Գրքեր

Բարեպաշտությամբ պահվող պահքը

Մարդն իր հոժարակամությունն է ցույց տալիս պահքի միջոցով: Նա սխրանք, ճգնություն է գործում բարեպաշտությունից մղված և Աստված օգնում է նրան: Սակայն, եթե մարդ բռնանում է ինքն իր վրա և ասում. «Ո՞ւր կարող եմ փախչել: Կրկին ուրբաթն եկավ և պետք է պահք պահել», ապա նա տանջում է իրեն: Իսկ պահքի իմաստն ընկալելով և Քրիստոսի հանդեպ սիրուց մղված պահքը պահելով՝ նա ուրախանում է: «Այս օրը Քրիստոս խաչվեց,- կմտածի այդպիսի մարդը: Նրան նույնիսկ ջուր չտվեցին խմելու, այլ՝ քացախ (Մատթ. 27:34, Մարկ. 15:36, Ղուկ. 23:36, Հովհ. 19:30): Ես էլ այսօր ողջ օրը ջուր չեմ խմի»: Այսպես վարվելով՝ մարդ իր մեջ ավելի մեծ ուրախություն կզգա, քան այն մեկն, ով ամենալավ զովացուցիչ ըմպելիքներն է խմում: Իսկ շատ աշխարհիկ մարդիկ նույնիսկ Ավագ Ուրբաթ օրը չեն կարողանում պահք պահել: Իսկ, ահա, մի ինչ-որ նախարարության շենքի դիմացի մայթին նստած՝ կարող են համառությունից դրդված հացադուլ հայտարարել՝ ի նշան բողոքի, որպեսզի ինչ-որ բանի հասնեն: Բանսարկուն նրանց ուժ է տալիս դրա համար: Այն, ինչ նրանք անում են՝ ինքնասպանություն է: Իսկ մյուսներն ուրախությամբ, բարձրաձայն «Քրիստոս Հարյավ» են երգում Սուրբ Հարության տոնին՝ մտածելով, թե հիմա ի՜նչ լավ կճաշեն արդեն: Այդպիսի մարդիկ հրեաների նման են, որ ցանկանում էին Քրիստոսին թագավոր կարգել, քանի որ կերակրել էր իրենց անապատում (Հովհ. 6:5-15):

Իսկ հիշո՞ւմ եք, մարգարեն ինչ է ասում. «Թող անիծյալ լինի նա, ով Տիրոջ գործը ծուլությամբ կկատարի» (Երեմ. 48:11): Մի բան է, երբ մարդ բարեհաճ է պահքի նկատմամբ, սակայն չի կարող պահել, քանի որ, եթե չուտի՝ ոտքերը կսկսեն դողալ, նա ուշաթափ կլինի և այլն: Այսինքն նրա ուժերը, նրա առողջությունը չեն նպաստում, որպեսզի նա պահք պահի: Ուրիշ բան է, եթե մարդ՝ ուժ ունենալով, պահք չի պահում: Այս պարագայում էլ ո՞ւր մնաց բարեհաճությունը: Իսկ ահա այն մարդու դառնությունն ու տխրությունը, ով ուզում է, սակայն չի կարող ճգնել՝ արդեն իսկ սխրանքի պես է և ինքն ավելի մեծ վարձք ունի, քան նա՝ ով ուժեր ունի և ճգնում է: Քանի որ նա՝ ով ուժ ունի և ճգնում է, որոշակի բավարարվածություն է զգում: Այսօր մի խեղճ կին էր եկել, մոտ հիսունհինգ տարեկան: Նա լաց էր լինում, որովհետև չէր կարողանում պահք պահել: Ամուսինը բաժանվել էր նրանից: Նա մի երեխա ուներ, որն ավտովթարի էր ենթարկվել և վախճանվել, և նա միայնակ էր մնացել: Նրա մայրը նույնպես մահացել էր և նա ո՛չ տանիք ուներ իր գլխավերևում, ո՛չ էլ՝ մի կտոր հաց: Նրա ծանոթները հերթով իրենց տներն էին վերցնում նրան և նա ինչ-որ գործ էր անում այնտեղ: «Հոգուս վրա մեծ բեռ կա, հա՛յր,- ասաց ինձ այդ դժբախտը,- որովհետև ես ոչինչ չեմ անում: Եվ ամենից վատնն այն է, որ չեմ կարողանում պահք պահել: Ուտում եմ այն, ինչ տալիս են ինձ: Երբեմն, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, պահոց կերակուր են տալիս, բայց ավելի հաճախ դա սովորական կերակուր է լինում և ես ստիպված եմ լինում ուտել, որովհետև, եթե չուտեմ՝ ուժերս կորցնում եմ և չեմ կարողանում ոտքի վրա մնալ»: «Կեր,- ասացի նրան,- քանի որ ուժ չունես»: Մարդ պետք է հետևի իրեն: Եթե նա տեսնում է, որ ուժերը չեն բավականացնում իրեն, ապա թող ավելի շատ ուտի: «Չափ սահմանիր քեզ համար»,- ասում է Սուրբ Նեղոս Սինայեցին*:

