Անտեսանելի մեղքը

Հոգևոր կյանքում փորձություններ շատ են լինում: Այնուամենայնիվ, այդ փորձությունների մեջ ամենից աննկատ և անտեսանելի, նույնքան էլ վտանգավոր, կամ հույժ վտանգավոր է հոգևոր մոլորությունը կամ այլ խոսքով` ծածուկ, աննկատելի հոգևոր հպարտությունը, որը թաքնված գործում է մարդու հոգում:  Հոգևոր մոլորությունը հոգևոր ճշմարիտ ուղենիշների կորուստն է: Այն Ադամի և Եվայի մեղքի կրկնություն է, երբ մարդ իր հոգու խորքում կարծում է, թե ինչ-որ հոգևոր մակարդակի է հասել և հատկապես ենթագիտակցորեն իրեն համարում է Աստծուն հավասար: Երբ ինքն իր մասին մեծ կարծիք ունի, թեև արտաքանապես կարող է խոնարհ և հեզ երևալ, բայց հոգևոր հպարտությունն է իր սրտում թևածում և կարծում է, թե իր հոգևոր գիտելիքներով ու փորձառությամբ առավել է, քան մյուսները: Հետևաբար, ինչպես նշում է Ռաֆայել վրդ. Կարելինը, հոգևոր մոլորությունը յուրահատուկ, սարսափելի մոլորություն է, որը մարդուն ի վերջո նետում է սատանայի խաբեության կապանքների շրջապտույտը:

Անշուշտ, շատերը հայտնվելով հոգևոր մոլորության մեջ, հերքում են, որ նրանք ուզում են Աստծուն հավասար լինել, բայց ենթագիտակցության մակարդակում նրանց մոտ այդ գաղափարն է գերիշխում, որ իրենք հոգևոր մեծ բարձունքի են հասել, ունեն համապատասխան հոգևոր փորձառություն, գիտելիք ու կարող են ուսուցանել, խրատել, դատել ուրիշերին, ունեն բարձր հոգևոր հասկացություն: Սակայն իրականությունն այլ է: Դրա համար Աստված թույլ է տալիս տառապանքներ, հիվանդություններ, տարբեր փորձություններ, անհաջողություններ, որպեսզի մարդու միտքն այս ինքնասիրահարված հմայքից արթնանա և տեսնի ինքն իրեն, իր տկար, խեղճ, մեղավոր վիճակը, իր իրական հոգևոր վիճակը:

Ռաֆայել վրդ. Կարելինը նշում է, որ հոգևոր մոլորության սկիզբը ավելորդ վստահությունն է ինքդ քո նկատմամբ: Օրինակ` վստահությունն անձնական սուբյեկտիվ ապրումների նկատմամբ և դրանց կարևոր նշանակություն տալը, որոնց արդյունքում մարդու մոտ կարող են լինել տեսողական և լսողական տարօրինակ երևույթներ, որոնք համարում է որպես աստվածային հայտնություն կամ իրեն տրված շնորհ: Շատ անգամ նման երևույթներն ուղեկցվում են դիվական ազդեցություններով: Երբեմն նման դեպքում մարդիկ կարծում են, թե իրենց հրեշտակներն են այցելում, քանի որ իրենք արդեն այնպիսի հոգևոր բարձունքի են հասել, կամ այնպիսի հոգևոր արժեք են ձեռքբերել, որ հրեշտակներն իրենց են այցելում և խոսում իրենց հետ` բացահայտելով երկնային, գերբնական գաղտնիքները: Հայր Ռաֆայելն ասում է` հոգևոր մոլորության պատճառը, ինչպես բոլոր մեղքերի հիմնաքարը, հպարտությունն և ինքնահավանությունն է: Իսկ հպարտությունն ունի մի քանի տարատեսակներ` հպարտություն մարդկանց առջև, աշխարհիկ հպարտություն: Մեկ այլ հպարտության տեսակը` հոգևոր հպարտությունն է, հպարտություն Աստծո առաջ, երբ մարդուն թվում է, թե ինքն ունի համապատասխան հոգևոր  գիտություն և առաքինություններ և փրկության համար անհրաժեշտ մակարդակ: Եվ կարող է իրեն իր սրտի խորքում արդար համարել, դատել մյուսների սխալներն ու արարքները, համարել, թե ինքը գիտի ճշմարտությունը, իսկ դիմացինի կարծիքը կա՛մ սխալ է, կա՛մ էլ` թերի: Եվ նա կարծում է, թե ինքը որևէ մեկի կարիքը չունի: Այդպիսի հպարտ մարդը համոզված է, որ ինքը նույնիսկ Աստծո օգնության շնորհի կարիքը չունի, այլ ինքնուրույն կարող է ամեն ինչի հասնել իր խելքով, իր ուժերով ու կամքով, ինչպես նաև հենվելով մարդկային գիտության վրա: Այստեղ հոգևոր կյանքի կենտրոնը, որը պետք է ուղղված լիներ առ Աստված, տվյալ անձն ուղղում է դեպի իր «ես»-ը: Եվ սկսվում է հոգևոր եսակենտրոնությունը: Մարդն ուզում է հոգևոր ուժեր ձեռք բերել ինքն իրենով, իր անձի ներսում, միստիկական ապրումների և անձնական, գերբնական հայտնությունների միջոցով: Մեր շրջապատում կարող ենք հանդիպել այսպես կոչված պայծառատեսների, գուշակների, էքստրասենսների և նման երևույթներով զբաղվող մարդկանց, որոնք գտնվում են այսպիսի հոգևոր մոլորության մեջ, թեև իրենք դա միանշնակ հերքում են` տարբեր պատճառաբանություններ բերելով: Յուրաքանչյուրը դեպի իրեն ձգում է իր նմանին, այդպիսին է նաև հոգևոր օրենքը: Հպարտը դեպի իրեն է ձգում հպարտության դևերին: Այդ պատճառով հպարտությունը մարդուն հաղորդակից է դարձնում հպարտության դևի հետ, այսինքն` սատանայի հետ: Այդպիսի մարդը սկսում է տեղեկատվություն ստանալ չար ոգիներից, որոնց հետ հաղորդակցությունը համարում է հիանալի հոգևոր բացահայտումներ, հայտնություններ և կարծում է, թե ինքն առանձահատուկ, ընտրյալ անձ է, դրա համար էլ նման պարգևների է արժանացել: Էմոցիաներով համակված՝ սատանայից ստանում է տարօրինակ հուզումնալից զգացմունքեր: Եվ դրանք համարում որպես օրհնություն, շնորհ, դրախտային հոգեվիճակ իր հոգու համար: Իսկ իրականում այդ հուզմունքերը կրքերի նուրբ արտահայտություներ են, որոնք չարը խթանում է մարդու ներսում: Եվ այդպիսի ոգևորությունն ազդում է  նյարդային համակարգի, մարմնի և արյան վրա, որը հոգևոր մոլորության մեջ գտնվող անհատը համարում է` իբրև Աստծո կողմից տրված հոգևոր վիճակ: Հարկ է նշել, որ նման զգացողությունը շատ արագ վերածվում է հոգու անկման և անհանգստության, որը տանում է հոգու դատարկության զգացման և մարդուն մղում ինքնասպանության: Հոգևոր մոլորությամբ տառապող անձը տեղեկատվությունն ընդունում է զգացական մակարդակում: Նա կարող է տեսնել անսովոր պատկերներ, տեսիլքներ, որոնք իրականում դևերի ներշնչանքը կամ իր երևակայության արդյունքն են լինում: Ինչպես նաև աղոթքի ժամանակ նման պատկերներն ու երևույթները հետևում են մարդուն: Երբեմն լսում է տարբեր տարօրինակ ձայներ, որոնք համարում է  հրեշտակների կամ այլ գերբնական էակների ձայներ: Այդպիսի մարդը կարծում է, թե իրեն անհրաժեշտ չէ կարդալ հոգևոր սուրբ հայրերի խրատներն ու խորհուրդները, իմանալ եկեղեցու փորձառությունը, քրիստոնեական գրքերը, քանի որ ինքն արդեն ուղիղ կապի մեջ է աստվածային ուժերի հետ: Երբեմն նմանօրինակ մարդիկ այդ ուժերին անվանում են այլմորոլակայիններ կամ տիեզերական ուժեր: Այդպիսի մարդն իր ներշնչանքի մտքերը համարում է որպես Աստծո կողմից տրված հայտնություն: Այդժամ դադարում է լսել ուրիշների խորհուրդները և կարծիքները: Եթե պնդում են, թե իր մոտեցումը դեմ է հոգևոր սուրբ հայրերի մոտեցմանը: Նա մտածում է, թե միգուցե այդ հոգևոր հայրերը հասել են ինչ-որ հոգևոր աստիճանի, սակայն ինքն ավելի բարձր է: Երբ իրեն ասում են, թե իրեն տրված այդ հայտնությունները չար ոգիների կողմից են, նա պատասխանում է, որ չեք հասկանում, թե ինչ է հոգևոր բարձրագույն աստիճանը:  Դրա համար հոգևոր մոլորությամբ տառապող անձն իր սրտի խորքում ատում է բոլոր նրանց, ովքեր փորձում են բացել նրա աչքերը և դուրս բերել այդ մոլորված վիճակից: Եվ բավական ագրեսիվ է տրամադրված, երբ իր կարծիքին կամ համոզմունքին հակառակ կարծիքի կամ ճշմարտությանն է հանդիպում: Մարդիկ հաճախակի ընկնում են հոգևոր մոլորության մեջ, երբ փոքր-ինչ հոգևոր առաջընթաց են ունենում` հմայվելով իրենց հոգևոր գիտելիքներով և առաջընթացով: Այն սովորաբար միանգամից չի լինում, այլ հոգևոր ինքնահավանության և մեծամտության պատճառով, երբ քո սրտում արդեն սկսում ես ինքդ քեզ համարել հոգևոր կյանքի, աստվածաբանության և նման հարցերի գիտակ և հեղինակություն: Նման մարդը սովորաբար մյուսների հետ խոսում է իբրև դատավոր և արդար մի անձ, ով իրեն իրավունք է վերապահում դատել մյուսների սխալները, կարծիքները, մոտեցումները և խրատել ուրիշներին: Այդպիսի մարդը երբեմն կարող է ասել, թե մեղավոր է, բայց այդպես ասում է ոչ թե ընդունելով, որ իսկապես տկար է և մեղավոր, այլ ցույց տալու համար, որ հասել է այնպիսի գիտակցության, որին սրբերն են հասել, այսինքն` իրեն համեմատում է սրբերի հետ: Նմանօրինակ մարդն իրականում Աստծու կարիքը չի փնտրում: Նման մարդը փնտրում է նորանոր գերբնական հայտնություններ և զգացումներ: Այդօրինակ անհատն ինքն իրեն աստված է զգում ու իրեն Աստծուն հավասար դասում: Իսկության մեջ նա չի կարող սիրել ուրշներին, նա սիրում է միայն իրեն: Նա իրեն սիրում է ինչ-որ կրոնական առանձահատուկ զգացողությամբ, որովհետև ինքն իրեն աշխարհի կենտրոնում է զգում, ում շուրջը պտտվում են մարդիկ և Աստված:  Հոգևոր կյանքում այդ տեսակի հպարտությունը համարվում է մեծագույն վտանգ, որովհետև այն նույնիսկ բավականին հոգևոր կյանքով ապրող մարդու համար կարող է սայթաքման և կործանման պատճառ դառնալ, որովհետև նախկին հրեշտակը հոգեղեն բարձրության մակարդակում էր և այդտեղից ցած ընկավ, Հուդան այն բացառիկ անձանցից մեկն էր, որ Քրիստոսի առաքյալի կոչմանն արժանացավ և այդ բարձունքից ցած ընկավ: Իսկ Մարիամ Եգիպտացին մեղքի ճահճից վեր բարձրացավ ու Աստծո կողմից սրբության բարձրագույն աստիճանի հասավ:

Հետևաբար, մենք պետք է ճիշտ հասկանանք հոգևոր կյանքը ու դրա առաձնահատկությունները: Սա շատ նուրբ հարց է հավատացյալի համար, քանի որ հոգևոր կյանքի հաջողությունը ոչ թե չափվում է ինչ-որ հոգևոր գիտելիքներով, նշաններով, արտաքին երևույթներով, այլ հոգևոր իմաստության, սրտի մաքրության, հոգևոր խոնարհության և սիրո խորության ընկալմամբ ու ապրումով: 

 

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

 

12.05.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․