝ չաղոթելու»: Եվ մի դեպք պատմեցի նրան: Մի մարդու էի ճանաչում, որը առաքինության մեծ աստիճանի էր հասել: Նա մշտապես աղոթում էր՝ և՛ աշխատավայրում, և՛ ճանապարհին, ամենուր: Նրա աղոթքն ինքնաշարժ էր դարձել, և փառաբանությանը հետևում էին ուրախության արցունքները: Այն գրասենյակում, որտեղ աշխատում էր, արցունքներով էր ցողում բոլոր թղթերը: Ուստի մտածում էր աշխատանքից հեռանալու ու ցածր թոշակի անցնելու մասին, և ինձ մոտ եկավ՝ խորհուրդ հարցնելու: Ես նրան ասացի. «Մի՛ հեռացիր, իսկ երբ գործընկերներդ կհարցնեն, թե ինչու ես լալիս, ասա, որ ննջեցյալ հորդ մասին ես մտածում»: Եվ ահա մի օր, երբ նա մեքենայով ինչ-որ տեղ էր գնում, հանկարծ մի երեխա վազեց ճանապարհին: Նա նրան այնպես հարվածեց, որ երեխան գնդակի պես մի կողմ թռավ, բայց ամենևին չվնասվեց: Աստված պահպանեց, քանի որ մարդն աղոթում էր այդ ժամանակ:

 

* Հետագայում պարզվեց, որ այդ վանականը հենց հայր Պաիսիոսն էր:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

30.08.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․