19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Առաջավորաց պահք. հայոց առաջին ազգային պահքը

Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: 

Այս պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից ելնելուց հետո: Ինչպես վկայում են եկեղեցական հայրեր՝ Պողոս Տարոնացին, Սբ. Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը և ուրիշներ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ թագավորին մկրտելուց առաջ, 65 օր գիշեր-ցերեկ շարունակ քարոզեց, խրատեց, սովորեցրեց, գոտեպնդեց` իմաստուն բժշկի պես ջանալով գտնել օգտակար դեղը, աղոթքով հայ ժողովրդին պատրաստեց Ավետարանի վեհ պատգամների համար, ապա սահմանեց հնգօրյա ծոմապահություն՝ ի հիշատակ Հայաստանի լուսավորության: Թագավորներն ու նախարարները, հինգ օր ծոմ պահելով, փրկվեցին իրենց տանջող ցավերից ու հիվանդություններից: Համաձայն Հայ եկեղեցու վարդապետների՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչը հաստատեց այն ի հիշատակ վերոհիշյալ փրկչական ծոմապահության և պատվիրեց ամեն տարի շարունակեն նույնությամբ: Եվ քանի որ այս պահքը առաջինը եղավ Հայաստանում, ուստի կոչվեց «Առաջավորաց պահք» կամ «Առաջավորք» և համարվեց հայոց առաջին ազգային պահքը: Այս պահքի հինգերորդ՝ ուրբաթ օրը, պահոց օր լինելով հանդերձ, Հովնան մարգարեի հիշատակության օրն է՝ իբրև ապաշխարության և ծոմապահության օրինակ: Իսկ հաջորդ՝ շաբաթ օրը, տոնում ենք Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը: Այստեղից էլ առաջացել է Առաջավորաց պահքի թյուրիմացաբար Սուրբ Սարգսի պահք անվանումը: Քանի որ ըստ եկեղեցական կանոնի՝ սրբերի տոների համար պահք չի սահմանված, հետևաբար Սուրբ Սարգսի տոնը չի կարող պահք ունենալ, բայց ընդհանրացված թյուրիմացությունը շարունակվում է գործածվել: Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը բարեկենդան է:

Ի տարբերություն մյուս պահքերի՝ Առաջավորաց պահքի ընթացքում եկեղեցում Սուրբ Գիրք կամ Ավետարան չի կարդացվում և Սբ. Պատարագ չի մատուցվում, որովհետև այս պահքի մեջ խորհրդաբար Ադամի անկումն է հիշատակվում: Ադամի և նահապետների ժամանակ «Գիրք և Մարգարէք» գոյություն չունեին: Եվ քանի որ այս պահքը կարգվեց նահապետների կողմից, ովքեր Գրքերից, Օրենքից և Ավետարանից առաջ կային, ուստի այս պահքը պահում ենք առանց ընթերցումների ու Պատարագների: Իսկ ուրբաթ օրը կարդացվում է Հովնանի մարգարեությունը՝ Նինվեի ազատության համար:

Առաջավորաց պահքը ունի նաև իր նվիրական կերակուրը՝ փոխինդը կամ փոխինձը, որով լուծվում է պահքը:

Ըստ հայ մատենագիրների վկայության՝ Առաջավորաց պահքը հնում գոյություն է ունեցել նաև հույների և լատինների մոտ:

Ինչպես նշվեց Առաջավորաց պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և հայ ժողովուրդը հինգ օր ապաշխարության պահքի մեջ եղան: Բացի նշված բացատրությունից եկեղեցու հայրերը հնգօրյա պահքի հետևյալ բացատրություններն են տալիս:

Հնգօրյա պահքը զգայարանների սրբության համար է, որոնցով մեղքն առաջին անգամ մտավ մարդու մեջ, և հաջորդեց մահը: Որովհետև Ադամն իր աչքերով՝ տեսողության զգայարանով, տեսավ ծառն ու այն ցանկացավ, ականջով լսեց խաբողի ձայնը, որն իրեն հաճելի թվաց, ապա ոտքով գնաց դեպի ծառը, շոշափելիքով հպվեց պտուղին ու քաղեց այն: Այնուհետև ռունգերով զգաց անուշահոտությունը, ճաշակելիքով՝ քաղցրությունը, և դատապարտվեց: Այսպես էլ այժմ մենք ենք հինգ զգայարաններով գործում բոլոր մեղքերը, որոնց համար էլ հնգօրյա պահքով սրբում ենք մեր զգայարանները:

