23 Դեկտեմբեր, Բշ
- Թող որ մենք մի նպատակ ունենանք՝ սեր Քրիստոսի, Եկեղեցու և մերձավորի հանդեպ,- ասում էր հայր Պորֆիրիոսը։- Սերը, Աստծուն ծառայելը, բաղձանքը, միավորումը Քրիստոսին ու Եկեղեցուն՝ արդեն իսկ դրախտ է այստեղ՝ երկրի վրա։
Իսկ ի՞նչ է սերը Քրիստոսի հանդեպ։ Քրիստոսի հանդեպ սերը սեր է և՛ մերձավորի նկատմամբ, և՛ օտարների, և՛ անգամ թշնամիների։ Քրիստոնյայի հոգին ցավում է բոլորի համար, ուզում է, որ բոլորը փրկվեն, բոլորը ճաշակեն Աստծու Արքայությունը։ Ահա, թե որն է քրիստոնեությունը՝ եղբոր հանդեպ տածած սիրո միջոցով հասնել Աստծու հանդեպ սիրուն։
Այն ժամանակ, երբ մենք ձգտում ենք դրան, կամենում ենք դա և անգամ, երբ արդեն արժանի ենք լինում դրան, դեռևս ոչինչ տեղի չի ունենում։ Որովհետև Աստծու շնորհը գալիս է եղբոր միջոցով։
Երբ մենք սիրում ենք եղբորը՝ սիրում ենք Եկեղեցին, ուստի և՝ Քրիստոսին։ Մենք ևս Եկեղեցու մաս ենք։ Հետևաբար, սիրելով Եկեղեցին՝ սիրում ենք նաև ինքներս մեզ։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը