Աստծու գոյությունը, մաս 2-րդ

Մենք մեկ անգամ արդեն ասացինք, որ հունավոր արարածները չեն կարող հավիտենական անհունության մեջ անհունապես ծննդագործել, դա հակասություն է առաջ բերում: Այժմ փորձենք մեկ ուրիշ ձևով բացատրել այս ճշմարտությունը:

1. Արդարև բնության մեջ իրը (նյութը) մշտապես փոխակերպվում է՝ առանց ոչնչանալու: Սակայն դրանից չի հետևում, որ նյութը հավիտենական, ուստի և անսկիզբ է: Որևէ թիվ, անսահման մեծ մեկ այլ թվով բազմապատկելով, մի շատ ավելի մեծ թվի կվերածվի ու կաճի, բայց իր այդ մեծության «անհուն» և «անեզր» լինելուց բնավ չի հետևում, որ այն անսկիզբ է եղել: Այդ թվի աճման ընթացքի սկիզբը կա. դա միությունն է: Որևէ գործողության անվերջանալի լինելը չի ենթադրում նրա անսկիզբ լինելու մասին: Սկիզբ ունեցողը հավիտենությունից ի վեր գործառնության մեջ չէ:

Այսպես, մարմինը, որքան էլ աննշան լինի, անհունության մեջ կարող է բաժանվել՝ ո՛չ վերջ ունենալով, ո՛չ վախճան: Հակառակ դեպքում, եթե մեկը կամենար ենթադրել, որ մարմինը բազմիցս բաժանվելուց հետո պիտի գար ու հանգեր մի այնպիսի մասնիկի, որն անբաժանելի կլիներ, դա դեմ կլիներ նյութի ներքին օրենքներին, քանի որ «նյութի այսինչ մասնիկն անբաժանելի է» ասելը կնշանակի ասել, որ իբր «նախորդ բաժանմամբ գոյն անգոյի է փոխակերպվել»:

Հյուլեի մասին ենթադրությունը տարակուսելի և անբնական է: Այն էակների կազմության բացատրությունը հասկանալի դարձնելու համար է հորինվել, և ոչ թե ուսուցանվել է իբրև իրական, ճշմարիտ վարդապետություն: Բայց և այնպես նյութի՝ այսպիսի անթիվ մասնիկներից կազմված, և հետևաբար անթիվ մասնիկների բաժանված լինելը թույլ չի տալիս եզրակացնելու, որ այդ չնչին իրը (եթե անգամ հույժ խոշոր, վիթխարի ու հսկա էլ լինի) բնությամբ անհուն է: Այն մշտապես հունավոր, սահմանավոր է: Մենք մեր իմացած մարմիններից ամենախոշորի, ինչպես նաև ամենափոքրի հունը, չափը, սահմանը գիտենք:

Ուստի թեպետ նյութը բազմիցս այլակերպվում և բաժանվում է, սակայն ինքն անսկիզբ հավիտենության մեջ անսկզբնաբար հավերժագո եղած լինել չի կարող: Այն անեղ կամ ինքնեղ, հավիտենական չէ այնպես, ինչպես արարածների հոգին, անմահ, անվախճան լինելով, անսկիզբ, անստեղծ չէ, այլ՝ հավիտենական, ինքնագո Արարչից սկիզբ առած և գոյացած:

Սա էլ ասենք, որ նույն այդ Արարիչն է նյութի մեջ տպավորել այն հատկությունը, որի միջոցով նյութը մշտապես բաժանվում, փոխակերպվում և այլակերպվում է, սակայն երբևէ չի ոչնչանում:

Որոշ բնագետներ, ինչպես օրինակ՝ Հերբերտ Սփենսերը, չեն ընդունում աշխարհաստեղծման մասին Աստվածաշնչի պատմությունը և ասում են, որ բնական գիտությունները չեն հաստատում այն նյութի հավիտենական լինելը, որից կազմված է այս աշխարհը: Սակայն բնագետների մեջ երևելիները խոստովանում են, որ նյութի սկզբնավորությունը քննելն ու որոշելը բնական գիտությունների գործը չէ:

Ֆրանսիացի անվանի բնագետ Կոնտը, որը դրական փիլիսոփայության հիմնադիրն է, ասում է. «Անիմաստ է նյութի «սկիզբը» փնտրելը: Մարդկանց բավական է միայն նյութի երևույթները քննել»: Այն խնդիրը, թե ի սկզբանե նյութը որտեղից է առաջացել, բնագետները չեն կարող լուծել:

Երկրաբան Հեդդենն ասում է, որ նյութի սկզբնավորության խնդիրը երկրաբանությանը չի վերաբերում: Երկրաբանությունը կոչված է նյութական աշխարհի երևույթները քննելուն և բնական օրենքներին համապատախան այդ երևույթները մեկնաբանելուն:

Մեկ ուրիշ երկրաբան էլ՝ Լայելը, երկրաբանությունը սահմանում է այսպես. «Գիտություն, որը քննում է երկրի գործունյա և անգործ էակների միջև հետզհետե կատարվող փոփոխությունները»: Լայելը, երկրաբանության այս ճշգրիտ սահմանումը տալով, մի կողմ է թողնում նյութի սկզբնավորության խնդիրն իբրև մի այնպիսի խնդիր, որը երկրաբանությունն անկարող է հետազոտելու և լուծելու:

Նույն այդ անգլիացի փիլիսոփա Հերբերտ Սփենսերը ևս խոստովանում է, որ բնական գիտություններն անկարող են որևէ բան ասելու նյութի սկզբնավորության վերաբերյալ: Նա չի ընդունում, որ նյութը հավիտենական է, այլ ասում է, որ այն անհրաժեշտաբար պիտի սկզբնապատճառ ունենա, «սակայն թե ո՞րն է այդ սկզբնապատճառը, չգիտեմ»,- ասում է փիլիսոփան (Ած. Ծագ. Քրիստ., Գլ. 12):

Ուրեմն մինչև իսկ բնագետներն են վկայում, որ բնական գիտությունները չեն կարող որոշակի բան ասել նյութի ծագման մասին և չեն կարող ընդունել, որ նյութը հավիտենական է: Հայտնի է, որ այս գիտությունները չեն հերքում Աստվածաշնչի վարդապետությունը, որն ուսուցանում է, որ նյութը հավիտենական անստեղծ չէ, այլ նյութն Աստված է ստեղծել ամենասկզբում՝ ոչնչից:

(Շարունակելի)

 

Տեր Սահակ քհնՏեր Սարգսյան,

«Քննական կրոնագիտություն հավատքի ապացույցներով հանդերձ», ԿՊոլիս, 1897 թ.,

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկԿարապետյանը

 

24.06.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․