- Հա՛յր, իսկ հնում, գյուղերում որոշ կանայք ինչպե՞ս ոչինչ չէին ուտում Սուրբ Թեոդորոս զորավարի շաբաթվա երկուշաբթիից մինչև շաբաթ օրը**: Նրանց ուժերն ինչպե՞ս էին բավականացնում այդպիսի ծոմի համար: Չէ՞ որ տան, երեխաների, բանջարանոցի, ընտանի կենդանիների հետ կապված շատ գործ ունեին:

- Այդ կանայք իրենց մտքում ասում էին. «Եթե մենք ինչպես հարկն է պահք պահեինք, ապա մինչև Ավագ Շաբաթ պետք է ոչինչ չուտեինք»: Դե լավ, մտածում էին, գոնե մինչև առաջիկա շաբաթը պահք կպահեմ, քանի որ այդ շաբաթը մոտ է: Կամ, միգուցե, մտածում էին. «Քրիստոս քառասուն օր ծոմ պահեց (Մատթ. 4:2, Ղուկ. 4:2): Ի՞նչ է, միայն մեկ շաբաթ չե՞մ կարողանա պահել»: Բացի այդ, այդ կանայք շատ պարզ ու հասարակ էին և այդ պատճառով էլ կարողանում էին այդպիսի պահքը պահել: Եթե մարդ պարզ ու խոնարհ է, ապա ընդունում է Աստծո շնորհներն ու խոնարհաբար պահք է պահում և աստվածային կերակուր է ընդունում: Այդ ժամանակ նա աստվածային ուժն է ընդունում և դիմացկունության պաշար է ունենում երկարատև պահքերի ժամանակ: Ավստրալիայում մի քսանյոթ տարեկան երիտասարդ այնտեղ էր հասել, որ կարող էր քսանութ օր ոչինչ չուտել: Նրա հոգևոր հայրն ինձ մոտ ուղարկեց նրան, որպեսզի պատմի այդ մասին: Դա երկյուղածությամբ և ճգնավորական ոգով լի մի երիտասարդ էր: Նա մեղքերի խոստովանության էր գնում, եկեղեցի էր հաճախում, սրբերի վարքն էր կարդում, իսկ ամենից շատ կարդում էր Նոր Կտակարանը: Մի անգամ, Ավետարանում կարդալով, որ Քրիստոս քառասուն օր ծոմ էր պահել՝ պատանին ի սրտե ազդվեց և մտածեց. «Եթե Տերն՝ Աստված լինելով, իսկ մարդկային առումով Անմեղ Մարդ լինելով՝ քառասուն օր ծոմ պահեց (Մատթ. 4:2, Ղուկ. 4:2), ապա ես ի՞նչ պետք է անեմ, որ այդքան մեղավոր եմ»: Այդ պատճառով էլ հոգևոր հորից օրհնություն խնդրեց պահքի համար, սակայն մտքով էլ չանցավ ասել նրան, որ մտադրվել է քառասուն օր բացարձակ ոչինչ չուտել և չխմել: Այսպիսով, նա Մեծ Պահքի առաջին շաբաթվա երկուշաբթիից սկսած ծոմ պահեց մինչև Մեծ Պահքի երրորդ շաբաթը՝ նույնիսկ ջուր չառնելով բերանը: Իսկ ինքը գործարանում էր աշխատում՝ բավականին ծանր աշխատանքով. նա արկղերն էր դարսում իրար վրա: Երբ ծոմի քսանութերորդ օրն էր, աշխատանքի ժամանակ մի քիչ գլխապտույտ զգաց և այդ պատճառով մի փոքր նստեց: Այնուհետև թեյ խմեց և չորահացի մի փոքրիկ կտոր կերավ: Նա մտածեց, որ եթե ընկնի և իրեն հիվանդանոց տանեն, ապա այնտեղ կհասկանան, որ ուժասպառ է եղել պահքից և կասեն. «Տեսա՞ք, այդ քրիստոնյաները պահքի պատճառով մեռնում են»: «Հա՛յր,- ասաց ինձ նա,- այդքան օրեր պահք պահելով՝ ես զզվանք եմ զգում ուտելիքի հանդեպ: Բայց ստիպում եմ ինձ ինչ-որ բան ուտել, այլապես չեմ կարողանում աշխատել»: Սակայն այդ երիտասարդին տանջում էր այն միտքը, որ իր սկսած պահքի քառասուն օրերը չի լրացրել և նա իր հոգևոր հոր հետ կիսեց այդ միտքը: Հոգևոր հայրը պատասխանեց. «Մի տանջիր քեզ այդ մտքերով, բավական են այն օրերը, որ պահել ես»: Հետո նրան ինձ մոտ ուղարկեց, որպեսզի ես օգնեմ ցրել այդ մտքերը, եթե դեռ մնացել էին: Կամենալով համոզվել, որ այդ երիտասարդին դրդող պատճառները մաքուր են՝ հարցրեցի. «Ի՞նչ է, երդվե՞լ ես քառասուն օր ծոմ պահել»: «Ոչ»,- պատասխանեց նա: «Երբ դու քո հոգևոր հորից օրհնություն էիր վերցնում պահքի համար, ապա դու ուղղակի չմտածեցի՞ր քո մտադրությունը հայտնել նրան, որ ուզում ես քառասուն օր ոչինչ չուտել և չխմել, թե՞ գիտակցաբար պահեցիր նրանից այդ կարծեցյալ բարի մտադրությունը, որպեսզի քառասուն օր սեփական կամքով պահք պահես»,- կրկին հարցրեցի նրան: «Ո՛չ, հա՛յր»,- կրկին պատասխանեց նա: Այդժամ ես ասացի. «Իհարկե, ես զգում էի քո տրամադրվածությունը: Բայց ես հարցրեցի քեզ այդ մասին, որպեսզի ինքդ հասկանաս, որ քո պահած պահքի օրերի համար դու երկնային վարձք կունենաս: Այդ օրերը բավարար էին: Եվ մի տանջիր քեզ այն մտքով, որ չկարողացար քառասուն օր պահել: Սակայն հաջորդ անգամ հոգևոր հորն ասա նաև այն բարի մտադրությունների մասին, որ ունես և պահում ես սրտումդ: Իսկ հոգևոր հայրը կորոշի, թե անհրաժեշտություն կա՞ արդյոք, որ քեզ վրա այդպիսի սխրանք կամ նման մի բան վերցնես»: Այդ երիտասարդը մեծ խոնարհություն ուներ իր մեջ՝ այն խոնարհ մտքերի շնորհիվ, որ զարգացնում էր իր ներսում: Եվ այդ պահքն էլ նա հանձն էր առել մեծ բարեպաշտությունից ելնելով. Քրիստոսի համար: Եվ բնական էր, որ Քրիստոս զորացրել էր նրան Իր Աստվածային Բարեբերությամբ: Իսկ եթե մեկ ուրիշը կամենա այդպիսի պահք հանձն առնել, ով (այդպիսի խոնարհություն չունենալով) եսասիրաբար ասում է. «Եթե մեկ ուրիշը կարող է, ապա ես ինչո՞ւ չեմ կարող նույնը անել», ապա նա միայն մեկ-երկու օր կպահի այդ պահքը և ուժասպառ կլինի դրանից հետո: Եվ նրա միտքն էլ կմթագնի, որովհետև Աստծո Բարեշնորհությունը կլքի նրան: Այդպիսի մարդը նույնիսկ կափսոսա այն ուժերի համար, որ ծախսել է այդ պահքի վրա, որին հազիվ է դիմացել: Նույնիսկ կարող է այնտեղ հասնել, որ կասի. «Եվ ի՞նչ տվեց ինձ այդ պահքը»:

