Գրքեր

ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ում անցկացվեց «Առողջություն» խորագիրը կրող դասընթաց

Ապրիլի 9-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժինը՝ Երիտասարդական Կարմիր Խաչը (ԵԿԽ), «Առողջ ապրելակերպ» ծրագրի շրջանակներում ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի շահառուների երեխաների (4-11 տ.) համար անցկացրեց դասընթաց՝ առողջ և անառողջ սննդակարգի հետ կապված:

«Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ դասընթացը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Այն վարում էին ԵԿԽ-ի աշխատակից Եսթեր Չոբանյանը և մի քանի կամավորներ: Դասընթացի համար ընտրված մի քանի խորագիրներից՝ «Առողջ սննդի հետևորդներ», «Առողջություն», «Առողջ հոգին՝ առողջ մարմնում», երեխաներն ընտրեցին «Առողջություն» խորագիրը:

Եսթեր Չոբանյանը դասընթացի առաջին բաժնում, անդրադառնալով առողջության սահմանմանը, նշեց, որ մեր առողջությունը մեր իսկ ձեռքերում է, քանի որ մարդու առողջության միայն 20%-ն է կախված ժառանգական գործոնից, 30%-ը՝ շրջակա միջավայրից, իսկ 50%-ը՝ ապրելակերպից: Առողջ սննդակարգի հետ կապված երեխաներն առավել մանրամասնորեն ծանոթացան սննդի հինգ բաղադրատարրերին և դրանց ճիշտ չափաբաժնի գործածմանը:

Դասընթացի երկրորդ բաժնում ԵԿԽ-ի աշխատակիցը երեխաներին ներկայացրեց սննդի դասակարգման բուրգը, որ ներկայացնում էր օրվա համար անհրաժեշտ առողջ սննդակարգը: Երեխաների համար «սիրելի» համարվող ֆասթֆուդը, չիպսերը, տապական և գազավորված ըմպելիքներն անառողջ սննդակարգի շարքում հայտնվեցին:

Դասընթացին հարց ու պատասխանով քննարկվեցին, թե օրը քանի՞ անգամ պետք է սնվել, ո՞ր հյութերն են ավելի օգտակար, ե՞րբ և որքա՞ն ջուր խմել, մաստակը ե՞րբ և որքա՞ն ծամել:

Այնուհետև կամավորները երեխաներին ներկայացրեցին խնձորի, բանանի, գազարի և բազուկի կարևորությունները: Երեխաների համար պարզ դարձավ, որ իրենք պետք է սնվեն օրը չորս անգամ, խմեն ավելի շատ բնական հյութեր, ուտելիս ջուր չխմեն և այլ օգտակար տեղեկություններ՝ առողջ սննդակարգի հետ կապված:

Դասընթացի ավարտին ԵԿԽ-ի կամավորները խաղեր կազմակերպեցին երեխաների համար, ովքեր տուն վերադարձան՝ առողջ ապրելակերպի մասին հսկայական պաշար կուտակած: Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժնին՝ կարևոր և օգտաշատ դասընթացի կազմակերպման համար:

 

Կարինե Սուգիկյան

09.04.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․