19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Ջրօրհնեքի մեծախորհուրդ արարողությունը

Ջուրը կյանք է: Մարդիկ չեն կարող ապրել առանց ջրի: Մարդու օրգանիզմի հիմնական մասը բաղկացած է ջրից: Այն թանկ ու հիանալի նվեր է մեզ համար և անհրաժեշտ մեր կյանքի հարատևման համար: Եկեղեցին օրհնում է ջուրը՝ ի նշան մեզ տրված այդ մեծ պարգևի: Ջրի սրբագործումը մեզ հիշեցնում է, որ այն մեզ տրվել է ոչ միայն մեր կարիքները բավարարելու, այլ նրա նկատմամբ անհրաժեշտ հոգածություն ցուցաբերելու համար: Եվ այս աստվածային անգին պարգևի համար հարկավոր է շնորհակալ լինել Աստծուն:

Ջուրը եկեղեցում օգտագործվում է տարբեր առիթներով. մկրտվում ենք ջրով, քահանան լվանում է իր ձեռքերը Սուրբ Պատարագի սկզբում, Ավագ Հինգշաբթի օրը ջուրը օրհնվում է Ոտնլվայի արարողության համար, ջուրը օրհնվում է Սուրբ Ծննդյան տոնին:

Սուրբ Ծննդյան տոնին կատարվող Ջրօրհնեքի արարողությունը հիշատակն է Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտության: «Ինքը Հիսուս իջավ ջրի մեջ և ջուրը միանգամից դարձրեց մաքրող ու նորոգող: Ինքն իջավ ջրի մեջ, մաքրեց երկրի ջրերը, որոնք պղծված էին մարդկանց մեղքով: Արդ՝ Իր ոտքերով տրորելով՝ ջրերը մաքրեց, դարձրեց սրբող: Եվ ինչպես նախապես Հոգին շրջում էր ջրերի վրա, նույնպես Ինքը պիտի բնակվի ջրերի մեջ և բոլորին պիտի ընդունի, ովքեր կծնվեն նորից: Ինքն իջավ ջրի մեջ, որպեսզի բոլորը Հոգու միջոցով ջրում նորոգվելով՝ հրեշտակ դառնան: Եվ նույն Հոգին մինչև հավիտենականություն ջրով բոլորին որդեգրության է կոչում» (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոսի երկում):

Ջրօրհնեքի արարողության հաստատումը վերագրում են Քրիստոսի առաքյալներին ու եկեղեցու հայրերին: Սակայն առաջին մեծագույն օրինակը տվեց Ինքը՝ Հիսուս Քրիստոս: Հիսուս Իր օրինակով լուսավորեց այն մկրտության խորհուրդը, որով մարդը պետք է մուտք գործեր քրիստոնեական եկեղեցի:

Նախապես Ջրօրհնեքի արարողությունը եղել է միայն Երուսաղեմի եկեղեցուն հատուկ արարողություն և կատարվել Հորդանան գետի ափին: Հետագայում քրիստոնեական մյուս եկեղեցիները ևս հաստատեցին այն: Ուղղափառ եկեղեցիներում սովորություն կա այն կատարել գետի, լճի կամ ծովի ափին: Նախկինում Հայ եկեղեցում ևս սովորություն կար Ջրօրհնեք կատարել հոսող ջրերի վրա: Հետագայում այդ արարողությունը փոփոխության ենթարկվեց: Այդ սովորության մասին տեղեկանում ենք Սուրբ Հովհաննես Օձնեցու կողմից գրված Ջրօրհնեքի մասին հետևյալ կանոնից. «Անհրաժեշտ է, որպեսզի Հայտնության օրը ջրի օրհնությունը կատարվի, ջրի վրա մյուռոն կաթեցվի և աղոթքներից հետո Փրկչի Հորդանան գետում մկրտվելը հիշատակվի»: Այսօր Հայ եկեղեցին ջրի օրհնությունը կատարում է եկեղեցում:

Ջրօրհնեքի արարողությունը սկսվում է Սուրբ Ծննդյան Պատարագից անմիջապես հետո: Քահանան հատուկ աղոթքներով և շարականների երգեցողությամբ օրհնում է ջուրը Սուրբ Խաչով, Սուրբ Ավետարանով և Սրբալույս Մյուռոնով:

Ջրօրհնեքի արարողության ընթացքում նախքան սուրբգրային ընթերցվածքները, Սուրբ Բարսեղ Կեսարացու Ջրօրհնյաց աղոթասացությունը և Հովհաննես Պլուզ վարդապետի «Յամենայն ժամ» քարոզը, հանդիսավորապես շարականների երգեցողությամբ Սուրբ Խորան է տարվում Սրբալույս Մյուռոնով լի մյուռոնաթափ աղավնին: Պատարագիչ քահանան ժողովրդի խնդրվածքները ներկայացնում է Տիրոջը և աղաչում, որպեսզի Նա օրհնի ու սրբի այս ջուրը՝ այն օգտակար անելով տների շինության, հիվանդների բժշկության, ծառաների մաքրության, հոգիների ու մարմինների փրկության և ամեն կարիքների համար, և սա լինի օրհնության աղբյուր ու անապականության պարգև, և սրանով լինի մեղքերի լուծարում, հիվանդներին՝ բժշկություն, ախտաժետներին՝ առողջություն, և դևերի խորտակում: Ապա խնդրում է Տիրոջից, որպեսզի սրանով հալածվեն բոլոր վնասները, չար բծերը, ախտերը, սատանայի բոլոր բռնությունները, և սրա մեջ դնի Սուրբ Հոգու բժշկության և չար զորությունների դեմ հաղթության շնորհները:

Այնուհետև՝ «Ով զարմանալի» և «Այսօր ձայնն հայրական» տաղերի երգեցողության ընթացքում, ջրի մեջ է իջեցվում Հիսուս Քրիստոսին խորհրդանշող ջրօրհնյաց հատուկ խաչը, ինչով Տիրոջից խոնարհաբար հայցում ենք, որպեսզի ինչպես այն ժամանակ Հորդանանում, այդպես և այժմ Սուրբ Հոգին իջնի՝ օրհնելով սրբի ջուրը, այն ընդունակ դարձնելով մկրտվողին մեղքերից լվանալու և հիվանդներին բժշկելու: Ապա ընթերցվում է Սուրբ Բարսեղ Կեսարացու հեղինակած Ջրօրհնյաց աղոթքը: Աղոթասացությունից հետո կատարվում է ջրի օրհնություն և սրբագործում. «Օրհնեսցի եւ սրբեսցի ջուրս այս նշանաւ…»: Ապա պատարագիչ քահանան «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգակցությամբ Մյուռոնը կաթեցնում է ջրի մեջ, ապա ջրի մեջ գցված խաչը «Պահպանիչ»-ի ժամանակ հանում, տալիս է օրվա խաչի կնքահորը: Ապա քահանան ջուրը օրհնում է Սուրբ Ավետարանով, քանի որ գրված է. «Տիրոջ ձայնը ջրերի վրա է» (Սաղմոս 28.3), այսինքն՝ Հոր ձայնը:

Արարողությունից հետո Սրբալույս Մյուռոնով սրբագործված ու շնորհազարդված ջուրը բաժանվում է ժողովրդին հոգու և մարմնի նորոգության համար:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

06.01.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․