Գրքեր

Անառակի կիրակիի քարոզ

«Ես քեզ հաստատեցի ո՛չ կորստի ու ոչնչացման համար» (Եսայի 54:16): ​

Սիրելի՛ Քրիստոսապաշտ հայորդիներ. ​Այսօր Մեծի պահոց կիրակիների շղթայի հերթական՝ Անառակի կիրակին է: Այս օրը մենք հիշատակում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատմած «Անառակ որդու վերադարձը» առակը: Նրա ընթերցումը Մեծ պահքի ընթացքում մեզ ուղղակիորեն ապաշխարության կոչ է անում: Անառակ որդին, հորից պահանջելով իրեն հասանելիք ժառանգությունը, վերցնում է այն ու թողնում հեռանում: Նա մսխում է իր ունեցվածքը, հետո գնում ծառա դառնում՝ երազելով անգամ խոզերի կերն ուտելու մասին: Հետ է վերադառնում հոր մոտ, ծնկաչոք ներում հայցում հորից և վերստանում իր նախկին կարգավիճակը, քանի որ ոչ մի սաստող և հանդիմանական բառ չի հնչում հոր շուրթերից: Ընդհակառակը, հայրը մեծ ուրախություն և խնջույք է կազմակերպում՝ ի նշան որդու վերադարձի և փրկության: Նրա եղբայրը, լսելով այդ մասին, փոխանակ ուրախանալու և միևնույն ցնծությունն ապրելու, ինչ որ հայրը, տխրում է և բողոքում հորը նրա կատարած քայլի համար: Հայրը նրան մխիթարում է՝ բացատրելով եղբոր փրկության կարևորությունը: Այս առակը մեզ մտորելու առիթ է տալիս. արդյո՞ք մարդը իր ունեցած շնորհների, տաղանդների, ունեցվածքի, կարողության, ձեռքբերումների ու նվաճումների մեջ հավատարիմ է Աստծուն, արդյո՞ք մարդը իր ունեցածը չի ցանկանում անիմաստ վատնել և, ամենակարևորը, Աստծուց հեռու, արդյո՞ք մարդուն տրվածը նա չի փորձում ծառայեցնել միայն ինքն իր համար, այն էլ չար նպատակներով և առանց ինքն իրեն և երկնքի առաջ հաշիվ տալու, արդյո՞ք մարդը կարող է իր երջանկությունը գտնել ապականիչ հաճույքներում և բարոյապես ընկնելով, մարդու ունեցվածքն ու ժառանգությունը, որ իրեն բաժին է հասել իր Երկնային Հորից, նա անտեղի ու անխնա կերպով չի՞ վատնում աջ ու ձախ: ​Եսայի մարգարեի բերանով Տերը մեզ հարցնում է. «Լսեցե՛ք Ինձ և բարիքնե՛ր ընկալեք, ու բարության մեջ ձեր հոգիները վայելք պիտի զգան: Ակա՛նջ դրեք և հետևեցե՛ք Իմ ճանապարհին, լսեցե՛ք Ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ (Եսայի 55:2,3):

Ողջունելի է անառակ որդու քայլը, նրա վերադարձի որոշումը, նրա չհուսահատվելու վճռականությունը, թեկուզև ամոթահար երեսով հորը ներկայանալու և ներում հայցելու քաջությունը, որովհետև շատերս կարող ենք հայտնվել նրա վիճակում, բայց հայտնված իրավիճակից էլ ավելի սխալ ու մոլոր ճանապարհներ ընտրենք: Մարդը կարող է, կյանքի իմաստը կորցնելով, հուսահատության եզրին հայտնվել, սխալ քայլեր կատարել, բայց անառակ որդին ինքն իր համար ճիշտ որոշում է կայացնում, այն է՝ չհուսահատվել, Հոր մոտ վերադառնալ և Նրանից ներում հայցել: Անառակ որդու առակը Աստված-մարդ փոխհարաբերության գլխավոր ասելիքն է ողջ Աստվածաշնչում: Մի՞թե Աստված չգիտի, որ մենք մեղանչական ենք, մի՞թե Աստված չգիտի, որ մենք տկար ենք և հեշտությամբ ենք ընկնում մեղքի մեջ: Նա ներող Հայր է, բոլորիս Տերն ու Արարիչն է, և հայտարարում է մեզ. «Ո՜վ դու, որ տառապյալ ես, ես հաշտվել եմ քեզ հետ» (Եսայի 54:11): Իսկ այդ հաշտության համար Նա ուղարկեց Իր Որդուն, որը պատարագվեց մեր փրկության համար, մեր մեղքերի քավության համար: Մենք գիտենք, որ «Նրանով է, որ ունենք փրկություն, Նրա արյան միջոցով՝ մեղքերի թողություն» (Եփեսացիներ 1:7): Աստծո Որդու սովորեցրած այս դասը մեզ հենց հուշում է անտարբեր չլինել սեփական հոգու փրկության նկատմամբ, պայքարել մեղքի դեմ, առանց հուսահատության, ջանադրաբար, անձանձիր և անդադար բախել Աստծո ողորմածության դռները և խնդրել մեր փրկությունը Նրանից: Եսայի մարգարեն ասում է. «Փնտրեցե՛ք Տիրոջը և, երբ գտնեք, կանչեցե՛ք նրան. Երբ Նա ձեզ մոտենա, ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից, անօրեն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնա Տիրոջ մոտ և ողորմություն կգտնի, մեր Աստծու մոտ, որը բազմապատիկ թողություն պիտի շնորհի ձեր անօրենություններին» (Եսայի 55:6, 7):

Սիրելինե՛ր, երջանկություն որոնել Աստծուց հեռու հարկավոր չէ, քանի որ Աստծուց հեռու հնարավոր չէ գտնել այն կամ հագեցում տալ սեփական հոգու քաղց ու ծարավին, հետևաբար Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան մեզ ուժ, կարողություն է պարգևում՝ է՛լ ավելի ոգեշնչված կերպով ցանկանալու մերձենալ Աստծուն, հավատալ Նրան ու սիրել: Ուշադրությո՛ւն դարձրեք այն հանգամանքի վրա, որ այդ կիրակիները լուսատու են և հուսաբեր, ոչ մի տխրեցնող և թախծոտ շունչ չկա դրանցում, հակառակը, մեզ դրանք միմիայն բարի ավարտին են տրամադրում և ոչ թե սարսափեցնում: Ուստի՝ մենք ևս այս պահոց շրջանում ջանանք հառնել մեր մեղքերի մահվան թմբիրից և մեր ինքնակամ պանդխտությունից, յուրաքանչյուր օր օգտագործենք դեպի փրկություն գնալու համար, որովհետև, ինչպես ասում է Սուրբ Պողոս Առաքյալը կորնթացիներին ուղղված նամակում. «Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը» (Բ Կորնթացիներ 6:3): Ուրեմն, սիրելինե՛ր, չհուսահատվենք, չվհատվենք, այլ հույսով ու հավատով դիմենք Երկնավոր Հորը, և Նա անպայման կների մեր մեղքերը և սիրով մեզ Իր գիրկը կառնի:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

25.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․