Գրքեր

Աստծուն և մարդուն միավորող նշանը

Խաչելությունը հին աշխարհի հայտնագործած ամենաանմարդկային պատիժներից մեկն էր: Այն համարվում էր անպատվաբեր վախճան: Հռոմեական կայսրության սահմաններում սովորաբար խաչ էին հանում ապստամբ բարբարոսներին, ամենանողկալի ոճիր գործածներին, ստրուկներին: Ալեքսանդր Մենը, իր «Մարդու Որդին» գրքում, նկարագրում է այն անասելի տանջանքները, որ ունենում էր խաչյալը. «Մահապարտին մերկ կապկպում էին, իսկ երբեմն էլ վերադրակով գամում էին կախաղանափայտին և թողնում էին դանդաղ մեռնելու: Շնչահեղձուկը տանջում էր նրան, արևն այրում էր գլուխը, անբնական վիճակից ուռչում էր ողջ մարմինը, վերքերը բորբոքվում էին՝ անտանելի ցավեր պատճառելով: Նա մահ էր կանչում որպես ազատագրում, բայց այն չէր գալիս: Դեպքեր էին լինում, երբ մարդիկ օրերով կախված էին մնում խաչերից, հաճախ թռչունները կտցում էին նրանց աչքերը, երբ նրանք դեռ կենդանի էին…»:

Եվ մահապատժի այս տեսակն իր նմանը չուներ անմարդկային տանջանքների առումով: Պիղատոսի կառավարման չորս տարիների ընթացքում ժողովրդի համար սովորական էր նման մահապատիժը: Նրանք վարժվել էին նման զարհուրելի մահվան և չէին զարմանում խաչափայտեր տեսնելով: Նրանց հետաքրքրասիրությունը սառն էր այդ առումով:

Երբ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, խաչի վրա ասաց. «Հա՛յր, Քո ձեռքն եմ ավանդում Իմ հոգին» (Ղուկաս 23:46), դրանից հետո Նա լռեց… Քրիստոսի հետևորդները վշտի և հուսախաբության մեջ էին: Նրանք կարծում էին, թե խաբվել են: Թվում էր՝ ամեն ինչ վերջացավ և ամեն ինչ զուր էր: Սակայն, ո՛չ: Նրա մահը չէր նշանակում վերջ: Քրիստոս չմնաց խաչի վրա, Նա չմնաց նաև գերեզմանում: Քրիստոս հարություն առավ: Մահն անզոր էր Փրկչի հանդեպ: Կատարվեց այն, առանց ինչի չէր լինի քրիստոնեությունը: Քրիստոս լիակատար հեղաշրջում առաջ բերեց: Նրա խաչելությունից հետո մահապատժի, տանջանքի և անարգանքի այդ գործիքը դարձավ քավության խորհրդանիշ, աստվածային սիրո խորհրդանիշ: Խաչի խորհուրդը դարձավ տիեզերական՝ շնորհիվ Հիսուս Քրիստոսի: Խաչը Աստծուն և մարդուն միավորեց: Սրա մասին է գրում առաքյալը. «Նա՛ է մեր հաշտարարը, որ միացրեց հրեային ու հեթանոսին՝ Իր մարմնի զոհագործումով քանդելով նրանց բաժանող թշնամության պատը և խափանելով Մովսիսական Օրենքն իր պատվիրաններով ու հրահանգներով, որպեսզի հրեային ու հեթանոսին միավորելով Իր անձի մեջ, ստեղծի նոր և միակ մի ժողովուրդ, այդպիսով հաստատի խաղաղություն» (Եփես․ 2:14-16): Փրկիչը լուսավորեց աշխարհը՝ ազդարարելով երկնային և հավիտենական կյանքի ավետիսը:

Համայն հայոց աշխարհը խաչի խորհրդով նվիրականացվեց: Եկեղեցու պսակը և փառքը Տիրոջ սուրբ խաչն է, որը դրված է եկեղեցու գլխին: Հայ եկեղեցին սուրբ խաչին նվիրված չորս տոներ ունի, որոնք մեզ հիշեցնում են խաչով փրկվելու անհրաժեշտությունը: Եկեղեցու բոլոր խորհուրդները խաչով են կատարվում:

Պատերազմների ընթացքում խաչը եղել է որպես առաջնորդ.խաղաղասիրական ժողովուրդների մեջ՝ նշան միության:

Խաչն իր սրբացած խորհրդով ներշնչման աղբյուր հանդիսացավ արվեստի և գրականության բնագավառներում: Խաչին նվիրված ներբողներ են գրել Դավիթ Անհաղթը, սբ. Գրիգոր Նարեկացին, սբ. Ներսես Շնորհալին: Հավատացյալ հայ քանդակագործը, խաչը և քարը միացնելով, կերտեց զմայլելի խաչքարեր, որոնք մեր ժողովրդի հոգևոր հարստությունն են կազմում: Խաչի նշանով քարը ստացավ հոգի: Մեզ են հասել խաչքարի արվեստի հիանալի նմուշներ: Խաչը տեսնելով՝ տեսնում ենք Խաչյալին: Այն մեզ հուշում է Տիրոջ կյանքը: Եվ քանի որ Քրիստոս չմնաց խաչի վրա, այդ իսկ պատճառով խաչքարերի վրա խաչը պատկերված է բողբոջված՝ ի նշան Քրիստոսի հարության:

Այսօր էլ բազմաթիվ քանդակագործներ պահպանում են դարերից եկած ավանդույթը և շարունակում են կերտել խաչքարեր, որոնք իրենց քարե լռությամբ հաստատում են Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղատ․ 6:14):

 

Գայանե Սուգիկյան

11.09.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․