Գրքեր

Արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է

«Յոյժ զօրաւոր են աղօթք արդարոց յօգնականութիւն»: «Արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակոբոս 5:16):

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Եղիա մարգարեի հիշատակը: Սուրբ Գիրքը պատմում է նրա կատարած հրաշքների մասին, թե ինչպես նրա աղոթքի շնորհիվ Աստված այրի կնոջ ալյուրն ու յուղը անպակաս էր դարձնում, հարություն տվեց մահացած որդուն, երաշտի ժամանակ, ի տես Բահաղի կուռքը երկրպագողների, վառեց թաց փայտերը և անձրև տեղացրեց երկրի վրա: Սուրբ Հակոբոս առաքյալն ասում է. «Արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է», և որպեսզի համոզի, որ այս խոսքը վերաբերում է ոչ միայն արդարներին, այլ նաև մեզանից յուրաքանչյուրին, շեշտադրում է Եղիա մարգարեի՝ մեզ նման «կրքերին ենթակա» մարդ լինելը. «Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերին ենթակա. նա աղոթեց, ու երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չտեղաց: Ապա դարձյալ աղոթեց, և երկինքը անձրև տվեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը» (Հակոբոս 5:16,17):

Սիրելինե՛ր, աղոթքը մեր կյանքում ամենակարևոր բանը պետք է լինի: Մենք կարող ենք արթնանալ առավոտյան և որոշել մեր անելիքները, երեկոյան պառկել քնելու՝ հիշելով մեր արածները: Նույնիսկ եթե ամեն ինչ հասցրած լինենք անել և արած լինենք կատարելապես, սակայն եթե մենք աղոթք չենք արել, մի որոշ ժամանակ չենք հատկացրել մեր և Տիրոջ հարաբերություններին, փուչ է և ունայն ամեն բան, որովհետև Տերն է ամեն բանի սկիզբն ու ավարտը: Եթե մենք Տիրոջը թույլ չենք տալիս լցնել և լրացնել մեր կյանքը, քամու ետևից ենք ընկած: Այսօր մենք նշանների կարիք չունենք, ինչպես Եղիա մարգարեի օրոք եղավ, երբ նրա աղոթքով Բահաղի կուռքը երկրպագողները խայտառակվեցին: Աղոթքը նախ և առաջ մեզ կապում է մեր Արարչի հետ: Աղոթքով մենք մեր սերն ենք հայտնում Աստծուն, խնդրում ենք մեղքերի քավություն և թողություն և, որ ամենակարևորն է, աղոթքով ենք խնդրում Երկնային Արքայությունը, ինչ պատվիրեց մեզ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս: Աղոթքը ոչ թե պետք է զարդարի մեր կյանքը, ոչ թե պետք է լրացնի այն, ինչպես արդուզարդն է մեզ զարդարում, այլ այն պետք է լինի մեր հոգու անհրաժեշտ հագուստը, ինչպես զգեստն է ծածկում մեր մարմինը: Աղոթքը ոչ թե մեր քիմքին հաճո լրացուցիչ քաղցրեղենը պիտի լինի, այլ մեր հոգու անհրաժեշտ կերակուրը, ինչպես մեր մարմնի քաղցն ենք բավարարում պահանջվող սննդով: Աղոթքը լրացուցիչ բան չէ, այլ առաջին անհրաժեշտություն: Սա պետք է լավ ըմբռնենք, որպեսզի ճիշտ ճանապարհով ընթանանք առ Աստված: Տասնաբանյա պատվիրաններում Աստված ասում է. «Ես նախանձոտ Աստված եմ» (Ելք 20:5): Մենք չենք կարող աշխարհում ամեն ինչի, որ մեզ անհրաժեշտ է, հատկացնել մեր ուշադրությունը, իսկ մեր Երկնային Հորը տրամադրել մեր ավելորդ ժամանակը, հիշենք եկեղեցի այցելելը, երբ նրա կողքով ենք անցնում, պարզապես մտնենք եկեղեցի և մոմ վառենք, երբ տխուր ենք և հիվանդ կամ ինչ-որ բանի կարիքն ունենք: Արդարացի չէ միայն մեր խնդիրներով մոտենալ Աստծուն և ձեռքերը երկինք կարկառել և ապա դժգոհել, որ մեր ցանկությունները չեն կատարվում: Հակոբոս առաքյալը տալիս է դրա պատասխանը ևս. «Խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին» (Հակոբոս 4:3): Լեռան քարոզում մեր Տերը ասում է. «Խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք և կբացվի ձեր առաջ, որովհետև ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի» (Մատթեոս 7:7,8): Հիսուս Քրիստոս՝ Աստծո Որդին, խոստացավ կատարել Իրեն դիմողների խնդրանքները, եկավ սովորեցնելու ինչ խնդրել, սովորեցրեց ապավինել Աստծուն, չանհանգստանալ սննդի և հագուստի համար. «Նախ խնդրեցե՛ք Աստծու Արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա: Այսուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա, օրվա հոգսը բավ է օրվա համար» (Մատթեոս 6:33,34): Աստծո Որդին սովորեցրեց նաև ինչպես աղոթել. «Եվ երբ աղոթես, չլինես կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը: Այլ դու երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածուկ աղոթի՛ր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթեոս 6:5,6): Տերն Իր այս խոսքով կանխում է քրիստոնյա հավատացյալի հպարտության այն դրսևորումը, երբ նա գերադաս կհամարի ինքն իրեն ոչ միայն անհավատներից, ինչպես փարիսեցին, քանի որ Աստծուն հավատալով աղոթքի է կանգնում, այլ նաև իր իսկ հավատակից եղբայրներից, քանի որ իր անձը կձգտի ցուցադրել՝ անգամ «անկյուններում» աղոթքի կանգնելով: Տերն ուսուցանում է զգուշանալ հեթանոսաբար աղոթելուց. «Աղոթք անելիս շատախոս մի՛ լինեք, ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն: Արդ նրանց չնմանվե՛ք, որովհետև ձեր Հայրը գիտե, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք նրանից խնդրեք» (Մատթեոս 6:6,7): Տերունական աղոթքով Հիսուս մեզ սովորեցնում է ամենից առաջ փառավորել Աստծու անունը, խնդրել, որպեսզի Նա գա և բնակվի մեր մեջ, և փնտրել Նրա կամքը: Դրանից հետո միայն խնդրել մնացյալ կարիքների համար, քանի որ հանապազօրյա հացը օրվա մեր պետքերն են՝ թե՛ հոգևոր և թե՛ մարմնական: Սովորեցնում է մեզ ներում հայցել մեր մեղքերի համար՝ պատվիրելով, որ նախ և առաջ մենք ներենք մեր դեմ հանցանք գործածներին, հայցել, որպեսզի Աստված հեռու պահի մեզ չարից և փորձություններից:

