Գրքեր

Ավագ շաբաթ. Երկնքի և երկրի հաշտեցումը

Ծաղկազարդի կիրակիին հաջորդում է Ավագ շաբաթը, որը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի տնօրինությունների՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է:

Այս շաբաթվա ընթացքում Հիսուս Քրիստոս առաքյալների հետ մինչև Իր Հարությունը վերջին անգամ սեղան նստեց, ապա մատնվեց, ձերբակալվեց, դատվեց, անարգվեց և չարչարանքներով խաչ հանվեց, որի համար էլ այս շաբաթը կոչվում է նաև Չարչարանաց շաբաթ: Ծաղկազարդից մինչև Սբ. Զատիկ ընկած շաբաթվա յուրաքանչյուր օրը իր հերթին անվանվում է «Ավագ»:

Ավագ է կոչվում, քանի որ իրենում պարունակում է չորս մեծ խորհուրդ. նախ՝ աշխարհի արարման առաջին շաբաթվա խորհուդը, ապա՝ այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների խորհուրդը, և վերջապես՝ աշխարհի վախճանի խորհուրդը:

Ավագ շաբաթվա բոլոր օրերը, ինչպես Մեծ պահքի կիրակիները, ունեն իրենց հատուկ խորհուրդներ ու արարողություններ, որ Մեծ պահքի կիրակիների նման կազմում են մեկ ամբողջություն:

Ավագ շաբաթվա օրերը կոչվում են.

Ավագ Երկուշաբթի - Անպտուղ թզենու չորացում

Ավագ Երեքշաբթի - Տասը կույսերի հիշատակություն

Ավագ Չորեքշաբթի - Օծում և մատնություն

Ավագ Հինգշաբթի - Վերջին ընթրիք՝ Սբ. Հաղորդության խորհրդի հաստատում, երեկոյան կարգ ոտնլվայի, ապա՝ կարգ խավարման

Ավագ Ուրբաթ - Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի չարչարանքների և խաչելության հիշատակություն

Ավագ Շաբաթ - Սուրբ Զատկի ճրագալույց

Ավագ Երկուշաբթի, Ավագ Երեքշաբթի և Ավագ Չորեքշաբթի օրերին եկեղեցում հինկտակարանյան ընթերցումներն ու հիշատակությունները վերաբերում են Աստծո արարչագործությանը, մարդու ստեղծմանը, Աստծո ներկայությամբ դրախտում նրա երանավետ վիճակին, պատվիրանազանցությանն ու դրախտից արտաքսմանը, մեղավոր մարդկության պատուհասմանը ջրհեղեղի միջոցով, նոր մարդկության սկզբնավորմանը Նոյի ընտանիքից, Աբրահամի ջանքերին՝ Աստծո ցասումից փրկելու Սոդոմի և Գոմորի ամբարիշտ բնակիչներին, Ղովտի ընտանիքի փրկությանը: Եվ այս ամենը՝ հիշեցնելու համար Աստվածորդու մարդանալու, աշխարհ գալու անհրաժեշտությունն ու մարդկության փրկությունը Քրիստոսով: Նորկտակարանյան ընթերցումները հիշեցնում են Հիսուսի կյանքի վերջին օրերի իրադարձությունները:

Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր հավատացյալները, ներկա գտնվելով և մասնակից լինելով եկեղեցական արարողություններին, գիտակցում են զղջումից և ապաշխարությունից հեռու իրենց անպտուղ կյանքը, իմաստուն կույսերի նման փորձում են աղոթքով և հավատքի գործերով պատրաստվել Փրկչի գալստյանը, հարության հույսով անցնում են Քրիստոսի չարչարանքների և խաչի ճանապարհով:

Ավագ շաբաթվա մասին Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Այդ շաբաթ… տրորվեց ու ոտնահարվեց մահը, ջնջվեց մեղքը, փշրվեցին երդումն ու դրախտի փականը, կոտրվեց երկնքի անմատչելիությունը, հեռացվեց բաժանության պատնեշը, զավթվեցին անջրպետող սահմանները, Աստված աշխարհում հաշտեցրեց երկնայինն ու երկրայինը»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

10.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․