Գրքեր

Աս­տու­ծո էու­թյու­նը և կա­տա­րե­լու­թյու­նք

«Ի մե­ծու­թե­նէ և գե­ղեց­կու­թե­նէ ա­րա­րա­ծոցն` ըստ նմին հա­մե­մա­տու­թեան եւ ա­րար­չա­գործն նո­ցա ե­րեւի» (Ի­մաստ., ԺԳ 5), իսկ նո­րա էու­թյունը մենք կա­տա­րե­լա­պես ի­մա­նալ չենք կա­րող ա­ռանց Աս­տու­ծո օգ­նու­թյան: Աս­տու­ծո էու­թյան մա­սին մեր հաստա­տուն գի­տու­թյունը այն­քան է, որ­քան նա հայտ­նել է մեզ: Մենք, իհարկե, երբեք չենք կա­րող ամ­փո­փել, մեր ա­րա­րա­ծա­կան սահ­մա­նա­փակ հո­գու մեջ Աս­տու­ծո ան­սահ­ման էու­թյան ի­րա­կան մտա­պատ­կե­րը կազ­մել, վասնզի մենք ստեղ­ծված­ներ ենք, իսկ նա` մեր ստեղ­ծո­ղը (Ես., Խ 18, 25, 15. Ա­ռակ., ԺԱ 23): Բայցև ո­րո­շել Աս­տու­ծո էու­թյունը չի կա­րե­լի, զի ո­րո­շել, սահ­­մա­նել նշա­նա­կում է ո­րո­շել տե­սա­կը` ըստ սե­ռին և տար­բե­րու­թյանց, մինչ­դեռ Աս­տված չէ են­թարկ­վում ո՛չ սե­ռի և ո՛չ տե­սա­կի, հե­տևա­բար ան­սահ­մա­նե­լի է: Սա­կայն Աս­տված սի­րով մեզ այն­քան մի­ջոց է պար­գևել յուր հայտ­նու­թյամբ և այն­քան շնորհ է տվել այդ հայտ­նու­թյան հի­ման վրա հաստա­տվելով մտա­ծե­լու, որ մենք կա­րող ենք մեր ճշմա­րիտ հավատ­քը լու­սա­բա­նել մեր բա­նա­կա­նու­թյան ա­ռաջ: Եվ որ­քան մեր բա­նա­կա­նու­թյան հառա­ջա­դի­մու­թյունը վստա­հու­թյամբ պար­զում է յուր ա­ռաջ աստ­վա­ծա­յին ճշմար­տու­թյանց խոր­հուրդ­նե­րը, նույն­քան մեր կեն­դա­նի հավատ­քը թե­լադ­րում է մեզ, որ իբ­րև ստեղ­ծված­ներ չենք կա­րող միակ ա­մե­նա­գետ մեր ստեղ­ծո­ղի բո­լոր խոր­հուրդ­նե­րի, էու­թյան ու գաղտ­նիք­նե­րի մեջ թա­փան­ցել: Այս կեն­դա­նի հավատ­քի ձայնն է, որ հնչում է Ս. Ե­ղի­շեի մի ճա­ռի մեջ, թե` «ի­մա­նամ է, գի­տե­լով ճշմա­րիտ` զի գոյ Աս­տուած. հա­ւա­տա­րիմ է ինձ. զոր­պի­սու­թիւն նո­րա ոչ գի­տեմ. ես, որ ե­րե­ւինս, զայս ե­ւեթ գի­տեմ, զան­ե­րե­ւոյթսն Աս­տու­ծոյ Աս­տուած միայն գի­տէ» (էջ 311): Այս է մար­դու մտավոր զննու­թյան վեր­ջին եզ­րա­կա­ցու­թյունը, այլև այն ճշմա­րիտ աստվա­ծա­պաշ­տի և եր­կյու­ղա­ծի վեր­ջին խոս­քը, որ տես­նում է ան­վերջ և ան­սահ­ման լույսի շո­ղե­րը, բայց ան­կա­րող է նա­յել այդ լույսի հավի­տե­նա­կան աղ­բյուր ա­րե­գա­կի վրա[1]:

Այդ խոս­քը ճշմա­րիտ աստված­պաշ­տու­թյան ար­տա­հայտու­թյուն է մա­նավանդ այն պատ­ճա­ռով, որ գի­տե­նալ մեկ ի­րի էու­թյունը նշա­նա­կում է թևա­կո­խել նո­րան տի­րա­պե­տե­լու հա­մար, իսկ այդ ան­կա­րե­լի է մի ա­րա­րա­ծին յուր Ա­րար­չի վե­րա­բեր­մամբ: Մենք Աս­տու­ծո էու­թյան մա­սին այն­քան պետք է ի­մա­նանք և այն­քան կա­րող ենք ի­մա­նալ, որ­քան այդ անհ­րա­ժեշտ է մեր փրկու­թյան հա­մար:

Աս­տու­ծո էու­թյունը ճա­նա­չե­լու ձգտու­մը այն­քան հին է, որ­քան հին է մարդ­կու­թյունը. այդ ձգտման ա­ռա­ջին քայլն այն էր, որ մար­դիկ սկսան ա­նուն դնել և ա­նվա­նել յուրյանց ստեղ­ծո­ղին կամ իս­կա­կան ա­նունն ի­մա­նալ: «Եւ ա­նուն նո­րա ա­րա­րիչ երկ­նի ու երկ­րի: Իսկ յա­ռաջ, քան զեր­կին եւ զեր­կիր, որ­պէս ինք­նա­գոյ` ինք­նա­նուն է» (Ե­ղի­շե, էջ 24), ա­հա սկզբնա­կան քննու­թյան եզ­րա­կա­ցու­թյունը: «Զնո­րա զա­նունն ոչ ոք գի­տաց, զի չէր ևս անդր, քան զնա ոք, որ ան­տի և այսր ա­նուա­նես­ցէ»,- ա­սում է Ս. Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը (Ա­գաթ., 209. Հաճ., Բ 293, 31. Դ 324): Իսկ ա­րա­րիչ ա­նու­նը ո­րո­շում է մի­միայն նո­րա հարա­բե­րու­թյունն մեր և աշ­խար­հի գո­յու­թյան հետ, բայց ոչ լիո­վին կամ ինքն­ըստ­ինքյան, այն­պես որ մար­դիկ, «ա­րա­րիչ» ա­սե­լով, ար­տա­հայտում են Աս­տու­ծո մի կա­տա­րե­լու­թյունը միայն. այ­դով գոհ չէին և չէին կա­րող գո­հաց­նել յուրյանց մտավոր պա­հան­ջը: Ուստիև Մով­սեսը, հանձն առ­նե­լով Աս­տու­ծո պատ­գա­մի ծա­նու­ցու­մը, իս­կույն տա­րա­կույսի մեջ է ընկ­նում, թե ի՞նչ ա­սե, երբ ժո­ղո­վուր­դը հարց­նե, թե «Զի՞նչ է ա­նուն նո­րա»: «Զի՞նչ է ա­նուն նո­րա»` այս հարցն էր հնչում մին­չև ժա­մա­նա­կի ո­գին հաս­կա­ցող Մով­սեսը: Եվ Աս­տված հայտ­նում է այն, ինչ որ մար­դիկ յուրյանց մտքի ուժով հաս­կա­նալ չէին կա­րող` «Որ Էն» (Ե­լից, Գ 13) - Է - ա­հա Աս­տու­ծո ճշմա­րիտ ա­նու­նը: Այս նշա­նա­կում է, որ նա միակ է, և ա­մե­նայն ինչ նո­րա­նով է ստա­նում յուր գո­յու­թյունը:

Ա՛րդ` ի՞նչ ո­րոշ­ման ենք գա­լիս Աս­տու­ծո հայտ­նու­թյամբ (Հաճ., Բ 36):

«Այլ որ­պէս Էրն եւ Է եւ կայ յա­ւի­տեան, ինքն միայն գի­տէ. այլ սի­րովն իւ­րով յայտ­նե­ցաւ ա­րա­րա­ծոց, եւ խնա­մովք ծա­նու­ցեալ ե­ղեւ», - ա­սում է Ս. Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը (Հաճ., Բ 300. Ե­ղի­շե, էջ 23): Ու­րեմն մեր մտա­ծո­ղու­թյան նյութ է դառ­նում թե՛ Աս­­տու­ծո ուղ­ղա­կի հայտ­նա­ծը և թե՛ ըստ նո­րա խնա­մոց ծա­նուց­վա­ծը: Ո­րոն­ցից և կազ­մված մեր բո­լոր ո­րո­շում­նե­րը եր­կու ըն­թացք ու­նին` բա­ցա­սա­կան ու դրա­կան. բա­ցա­սա­կան ո­րո­շում­նե­րը բա­ցատ­րում են Աս­տու­ծո ներ­քի­նը, իսկ դրա­կա­նը` այն կա­տա­րե­լու­թյունը, ո­րի իս­կա­կա­նը Աս­տու­ծո մեջ է, և միայն նմա­նու­թյուն­ներն ենք այս աշ­խար­հում պա­տա­հում (Ընդ­հանր., 393-400):

