Գրքեր

«Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դուք արեք նրանց»

Աշխարհը նախընտրում է հարուստներին, ուժեղներին, գեղեցիկներին և հաջողակներին: Նրանք միշտ առաջին հարթակներում են և հանրության ուշադրության կենտրոնում: Հին հունական, հռոմեական գրականությունը, արվեստը և ճարտարապետությունը փառաբանությամբ և մեծ գովասանքով նկարագրում են այդպիսի անձանց և կերտում նրանց փառքը՝ որպես աշխարհի հաջողության գրավական և ուղեցույց: Սակայն Սբ. Պողոս առաքյալը նշում է, որ Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին և արհամարհվածներին, որպեսզի ոչ մի մարդկային էակ չպարծենա Աստծու առաջ (Ա Կորնթ. 1.26-29):  Երբ Հիսուսին ժողովարանում տվեցին Եսայի մարգարեի գիրքը, նա գտավ այն հատվածը, ուր գրված էր. «Տիրոջ Հոգին իմ վրա է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու»: Այնուհետև ասում է. «Այսօր այս գրվածքները կատարվեցին, երբ լսում էիք ձեր ականջներով» (Ղուկ. 4.17-21): Այս ամենով Հիսուս ցույց է տալիս, որ առաջին հերթին Աստծու ուշադրության կենտրոնում են ոչ թե հարուստները, ուժեղները, գեղեցիկները և հաջողակները, ինչպես աշխարհն է նախընտրում, այլ հիվանդները, քաղցածները, հալածվածները և հասարակության մեջ անտարբերության և արհամարհանքի մատնված մարդիկ: Խոցելի այս խմբերի մեջ ընդգրկված են կանայք (հատկապես այրիները), երեխաները (հատկապես որբացած), տարեցները (հատկապես ծերունիները, որոնք միայնակ են կամ կոչված են հոգ տանելու իրենց որբացած թոռներին), աղքատները (հատկապես նրանք, ովքեր արհամարհված են հասարակության կողմից), պանդուխտները (հատկապես նրանք, ովքեր հալածվում և դեգերում են երկրից երկիր): Սակայն հատկանշական է, որ հրեաները խոցելի խմբերին վերաբերվում էին որպես Աստծուց պատիժ ստացած անձանց, որոնք տառապում են այդպիսի նեղություններով՝ իբրև իրենց անհնազանդության, անհավատության և արհամարհանքի արդյունք: Ղևտացիների գրքում այսպես է նկարագրվում. «Բայց եթե չլսեք ինձ և չկատարեք իմ այս բոլոր հրամանները, արհամարհեք դրանք, իմ կարգադրություններից ձանձրանալով չկատարեք իմ պատվիրանները, վերացնեք իմ հաստատած ուխտը, ապա ես նույնը կանեմ ձեր նկատմամբ. տագնապալից տառապանքների կմատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կհիվանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լույսը, և դուք հալումաշ լինեք։ Այնժամ զուր տեղը պիտի ցանեք ձեր սերմերը, և ձեր արտերի բերքը ձեր հակառակորդները պիտի ուտեն։ Ես իմ զայրացած հայացքը ձեզ վրայ պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ հալածական պիտի անեն, և դուք փախստական պիտի լինեք, եթե անգամ որևէ մէկը չհալածի ձեզ»(Ղևտ. 26.14-17): Իսկ Առակաց գրքում նախազգուշացնում է, որ այն աչքերը, որոնք ծնողների հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսևորում, կկտցահարվեն  թռչունների կողմից (Առակ 30.17):

Աստվածաշնչում հիշատակված ամենատարածված հիվանդություններն են կուրությունը, խլությունը, համրությունը, բորոտությունը և կաթվածը: Այդպիսի հիվանդությունները դիտվում են որպես հաշմանդամություն: Տեսողական խանգարումը անտիկ աշխարհում ֆիզիկական հաշմանդամության ամենատարածված ձևերից է եղել: Նկատում ենք, որ հրեական միջավայրում այդպիսի վիճակը ընդունված է եղել համարել իբրև մեղքի արդյունք, երբ մարդ չի հնազանդվում պատվիրաններին և Աստծուն հակառակ է ընթանում, բացի բնական ծերության այն վիճակներից, երբ մարդիկ իրենց կյանքի վերջում տառապում էին տեսողության տկարացմամբ, ինչպես Իսահակը (Ծննդ. 27.1) կամ Հակոբը (Ծննդոց 48.10): Բայց Ղևտացիների գրքում Աստծու պատվիրաններին անհնազանդ մարդուն այսպես է զգուշացվում. «Տերը քեզ կհիվանդացնի մտագարությամբ, կուրությամբ ու ցնորամտությամբ» (Երկրորդ Օրենք 28.28): Հերոբովամ արքայի հետ պատահած ձեռքի հիվանդությունը նույնպես վկայում է այդ մասին (Գ Թագ. 13.4): Զաքարիայի մարգարեության մեջ խստորեն ասվում է. «Վա՛յ քեզ, ո՛վ անարժան հովիվ, որ աչքաթող ես անում քո հոտը։ Թող սուրը կտրի նրա բազուկը, թող հանի նրա աջ աչքը։ Թող անպատճառ չորանա նրա բազուկը, թող անպայման կուրանա նրա աջ աչքը» (Զաք. 11.16): Օզիաս թագավորի բորոտությամբ հիվանդանալը նույնպես մեղավոր քայլի հետևանքն էր, և Օզիասը մինչև իր կյանքի վախճանը բորոտությամբ տառապում է (Երկ. Մնաց. 26.17-21): Նման օրինակներ Հին Կտարակարում կարող ենք շատ գտնել, որոնցում ֆիզիկական թերությունը, հաշմանդամությունը համարվում է պատիժ, ինչպես Սոփոնիայի մարգարության մեջ է գրված. «Մարդկանց նեղության կմատնեմ, և նրանք կույրերի պես կընթանան, քանի որ մեղանչեցին Տիրոջ դեմ և նրա անունը դրեցին սնոտիների վրա, որոնք ոչնչով չկարողացան օգնել նրանց. կթափվի նրանց արյունը հողի նման և նրանց մարմինը՝ աղբի պես» (Սոփ 1.17):  Սակայն Աստված պատվիրում է նաև. «Համրին մի՛ վիրավորիր, կույրի ոտքերի առջև խոչ ու խութ մի՛ դիր։ Երկնչի՛ր քո Տեր Աստծուց, քանզի ես եմ քո Տեր Աստվածը» (Ղևտ. 19.14): Հաշմանդամությունը որպես անհնազանդության օրինակ տեսնում ենք նաև փոխաբերական իմաստով, երբ այն օգտագործվում է անհնազանդ Իսրայելի վերաբերյալ: Եսայու մարգարեության մեջ Իսրայելը համեմատվում է կույրերի և խուլերի հետ (Եսայի 42.18-20) և ասվում է. «Բարձրացրի կույր ժողովրդին. և թեպետ աչքեր ունեն, սակայն կուրացած են նրանք, և խցանված են նրանց ականջները» (Եսայի 43.8): Այսպիսով, փոխաբերական իմաստով լսել և տեսնել չկամենալը համեմատվում է կույրի և խուլի հետ (Երեմիա 5.21):  Այդպիսի մի փոխաբերական իմաստ էլ Հիսուս փարիսեցիների հետ խոսելիս է օգտագործում, սակայն այդտեղ ֆիզիկապես կույրերի վերաբերյալ բացասական կարծիք չի հայտնում (Հովհ. 9.41): Իսկ Հովհաննեսի Հայտնության գրքում այդ մոտեցմամբ այսպես է գրված.  «Քանի որ ասում ես. «Հպարտ եմ և առավել հարստացա ու ոչ մի բանի կարոտ չեմ». բայց  չգիտես, թե ողորմելի ես դու, թշվառ և աղքատ, մերկ և կույր» (Հայտն. 3.17): Նոր Կտակարանում առաքյալները հաշմանդամության հետևանքը նույնպես մեղքի արդյունք էին համարում և Հիսուսին կույրի մասին հարցնում են. «Ռաբբի՛, մեղքը ո՞ւմն է, որ կույր է ծնվել, սրա՞նն է, թե՞ հորն ու  մորը» (Հովհ 9.2): Բայց Հիսուս այս դեպքում բացահայտում է մեկ այլ պատճառ, որ մարդը կարող է այդպիսին ծնվել կամ դառնալ.  «Ո՛չ դրա մեղքն է և ոչ էլ իր հոր ու մոր, այլ՝ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն» (Հովհ. 9.3): Այնուամենայնիվ, Հիսուս չի բացառում, որ ընդհանուր առմամբ հաշմանդամությունը մեղքի հետևանք է: Նա երեսունութ տարի այդպիսի հիվանդությամբ տառապող մարդուն բժշկում է, բայց միևնույն ժամանակ ասում է. «Ահավասիկ առողջացար, այլևս մի՛ մեղանչիր, որպեսզի մի ավելի չար բան չպատահի քեզ» (Հովհ 5.14):  Մեկ այլ դրվագում, երբ անդամալույծին տանիքից իջեցնում են բժշկելու համար, Հիսուս նախ ասում է՝ որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են, այնուհետև բժշկում այդ մարդուն (Մարկ. 2.5-12): Այստեղ նկատում ենք, որ նախքան հաշմանդամությունից ազատվելը անհրաժեշտ էր մեղքերի թողություն ստանալը, որից հետո իրագործվում է բժշկությունը:

Ֆիզիկական հաշմանդամությունը և մարմնի կատարելությունը ևս մեկ թեմա է Աստվածաշնչում: Ֆիզիկական անկատարությունը խոչընդոտ է համարվում Ահարոնի ժառանգորդի քահանայության իրականացման համար: Ղևտացիների գրքում գրված է. «Խոսի՛ր Ահարոնի հետ և նրան ասա՛. «Եթե քո գալիք սերունդներից որևէ մեկը մարմնական արատ ունենա, ուրեմն իր Աստծուն նա թող պատարագ չմատուցի։ Արատ ունեցող որևէ մարդ, լինի նա կաղ կամ կույր, կարճ քթով կամ ականջատ, ձեռքը կամ ոտքը կոտրած, կուզ կամ շիլ, աչքը վնասված, քոս, քաղցկեղ կամ մեկ ամորձիք ունեցող, մի խոսքով՝ Ահարոն քահանայի սերնդի մեջ մարմնական արատ ունեցող որևէ մարդ թող չմոտենա քո Աստծուն զոհ մատուցելու, որովհետև նա մարմնական արատ ունի։ Աստծուն զոհ մատուցելու համար նա չպետք է մոտենա զոհասեղանին, որովհետև Աստծու ընծաները սրբություն սրբոց են» (Ղևտ. 21.16-20): Այստեղ ֆիզիկական հաշմանդամությունը դիտարկվում է որպես մարդու մեղքի ակնհայտ ապացույց և Աստծու պատժի նշան: Այս դրվագում մարմնի կատարելությունը  հոգու կատարելության խորհրդանիշ է համարվում: Հին աշխարհում նման մոտեցումը տեսնում ենք նաև Դանիելի մարգարեության մեջ, որտեղ թագավորը կարգադրում է առանց արատի, դեմքով գեղեցիկ, ամեն իմաստության խելահաս, գիտությանը հմուտ, խելացիությամբ օժտված և թագավորական պալատում սպասավորելու ունակ մանուկներ բերել և սովորեցնել նրանց քաղդեացիների լեզուն ու դպրությունը (Դանիել 1.4): Այսինքն՝ մարդիկ ուղիղ կապ են տեսնում ֆիզիկական կատարելության և հոգևոր արդարության միջև: Բայց Դավթին թագավոր ընտրելիս տեսնում ենք, որ Աստված առավելություն է տալիս ոչ թե արտաքին տվյալներին, այլ մարդու սրտին (Ա Թագ. 16.7): Ինչպես նաև Մովսեսի ընտրությունը որպես իսրայելացիների առաջնորդ, որ նրանց պիտի դուրս բերեր Եգիպտոսից (Ելք 4.10-12): Այնուամենայիվ, հստակ երևում է, որ Հին աշխարհում  հասարակության մեջ հաշմանդամները արժանի չեն համարվել որևէ առաքելություն իրագործելու: Մեմփիբոսթեն իրեն անարժան է համարում Դավիթ թագավորին ուղեկցել իր կաղ լինելու պատճառով (Բ Թագ. 19.26-27): Սակայն Դավիթ թագավորը Մեմփիբոսթեի հանդեպ ցուցադրում է մեծագույն գնահատանք և նրան չի օտարում հասարակությունից, այլ նույնիսկ նրան դարձնում է իրեն սեղանակից, թեև Մեմփիբոսթեն երկու ոտքից կաղ էր (Բ Թագ. 9.4-13): Դավիթ թագավորի մարդասիրական վարվելակերպը Հիսուս Քրիստոսի նախատիպն է, Ով գալիս է խոցելի խավերին դարձնելու հասարակության լիարժեք անդամ և նրանց բժշկելու: Երբ Հովհաննես Մկրտիչն իր աշակերտներին ուղարկում է, որպեսզի հարցնեն՝ դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք, Հիսուս պատասխանում է նրանց. «Գնացեք պատմեցե՛ք Հովհաննեսին, ինչ որ դուք լսեցիք և տեսաք. կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հառնում, և աղքատներին քարոզվում է Ավետարանը» (Մատթ. 11.3-5):  Հիսուս իր գործունեությամբ ցույց է տալիս, որ խոցելի խմբերն իր համար առաջնային տեղ ունեն և Ինքը աշխարհի նման խտրություն չի դնում մարդկանց միջև: Նա լավագույնս լուսաբանում է, որ եթե որևէ կարիքավորի արհամարհում ես, ուրեմն Իրեն ես արհամարում և մերժում, և Ահեղ Դատաստանի ժամանակ այդպիսի մարդը միևնույն վերաբերմունքին կարժանանա (Մատթ.25.31-46): Հիսուս Երկնքի Արքայություն մուտք գործող մարդկանց վերաբերյալ խոսելիս ներառում է նաև խոցելի խմբերին՝ պատմելով հարսանյաց հրավերքի առակը և ցույց տալով, որ Երկնքի Արքայության մեջ անքակտելի մաս են կազմում խոցելի խմբերը: Եվ այդպիսով Աստծու Թագավորությունը ամբողջանում է (Ղուկ. 14.13-24):

Հին Կտակարանում նույնպես կարող ենք տեսնել, որ Աստված չի անտեսում խոցելի խմբերին և իսրայելացիներին Երուսաղեմ վերադարձնելու Իր ծրագրում նաև նրանց է նշում. «Ահա նրանց պիտի բերեմ ես հյուսիսի երկրից, աշխարհի ծագերից պիտի հավաքեմ նրանց՝ պասեքի տոնին. նրանց մեջ մեծ բազմությամբ որդիներ պիտի ծնվեն, կույրն ու կաղը, հղին և ծննդաբերվածը միահամուռ, իբրև մեծ ժողովուրդ, պիտի վերադառնան այստեղ» (Երեմ. 31.8): Նույն մոտեցումն արտահայտված է նաև Միքիայի մարգարեության մեջ, այսինքն` Աստծու ընտրյալների մեջ նաև խոցելի խմբերն են (Միքիա 4.6-7): Եսայի մարգարեն նկարագրում է, որ հաշմանդամները նույնպես ներառված են Աստծու փրկության ծրագրում. «Այն ժամանակ կույրերի աչքերը պիտի բացվեն, և խուլերի ականջները լսեն։ Այն ժամանակ կաղը եղջերվի պես պիտի վազի, և ծանրախոսների լեզուն պարզ պիտի դառնա, քանզի ջուր պիտի բխի անապատում, և գետ՝ ծարաված հողում» (Եսայի 35.5-6):

Արդ, տեսնում ենք, որ Երկնային Նախախնամությունը կամենում է իր հոգատարությամբ և սիրառատությամբ օգնել բոլոր նրանց, ովքեր թույլ են ու տկար, տնանկ են ու հիվանդ և նրանց դարձնել հասարակության լիիրավ անդամներ: Ուշագրավ է Հովհաննես առաքյալի ձևակերպումը. «Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սերը ինչպե՞ս կարող է բնակվել նրա մեջ» (Ա Հովհ. 3.17):

 

Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

04.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․