21 Դեկտեմբեր, Շբ
Գիտենք, որ այս երկրավոր կյանքը կատարյալ չէ և լի է նեղություններով, թեև մարդու հոգում ձգտման առագաստանավը ջանում է դեպի դրախտավայր սլանալ, որն իսկության մեջ դրոշմված չէ այս երկրային իրականության մեջ, այլ` երկնային, թեև մեր շրջապատում կարող ենք տեսնել, թե մեր մերձավորներն ինչպես են չարչարվում, որպեսզի իրենց երկրավոր կյանքը դարձնեն դրախտային իրականություն, սակայն այդ ամենն ապարդյուն է: Սուրբ հայրերն ասում են, թե մի ջանացեք երկիրը դրախտ դարձնել, այլ ջանացեք այն դժոխքի չվերածել: Մեղքի հետևանքով անիծված երկիրը (Ծննդ. 3.17-18) շարունակում է իր փլուզման ընթացքը, մինչդեռ մենք շարունակ ձգտում ենք կատարելություն փնտրել այդ փլուզվող իրականության մեջ, որը դառնում է հոգու բեռ և աշխարհի տրտմություն՝ կլանելով հոգսաշատ երկրային ծովի ալիքների մեջ և սահմանափակելով հոգու թթվածինը՝ աղոթքը: Մարդուն տրված կառուցելու ունակությունը՝ իր տունը, ընտանիքը, երկիրը, բազմերանգ, իմաստավորում է նրա կյանքը գեղեցիկ գույներով, որտեղ իր ուրույն, անկրկնելի դերն ունի, անշուշտ, ընտանիքը: Ընտանիք կազմող երիտասարդները կապույտ երկնքի ներքո գծագրում են իրենց կյանքի համատեղ և երջանիկ ուղին, սակայն մեր պատկերացումները և իրականությունը հաճախ կարող են չհամընկնել ու մեր առջև այնպիսի մարտահրավերներ ծառանան, որոնք քննության են ենթարկում երիտասարդներին, թե հետագայում ինչպիսի քայլեր պիտի կատարեն, երբ նեղություններն իրենց դուռը թակեն: Մարտահրավերներից մեկն էլ կարող է լինել ընտանիքում լույս աշխարհ եկած երեխայի ծնունդը: Մի առակում ասվում է, թե մի բարեպաշտ բուժքույր մտնում է ծննդատուն և տեսնում, որ մի նորածին երեխայի շուրջ հավաքված ծնողներն ու հարազատները ցնծում, ուրախանում են, իսկ նրանց հետևում կանգնած հրեշտակներն արտասվում են: Նկատում է, որ մեկ ուրիշ նորածին երեխայի շուրջ հավաքված ծնողներն ու հարազատները լուռ ու տրտում են, իսկ նրանց հետևում կանգնած հրեշտակները ցնծում և ուրախանում են:
Հրեշտակներից մեկը մոտենում է և ասում.
- Ինչո՞ւ ես զարմացել: Այն մանուկը, որի ծնողները ցնծում են իրենց առողջ ու գեղեցիկ նորածնի համար, իսկ հրեշտակներն արտասվում, երբ նա մեծանա, իր ծնողներին դառնություն ու ցավ է պատճառելու և նրանց ունայնության ու կորստյան ճանապարհով է առաջնորդելու: Իսկ այն մանուկը, որի ծնողները տխրել ու տրտմել են հիվանդ ու վտիտ նորածնի համար, իսկ հրեշտակները ցնծում են, երբ նա մեծանա, իր հիվանդության պատճառով իր ծնողներին դեպի Աստված է ուղղելու և հավիտենական փրկության ճանապարհով է առաջնորդելու:
Արդ, տեսնում ենք, որ հրեշտակներն ուրախանում են, որ տկարությամբ ծնված մանուկն իր ծնողների և մերձավորների համար հավիտենական փրկության առաջնորդող առաքելություն է իրականացնելու այս կյանքում և պատճառ է դառնալու իր հարազատների հավատքի զորացման համար: Յուրաքանչյուր մարդ, այս աշխարհ գալով, Երկնային Նախախնամության կողմից նախանշված նպատակ ունի գործելու՝ Աստծո փառքի համար: Հետևաբար, քրիստոնյա ծնողները, եթե օրինակ՝ դաունի սինդրոմով երեխա են ունենում, պետք է գիտակցեն, որ իրենց երեխան Աստծո կողմից տրված պարգև է, և որևէ բան պատահական չի լինում: Սուրբ Գրքում այդ մասին Աստված Մովսեսին այսպես է ասում. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կույրին։ Մի՞թե ոչ ես՝ Աստվածս» (Ելք 4.11): Բայց ժամանակակից տեխնոլոգիաներին զուգընթաց՝ մեծանում է մի վտանգ, երբ ծնողները նախօրոք իմանում են, թե ինչպիսի երեխա են ունենալու և դիմում են ոչ թե հոգևոր, այլ նեղություններից ու դժվարություններից ազատվելու քայլերի: Այս առումով գերմանացի բժիշկների կողմից մշակված նոր թեստը, որը թույլ է տալիս մեծ ճշտությամբ հայտնաբերել դաունի սինդրոմը սաղմի մեջ, կտրուկ քննադատության է ենթարկվել գերմանացի կաթոլիկ աստվածաբան Շոկենհոֆի կողմից: Նրա խոսքերով, թեստը մի մեթոդ է, որը շատ ընտանիքների կողմից կարող է օգտագործվել միայն մեկ նպատակով` աբորտի միջոցով դադարեցնել սաղմի զարգացումը, որը կրում է դաունի սինդրոմը: Բայց այդպիսի լուծումը մի՞թե ծնողներին ազատում է այդ խնդրից և այն պատասխանատվությունից, որը Երկնային Նախախնամության կողմից նրանց է տրվել: Մարդկային խիղճը արձանագրում է ամեն սխալ կամ ճիշտ արարք և խղճի գանձարանում անանց կերպով պահում դրանք, որպեսզի մարդուն հիշեցնի հավիտենական կյանքում... Մենք կարող ենք փախչել շատ իրողություններից և երևույթներից, սակայն մեր խղճից անկարող կլինենք փախչել..
Ընդհանուր առմամբ, քրիստոնյայի համար հասկանալի է, որ գենետիկական թերությունները և սինդրոմները, Ադամի և Եվայի մեղանչումից հետո մարդկային բնության անկման արդյունքն են, սակայն, այնուամենայնիվ, որևէ հիմք չկա մտածելու, թե երեխայի դաունի սինդրոմը պատիժ է ծնողի որևէ մեղքի պատճառով, թեև սա շատ անհատական հարց է, թե ինչու է այդպես պատահում: Այդուհանդերձ, Ավետարանում կարող ենք հիշել մի դրվագ, երբ աշակերտները խորհում էին, թե ում մեղքն է, որ մի մարդ ի ծնե կույր է: Հիսուսը պատասխանում է. «Ո՛չ դրա մեղքն է և ոչ էլ իր հոր ու մոր, այլ՝ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն» (Հովհ. 9.3): Հետևաբար, ծնողները պետք է հասկանան, որ Աստված նպատակ ունի այդ երեխայի միջոցով գործելու և հայտնելու Իր աստվածային փառքը: Մեզ միայն մնում է ճիշտ կերպով հասկանալ Երկնային Նախախնամությանը և արձագանքել Աստծո սիրառատ աջակցությանը՝ մասնակից դառնալով հոգևոր, աստվածահաճո նպատակին: Ռուս հոգևորական հայր Պետրոս Կոլոմեյցևը նշում է, որ դաունի սինդրոմով երեխաները կարող են շատ սեր, բարություն, լույս և հանդարտություն փոխանցել՝ այն ամենը, ինչ ժամանակակից հասարակությունում չափազանց պակասում է:
Երկրային այս կյանքի ճանապարհը հարթ ճանապարհ չէ, քանի որ ամեն մարդ իր կյանքի որևէ հանգրվանում մարտահրավերների է հանդիպում, որոնք պետք է հաղթահարել: Առանց Քրիստոսի՝ դրանք ծանր են և դժվարին, իսկ Քրիստոսով՝ թեթև և մշտապես հաղթահարելի, ինչպես Ավետարանում մեզ ասվում է. «Եկե՛ք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ։ Իմ լուծը ձեր վրա վերցրե՛ք և սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է և իմ բեռը՝ թեթև» (Մատթ 11.28-30): Արդ, սիրով և խոնարհությամբ ընդունենք այն բոլոր դժվարությունները, մարտահրավերները և նեղությունները, որոնք տրվում են մեզ և մասնակից դառնանք Աստծու անվան փառաբանությանը:
Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը