Մի արաբ անջրդի տափաստանով քայլելիս հասնում է մի լեռան մոտ, ուսին գցած պարկից հանում է փոքրիկ բահը և սկսում է փորել` ինքն իր հետ խոսելով.
- Վերջապես հասկացա, որ այստեղ նաև խմելու ջուր կլինի, քանի որ տեսնում եմ չորս կողմը կանաչ բուսականություն է:
Ջանադրաբար փորում է և ժամանակ առ ժամանակ դադար առնելով նայում երկնքին, հայցում Աստծո օգնությունը, բայց ապարդյուն, որովհետև այդպես էլ ջուր չի հայտնաբերում:
Դառնացած ու հոգնած բողոքում է.
- Մի՞թե ամենակարող Աստված իր ամենազորությամբ չի օգնում, չէ՞ որ այդքան հավատում եմ ու պահում օրենքները:
Իսկ նրա մտքում ու հոգում հնչում է. «Ինչո՞ւ ես Ինձ մեջ գերբնական նշան փնտրում և սպասում...»
Նայում է լեռան գագաթին, որոշում է բարձրանալ և տեսնել, թե անջուր տափաստանով դեռ ինչքան է անցնելու, սակայն լեռան մյուս կողմում այլ տեսարան է բացվում, ուր քաղցրահամ լճակի կապուտակ ալիքներն են արևի ճառագայթներից շողշողում:
Այս պատմության պատգամներից մեկն այն է, որ մեզ համար շատ անգամ անհասկանալի են Աստծո պատասխանները, քանի որ մենք տեսնում ենք սահմանափակորեն, սակայն Աստված տեսնում է և′ ամենայնի սկիզբը, և′ վերջը: Եվ իր պատասխանները մեզ համար հատկապես այդ դեպքում անհասկանալի են լինում, մանավանդ, որ շատ հարցեր կարգավորվում են բնական ճանապարհներով, հակառակ նրան, որ մենք փորձում ենք ավելի շատ հավատալ` սպասելով տարբեր խնդիրներում Աստծո գերբնական միջամտությանը:
Հովհաննես Մանուկյան