Աստված ամբողջ աշխարհը ստեղծեց վեց օրում, իսկ մարդուն՝ վեցերորդ օրը: Թեև մինչ մարդուն ստեղծելը ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրամանը, սակայն ուտելու հրաման դեռ չէր տվել: Այդ հրամանը (Ծննդոց 1:29-30) մարդուն ու ամբողջ կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն՝ հինգ օր հետո: Ադամի ստեղծվելուց հետո պահքը լուծարվեց: Քանի որ այդ հինգ օրերը ոչ ոք ոչինչ չէր ուտում, կարելի է ասել պահքի կամ ծոմի օրեր էին:

Ըստ ավանդության՝ երբ Ադամը դրախտից վտարվեց, հինգ օր պահք պահեց, ապա կերավ երկրի պտուղներից: Սա եղավ առաջին պահքը արտաքսումից հետո: Ադամի որդիներն էլ նրանից սովորելով հնգօրյա պահք պահեցին, օրինակ, Աբելը՝ զոհ մատուցելուց առաջ կամ Սեթը, երբ իր հայրը՝ Ադամը, մահացավ: Պահեց նաև Ենոքը՝ հինգ օր յուրաքանչյուր ամսամուտին, իսկ Նոյը՝ տապան մտնելուց առաջ և այնտեղից դուրս գալուց հետո: Հնգօրյա պահք են պահել Աբրահամը, Հակոբը և Հովսեփը: Հինգ օր պահում էին նաև բոլոր անդրանիկները, երբ մահանում էին նրանց հայրերը: Այսպիսով, ինչպես ասում է Սուրբ Բարսեղը, այս պահքը, հորից որդու ավանդվելով, եկավ հասավ մեզ:

Մովսես մարգարեն սահմանեց քառասնօրյա պահք պատվիրանները քառասուն օրում ստանալու պատճառով: Ժողովուրդը հինգ օր պահելուց հետո տրտնջաց, որի պատճառով բարեկենդան արվեց նրանց համար և ամեն ամիս հրամայեց հինգ օր պահել՝ հորթապաշտության հանցանքները քավելու համար:

Ինչպես նշվում է Հովնանի մարգարեությունում Ասորեստանի Նինվե մեծ քաղաքի բնակիչներն անօրինությունների մեջ էին: Հովնանի քարոզչությամբ և՛ մարդիկ, և՛ անասունները, ինչպես նաև մանուկները առանց ուտելու և խմելու, երեքօրյա պահքով ապաշխարեցին և կործանումից փրկվեցին (Հովնան 3:4): Ինչպես նինվեացիները մարմնով փրկվեցին, այնպես էլ այս պահքը պահողները հոգով են փրկվում: Հինգից երեք օրերը նինվեացիների օրինակով ենք պահում, իսկ չորեքշաբթի և ուրբաթ օրերը՝ բնական պահքով:

Վերը նշվածի համաձայն՝ մեր առաջին կաթողիկոսի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված առաջին պահքը կոչվել է Առաջավորաց: Եկեղեցու հայրերը Առաջավորաց կոչվելու նաև այլ պատճառներ են նշում. այն կարգվեց մարդու ստեղծվելուց առաջ, և պահեցին առաջին նախահայրերը: Ըստ եկեղեցու հայրերի՝ Առաջավորաց պահքը Մեծ Պահքի առաջին շաբաթն է և կոչվել է «Ավագ պահքի առաջավորը»: Առաքյալները սկզբնապես կամեցել են Մեծ պահքը յոթանասուն օր սահմանել՝ ըստ նախահայրերի թվի, բայց քանի որ նորահավատ քրիստոնյաները տրտնջում էին պահքի երկար տևողությունից, առաքյալները երկու շաբաթը բարեկենդան արեցին, և այս շաբաթը ամեն տարի սահմանեցին պահք պահել՝ կոչվելով «Ավագ պահքի առաջավոր»:

Ըստ Հովհան Մանդակունու՝ առաջին սրբերը, երբ կամենում էին մերձենալ Աստծուն, նախ մաքրվում էին պահքով, ապա մերձենում Մաքուրին և աստվածատեսներ լինում: Ապա ավելացնում է. «Իսկ ովքեր հեռացան պահքից, հեռացան Աստծո շնորհներից և բազում չարիքներով չարչարվեցին: Ահա Ադամը հեռացավ պահքի պնդությունից և դուրս ելավ դրախտից դեպի տատասկոտ երկիրը: Նոյի ժամանակների ազգի որդիները հեռացան պահքի պնդությունից և համաջինջ ջրհեղեղով սատակվեցին և հեղձվեցին: Եբրայեցի ժողովուրդը հեռացավ պահքի պնդությունից, և ընտիրները սատակվեցին: Սոդոմի բնակիչները հեռացան պահքից, և կայծակների հրացայտ անձրև տեղաց նրանց վրա: Եվ տուժեցին բոլոր նրանք ովքեր արհամարհվեցին Աստծուց և Նրա ողորմությունից հեռացան»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

20.01.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․