Սիրելինե՛ր, եկեք խնդրենք Աստծուց, որ աղոթքը դառնա մեր օրվա սկիզբն ու ավարտը, քանի որ աղոթքի միջոցով պիտի մենք մեր գոհունակությունն ու փառաբանությունը հայտնենք Սուրբ Երրորդությանը մեզ պարգևած կյանքի ամեն մի վայրկյանի համար: Աղոթքով պետք է մեր հավատարմությունն ու նվիրվածությունը ցույց տանք մեր Աստծուն: Քանի որ ինչպես մեզ համար է հաճելի մեր հարազատների, ծնողների ու զավակների հետ մտերմությունը և նրանց մշտակա ներկայությունը, այնպես էլ մեր Տիրոջն է հաճելի, երբ մենք օրվա ընթացքում փնտրում ենք Նրա ներկայությունը, ձգտում ենք աղոթքով միանալ Նրան, աղոթքով լցնել մեր անձնական և ընտանեկան կյանքը, մեր աշխատանքը աղոթքով կատարել, աղոթքով սրբվել և աղոթքով գտնել այն արահետը, որը, առօրյա կենցաղային մոլախոտերով փակված, բաժանում է մեզ մեր Աստծուց: Եկեք միասնաբար խնդրենք Տիրոջից, որ մեր աղոթքները լսելի լինեն, որ Հիսուս Քրիստոս՝ մեր Տերը, խաղաղություն հաստատի մեր հոգիներից ներս և մեր ընտանիքներում, մաքրի մեր հոգիները՝ տեղ բաց անելով մեր Աստծո համար, որ Նա գա և բնակվի մեր մեջ, որովհետև սրտով մաքուրները Աստծուն պիտի տեսնեն (Մատթեոս 5:8):

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

11.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․