Աստծու սերը միտքը ուղղում է դեպի սիրտ

- Հա՛յր, որպեսզի միտքս աղոթելիս չցրվի, երբեմն ասում եմ. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծու, ես Քեզ սիրում եմ»:

- Ինչպե՞ս կարող ես սիրել Քրիստոսին և միտքդ աղոթելիս ցրվի: Մեկ-երկու անգամ այդպես ասելու մեջ սարսափելի բան չկա: Բայց եթե անընդհատ այդ ես կրկնում, ապա դա սուտ է: Չի կարելի սրտում մի բան ունենալ, մտքում՝ մեկ ուրիշ բան, իսկ լեզվիդ երրորդը լինի: Այդ պարագայում մեզ համար կիրառելի են սուրբգրային խոսքերը. «Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանված է ինձնից» (Մտթ. 15:8, նաև Եսայի 29:13):

- Հա՛յր, ես ինչո՞ւ ջերմորեն չեմ աղոթում:

- Որովհետև ցրվում ես արտաքին երևույթների պատճառով, սիրտդ ուրիշ տեղ է. չի խայտում, Աստծու հանդեպ սեր չկա, ուստի և աղոթքը թույլ է լինում: Աստծու սերը միտքն ուղղում է դեպի սիրտ, և ապա մարդ կորցնում է բանականությունը:

- Իսկ ինչպե՞ս հասնել նրան, որպեսզի մշտապես ձգտել Աստծուն և սրտով աղոթել:

- Եթե մարդ մշտապես խորհում է Աստծու բարիքների և սեփական ապերախտության մասին, ապա սիրտը խոցվում է ու սկսում աշխատել: Սիրտն ինքն է պատվախնդրորեն ճնշվում, և աղոթքն ինքն է կրնկակոխ հետևում մարդուն: Ուստի միշտ պատվախդիր եղիր և խոնարհ խորհուրդներ ունեցիր: Այդպես Աստծու շնորհը կստանաս, որովհետև Տերը խոնարհների սրտում է բնակվում (տե՛ս Եսայի 66:1-2), այդժամ սիրտը քաղցրանում է, և աղոթքը դառնում սրտաբուխ:

- Իսկ այդ ժամանակ կարո՞ղ է չար միտք այցելել, հա՛յր:

- Ո՛չ, չի կարող: Աղոթքը դադարեցնելու դեպքում է չար միտք հայտնվում: Սակայն եթե անգամ դադարես մտքով աղոթելուց, բայց սիրտդ աղոթի, ապա այն չի կարող հայտնվել, քանի որ սիրտդ աղոթում է:

- Որևէ բան մաղթեք ինձ, հա՛յր, և ասացեք՝ ինչպե՞ս կենտրոնացնեմ միտքս:

- Մաղթում եմ, որպեսզի միտքդ սրտումդ կենտրոնանա: Ի՞նչ նկատի ունենք «սիրտ» ասելով: Սիրտը անոթ չէ, որտեղ դնում ենք միտքը. սիրտն այն է, ինչ զգում ենք: Հետևաբար, երբ ասում ենք «որպեսզի միտքդ սրտումդ կենտրոնանա», նկատի ունենք, որպեսզի այն կենտրոնանա սիրո, բարության, ցանկության, թրթիռի, այդ քաղցր խայտանքի վրա… Աստված սեր է, սիրտն էլ սեր ունի. եթե սիրտը մաքուր է, ապա մարդ իր մեջ կրում է Աստծուն: «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով» (Մտթ. 22:37): Սիրիր Նրան քո ողջ էությամբ: Եթե միտքը «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ» ասելիս բերկրանք զգա սրտի սիրուց ու բարությունից, ապա ամբողջովին կթրթռա հուզմունքից: Հոգևոր կյանքի ողջ հիմքն այն է, որ մարդ մաքրի սիրտը Քրիստոսին ընդունելու համար և սանձի միտքը, ամոքի այն սրտում: Եթե միտքը ամոքվի սրտում, ապա չի ցանկանա այնտեղից հեռանալ, ինչպես երեխան չի ցանկանա գնալ, եթե նրան հրուշակարան տանես:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

29.06.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․