24 Դեկտեմբեր, Գշ
Երբ մեծ փիլիսոփա Սոկրատը մեռնում էր, նրա աշակերտները հավաքվեցին նրա շուրջը: Փիլիսոփայի հակառակորդները դատապարտել էին նրան մահապատժի` թունավորումով: Նա ինքը պետք է ըմպեր թույնով լցված բաժակը: Թույնը խմելուց առաջ Սոկրատը պատվիրեց իր սիրելի աշակերտներից մեկին աքլոր զոհաբերել: Այս պատվերը անհասկանալի է թվում, բայց կարող ենք հասկանալ դրա իմաստը` իմանալով այն ժամանակներում աքաղաղի զոհաբերության սովորության մասին: Մարդն աքաղաղ էր զոհաբերում, երբ բուժվում էր հիվանդություններից: Իր պատվերով Սոկրատը ցանկացավ ակնարկել, որ այս կյանքից հեռանում է հոգեպես բուժված և որևէ մեղսալի արատ չունի իր հոգում: Աքլորը հիշատակված է նաև Ավետարանի հայտնի պատմության մեջ: Քրիստոս ասաց, որ Իր աշակերտներից մեկը` Պետրոսը, Իրեն կուրանա մինչև աքաղաղի կանչելը (Մատթ. 26.34, Մարկ. 14.30, Ղուկ. 22.34, Հովհ. 13.38): Սա ևս խորհրդանշական իմաստ ունի: Առավոտյան, երբ աքաղաղը կանչում է, լույսը բացվում է: Պետրոսը դեռ իր հոգում չուներ հավատքի ամբողջական լույսը: Մենք գիտենք, որ Քրիստոսի Հարությունից առաջ առաքյալներն անհաստատ էին հավատքի մեջ, որի համար էլ Տիրոջը մենակ թողեցին ու փախան (Մատթ. 26.56, Մարկ. 14.50): Սակայն Հարության հաղթանակից հետո հավատքի լույսը կատարելապես սփռվեց առաքյալների հոգիներում, և նրանք անհողդողդ մնացին քրիստոսապաշտության մեջ:
Տեր Ադամ քհն․ Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից