Գրքեր

Դատավորի կիրակի

Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի՝ «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակ»-ի հիման վրա (Ղուկաս 18:1-8): Ղուկաս ավետարանիչը առակի սկզբում իսկ հայտարարում է, թե ինչ նպատակով է ասված այն, այսինքն՝ հայտնելու համար. «…թե պետք է միշտ աղոթել առանց վհատվելու» (Ղուկաս 18:1): Ըստ առակի՝ քաղաքներից մեկում ապրում էր մի անիրավ դատավոր, ով ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում. իր անխիղճ վերաբերմունքով ոտնակոխ էր անում օրենքը և խլում ուրիշների իրավունքը: Նկատի ունենալով, որ ինքը դատավոր է և վերջին խոսքը իրեն է պատկանում և իրենից վեր իշխանություն չկա, սանձարձակ կերպով տնօրինում էր ամեն ինչ: Աստծուն չէր հավատում, խիղճ բնավ չուներ, հետևաբար ազատ-համարձակ տնօրինում էր ամեն գործ՝ ի շահ իրեն: Նույն քաղաքում մի այրի կին էլ էր ապրում: Կինն, ընկճված իրեն անհանգստացնող չարակամ մի անձից, դիմում է դատավորին, որ ազատի իրեն հակառակորդի ձեռքից, պաշտպանի իր իրավունքն ու իր խնդրին արդար լուծում տա: Սակայն անիրավ դատավորն անտեսում է խեղճ կնոջ աղաչանքները: Այրին ամեն օր գնում է դատավորի մոտ, բայց անօգուտ: Ամենօրյա իր թախանձանքն ու խնդրանքը միշտ էլ անտեսվում են: Կինը չի հուսահատվում, շարունակ դիմում, խնդրում է նրան: Այսպես նա հասնում է իր նպատակին: Դատավորը, ձանձրացած այրի կնոջ ամենօրյա այցելություններից և հետապնդումներից, որոշում է տեսնել այրի կնոջ դատը: Դրանից հետո իր մտքում ասում է. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով՝ չանհանգստացնի ինձ»: Եվ Տերն ասաց. «Լսեցեք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի»: Առակը վերջանում է հետևյալ հարցադրումով. «Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա » (Ղուկաս 18:8):

Այրի կնոջ պահվածքը սովորեցնում է աղոթքի մեջ լինել հաստատակամ ու հավատքի մեջ՝ ամուր: Առակը անդադար, ամեն ժամ, անձաձրույթ աղոթք անելու մասին է:

Անիրավ դատավորը իր անիրավ ընթացքով Աստծո ողորմությունը ստանալու օրինակով է գործածվում: Սակայն ոչ թե նմանությամբ, այլ՝ բաղդատությամբ: Քրիստոս չի ասում, թե Աստված գործում է այնպես, ինչպես անիրավ դատավորը, այլ պատճառաբանում է, որ եթե անիրավ դատավորն էլ, ում վրա ո՛չ Աստծո երկյուղը և ո՛չ էլ մարդու ամոթը չէին ազդում, պարտվում է հարատևության ազդեցությունից, որքան ավելի բարության և գթության աղբյուրը՝ Աստված: Աստված ի տարբերություն առակի մեջ նկարագրված անիրավ դատավորի, արդար է, բարեսիրտ, բարեգութ և այս առակը մեզ համար բացահայտում է հենց Աստծու ամենակարևոր հատկանիշներից մեկը` արդարությունը: Աստված Արդար Դատավոր է, քանի որ դատելու նրա չափանիշը արդարությունն է:

Երբ Աստծուն ուղղված մեր խնդրանքներն ու աղաչանքները շուտափույթ լսելի չեն դառնում, գուցե թե մեզանից շատերը հուսալքվում են ու դադարեցնում աղոթքը, մինչդեռ, ինչպես մեր հոգևոր հայրերից մեկն է ասում. «Աստված հաճախ ուշացնում է մեր աղոթքներին պատասխանել, որպեսզի մեր բարի փափագներն ավելի զորանան ու արմատավորվեն»:

Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու մեկնության՝ դատավորը միտքն է, թշնամիները` մարդու հոգին և մարմինը: Սրա համար էլ ասվում է, թե` «Մի քաղաքում մի դատավոր կար», արդ քաղաքը մարդն է: Մարդն իբրև պարիսպ ունի իր մարմինը, իբրև դռներ` զգայարանները, բնակիչներ` հոգին, իբրև իշխանավորներ` միտքը, իսկ իբրև զինվորներ`ցանկությունն ու ցասումը: Իսկ ունեցվածքն ու հարստությունն են` հավատը, հույսը և սերը, ինչպես նաև խոհեմությունը, արիությունը, ողջախոհությունը և արդարությունը: Եվ ինչպես որ թշնամիների և սիրելիների համար քաղաքի բոլոր ելքերն ու մուտքերը դռան միջոցով է, այնպես էլ մեր միջով է բարի և չար գործերի ելքն ու մուտքը, որ հինգ զգայարաններով են լինում, քանի որ սրանցով ենք մեղք գործում, այսինքն` աչքով գեղեցիկ բաներ ենք ցանկանում, ականջով`հաճույքով լսում ենք այն, ինչ օգտակար չէ և վնասակար է մեր հոգու համար, հոտոտելիքով` թուլանում, լեզվով սուտ խոսում և բերանով ագահի պես ուտում և խմում, ձեռքով զրկում և վնասում ենք: Իսկ երբ ցանկանանք ետ դառնալ մեր մեղքերից, հենց այս զգայարաններով ենք բարին գործելու: Քաղաքին արդար դատավոր կարգեց միտքը` արդարությամբ քննող և տանջող, որովհետև ուր որ բողոք կա, քննում և որոշում է չարն ու բարին, միշտ փախչում է չարից և հետևում բարուն: Իսկ եթե սխալվելով ընկնի չար գործերի մեջ, այնժամ խղճմտանքը կչարչարի ու կտանջի նրան որպես հանցավորի: Ազգերի դատավորները չորս ձևով են կեղծում դատաստանները`տգիտությամբ կամ կաշառքով, վախենալով կամ երեսպաշտությամբ: Իսկ միտքն արդար դատավոր է հոգու և մարմնի համար և սրանցից ոչ մի շեղվածություն չունի, որովհետև միտքը իմաստուն է և ունեցվածքի անկարոտ: Այս պատճառով էլ անկաշառ է և նրանց իշխանը այս պատճառով էլ չի երկնչում: Եվ քանի որ արդար է, դրա համար էլ որևէ ակնկալություն չունի, ապա ուրեմն արդար է դատում: Ինչպես ասաց Հովհաննեսն իր ընդհանրական թղթում. «Եղբայրնե՛ր, եթե մեր մտքերը մեզ չդատապարտեն, համարձակություն կունենանք Աստծո առաջ», որովհետև միտքը վկա է մեր ստությանն ու ճշմարտությանը, սրանից չենք կարող ծածկել մեր մեղքերը, սա ամեն ժամ մեզ հետ է որպես ուսուցիչ և խրատող: «Մի քաղաքում մի դատավոր կար, Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում»: Որովհետև փակ տեղում է, և որևէ մեկը նրան չի տեսնում, այդ պատճառով էլ մարդկանցից չի ամաչում, իսկ որ Աստծուց չի վախենում այն պատճառով է, որ նա իշխանությամբ ազատ է և ոչ թե ծառա: Եվ եթե որևէ մեկն ասի, թե` ինչո՞ւ ենք ազատ կամքով, ինչո՞ւ Աստված մեզ հարկերի տակ չստեղծեց, որպեսզի չկարողանայինք մեղանչել: Այսպիսիններին առաքելական սաստող խոսքով կասենք. «մի՞թե կավը կասի բրուտին, թե` ինչո՞ւ այդպես ստեղծեցիր ինձ»: Եվ քանի որ ստեղծված ենք, ակամա փոփոխական ենք, որի պատճառով մեր ազատությունն էլ փոփոխական է, այսինքն՝ տատանվում է բարու և չարի միջև: Աստված մարդուն անձնիշխանություն և ազատ կամք է տվել, որպեսզի ազատաբար ընտրի բարին, ինչպես արեցին հրեշտակներն ու բոլոր սրբերը: Բայց մարդիկ, այդ անձնիշխանությունը ի չարս գործադրելով, նմանվում են սատանային` ընտրելով չարն ու խորշելով բարուց: Հետևաբար Աստված մեղադրելի չէ, որ բարիք գործադրելու համար ազատ կամք և անձնիշխանություն պարգևեց, բայց նրանք այդ վերածեցին չարիքի: Արդար դատավորը և ազատ միտքը, երբ գործում է կարգ ու կանոնով, խորշելով չարից, բարին կատարելով,ապա նաև հոգին իր հետ վեր է բարձրացնում, մարդն ամբողջովին Աստծո նման երկնային է դառնում: Իսկ երբ միտքը պարտվում է բարի մտքերից, այնժամ գերվում է զգայություններից և ծառայում հաճույքներին: Այն ժամանակ ոսոխ մարմինը, զորանալով, մտքից հարձակվում է հոգու վրա` կեղեքելով, չարչարում է նրան: Իսկ այնուհետև հոգին այրիանում է փեսա Քրիստոսից, որովհետև, սիրով Աստծո կամքը կատարելով, Քրիստոսի հարսն էր դարձել: Այդպես և հոգին, երբ թողնում է Աստծո կամքը`այրիանում է, այսինքն բարի գործերից անզավակ և անպտուղ է մնում: Եվ այրին գալիս էր նրա մոտ և ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես», այսինքն հոգին գալիս էր դատավոր մտքի մոտ և թախանձում նրան դատաստան տեսնել թշնամի մարմնի նկատմամբ, քանի որ անիրավ է և զրկում է իրեն բարիքներից և հեռացնում է Աստծո կամքից: Իսկ միտքը, մարմնի հետ հեշտանալով, ո՛չ կամենում է լսել հոգուն և ո՛չ դատել, որի պատճառով էլ անիրավ դատավոր է կոչվում: Բայց հետո, սթափվելով, ասում է. «Եթե բարեկամության համար չեմ անում, սակայն թախանձանքի պատճառով նրա դատը տեսնեմ, որպեսզի ինձ չանհանգստացնի», - այսինքն խղճմտանքը քննադատում է մտքին անիրավության համար: Այն ժամանակ միտքը, զղջալով, դարձի է գալիս և արդար դատաստան տեսնում, այսինքն ապաշխարությամբ և զղջմամբ հրաժարվում է մեղքերից և հանգիստ գտնում խղճմտանքով: Եվ անիրավ դատավորն իր զղջման և ապաշխարության միջոցով դառնում է արդար դատավոր: Այսպես և Աստված դատ կանի նրանց, ովքեր գիշեր և ցերեկ աղաղակում են: Իսկ եթե դու, ինչպես ասում է առաքյալը, արհամարհում ես Աստծո ներողամտությունը, ապա քո անձի դեմ բարկություն ես դիզում բարկության օրվա և Աստծո արդար դատաստանի հայտնության օրվա համար: Որովհետև. «Ով սիրում է մեղքը, ատում է իր անձը»,- ասում է մարգարեն: Եվ արդ, լսեցե´ք, եղբայրներ, թե ինչ էր դատավորը անիրավությամբ անում. «Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում»: Մեղավորին դարձի են բերում Աստծո հանդեպ երկյուղն ու ամոթը մարդկանցից, որովհետև Տիրոջ երկյուղով ամեն ոք խորշում է չարից և ամոթահար լինելով՝ խուսափում ենք չարից: Եվ արդ, մենք պետք է երկնչենք Աստծուց և ամաչենք մարդկանցից, որովհետև ահավոր է ընկնել կենդանի Աստծո ձեռքը: Եվ ինչպես Ինքը Տերն ասաց. «Եվ մի´ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, այլ դուք առավել վախեցեք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը»: Որի պատճառով էլ Քրիստոս փրկում է Իր անունով մեզ և բոլոր հավատացյալներին հավիտենական կրակի տանջանքներից և Իր ողորմությամբ արժանի է անում անճառելի ուրախությունների և անպատմելի ցնծության` Քրիստոս Հիսուսի մեր Տիրոջ հետ, Ով օրհնյալ է Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս ամեն:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

26.03.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․