Բա­ցա­սա­կան ըն­թաց­քով գի­տենք, որ «ա­նեղ­ծա­կան, անս­տեղ­ծա­կան, ան­տար­րա­կան, իս­կա­կան աստվա­ծու­թյունն ճա­նա­չի» (Ա­գաթ., ԻԴ. Ընդհ., 393 -398. Գր. Մա­գիստր., Տաղ., էջ 1-4. Ե­ղի­շե, 23): Նա ան­նյու­թա­կան է, բայցև աշ­խար­հից դուրս չի, ինչ­պես ու­սու­ցա­նում են աստվա­ծյանք (դեիստ), զի ե­թե դուրս լի­ներ, հա­ղոր­դա­կից չէր լի­նիլ մեզ հետ: Նա աշ­խար­հի գո­յա­ցու­թյունն էլ չէ, ինչ­պես ու­սու­ցա­նում են հա­մաստվա­ծյանք (պան­թեիստ), զի ե­թե աշ­խար­հի գո­յա­ցու­թյունը լի­ներ, մեր հայ­րը չէր լի­նիլ: Այլ նա ինքն ին­քյան մեկ է և ան­վերջ, ինքն ին­քյան ծավալ­վում է և ան­տա­րա­ծա­կան է, ին­քյանից հառաջ է բե­րում և ան­փո­փոխ է. ա­մե­նայն ինչ յուր մեջ է կրում և ան­սահ­ման է. և այդ է մեր Աստ­ված ու Հայ­րը, ո­րին և մենք բա­ցա­սա­կան տե­սա­կետից վերջ­նա­կա­նա­պես ճա­նա­չում ենք այ­նով, որ նա ան­հա­սա­նե­լի է (Սիր., ԺԸ 2-6. ԽԳ 36), սա­կայն մի­միայն յուր կամ­քով ու հայտ­նու­թյամբ, սի­րով և ուխ­տով մեզ հա­մար` քննե­լի և հա­սա­նե­լի (Ա Կոր., Բ 10. Եփ., Գ 18): Բայց և այն­պես որ­քան էլ հաս­կա­նում ենք նո­րա և նո­րա գոր­ծոց մե­ծու­թյունն ու փառ­քը, մեր հավատ­քը դար­ձյալ թե­լադ­րում է, որ դեռ ան­սահ­ման է այն ա­մե­նը, որ չենք հաս­կա­նում, ուստիև Աս­տված հա­սա­նե­լի գո­լով մեր փրկու­թյան կա­րևո­րու­թյան չափ, միան­գա­մայն և ան­հա­սա­նե­լի է յուր ան­սահ­ման էու­թյամբ: Ուստիև մենք ա­մե­նը գի­տենք, բայցև` փոքրիշա­տե միայն (Ա Հովհ., Բ 20. Ա Կոր., ԺԳ 12), ճա­նա­չում ենք իբ­րև նո­րա որ­դիք, սա­կայն միայն հան­դեր­ձյալումն ենք նո­րան կա­տա­րե­լա­պես տես­նե­լու (Ա Հովհ., Գ 2. Ա Կոր., ԺԳ 12), քննում ենք նո­րա խոր­քե­րը, սա­կայն և այն­պես ոչ ոք է նո­րան տե­սել, զի բնակ­վում է լույս ան­մա­տույց (Ա Կոր., Բ 10. Ա Հովհ., Դ 12. Ա Տիմ., Զ 16), ըստ ո­րում, և՛ ան­հա­սա­նե­լի, և՛ անքն­նե­լի է մեզ հա­մար այժմ, և իս­կա­պես կտես­նենք ու կի­մա­նանք, ինչ­պես և է` մի­միայն հան­դեր­ձյալում:

Դրա­կա­նա­պես էլ մենք ճա­նա­չում ենք Աս­տու­ծո կա­տա­րե­լու­թյունք միայն և այդ ևս մեր կյան­քի մեջ պա­տա­հած կա­տա­րե­լու­թյանց օ­րի­նա­կով, մինչ­դեռ իս­կա­կա­նը և ի­րա­կա­նը Աս­տու­ծո մեջ է: Ըստ այդ կա­տա­րե­լու­թյանց` մենք ա­նուն­ներ ենք տա­լիս Աս­տու­ծուն, ո­րոնք ոչ այլ ինչ են, ե­թե ոչ այլ կա­տա­րե­լու­թյանց ար­տա­հայտիչ նշան­նե­րը: Աս­տու­ծո էու­թյան դրա­կան ճշմա­րիտ ար­տա­հայտու­թյունն է, որ նա բա­ցար­ձակ հո­գի է, բա­ցար­ձակ կամք է, բա­ցար­ձակ գի­տակ­ցա­կան զորու­թյուն է. գի­տակ­ցա­կան զորու­թյուն կամ բա­ցար­ձակ անձ­նավո­րու­թյուն է, այ­սինքն` բա­ցար­ձա­կա­պես ինքն յուր մեջ կեդ­րո­նա­ցած հավի­տե­նա­կան հի­մունքն է ու գի­տե, որ ինքն է ա­մե­նայ­նի միջ­նա­կետը, յուր ան­վերջ փառ­քի ե­սը (Ե­սայ., ԽԴ 6) և միև­նույն ժա­մա­նակ այդ յուր փառ­քի տերը: Նա տես­նող կա­րո­ղու­թյուն է և այն խո­րին ի­մաստու­թյունն է, ո­րի մեջ ի­րա­կա­նա­նում է աշ­խար­հի նպա­տա­կը ա­րա­րա­ծա­կան մար­դու գի­տակ­ցու­թյան ըն­թաց­քով (Հռովմ., Ա 18-):

Սա­կայն այս ա­մե­նով մենք դեռ բավա­կա­նա­չափ չլու­սավո­րե­ցինք մեր մտա­ծո­ղու­թյունը, ո­րի պայ­ծա­ռու­թյան հա­մար պետք է գի­տե­նանք Աս­տու­ծո կա­տա­րե­լու­թյուն­նե­րը: Հայտ­նի է, որ Աս­տու­ծո էու­թյան ե­րա­նու­թյունը կա­յա­նում է նո­րա ան­բավ կեն­դա­նու­թյան և բա­րո­յա­կան կա­տա­րե­լու­թյան մեջ: Որ­քան այդ ան­բավ կեն­դա­նու­թյունը և բա­րո­յա­կան կա­տա­րե­լու­թյունը սփռվում է աշ­խար­հի վրա, այն­քան մեր ա­ռաջ պայ­ծա­ռա­նում է Աս­տու­ծո փառ­քը: Ա­հա և այդ ե­րա­նու­թյան ու փա­ռաց դեպի աշ­խար­հը ու­նե­ցած հարա­բե­րու­թյունից ե­րևում են Աս­տու­ծո կա­տա­րե­լու­թյուն­նե­րը կամ ստո­րո­գու­թյուն­նե­րը, ո­րոնք և ամ­փո­փե­լով դա­սավո­րում ենք եր­կու կար­գի:

Ա. Բնա­կան աշ­խար­հի, այն է` ժա­մա­նա­կի ու տա­րա­ծու­թյան վե­րա­բեր­մամբ, Աս­տված է միշտ նույն, հավի­տե­նա­կան, ինք­նա­գո, ա­մե­նու­րեք, ա­մե­նա­կալ, ա­մե­նա­գետ, ա­մե­նի­մաստուն:

Բ. Բա­րո­յա­կան աշ­խար­հի վե­րա­բեր­մամբ` Աս­տված է ար­դար, ճշմա­րիտ, սեր, բա­րի, ո­ղոր­մած, հավա­տա­րիմ և սուրբ (Ա Հովհ., Դ 16. Հռովմ., ԺԱ 33):

Եր­կու կար­գի կա­տա­րե­լու­թյունք հիմ­նա­պես ամ­փո­փված դավա­նում ենք Հավա­տամ­քի ա­ռա­ջին խոս­քե­րի մեջ. «Հա­ւա­տամք ի մի Աս­տուած ի Հայրն ա­մե­նա­կալ, յա­րա­րիչն երկ­նի եւ երկ­րի, ե­րե­ւե­լեաց եւ ա­նե­րե­ւութից» (Գործք, ԺԷ 22-29. Եփ., Գ 14. Ա Տիմ., Զ 15. Հռովմ., Ա 20. Եբր., ԺԱ 3):

Աս­տու­ծո միու­թյունն ա­ռա­ջին դավա­նանքն է, որ պետք է ու­նե­նա ճշմա­րիտ հավա­տա­ցո­ղը, ուստիև Աս­տված նա­խա­պատ­րաստ­վող ժո­ղովր­դին ա­սում էր յուր մար­գա­րեի բե­րա­նով. «Լուր, Իս­րա­յէլ, զի Տէր Աս­տուած քո տէր մի է» (Բ Օր., Զ 4): Այդ միու­թյունն է ար­տա­հայտում և Աս­տու­ծո ա­ռա­ջին հայտ­նու­թյունը, որ ինքն է Է, այ­սինքն` ա­ռանց Աս­տու­ծո ո­չինչ չի կա­րող լի­նել: Եր­կու աստված­ներ էլ չեն կա­րող լի­նել, զի ե­թե լի­նեին, կամ մեկն ու մեկը պետք է մեծ լի­ներ յուր կա­րո­ղու­թյամբ, և կամ եր­կուսն էլ ան­կա­տար կլի­նեին, այ­սինքն` Աս­տված չէին լի­նիլ: Աս­տու­ծո կա­տա­րե­լու­թյունը և բա­ցար­ձա­կու­թյունը չեն կա­րող բա­ժա­նվիլ նո­րա միու­թյունից: Նա մեկ է յուր զորու­թյամբ. ամեն ինչ նո­րա­նից է կա­խված և ա­մե­նայն ինչ նո­րա խնա­մա­ծու­թյամբ է պահ­վում: Ուստիև մենք, խոս­տո­վա­նե­լով մի Աս­տված, այ­դով ե­րեք բան ենք ար­տա­հայտում և հանձն առ­նում. նախ` որ ա­մե­նայն հո­գևոր ու մարմ­նավոր բա­րիք­ներ ստա­նում ենք նո­րա­նից ու վա­յե­լում նո­րա ո­ղոր­մու­թյամբ. երկ­րորդ` որ նո­րա ա­նունն ու պատիվը մի­միայն յուրյան պետք է տանք և ոչ մի աշ­խար­հա­յին գո­յու­թյան. և եր­րորդ` ո­րով­հե­տև նո­րա միաստվա­ծու­թյան մեջ են պար­փակ­վում ա­մե­նայն կա­րո­ղու­թյուն և ի­մաստու­թյուն, նո­րան պետք է լսենք ու հնա­զան­դվենք:

Իբ­րև ա­րա­րիչ ու հավի­տե­նա­կան պատ­ճառ` նա կոչ­վում է Աստ­ված (Է­լո­հիմ), և մենք ճա­նա­չում ենք, որ նա ամ­բողջ աշ­խար­հի Աս­տվածն է, իսկ իբ­րև նա­խախ­նա­մող, կա­ռա­վա­րող, դա­տող ու հայտ­նող կոչ­վում է Տեր (Ե­հո­վա կամ Եահ­վե), որ ա­մեն­քին տա­նում է դեպի մի նպա­տակ, և մենք խո­նարհ­վում ենք նո­րա ա­ռաջ*:

Աս­տու­ծո միու­թյունից անհ­րա­ժեշ­տա­պես հե­տևում է նո­րա միշտ միև­նույն լի­նե­լը կամ ան­փո­փո­խու­թյունը, զի ե­թե միշտ նույնիսկու­թյուն չլի­ներ ու փո­փո­խվեր, հավի­տե­նա­կան չէր լի­նիլ, այլ այն, որ հառաջ է ե­ղել` ու­րիշ կհա­մա­րվեր և հե­տվա­նը` ու­րիշ: Եվ ո­րով­հե­տև փո­փո­խա­կա­նու­թյունն ար­տա­քին կա­խումն է են­թադ­րում յուր մեջ, ուս­տի այդ հա­կա­ռակ կլի­ներ նաև նո­րա ինք­նա­գո­յու­թյան: Այս­պեսև Աս­տու­ծո ինք­նա­գո­յու­թյունից հե­տևում է նո­րա ա­մե­նու­րե­քու­թյունը, ըստ ո­րում` և ա­մե­նա­կա­լու­թյունը, ա­մե­նի­մաստու­թյունը և ա­մե­նա­գի­տու­թյունը: Եվ այս­պի­սով թե՛ Ա. և թե՛ Բ. կար­գի կա­տա­րե­լու­թյունք ծա­գում են մեկը մյու­սից, երբ ի­րա­կան կամ բա­րո­յա­կան տե­սա­կետով հա­մե­մա­տում ենք Աս­տու­ծո ինք­նա­գո­յու­թյան հետ:

Հա­պա ին­չո՞ւ միա­ժա­մա­նակ խոս­տո­վա­նում ենք, որ նա և՛ Հայր է, և՛ ա­մե­նա­կալ, և՛ ա­րա­րիչ: Վասնզի նա կեն­դա­նի Աստ­ված է, «հայր է հոգւոց» (Եբր., ԺԲ 9, Հակ., Ա 18): Նա հայր է յուր ա­րար­չա­գոր­ծու­թյան, նա­խախ­նա­մու­թյան ու հայ­րա­կան հո­գա­տա­րու­թյան, յուր փրկա­գոր­ծա­կան ո­ղոր­մա­ծու­թյան և ան­չափ շնոր­հա­գոր­ծու­թյան հա­մար: Բայցև նա ա­րա­րիչ հայր է, այ­սինքն` բո­լոր հո­գևոր ու մարմ­նավոր բա­րիք­նե­րի ստեղ­ծող, և ա­մե­նա­կալ հայր է, այ­սինքն` ա­մե­նայն ինչ կա­րող է, և ամեն ինչ նո­րա­նից է կա­խված: Նո­րա­նով ենք ե­ղել, նո­րա­նով գո­յու­թյուն ու­նինք այժմ և դեպի նո­րան պետք է գնանք, զի նա է մեր ի­րա­կան կա­տա­րե­լա­տի­պը (Մատթ., Ե 48): Նո­րա հայ­րու­թյունը ո­րո­շում է նաև այն վե­րա­բեր­մունքն, որ մենք պետք է միշտ ու­նե­նանք դեպի նո­րան. «Հո­գի է Աս­տուած, եւ երկր­պա­գուաց նո­րա հոգ­ւով եւ ճշմար­տու­թեամբ պարտ է եր­կիր­պա­գա­նել», «քան­զի եւ Հայր այն­պի­սի երկր­պա­գուս իւր խնդրէ» (Հովհ., Դ 24):

Չնա­յե­լով, որ Հավա­տամ­քի այդ սկզբի խոս­տո­վա­նու­թյան մեջ Աս­տու­ծո բո­լոր կա­տա­րե­լու­թյունք ամ­փոփ և մեր մտքի հա­մար բավա­րար չա­փով ար­տա­հայտում ենք, այ­սով հան­դերձ ճշմա­րիտ աստվա­ծա­ճա­նա­չու­թյան հա­մար հարկ է վե­րո­հիշյալ յուրա­քան­չյուր յոթ­նյակ կա­տա­րե­լու­թյունք մի-մի ակ­նար­կով պար­զել և ըմբռ­նել:

