Մի տաղանդավոր, բայց աղքատ դերասանուհի ժամանակ առ ժամանակ բազմաթիվ նամակներ էր ստանում հանդիսատեսից և առավելապես մի մարդուց: Դերասանուհին ուշադրություն չէր դարձնում այդ նամակներին, որովհետև ամեն անգամ երկրպագուներից ստանալով նամակներ տխրում էր ու երազում, թե երբ կգա այն օրը, երբ ինքը կկարողանա դառնալ իրենց քաղաքի մեծագույն թատրոնի դերասանուհիներից մեկը, բայց ավաղ... այնտեղ միայն անվանի ու ունևոր մարդիկ էին գտնվում:
Մի ցրտաշունչ օր, երբ փողոցով անցնելիս է լինում ու տարբեր իրեր վաճառում, որպեսզի իր ապրուստը նաև այդպես կարողանա վաստակել, նրան է մոտենում մի ալեհեր մարդ՝ քաղաքի անվանի մեծահարուստներից, ու մեծ գումար տալիս: Աղջիկը երախտագիտությամբ լցված շտապում է տուն: Քիչ անց իրեն մշտապես նամակն ուղարկած մարդուց հերթական գրությունն է ստանում: Բարձր տրամադրություն ունենալով՝ այս անգամ բացում է այն ու զարմանում, որովհետև այդ մարդը շնորհավորում էր դերասանուհուն գումար ստանալու համար: Այդ մասին դեռևս ոչ ոք չգիտեր, միայն ինքը և ալեհեր մեծահարուստը: Դերասանուհին արագ դարակից հանում է այդ մարդու ուղարկած նախկին բոլոր նամակներն ու ամեն մեկի մեջ գրված տեսնում, որ իրեն արդեն մի քանի տարի է, ինչ հրավիրում են դառնալ այն մեծագույն թատրոնի դերասանուհին, որի մասին երկար ժամանակ երազում էր ու հասկանում է, որ այս նամակները ստանում էր այդ նույն ալեհեր մեծահարուստից, ով այդ թատրոնի տերն էր:
Հաճախ մեծ սպասումով նայում ենք դեպի հեռուն` տեսնելու համար կյանքի իրական երջանկությունը, սակայն կյանքի մեծագույն իմաստավորումը հաճախ տրվում է մեզ, բայց ուշադրություն չենք դարձնում, չենք նկատում Աստծո խոսքը, անմիջական ներկայությունը և հավիտենական երջանկությունը:
Հովհաննես Մանուկյան