Բարդ փոխհարաբերություններ

Այսօր մարդիկ շարժվում են հպարտությամբ և եսակենտրոնությամբ, իսկ խոնարհությունը շատերը համարում են որպես խեղճության և թերարժեքության բարդույթ: Մեր յուրաքանչյուր գործը հիմնված է մեր հպարտ «ես»-ի վրա: Դրա համար երբեմն Աստված կարող է ուղարկել այլ մարդկանց, որոնք կքննադատեն, կխոչընդոտեն մեր կատարած բարի, հոգևոր գործերը, որպեսզի տեսնենք, թե ինչպես է բացահայտվում մեր թաքնված հպարտությունը և «ես»-ը` վիրավորվում: Այդ ամենը նրա համար է, որ այդ բացահայտման լույսի ներքո կարողանանք ուղղվել և կատարյալ հոգևոր խոնարհություն ձեռք բերել, հակառակ դեպքում չենք կարողանա սիրել և խաղաղություն գտնել: Քրիստոս հստակ ցույց է տալիս հոգու բժշկության ուղին. «Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք» (Մատթ. 11.29): Խոնարհությունը աստվածային զգեստավորումն է: Երբ մարդ այն կրում է` իր ներսում զգում է խաղաղություն, իմաստություն, ազատություն, խնդություն, համբերություն, ինքնատիրապետում, ներդաշնակություն, զորություն, մտքի պայծառություն, արագ կողմնորոշվելու և գործելու կարողություն: Սա հոգևոր վիճակ է, այլ ոչ թե հոգեբանական կամ ռոմանտիկ-զգացմունքային վիճակ: Այն Սբ. Հոգու շնորհով հոգու կենսաբեր ուժերի վերականգնում է: Իսկ ինչը մեզ ներսից ճնշում է` մեր վիրավորված և խայթված եսասիրությունն է: Դեպրեսիան ծնվում է ինքդ քեզ սիրելու կենտրոնացվածությունից: Ինքդ քո նկատմամբ համակվածությունը և զբաղվածությունը հանգեցնում է դեպրեսիայի: Պարզապես սիրել ինքդ քեզ, նշանակում է ապրել ապարդյուն: Մի՛ սիրեք ինքներդ ձեզ, սիրե՛ք Աստծուն և ձեր մերձավորին և երբեք դեպրեսիայի մեջ չեք ընկնի: Մենք չենք սովորել լույսի պես լինել` անշահախնդիր գործել հանուն ուրիշների, սակայն ակնկալում ենք ստանալ մյուսների սերն ու հարգանքը: Այն երկրավոր սերը, որն ունենք, եսասիրական և ինքնակենտրոն սեր է և ամենևին կապ չունի Քրիստոսի սիրո հետ: Հարցն այն է, որ այդ ինքնակենտրոն բնույթից ենք նայում քրիստոնեական արժեքներին և մեր փոխհարաբերությունը հյուսում Աստծո հետ` առաջ քաշելով մեր ցանկությունների «պայմանագիրը»: Եթե մեր ներսում խախտվում է մեր ցանկություններով թելադրված Աստծո հետ բարեկամության այդ «պայմանագիրը»՝ ծնվում է նեղսրտությունը և դժգոհությունն առ Աստված: Հնարավոր է, որ իսկապես դժվար է ինքնակենտրոն լինելուց փոխվել` նայելով դեպի մերձավորները, այդուհանդերձ անհրաժեշտ է քայլեր կատարել, որովհետև քրիստոնեությունը կրավորական հավատք չէ, այլ ներգործական: Բայց ինքներս մեզանից պետք է սկսենք: Հայր Պաիսոսն ասում է, թե մեծ էգոիզմ է, երբ մտածում ես, թե կարող ես վերափոխել ուրիշներին: Եթե մարդը չսկսի աշխատել իր էության հղկման վրա, ապա սատանան նրա համար այլ աշխատանք կգտնի, այսինքն` ուրիշների թերությունները գտնել և նրանց քննադատել, դատել: Նախ և առաջ, մեր հոգեկան մռայլ վիճակը հաճախ պատճառ է դառնում, որ մեզ վերաբերվեն անտարբերությամբ կամ վատ: Եթե փոխենք մեր վերաբերմունքը ուրիշների նկատմամբ, կնկատենք դրական փոփոխություններ նաև նրանց վարքագծում: Մեր գործողություններով շատերին կարող ենք մեր դեմ տրամադրել, բայց եթե նրանց սկսենք վերաբերվել հոգևոր մոտեցմամբ՝ շրջապատված կլինենք լավ ընկերներով: Հետևաբար, մենության և մռայլության, բարդ փոխհարաբերությունների դեմ ճշմարիտ բուժումը անշահախնդիր սերն է: Սերը պետք է փոխանցել, որպեսզի այն աճի, մարդու ներսում զորանա, և անհատը՝ ինչպես լույսը, փայլատակի: Ուստի, քրիստոնեական հավատքը հեռվից չի սկսում, այլ հենց մեր շրջապատում, թե ինչպես ենք վերաբերվում մերձավորներին և մյուսներին, նույնիսկ իրերին: Դրական մոտեցումը բերում է դրական լիցքեր և ուժեր, իսկ բացասականը սպառում է մարդուն: Քրիստոնյան լուսավոր մարդ է: Նա ճառագայթում է Քրիստոսի սիրո լույսը, հանգստությունը և կայունությունը: Եթե որևէ մեկը նույնիսկ չի ճանաչում նրան, զգում է, որ կարող է նրան ապավինել: Քրիստոսի լույսի առջև հալվում է սրտի սառույցը, անհետանում է ստվերը և մարդու ներսում ծաղկունք ու մշտարթուն գարուն է տիրում: Այս ամենը վերացական իրողություններ չեն, այլ իրականություն: Մարդու սիրտը նման է ծաղկի, այն ծաղկում է, երբ հաղորդակից է սիրո աղբյուրին: Եթե չջրենք՝ այն կթառամի, կչորանա:  Ուրիշների հետ մեր բարդ հարաբերությունների պատճառը հաճախ մեր հոգևոր անտարբերությունն է, անգործությունը և վհատությունը, հատկապես հուսահատությունը: Վերջինս մեզ հեռացնում է աստվածային սիրո աղբյուրից և ստիպում է  հոգու դատարկություն և անգործություն զգալ: Եթե նույնիսկ ինչ-որ սխալ բան ենք արել, ապա պետք է ներողություն խնդրել, այլ ոչ թե ընկնել անհանգստության, լարվածության, հուսահատության գիրկը` մտածելով, թե ինչ-որ մեկին կամ ոմանց դուր չենք գալիս, և չարախոսում են մեր մասին: Հոգու դառնության, վիրավորվածության, չներելու, բարդ փոխհարաբերությունները սկսվում են նաև այնտեղից, երբ մարդկանց կարծիքները չափազանց շատ ենք կարևորում, քան Աստծո կողմից մեր անձի արժևորումը: Դարեդար միլիոնավոր մարդիկ այս աշխարհով եկել ու անցել են և շատերի մասին հայտնել իրենց լավ կամ վատ կարծիքը: Եվ ինչպես իրենք են եկել-գնացել, այդպես էլ իրենց կարծիքներն են մոռացվել: Կարևոր է, թե Աստված ինչպես է գնահատում ու արժևորում մարդուն, այլ ոչ թե ինչպես են ժամանակավոր մարդիկ հայտնում իրենց ժամանակավոր կարծիքը անձիդ մասին: Աստծո հավերժական գնահատանքն ու արժևորումն է էական, որը մնայուն է և հավիտենական: Սրբակյաց հոգևորականներից մեկը պատմում էր, որ, երբ ինքը երիտասարդ էր, հարց տվեց մի վանականի, թե ինչու է կյանքն այսքան բարդ: Վանականը պատասխանեց, որ կյանքը բարդ չէ, այլ ինքդ ես բարդ: Կյանքը խաղաղություն է: Կյանքը Ավետարան է: Բայց դու չես ապրում Ավետարանի համաձայն, և դա է քո խնդիրների պատճառը: Եվ դրա համար այս կյանքը դժվարին ուղի է: Եվ այն դառնում է անտանելի դժվար, երբ քո կյանքից հեռացնում ես Աստծո ներկայությունը: Այնպես որ, ինչպես նշում էր սրբակյաց մի վանական, վերջին ժամանակներում մարդկանց կփրկի սերը, խոնարհությունը և բարությունը: Բարությունը կբացի դրախտի դռները, խոնարհությունը կուղեկցի այնտեղ, իսկ սերը ցույց կտա Աստծուն:

 

 

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

27.10.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․