Աս­տված միշտ նույն է և հավի­տե­նա­կան, սա­կայն ոչ թե ան­կեն­դան նույնու­թյամբ, այլ կեն­դա­նի է և գոր­ծու­նյա, ինք­նա­գո և յուր փառ­քով մշտա­պայ­ծառ. նո­րա մեջ է հավի­տե­նա­կան կյան­քը և կեն­դա­նու­թյունը, անս­պառ զորու­թյունն և մշտա­գործ կա­տա­րե­լու­թյունը. «Լի է կա­տա­րեալն, որ զա­մե­նայն լնու, եւ ինքն ոչ թե­րա­նայ եւ ոչ նո­րո­գի, զի ոչ հնա­նայ եւ ոչ լնու, զի ոչ պա­կա­սի: Զի ինքն նոյն է ի լիու­թեան իւ­րում» (Հաճ., Ա 15):

Աս­տված ա­մե­նա­կալ է, այ­սինքն` ամեն ինչ նո­րա ստեղ­ծա­գոր­ծու­թյամբ է հառաջ ե­կել, և ա­մեն­քի գո­յու­թյունը նո­րա­նով է, ո­րից բղխում է ա­մե­նայն կա­տա­րե­լու­թյուն և կյանք: Ըստ ո­րում` և նա ա­մե­նու­րեք է և ա­մե­նու­րեք ներ­գոր­ծում է, պահ­պա­նում և կեն­սա­գոր­ծում: Նա է «ա­մե­նայն յա­մե­նայ­նի», ուստիև «ա­մե­նայն ի նմա». նա ա­մե­նու­րեք է, ցո­րե­նի հա­տի­կի մեջ` այլ կերպ, տե­րևի մեջ` այլ, բնու­թյան մեջ` այլ, պատ­մու­թյան և ե­կե­ղե­ցու մեջ` այլևայլ տե­սակ, աշ­խար­հում` այլ, նույն­պես և այլ տե­սակ` եր­կյու­ղած­նե­րի մեջ և ա՛յլ` ա­նաստված­նե­րի մեջ, ծո­վում ու ցա­մա­քում, ար­քա­յու­թյան մեջ ու դժոխ­քում (Սաղմ., ՃԼԸ 7. Հակ., Դ 8. Գործք, ԺԷ 28): Սա­կայն նա ա­մե­նու­րեք է ին­քյան միայն հայտ­նի կեր­պով և ինչ­պես ին­քը ո­րո­շում է ու կա­րևոր հա­մա­րում իբ­րև ինք­նա­գո իս­կու­թյուն: Հե­տևա­բար և նա յուր ա­մե­նու­րե­քու­թյան մեջ ա­մե­նա­գետ է. նա տե­սո­ղու­թյուն է և ա­մե­նա­տես է, այ­սինքն` նո­րա էու­թյունը կա­տա­րյալ գի­տու­թյուն է, և ա­մե­նայն ինչ գի­տե յուր ճշմա­րիտ գի­տու­թյան մեջ` էու­թյունն իբ­րև էու­թյուն, ճշմար­տու­թյունն իբ­րև ճշմար­տու­թյուն, անհ­րա­ժեշտն իբ­րև ան­հրա­ժեշ­տու­թյուն, ի­րա­կանն իբ­րև ի­րա­կան և այլն, այ­սինքն` կա­տա­րյալ և ոչ պայ­մա­նա­կան ու հարա­բե­րա­կան կեր­պով` ըստ մեզ: (Մատթ., Ժ 30. ԺԱ 23. Եբր., Դ 13): Ուստիև նա ա­մե­նի­մաստուն է, այ­սինքն` նո­րա միտ­քը ճշմար­տու­թյուն է և ի­րա­կա­նու­թյուն, նո­րա խոս­քը ի­րո­ղու­թյուն է. «Զի ոչ տկա­րաս­ցի առ յԱս­տու­ծոյ ա­մե­նայն բան» (Ղուկ., Ա 37. Մատթ., ԺԹ 26), և աշ­խար­հի օրեն­քը նո­րա ի­մաստու­թյունն է: Նա է աշ­խար­հաբ­նակ բա­նա­կա­նու­թյունը, սա­կայն ո՛չ աշ­խար­հից հե­ռու է և ո՛չ աշ­խար­հի հետ նույնա­ցած: Աշ­խար­հով ճա­նա­չում ենք նո­րա ի­մաստու­թյունը և Աս­տու­ծո ի­մաստու­թյամբ ճա­նա­չում ենք աշ­խար­հը: Աս­տու­ծո ա­մե­նի­մաստու­թյունը ե­րևաց ոչ միայն նո­րա ա­րար­չա­գոր­ծու­թյան, այլև փրկա­գոր­ծա­կան տնօրենու­թյան և ա­պա մար­գա­րեա­կան նա­խա­պատ­րաստու­թյան մեջ Իս­րա­յելում, որ­տեղ փայ­լած բարձր ի­մաստու­թյունը, Սո­ղո­մո­նի գա­հի վրա ան­լու­ծե­լի մնա­լով (Առ., Ը. Ի­մաստ., Է. Սիր., ԻԴ), մի­միայն Քրիս­տո­սով գտավ յուր լու­ծումն ու գե­րա­գահ բարձ­րու­թյունը (Ե­փես., Գ 10. Հռ., ԺԱ 33. Եփ., Ա 10. Ա Կոր., Բ 2):

Ի­մաստու­թյան բաշ­խող ու զար­դա­րող զորու­թյունը ար­դա­րու­թյունն է, ո­րով Աս­տու­ծո ար­քա­յու­թյան մեջ ա­մե­նայն ա­րա­րած յուր բա­ժինն է ստա­նում, իսկ ար­դար բաշ­խու­մը դա­տով կլի­նի, որ բա­րին ու չա­րը տար­բե­րե և ըստ ար­ժա­նյաց գնա­հա­տե: Ո­չինչ է ծա­ծուկ Աս­տու­ծուց, և մար­դը միշտ «ա­ռանց պա­տաս­խա­նի տա­լու» է Աս­տու­ծո դա­տի ա­ռաջ (Գաղ., Զ 7. Հռ., Բ 6). ուստիև նո­րա ար­դա­րու­թյան խրա­տա­կան մի թևը` սպառ­նա­լիքն ու պա­տիժն է, իսկ մյուս թևը` ավե­տիքն ու պար­գևը:

Աս­տու­ծո ի­մաստու­թյան և ար­դա­րու­թյան միու­թյունն է նո­րա բա­րու­թյունը, զի բա­րու­թյունը բա­րու­թյուն չի լի­նիլ, ե­թե ի­րավունք չէ ճա­նա­չում, օրենք չգի­տե և յուրա­քան­չյուրին ըստ յուր ար­ժա­նյաց չէ գնա­հա­տում. զի բա­րու­թյունն այն է, որ խրա­տում է. (Ա Հովհ., Ա 9. Հռ., Գ 26): Աս­տու­ծո բա­րու­թյունը ե­րևում է մա­նավանդ նո­րա­նից, որ նա ա­րար­չա­գոր­ծու­թյան նպա­տա­կը յուր նպա­տակն է դարձ­նում, հետո ա­րար­չա­գոր­ծու­թյամբ հայտ­նում է յուր մե­ծու­թյունը մարդ­կանց և միև­նույն ժա­մա­նակ հայտ­նու­թյուն է տա­լիս մարդ­կանց դար­ձյալ յուր ա­րար­չա­կան տնօրենու­թյան հա­մար, այն­պես որ ամեն ինչ ծա­ռա­յեց­նում է մար­դու բախ­տավո­րու­թյան: Եվ Աս­տու­ծո բա­րու­թյան քաղց­րու­թյունը նո­րա­նից է ե­րևում, որ մարդ ստա­նում է` երբ ու­զում է և որ­քան խնդրում է հավատ­քով: Այդ բա­րու­թյունն էլ անս­պառ է, զի բա­րին միայն Աս­տված է (Մարկ., Ժ 18): Բայց ո­րով­հե­տև «ա­մե­նայն տուրք բա­րիք եւ ա­մե­նայն պար­գեւք կա­տա­րեալք ի վե­րուստ են ի­ջեալ առ ի Հօ­րէն լու­սոյ, յո­րում չիք փո­փո­խումն եւ կամ շրջե­լոյ ստուեր» (Հակ., Ա 17), և ըն­դու­նե­լու­թյան շնորհն էլ Աս­տու­ծուցն է միայն, Աս­տված էլ այդ շնոր­հը կա­տա­րե­լա­պես ի­րա­կա­նաց­րել է մար­դու մեջ: Այդ պատ­ճա­ռով և մար­դու մեջ Աս­տու­ծո բա­րու­թյունը ներ­կա­յա­նում է իբ­րև սեր:

Աս­տու­ծո բա­րու­թյունը վա­յե­լում են բո­լոր ա­րա­րած­նե­րը, սերը` մի­միայն հրեշ­տակ­ներն ու մար­դիկ: Կա Աս­տված, կա և նո­րա ար­քա­յու­թյունը, ո­րի մեջ են ինքն ու յուր որ­դիք. նա ին­քը սեր է (Ա Հովհ. Դ, 16), ճշմա­րիտ հո­գու մեջ է, և ճշմա­րիտ հո­գին նո­րա մեջ է: Աս­տու­ծո բո­լոր կա­տա­րե­լու­թյունք կա­պված են նո­րա սի­րո հետ, և բո­լոր տնօրենու­թյունք և գոր­ծե­րը բղխում են նո­րա սի­րուց և մարդ­կանց հա­ղոր­դա­կից ա­նում աստվա­ծա­յին բնու­թյան (Բ Պետր., Ա 4): Այս­պի­սով, մարդ ի­րա­կան ու սուրբ միու­թյուն է վա­յե­լում Աս­տու­ծո հետ, ըստ ո­րում, Աս­տված յուր սի­րով ո­ղոր­մած է դեպի մար­դու մեղ­քը, եր­կայ­նա­միտ է մար­դուն դաստիա­րա­կե­լու գոր­ծում և հավա­տա­րիմ է այն ավե­տի­քի ու հուսո նկատ­մամբ, ո­րոնք նա ներշն­չում է մար­դու սրտի մեջ (Ա Պետր., Դ 19) և հառաջ մղում դեպի կա­տա­րե­լու­թյուն: Յուր ար­քա­յու­թյան մեջ Աս­տված մար­դու հետ միու­թյուն է պա­հում յուր սրբու­թյամբ, այն­պես որ, յուր և յուր ա­րա­րա­ծի տար­բե­րու­թյունը չէ վե­րաց­նում. այդ սի­րո միու­թյան հարա­բե­րու­թյան մեջ Աս­տու­ծո վե­հու­թյունն ու փառ­քը մնում են հավի­տյան, և երբեք չար ու ա­րատ չեն մոտե­նում նո­րա էու­թյան (Ե­սայ., Զ 3. Բ 0ր., Է 21. Հակ., Ա 13. Եբր., Ժ 27. ԺԲ 29): Ա­ռանց այդ սրբու­թյան չի կա­րող լի­նել ճշմա­րիտ սեր դեպի մար­դիկ և Աս­տվա­ծա­յին կա­տա­րե­լու­թյուն` Աս­տու­ծո մեջ:

Սի­րո փառքն Աս­տու­ծո մեջ և կա­տա­րե­լու­թյանց լրու­մը կոչ­վում է ե­րա­նու­թյուն: Ե­րա­նու­թյուն Աս­տու­ծո մեջ է, զի կյանքն ինքնըստինքյան Աս­տու­ծո մեջ է կա­տա­րյալ և լրիվ: Նո­րա սի­րո մեջ տի­րում է հավի­տե­նա­կան խա­ղա­ղու­թյուն, որ ոչ այլ ինչ է` ե­թե ոչ հավի­տե­նա­կան գոր­ծու­նեու­թյուն յուր սի­րո ծավալ­ման մեջ (Եբր., Դ 3. Հովհ., Ե 17): Եվ ա­հա Աս­տված, ու­նե­նա­լով յուր ներ­քին կյանքն ա­ռան­ձին և ար­տա­քին գոր­ծու­նեու­թյունը դեպի աշ­խարհ ա­ռան­ձին, պա­հում է յուր ար­դա­րու­թյունը, բա­րու­թյունը, սրբու­թյունը, սերը, ո­ղոր­մա­ծու­թյունը և հավա­տար­մու­թյունը դե­պի մար­դիկ և միև­նույն ժա­մա­նակ յուր խա­ղա­ղա­կան ե­րա­նու­թյունն յուր կյան­քի մեջ. ուստիև նա ճշմա­րիտ է ու կա­տա­րյալ ճշմար­տու­թյուն, այ­սինքն` որ ինքն յուրյան հետ ի­րա­կան նույ­նու­թյուն է և միակ ի­րա­կան նույնու­թյունը: Այ­սինքն` նո­րա ի­մաստու­թյունը, տնօ­րի­նու­թյունը, կամ­քը, գոր­ծը և ա­մե­նայն վե­րա­բեր­մունք կա­տա­րե­լա­պես հա­մա­պա­տաս­խան է յուր էու­թյան հետ և ի­րո­ղու­թյուն է կա­տա­րյալ նույնու­թյամբ:

Ըմբռ­նե­լով այս բո­լոր կա­տա­րե­լու­թյունք` ճա­նա­չում ենք և տես­նում մեր Ա­րար­չին մի­միայն իբ­րև ա­րա­րած, այ­սինքն` «իբ­րեւ ընդ­հա­յե­լի օ­րի­նա­կաւ», իսկ երբ կար­ժա­նա­նանք նո­րա ե­րա­նա­կան տե­սու­թյան, այ­սինքն` երբ կա­տա­րյալ սի­րով կվա­ռվենք նո­րա փա­ռաց մեջ, «յաւուր յայն­միկ ե­ղի­ցի Տէր մի եւ ա­նուն նո­րա մի» (Զաք., ԺԴ 9), և պետք չենք ու­նե­նալ բազ­մա­թիվ ստո­րո­գու­թյանց` մեր ճա­նա­չո­ղու­թյունը պար­զե­լու հա­մար. «Յայն­ժամ գի­տա­ցից որ­պէս եւ Նայն ծա­նեաւ զիս» (Ա Կոր., ԺԳ 12):

 

 

[1] «Զի որ էն` պարտի, զի մշտնջենաւոր իցէ եւ անսկիզբն, որոյ ոչ սկիզբն յումեքէ առեալ լինելոյ, եւ ոչ ունի զոք ի վեր, քան զինքն, զոր պարտ իցէ նմա պատճառ կարծել կամ իմանալ, թէ ի նմանէ իցէ առեալ սկիզբն Էանալոյ» (Եզնիկ, 6):

 

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

18.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․