Գրքեր

Աստվածային բաղձանք

- Ով քիչ է սիրում, քիչ էլ տալիս է,- ասում էր հայր Պորֆիրիոսը։- Ով շատ է սիրում, շատ է տալիս է։ Իսկ ով ուժգին է սիրում, հավասարազոր ի՞նչ կարող է տալ։ Ինքն իրեն է տալիս։

Քրիստոս ուրախություն է, ճշմարիտ լույս, երջանկություն։ Քրիստոս մեր հույսն է։ Ո՞րն է կապը Քրիստոսի հետ։ Սերն է, աստվածային բաղձանքը, տոչորումը, խանդավառությունը, աստվածայինի հանդեպ տենչը։ Քրիստոս ամեն ինչ է։

Նա մեր սերն է, մեր աստվածային տենչը։ Բաղձանքը առ Քրիստոս անհագ ծարավ է, անքակտելի տենչ, որ ուրախություն է զեղում։

Ուրախությունը հենց Քրիստոսն է։ Դա այնպիսի ուրախություն է, որը քեզ ուրիշ մարդ է դարձնում։ Դա հոգևոր խենթություն է, բայց ի Քրիստոս։ Դա հոգևոր գինի է, որն արբեցնում է մաքուր, անխառն գինու պես։ Ինչպես ասում է Դավիթը․ «Գլուխս յուղով օծեցիր, և քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պես» (Սղմ․ 22։6)։ Հոգևոր գինին մաքուր է, առանց նստվածքի, շատ թունդ, և երբ խմում ես, արբեցնում է քեզ։ Այդ աստվածային արբեցումն Աստծու շնորհն է, որը տրվում է սրտով մաքուրներին (Մտթ․ 5։6)։

Դուք կարող եք ձեր ուժերի սահմաններում պահք պահել, երկրպագություն անել, գիշերային հսկում, բայց այդ ամենն այնպես պետք է անել, որ ուրախ լինեք։ Քրիստոսի ուրախությո՛ւնն ունեցեք։

Դա այն ուրախությունն է, որ ձգվում է դարեր, որը հավետ խնդություն է։ Դա Տիրոջ ուրախությունն է, որը հուսալի լռություն, մեղմիկ քաղցրություն ու քաղցր երանություն է պարգևում։ Դա ուրախությունների ուրախությունն է, քանի որ գերազանցում է ամեն տեսակի ուրախություն։ Քրիստոս կամենում է և ուրախությամբ է բաշխում այդ խնդությունը, որպեսզի հարստացնի հավատացյալներին Իր ուրախությամբ։ Մաղթում եմ, «որ ձեր ուրախությունը լիակատար լինի» (Հովհ․ 16։24)։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

06.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․