Գրքեր

Աստվածճանաչողության բարձրագույն աստիճանը

Ճշմարիտ քրիստոնյայի կարևորագույն ձգտումն է ճանաչել իր Արարչին: Արարիչն Աստված Իր արարչագործությամբ անչափելի է, քանի որ աստվածային բնությունն անծայրածիր է և կատարյալ, իսկ մարդկային բնությունն, ընդհակառակը, սահմանափակ է և մեղքով  շղարշված, որպեսզի կարողանա ճանաչել աստվածայինը: Մարդը կարող է Աստծուն ճանաչել միայն իր սահմանափակ մարդկային իմացությամբ: Պողոս առաքյալը գրել է. «Այժմ Աստծուն տեսնում ենք աղոտ կերպով, կարծես հայելու միջից, բայց երբ ամեն բանի կատարումը գա, Նրան կտեսնենք դեմառդեմ: Այժմ միայն մասնակիորեն եմ ճանաչում Աստծուն, բայց այն ժամանակ պիտի ճանաչեմ ամբողջապես, ճիշտ ինչպես Ինքն է ճանաչում ինձ» (Ա Կորնթ․ 13:12): Երանելի Մաքսիմ Խոստովանողը, սույն հատվածը մեկնելով, նշում է, որ հայելին խիղճն է, որ համապատասխանում է հոգևոր գործերին և պարզորոշ արտահայտում է այն բոլոր բարիքները, որ մարդը գործում է մաքուր սրտով և մտքով, ինչի շնորհիվ կարժանանա աստվածտեսության. «Երանի նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթեոս 5:8):

«Գիտենք, որ Աստված ամենուր է, բայց ինչպե՞ս, դա չգիտենք: Գիտենք, որ Նա ոչնչից ամեն ինչ արարեց, իսկ թե ի՞նչ կերպ, չգիտենք: Գիտենք, որ Նա ծնվել է Սուրբ Կույսից, թե ինչպե՞ս, չգիտենք: Իսկ այն ժամանակ, երբ ամեն բանի կատարումը գա, այդ մասին կիմանանք ավելի պարզորոշ»,- ասել է սբ. Հովհան Ոսկեբերանը:

Ինչպես բանաստեղծին և նկարչին ենք ճանաչում իրենց գործերի միջոցով, այնպես էլ մենք՝ արարյալներս, մեր Արարչին կարող ենք բացահայտել Իր իսկ արարչագործությամբ: Այսինքն՝ մարդն Աստծու հետ հաղորդակցվում է իրեն շրջապատող արտաքին աշխարհի միջոցով: Հետևաբար, աստվածճանաչողությունը հնարավոր է այն գեղեցկության և ներդաշնակության շնորհիվ, որ կա աշխարհում: «Երկինքը պատմում է Աստծու փառքը և երկնքի հաստատությունը հայտնում է Նրա ձեռքի գործերը» (Սաղմոս 18:2): Սուրբ Գրքից կարելի է բազում վկայություններ գտնել, որոնց համաձայն հնարավոր է Աստծուն ճանաչել Իր արարչագործության շնորհիվ: Օրինակ՝ Պողոս առաքյալի ուսուցման համաձայն. «Աշխարհի ստեղծումից ի վեր Աստծո աներևույթ հատկանիշները, այսինքն՝ Նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը իմացվում և տեսնվում են ստեղծագործության միջոցով, և սա նրա համար, որպեսզի մարդիկ որևէ արդարացում չունենան, քանի որ նրանք, Աստծուն ճանաչելով, իբրև Աստված չփառավորեցին և շնորհակալ չեղան Նրան, այլ անհեթեթ խորհուրդներ ունեցան, ուստի և նրանց միտքը անմտությամբ խավարեց» (Հռոմ․ 1:20-21), «Իսկապես բնությամբ հիմար էին բոլոր այն մարդիկ, որ աստվածգիտություն չունեին և անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թե որն է Գոյը, և ոչ էլ նայելով գործերին՝ ճանաչեցին նրանց Ճարտարապետին» (Իմաստ․ Սողոմոնի 13:1):

Մարդն իր և ուրիշների կյանքի միջոցով կարող է տեսնել, թե ինչպես է գործում աստվածային նախախնամությունն այս կամ այն իրավիճակներում: Նույնիսկ ամենահասարակ իրերում է թաքնված աստվածային հրաշքը՝ մայրամուտին հաջորդում է արևածագը, գարնան զարթոնքով անհետանում են ցրտաշունչ ձմռան հետքերը կամ երեխայի անկեղծ ժպիտն ուրախությամբ է լցնում նրան շրջապատողների սրտերը: Այս ամենը յուրահատուկ քարոզչություն է, որ կարիք չունի խոսքերի:

«Միայն սիրտն է սրատես, ամենագլխավորը աչքով չես տեսնի»,- այս նախադասությամբ Անտուան դը Սենտ-Էքզյուպերին «Փոքրիկ իշխանը» գրքում արտահայտել է այն միտքը, որ մարդն իրենից ներկայացնում է այն, ինչի մասին լռում է, ինչը թաքնված է իր սրտի խորքում, մտքում և զգացմունքներում, այլ ոչ թե այն, ինչը տեսանելի է բոլորին: Շատ հաճախ մենք ինքներս մեզ լիովին չենք ճանաչում և միայն Աստծու միջոցով է, որ կարողանում ենք բացահայտել ինքներս մեզ և մեզ շրջապատող աշխարհը: Մարդն, ինքն իրեն ճանաչելով, հասնում է աստվածճանաչողության, քանի որ նա արարվել է Աստծու պատկերով (Ծննդոց 1:27): Ողջ տեսանելի աշխարհում մարդն իր բանականությամբ ամենաբարձրագույն կերպով է վկայում Աստծու գոյության և կատարելության մասին:  

Հավատավոր անձն իր հոգու աչքերով է հաղորդակցվում աստվածայինի հետ, որ անտեսանելի է և դրանում է երանությունը: Ս. Գրիգոր Աստվածաբանն ասել է. «Ոչ ոք մարդկանցից երբեք չի գտել և չի գտնի Աստծուն, թե Նա ինչպիսին է Իր բնությամբ և էությամբ: Կգտնի, ինչպես ես եմ կարծում, երբ այդ աստվածայինն ու աստվածանմանը՝ մեր միտքն ու խոսքը, միավորվի իր նմանին, կերպարը միավորվի Նախապատկերին, Ում և ձգտում է այժմ»:

Աստվածճանաչողության մեծագույն աղբյուրը Սուրբ Գիրքն է՝ Աստծու խոսքը, որից քաղում ենք ամենաբնական իմացությունը մեր Արարչի մասին: Սուրբ Գրքի ինչպես Հին, այնպես էլ Նոր կտակարանները հաղորդում են այն մասին, որ Աստված Իրեն բացահայտել է ոչ միայն բնության, այլ նաև մարդկային պատմության միջոցով, որի ժամանակ իրագործեց փրկության ծրագիրը՝ աշխարհ ուղարկեց Իր Միածին Որդուն, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա (Հովհաննես 3:16):

Եկեղեցու հայրերի հոգեշահ գրվածքներում ընթերցում ենք, որ կատարյալ աստվածճանաչողությունն անկրքությունն է, քանի որ «Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում» (Իմաստ․ Սողոմոնի 1:4):

Աստծուն տեսնելը հավիտենական կյանք է, և երանությունը չի կայանում միայն նրանում, որ գիտելիքներ ունենանք Աստծու մասին, այլ հասնենք աստվածճանաչողության բարձրագույն աստիճանին՝ սիրենք Աստծուն և Նրան ունենանք մեր մեջ:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

01.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․