26 Դեկտեմբեր, Եշ
Քննեցե՛ք Գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են Իմ մասին (Հովհ. Ե 39)։
Աստվածաշունչը ստվարածավալ գիրք է` կազմված շուրջ մեկուկես հազարամյակի ընթացքում շուրջ քառասուն հեղինակների` մարգարեների ու առաքյալների ձեռամբ, տարբեր լեզուներով (հիմնականում` եբրայերեն և հունարեն, մասամբ էլ` արամերեն) և զանազան գրական ժանրերով: Բայց և այնպես, Սուրբ Գիրքը մեր առջև հառնում է որպես կուռ, բովանդակությամբ անխորտակելի, միասնական ամբողջություն` գրված Սուրբ Հոգու անմիջական ներշնչանքով:
Ո՞րն է կամ, ավելի ճիշտ, ո՞վ է այս միասնության առանցքը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Առանց այս ճշմարիտ քրիստոնեական աշխարհայացքի ըմբռնման սրբազան պատմության կարևորագույն իրադարձություններն ու իրողությունները դժվար հասկանալի, նույնիսկ անըմբռնելի են` սահմանափակված տեղի և ժամանակի մեջ, մինչդեռ նրանք տիեզերական, համամարդկային նշանակություն ունեն և բոլոր ժամանակների ու սերունդների համար են:
Ս. Գիրքը կազմված է երկու մասից` Հին և Նոր Կտակարաններից (Հին Կտակարան` 48 գիրք, Նոր Կտակարան` 27 գիրք), որոնց բաժանումը պայմանավորված է Հիսուս Քրիստոսի նկատմամբ դիրքորոշումով: Հին Կտակարանում Նա ներկա է որպես խոստացյալ Փրկիչ, Ում գալուստն ապագայում է կատարվելու, և դա կանխանշված է հատուկ մարգարեություններում, նախօրինակներում ու խորհրդանիշերում, իսկ Նոր Կտակարանում Հիսուսն իրականացնում է մարդու փրկությունը:
Ինքը` մեր Տեր Հիսուս Քրիստոսը, բազմիցս հաստատում է այս իրողությունը. «Քննեցե՛ք Գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են Իմ մասին» (Հովհ. Ե 39), և «Սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից` մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված էր Իր մասին բոլոր Գրքերում» (Ղուկ. ԻԴ 27, տե՛ս նաև Հովհ. Ե 46, Ղուկ. ԻԴ 44):
Նոր Կտակարանում չկա Փրկչի կյանքի, առաքելության, չարչարանքների ու մահվան վերաբերյալ մի փաստ, անգամ աննշան մանրամասնություն, որը Հին Կտակարանում նախանշված չլինի: Սուրբ Աթանաս Աղեքսանդրացին գրում է, որ Հին Կտակարանը շարադրված է միասնական Հոգով և շարադրված է Փրկչի մասին: Ընդ որում, մարգարեությունները ոչ միայն կանխասում, այլև հաճախ լրացնելով` լույս են սփռում նորկտակարանյան այս կամ այն իրադարձության վրա, օրինակ` Եսայի մարգարեի ԾԳ գլուխը ոչ միայն պարզաբանում է Քրիստոսի չարչարանքների ու քավչարար մահվան խորհուրդը, այլև բացատրում է Հովհաննես Մկրտչի խոսքը. «Ահա Գառն Աստծու» (Հովհ. Ա 29): Իսկ մարգարեությունների շղթան սկսվում է Ադամով. այդ իսկ պատճառով կոչվում է Նախաավետարան և հասնում է մինչև Հովհաննես Մկրտչի հայրը` Զաքարիան:
Նույնն է նաև խորհրդանիշերի, նախօրինակների պարագան: Նախօրինակ են կոչվում այն անձինք, պատմական իրադարձություններն ու առարկաները, որոնք, բացի իրենց ժամանակներում իրողություն լինելուց, խորհրդավորապես վերաբերում են ապագային և արտահայտում կամ կանխանշում են մեսիական որևէ հատկանիշ: Օրինակ` Ինքը Քրիստոս նշում է անապատում Մովսեսի հրամանով բարձրացրած պղնձե օձի (Հովհ. Գ 14), Հովնանի` կետի փորում երեք օր ու գիշեր գտնվելու (Մատթ. ԺԲ 40) Իր նախօրինակ լինելը: Քրիստոսի նախօրինակներն են Ադամը, Նոյը, Մելքիսեդեկը, Իսահակը, Մովսեսը, Ահարոնը, Հեսու Նավեն, Դավիթը, Սողոմոնը, ինչպես նաև քահանայապետները և այլք, մանանան, ամպի սյունը, հինկտակարանյան զոհերը, տաճարը և այլն: Պողոս առաքյալը գրում է, որ Հին Կտակարանի բոլոր արարողություններն ու ողջ պաշտամունքը «գալիք բաների ստվերներն են. բուն մարմինը Քրիստոսն է» (Կող. Բ 17), կամ` «Արդարև, գալիք բարիքների ստվերն էր օրենքը և ոչ թե իրողությունների բուն կերպարանքը» (Եբր. Ժ 1), և որ այս ամենը «որպես խրատ գրվեց մեզ համար» (Ա Կորնթ. Ժ 11), և այլն:
Մատթեոսի (Ա 1-16) և Ղուկասի (Գ 23-38) Ավետարանների Հիսուսի ազգաբանությունները ոչ այլ ինչ են, քան բովանդակ հինկտակարանյան պատմության համառոտագրություն:
Սա է Սուրբ Գրքի ուղղափառ ընթերցանության և մեկնության մյուս կարևորագույն պայմանը:
Գրիգոր Դարբինյան
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից