25 Նոյեմբեր, Բշ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ավանդույթներից է Սբ. Զատկի նախօրեին ձու ներկելը:
Նախաքրիստոնեական շրջանում ձուն եղել է բնության վերազարթոնքի ու կյանքի խորհրդանիշ: Բոլոր կրոնների մեջ ձուն կարևոր տեղ էր գրավում. մինչև իսկ հին հռոմեացիները և հույները ձու էին նվիրում իրենց աստվածներին՝ սրբվելու և մաքրվելու համար: Կրոնների մեջ ձուն համարվում էր նաև հարության խորհրդանիշ, քանի որ իր մեջ պարունակում էր կյանքի նոր սերմը:
Զատկական ձուն, քրիստոնեության մուտքից հետո, դարձավ խորհրդանիշն այն ժայռե գերեզմանի, որտեղից Քրիստոսը հարություն առավ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում էր Աստծո Որդու թափած արյունը:
Ձուն համարվում է կենաց ծառի, կյանքի խորհրդանիշ: Ստ. Մալխասյանցը նշում է, որ «ծառ» նշանակում է նաև «ձվի սուր ծայրերը»: Այս բացատրությունը, որը ցույց է տալիս ձվի և կենաց ծառի գաղափարական առնչությունները, վկայում է, որ զատկական ձուն իր մեջ պարունակում է կյանքի հավերժության խորհուրդը:
Իբրև Քրիստոսի Հարության վառ արտահայտություն` Սբ. Եկեղեցում, Սբ. Մարիամ Մագդաղենացու օրինակով, աստիճանաբար ընդհանրացել է Սբ. Հարության տոնի նախօրեին հավատացյալների կողմից միմյանց ողջունելիս կարմիր հավկիթներ նվիրելու սովորույթը:
Ավանդությունը պատմում է, որ Մարիամ Մագդաղենացին այցելելով Տիբերիոս կայսերը (14-37 թթ.), քարոզում է քրիստոնեությունը՝ նվիրելով մի ձու: Իսկ այդ ժամանակվա սովորություն համաձայն` կայսրին չէին կարող այցելել առանց նվերի: Տիբերիոսը մերժեց հավատալ Քրիստոսի Հարությանը և բացականչեց. «Ինչպես կարո՞ղ է ինչ-որ մեկը մեռելներից հարություն առնել: Դա անհնար է, ինչպես եթե այս ձուն հանկարծ կարմրի»: Հենց այդ պահին կայսրի աչքին հրաշք տեղի ունեցավ. ձուն դարձավ կարմիր՝ վկայակոչելով քրիստոնեական հավատի ճշմարտացիությունը: Սա կայսերը հավատքի բերեց:
Ավագ Շաբաթ երեկոյան ավարտվում է Մեծ Պահքը: Այդ երեկո սեղաններին դրվում են բրնձով և չամիչով փլավ, ձուկ, ներկած ձու, գինի: Այս օրը զատկական ձվերը տարբեր գույնի են ներկում, սակայն հիմնականում զատկական ձուն պետք է կարմիր գույնի լինի: Ձու ներկելու խորհուրդը շատ լավ է բացատրում Սբ. Գրիգոր Տաթևացին: Ձվի դեղնուցը խորհրդանշում է երկիրը, սպիտակուցը` ջրերը, թաղանթը խորհրդանշում է օդը, իսկ կեղևը` երկինքը: Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, կարմիր ներկված ձուն ցույց է տալիս, որ ողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ:
Մեր ժողովրդի կենցաղում անհիմն ու անընդունելի սովորույթներ են ընդհանրացել. այն տանը, ուր մինչև Սբ. Զատիկը մարդ է մահացել, ձու չեն ներկում, կամ տոնի օրը օճառով ձեռքերը չեն լվանում, լվացք չեն անում: Սա ոչ թե հանգուցյալի նկատմամբ հարգանքի արտահայտություն է, այլ անտեղյակության հետևանք, որովհետև ձուն, լինելով Հարության, կյանքի հավերժության խորհրդանշան, առավելաբար պիտի ներկվի հե՛նց այդ ընտանիքներում` իբրև հոգևոր մխիթարություն` ի նշան կորցրած հարազատի հոգու անմահության և Երկնքի Արքայության համար հարություն առնելու:
Կազմեց Կարինե Սուգիկյանը