Գրքեր

Աստվածածնի գոտու գյուտի տոնի քարոզ

«Եւ ասէ ցնոսա. «Ընդէր այդպէս վատասիրտք էք, չեւ եւս ունիք հաւատս» (Մարկոս Դ. 40)։

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ,

Ս. Պատարագի ընթացքում Մարկոսի Ավետարանից ընթերցվեց մի խորհրդանշական պատմություն, որը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Քրիստոս իր աշակերտների հետ նավակով անցնում էր ծովի մի ափից մյուսը։ Մեր Տերը Կափառնայումում հրաշքներ է գործում. նույն օրը երեկոյան իր աշակերտներին ասում է. «Եկեք անցնենք ծովի մյուս կողմը»։ Աշակերտները, թողնելով ժողովրդին, Քրիստոսին իրենց հետ տանում են նավակով։ Հիսուս նավախելի կողմը բարձի վրա ննջում էր։ Այդժամ փոթորիկ է բարձրանում, և նավակը գրեթե ամբողջությամբ ջրով է լցվում։ Աշակերտները, մոտենալով Քրիստոսին, արթնացնում են նրան և ասում. ««Վարդապե՛տ, քեզ համար բնավ հոգ չէ ՞, որ ահա մենք կորչում ենք»։ Եվ Տերը հանդարտեցնում է ալեկոծությունն ու փոթորիկը և ասում. «Ինչո՞ւ եք այդպես երկյուղած, դեռեւս հավատ չունեք»։ Իսկ աշակերտները վախեցած մեկմեկու հարցնում էին, թե ով է այդ մարդը, որին թե՛ հողմը, թե՛ ծովը հնազանդվում են։ Քրիստոսի աշակերտները, թեպետ Տիրոջ հետ էին և բազում հրաշքներ էին տեսել, սակայն այդ պահին երկմտում էին։

Սիրելի՛ հավատացյալներ, ավետարանական այս հատվածը վերաբերում է հենց մեզ։ Մարդ արարածը, ում ստեղծել է Աստված, արդյոք ապավինո՞ւմ է Աստծուն, թե՞ հույսը իր վրա դրած, ինքնավստահ ընթանում է կյանքի ծովում՝ տարուբերվելով տարատեսակ խնդիրների ու փորձությունների հորձանուտում։

Ներկա դարում աշխարհիկ հոգսերով ու վայելքներով շատերն այնքան են կլանված, որ թեպետ նավախելի պատվավոր տեղը տվել են Աստծուն, բայց նրան քնեցրել են իրենց սրտի մեջ. ժամանակ չեն տրամադրում աղոթքին, բայց ակնկալում են, որ Աստված իրենց առողջ պահի, բարեկեցիկ, երկար կյանք տա, կյանքի վայելքները շնորհի՝ առանց Աստծո կամքին հնազանդվելու։

Աշխարհի փոթորիկն ավելի ուժգին ու ահեղ է, քան ծովինը։ Երբ ալեկոծություն է սկսվում, առաքյալների պես տագնապում ենք և միայն այդ ժամանակ հիշում, որ նավախելին Աստծուն տեղ ենք տվել։ Շտապում ենք արթնացնել նրան, երկյուղած խնդրում, որ մեզ օգնի և միևնույն ժամանակ դժգոհում, թե ինչու է մեզ թողել այդ վիճակում։ Իսկ Քրիստոս, ինչպես նավակի վրա եղող առաքյալներին հարցրեց, մեզ նույնպես հարցնում է. «Դեռևս հավատ չունե՞ք»։ Ուրեմն՝ հավատը Աստծո գոյության փաստի սոսկ ընդունումը չէ, այլ աներկբա, աներեր վստահությունը Աստծո առաջնորդության հանդեպ։ Հավատքն է, որ հանդարտեցնում է մարդուն իր ներքին ալեկոծումներից, զորացնում և ուժ տալիս՝ հաղթահարելու կյանքի փորձությունները։ Եկեղեցին, որ խորհրդաբանորեն նմանեցվում է այդ նավակին, մեզ սովորեցնում է հավատի էությունը, ցույց է տալիս, որ Աստծո ներկայությամբ չի կարող երկյուղ լինել և տերունական նավահանգիստ է առաջնորդում նրանց, ովքեր թե՛ խաղաղ, թե՛ ալեկոծ պահերին Տիրոջն են ապավինում։

Ահավասիկ, մշտապես Տիրոջը հետևողի և հուսացողի մի օրինակ՝ Ս. Աստվածամայրը, ում գոտու գյուտի տոնն է այսօր նշում եկեղեցին։ Այս տոնը մեր Եկեղեցու՝ Տիրամորը նվիրված յոթ տոներից մեկն է։ Մի հանգամանք, որ ակնհայտորեն ցույց է տալիս Ս. Կույսի՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ունեցած կարևոր և նշանակալից տեղն ու դերը։ Աստվածամայրը՝ որպես մայրության և առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձևավորել է հայ օրիորդի, կնոջ և մոր նկարագիրն ու դիմագիծը՝ շարունակելով այսօր էլ իր հրաշագործություններով կենդանի ներկայություն ու ներգործություն ունենալ մեր կյանքում։

Արկադիոս կայսեր օրոք Երուսաղեմում գտնվում է Ս. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս։ Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ ընդառաջ են գնում և այն զետեղում եկեղեցում։ Հետագայում քրիստոնեական սուրբ մասունք հանդիսացող՝ Մարիամ Աստվածածնի գոտին մասերի է բաժանվում և տարվում տարբեր երկրներ, իսկ ամենամեծ կտորը պահվում է Հունաստանի Սուրբ լեռան վանքերից մեկում։ Հայ իրականության մեջ Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնը ներմուծել է Սիմեոն Երևանցի Կաթողիկոսը 1774 թ. իր հրատարակած օրացույցի մեջ։

Սիրելինե՛ր, տոնի մեջ նյութական արժեքը այնքան կարևորություն չունի, որքան հոգևոր իմաստը։ Աստվածամոր գոտին հավատի գոտին է, որով առավել ամուր պիտի կապվենք մեր Տիրոջն ու Փրկչին, մեր Հայ Առաքելական Ս. Եկեղեցուն, նրա սրբազան արժեքներին ու սուրբ ավանդությանը։

Սիրելինե՛ր, կյանքի ծովը հաճախ է փոթորկվում ու ալեկոծվում և որքան հաստատ մնանք առ Աստված մեր հավատի մեջ ու վճռական լինենք, այնքան ավելի շուտ պիտի հասնի Աստծո օգնությունը։ Աստված Իր մեծ սիրով կհանդարտեցնի մեր կյանքի հողմերն ու ալեկոծությունները, և մենք կկարողանանք ապահով վայելել խաղաղությունը։

Ուրեմն՝ դե՛ն նետենք մեր թերահավատությունը, հավատքով ճանաչենք ու վստահենք Աստծուն, հույսո՛վ մոտենանք և Թովմաս առաքյալի նման խոստովանենք Տիրոջը՝ ասելով. «Դու ես իմ Տերն ու Աստվածը» (հմմտ. Հովհ. Ի. 28) հավիտյանս հավիտենից. ամեն։

 

 

Տ. Մինաս աբեղա Հախվերդյան

(Քարոզը խոսվել է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնի առիթով, 30 օգոստոսի, 2015 թ.)

26.08.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․