Գրքեր

Ընկերախմբերը վիթխարի ազդեցություն են ունենում երեխաների վրա

- Հա՛յր, ինչպե՞ս է պատահում, որ մանկությունից հոգևոր կյանքով ապրող ու բարեպաշտություն ունեցող երիտասարդն այնտեղ է հասնում, որ լիովին շեղվում է ուղուց և «ձեռքից գնում է»:

- Կարիք չկա (դյուրությամբ) դատել: Շատ պատճառներ կան: Աշխարհիկ, ուշադրությունից զուրկ կյանքով ապրող երեխաները, տեսնելով հոգևոր ու առաքինի կյանքով ապրող երեխաներին՝ դիմակազերծվում են և ուզում են նրանց էլ իրենց ետևից տանել դեպի այն կյանքը, որով իրենք են ապրում: Մի անգամ, ճանապարհով երկու տղաներ էին գնում: Հանկարծ, նրանցից մեկը սայթաքեց և մի կեղտոտ ջրափոսի մեջ ընկավ: Նրա հագուստն ամբողջովին կեղտոտվեց: Քիչ անց, երբ մի քիչ առաջացան ու մեկ այլ ջրափոսի մոտով էին անցնում՝ նա իր ընկերոջը հրեց ջրափոսի մեջ, որպեսզի նա էլ կեղտոտվի: Տղան այդպես վարվեց, որովհետև իրեն անհարմար էր զգում, որ ինքն աղտոտված է, իսկ ընկերը՝ մաքուր:

Ընկերախմբերը երեխաների վրա հսկայական ազդեցություն են ունենում: Մանուկ հասակից իմ մեջ բնածին սեր կար: Այն իմ էության մեջ էր: Երբ ջորիներով ինչ-որ տեղ էինք գնում, աշխատում էի կենդանու վրա իմ հասակակիցներին նստեցնել, իսկ իմ ուսերին կրտսեր եղբորս էի առնում: Մի անգամ, երբ եղբայրներիցս մեկը թռչուն սպանեց, ես շատ տխրեցի ու բարկացա նրա վրա: Հետո վերցրեցի այդ թռչունն ու լաց լինելով թաղեցի նրան: Ես իմ հասակակիցների հետ էի ընկերություն անում: Մենք անտառ էինք գնում, աղոթում էինք, Սրբերի վարքն էինք կարդում, պահք էինք պահում: Հետո այդ երեխաների մայրերն սկսեցին արգելել նրանց ինձ հետ շփվել: «Մի՛ շփվեք նրա հետ,- ասում էին,- Նա ձեզ թոքախտով կվարակի»: Այդպես երեխաներն ինձ թողեցին ու ես ինձ միայնակ զգացի: Դրանից բացի, նրանք ինձ ծաղրում էին՝ ամեն կողմից բղավելով. «Վանական, վանական»: Նրանք իմ կյանքը տառապանքի վերածեցին: Եվ ես այլևս չէի կարողանում նրանց ծաղրուծանակը տանել: Այդժամ որոշեցի. «Ավելի մեծ երեխաների հետ ընկերություն կանեմ և կձևացնեմ (կարծես թե նրանց պես եմ ինձ պահում)»: Եվ ահա ես սկսեցի տարիքով ավելի մեծ պատանիների հետ ընկերություն անել: Ես մի ռետինե երիզ գտա ու պարսատիկ սարքեցի ինձ համար: Նախ, ես միայն երիզն էի ձգում՝ ձևացնելով, թե ուզում եմ կրակել: Հետո ես կոտորակ ճարեցի ու դարձա պարսատիկով ամենադիպուկ կրակողը: Եվ ահա մի անգամ, ինձ բավարար եղավ միայն մի թռչնի կրակել և նրան սպանված տեսնել. ես մի ակնթարթում ուշքի եկա: Թե՛ ռետինե երիզները, թե՛ կոտորակը մի կողմ նետեցի ու ասացի ինքս ինձ. «Երբ քո եղբայրը թռչուն սպանեց, դու լաց էիր լինում ու նախատում էիր նրան դրա համար: Իսկ ինքդ մինչև ո՞ւր գլորվեցիր: Դու թռչուններ ես սպանում և կամաց-կամաց կհասնես այնտեղ, որ կսկսես կենդանիներ էլ սպանել»: Եվ իսկապես, եթե ես շարունակեի այդպիսի կյանք վարել, ապա պարսատիկով կրակելուց հետո կանցնեի կենդանիների որսին և դեռ ինքս էլ նրանց կաշին կհանեի:

Սկզբնապես նուրբ ու զգայուն հոգի ունեցող մարդն ինչպիսի՜ չարության կարող է հասնել: Դա կարող է այն դեպքում պատահել, երբ նա անուշադիր լինի ու տարվի վատ ընկերախմբերով: Իսկ բարի ընկերախմբերը մեծ օգուտ են տալիս: Աստված մարդկանց զանազան շնորհներով է օժտել: Մարդն ինչպես ուրիշի անբարոյությունն է տեսնում, այնպես էլ կարող է ուրիշի առաքինությունը տեսնել և ընդօրինակել դրան:

 

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

19.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․