Արդյո՞ք Հուդան ստացել է Սուրբ Հաղորդություն

Հատկանշական է, որ մատնիչ Հուդայի Սբ. Հաղորդություն ստանալու մասին կարծիքները բազմազան են, առավել ևս իրարամերժ: Աստվածաբանության մեջ այն դավանաբանական խնդրի տեսք ձեռք չի բերել, սակայն դրա վերաբերյալ ճշգրիտ պատկեր ստանալը կարևոր է, որպեսզի ավելի ընկալելի լինի Սբ. Հաղորդության խորհրդի արժեքի մեծության դերն ու նշանակությունը անհատի կյանքում: Այս հարցի շուրջ աստվածաբանության մեջ գերակշռում է երեք կարծիք: 
Առաջին՝ Հուդա Իսկարիովտացին մինչև վերջ մասնակից է եղել Վերջին ընթրիքին և մյուս տասնմեկ աշակերտների հետ ճաշակել է Նոր Ուխտի Պասեքը, այսինքն՝ Քրիստոսի Մարմինն ու Արյունը, այդպիսով մասնակից լինելով Սբ. Հաղորդության խորհրդի հաստատմանն ու հաղորդությանը: 
Երկրորդ՝ Հուդան ճաշակել է Տիրոջ Մարմինը (հացը), բայց ոչ Արյունը (գինին): 
Երրորդ՝ մատնիչ Հուդան մասնակցություն չի ունեցել Սբ. Հաղորդության խորհրդի հաստատմանը, հետևաբար նաև չի ճաշակել Տիրոջ Մարմինն ու Արյունը: 
Պրոֆեսոր Մուրետովը նշում է, որ ավետարանական դրվագները կարդալիս Խորհրդավոր ընթրիքի շուրջ տպավորություն է ստեղծվում, որ մատնիչ Հուդան մասնակցություն է ունեցել Սբ. Հաղորդության խորհրդին և ճաշակել այն: Առաջին երեք ավետարանները չեն խոսում Հուդայի հեռանալու մասին Վերջին ընթրիքի ժամանակ: Իսկ Հովհաննես Ավետարանիչը թեպետ նշում է, որ Հուդան հեռացավ Քրիստոսի տված հացի պատառից հետո, բայց իր Ավետարանում Սբ. Հաղորդության խորհրդի հաստատման պատմության մասին չխոսելով ընթերցողների համար դժվար ընկալելի է դարձնում, թե Հուդան դուրս եկավ վերնատնից նախքան Նոր Ուխտի հաստատո՞ւմը, թե՞ դրանից հետո: Այդ իսկ պատճառով տպավորությունն այնպիսին է, որ չորս ավետարանիչները չեն ժխտում Հուդայի մասնակցությունը Սբ. Հաղորդությանը: Մանավանդ հանրահայտ հոգևոր հայրերից Սբ. Հովհան Ոսկեբերանը, Օգոստինոս Երանելին, Երանելի Հերոնիմոսը համակարծիք են, որ Հուդան ստացել է Սբ. Հաղորդություն: Սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է, թե ինչ մեծ կուրության մեջ էր մատնիչը Սբ. Հաղորդություն ստանալով և առավել ևս դրանից հետո մնալով այնպիսին, ինչպիսի մտադրություններ ուներ Հիսուսին մատնելու համար: Իսկ Օգոստինոս Երանելին գրում է, որ Պետրոսն ու Հուդան ստացան միևնույն հացը, սակայն մեկը՝ Կյանքի, մյուսը՝ մահվան: Այնուամենայնիվ այլ կարծիքի են այս հարցի շուրջ շատ այլ հոգևոր հայրեր, մասնավորապես Սբ. Եփրեմ Ասորին նշում է, որ մատնիչ Հուդան չի ստացել Սբ. Հաղորդություն: Աստվածաբաններից ոմանք նույնիսկ ասում են, թե Հիսուս ոչ թե գինու, այլ ջրի մեջ թաթախեց հացի պատառը, որպեսզի հացը չունենա Սբ. Հաղորդության խորհրդի իմաստը, և Հուդան չստանա Նոր Ուխտի օրհնության ավետիսն ու զորությունը: Այսպիսով պնդելով, որ մատնիչը չէր կարող ստանալ Սբ. Հաղորդություն: Իսկ պրոֆեսոր Սկվարցովն ասում է, որ միայն Հուդայի հեռանալուց հետո եկավ Խորհրդավոր ընթրիքի ժամը: Ըստ աստվածաբան Ալֆիևի հարկ է նշել, որ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականների մեծամասնությունը համամիտ է, որ Հուդան Սբ. Հաղորդություն չի ստացել: Իսկ արևմտյան աստվածաբանների կարծիքն այդ խնդրի շուրջ առավել բազմազան և անվերջ են: Կ. Ֆուարդն իր «Քրիստոս Որդի Աստծու» երկի մեջ նշում է, որ երեկոյան Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Քրիստոս հաստատում է Սբ. Հաղորդությունը, այնուհետև բացահայտում Հուդայի մտադրությունը և նրան տալով հացի պատառն ասում. «Հիմա ինչ որ անելու ես, իսկույն արա՛» (Հովհ. 13.27): Դոկտոր Շենկելը նույն կարծիքին է: Իսկ անգլիացի աստվածաբան Ֆարարն այս հարցի վերաբերյալ տարակարծությունների պատճառով նշում է, որ իրենք չեն կարող ճշգրտորեն ասել, թե իրականում Հուդան մասնակցե՞լ է, թե՞ չի մասնակցել Սբ. Հաղորդությանը: Սակայն աստվածաբաններ Մեյերը, Ռիգրենբախը, Էլիքոթը և այլք միանշանակորեն ժխտում են Հուդայի մասնակցությունը Սբ. Հաղորդությանը: 
Այնուամենայնիվ լուսաբանելու համար տարակարծություններ առաջացնող ավետարանական այս իրադարձությունը, մենք պետք է փորձենք վերականգնել իրադարձությունների ճշգրիտ հերթականությունը: Միայն այդ դեպքում մեզ համար պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել: Եվ ուշադիր ուսումնասիրելով դրվագները, մենք նկատում ենք, որ Հուդան իրոք չի մասնակցել Սբ. Հաղորդությանը: Մատթեոսի, Մարկոսի և Հովհաննեսի ավետարանների տվյալ դրվագի շուրջ համադրությունները խոսում են այդ մասին: Իսկ Ղուկասի Ավետարանում ամփոփված տվյալ դրվագի մասին պրոֆեսոր Բոգդաշևսկին նշում է, որ Ղուկասը չի պահպանել իրադարձությունների քրոնոլոգիան, այլ պարզապես նշում է, թե ինչ է կատարվել: 
Մենք նաև ուշադրություն պիտի դարձնենք, թե Հիսուս ինչ կերպով է Հուդային տալիս հացի պատառը: Մատուցման այդ ձևը լիովին տարբերվում է աշակերտներին ընդհանուր կերպով տրվող ձևից, ուր Հիսուս օրհնում է հացն ու գինին, այնուհետև մատուցում, իսկ այս դեպքում՝ Հիսուս արձագանքում է Հուդայի այն հարցին, թե վարդապետ, մի՞թե ես եմ (Մատթ. 26.25) և դրանով է նաև բացահայտում մատնիչին: Նկատում ենք, որ Մատթեոսի, Մարկոսի և Հովհաննեսի ավետարաններում ժամանակագրական քրոնոլոգիան ներդաշնակորեն համընկնում է, իսկ դիտարկելով Ղուկասի պատմածը` տեսնում ենք, որ այդտեղ Ղուկասը հին Պասեքի և Նոր Ուխտի միջև տարանջատում չի կատարել, թեև երկու դրվագների պատմությունը շեշտակի չեն առանձնացնում նաև մյուս ավետարանիչները, սակայն Ղուկասը Հուդայի մատնության բացահայտումը նշելով երկու զատկական դրվագներից հետո, նույնացրել է երկու Պասեքների դրվագները: Այս առումով նա չի պահպանել ժամանակագրական քրոնոլոգիան, և շատերը հենց նրա Ավետարանում նկարագրվածի վրա հիմնվելով է, որ պնդում են, թե Հուդան Սբ. Հաղորդություն է ստացել: Հարկ է նշել, որ Ղուկասն առաջին հերթին կարևորել է, թե ինչ էական խորհուրդ է հաստատել Հիսուսը, երբ նրանք հավաքվել են Վերնատանը: Իսկ դրանից հետո նշում Հուդայի մատնության հետ կապված բացահայտումը: Մյուս կողմից` հինկտակարանյան պասեքի արարողությունը նախատիպն է նորկտակարանյան Սբ. Հաղորդության խորհրդի և այդտեղ նույնպես առկա են հացի և գինու օրհնությունը և մատուցումը ներկաներին: Այդ իսկ պատճառով Ղուկասը մեծ կարևորություն չտալով հին և նոր Պասեքներն առանձին ներկայացնելու հանգամանքին, մեկ միասնական դրվագում է գրառել դրանք, ապա անցել Հուդայի հետ կապված հարցին: 
Մեկ էական հարց էլ է առկա ժամանակագրական առումով, Մատթեոս և Մարկոս ավետարանիչները նշում են, որ Հիսուս և աշակերտները սեղան նստեցին, երբ երեկո եղավ, այսինքն՝ հրեական զատկական սեղանի շուրջը, ուր այդ օրենքի համաձայն Հիսուս օրհնում է հացն ու գինին ու տալիս մասնակիցներին: Իսկ Ղուկասը նշում է, երբ ժամը հասավ Հիսուս աշակերտների հետ սեղան նստեց: Հովհաննես առաքյալը մատնանշում է, երբ Հուդան հեռացավ, գիշեր էր: Վերջինիս ավետարանական հատվածը համընկնում է Պողոս առաքյալի կորնթացիներին ուղղված այն խոսքին, թե գիշերվա ժամին հաստատվեց Սբ. Հաղորդությունը (Ա Կորնթ. 11.23-25): Իսկ մինչ այդ, այսինքն` երեկոյի և գիշերվա միջև ընկած ժամանակահատվածում, տեղի էր ունեցել աշակերտների միջև հակաճառություն, թե ով պիտի լինի առաջինը Քրիստոսի թագավորության մեջ: Եվ որպեսզի Հիսուս դադարեցնի նրանց վիճաբանությունը, ասում է. «Բայց դուք այդպէս չլինեք, այլ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը» (Ղուկ. 22.26) և հիմնավորելով իր ասածը՝ ելնում է և իբրև ծառա՝ օրինակ ցույց տալով լվանում է նրանց ոտքերը (Հովհ. 13.4-5): Այնուհետև տեսնում ենք Հիսուսի հոգու խռովքն ու խոսքը, թե աշակերտներից մեկն իրեն մատնելու է, ապա Հուդայի հեռանալը, երբ արդեն վրա էր հասել գիշերը: 
Արդ, Հին Ուխտի Պասեքը Քրիստոս իրականացրեց ըստ ավետարանիչների, երբ երեկո եղավ (Մատթ. 26.20, Մարկ. 14.17) և ոչ թե գիշերվա ընթացքում: Իսկ գիշերվա ընթացքում Հիսուս հաստատեց Սբ. Հաղորդության խորհուրդը: Հետևաբար, պարզ է դառնում, որ Հուդան հեռացավ նախքան Սբ. Հաղորդության հաստատումը: Մենք նաև տրամաբանորեն նկատում ենք, որ աշակերտների միջև հակաճառությունը, ոտնլվայի արարողությունը և մատնիչի վերաբերյալ տարակուսանքն անիմաստ է տեղադրել Սբ. Հաղորդության խորհրդի հաստատումից հետո, որովհետև Սբ. Հաղորդության խորհրդի հաստատումից հետո Մատթեոսն ու Մարկոսը նշում են, որ աշակերտները ոչ թե վիճաբանեցին միմյանց հետ, այլ օրհներգեցին, գոհություն մատուցեցին և ելան Ձիթենյաց լեռը: 
Արդ, մանրակրկիտ ուշադրություն դարձնելով չորս ավետարանիչների նկարագրած տվյալ դրվագներին` մեզ համար հստակ է դառնում, որ մատնիչ Հուդան հեռացել է նախքան Սբ. Հաղորդության հաստատումը՝ արժանի չլինելով աստվածային մեծագույն այդ պարգևին:

 

Հովհաննես սրկ. Մանուկյան
Նյութը պատրաստվեց ըստ «Հուդան իբրև մատնիչ» գրքի` «Протоиерей Павел Алфеев Иуда-предатель», 2005

 

Սկզբնաղբյուր՝ www.irates.am

 

27.01.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․