Պահքի միջոցով մարդ գառնուկ է դառնում: Եթե նա գազանի է վերածվում, ապա դա երկուսից մեկը կարող է նշանակել. կամ նրա ձեռնարկած ճգնությունն իր ուժերից վեր է, կամ նա եսասիրությունից մղված է զբաղվում դրանով և այդ պատճառով էլ աստվածային օգնությունը չի ստանում: Նույնիսկ վայրի կենդանիներին, գազաններին է պահքը երբեմն հնազանդեցնում, ձեռնասուն դարձնում: Տես, երբ կենդանիները սոված են՝ նրանք մոտենում են մարդուն: Կենդանիները բնազդաբար զգում են, որ սովից կսատկեն, իսկ մարդուն մոտենալով՝ կարող են ուտելիք գտնել և ողջ մնալ: Մի անգամ մի գայլի եմ տեսել, որ սովից գառնուկի պես էր դարձել: Ձմռանը, երբ շատ ձյուն եկավ, նա սարերից իջավ և մեր բակ մտավ: Ես ու եղբայրս դուրս եկանք անասուններին կերակրելու և ես ձեռքումս լամպ էի պահել: Գայլին տեսնելով՝ եղբայրս ձեռքն առավ եղանն ու սկսեց խփել նրան: Իսկ գայլը որևէ կերպ չէր արձագանքում:

Եթե մարդը չաճի այնքան, որպեսզի այն ինչ անում է՝ Աստծո և իր մերձավորի հանդեպ զգացած սիրուց անի, ապա իզուր է վատնում իր ուժերը: Եթե նա պահք է պահում հպարտության զգացումով, որ ինչ-որ կարևոր բան է անում, ապա ողջ նրա պահքն ապարդյուն է: Այնուհետև այդպիսի մարդը ծակ տակառի է նմանվում, որում ոչինչ չի մնում: Փորձիր ծակ տակառի մեջ ջուր լցնել. ամբողջն աստիճանաբար դուրս կհոսի:

* Տե՛ս Սուրբ Նեղոս Սինայեցու երկերը, Մ., 2000թ., էջ 130:

** Այսինքն հինգ օր ձեռնպահ էին մնում կերակուր և ջուր ընդունելուց:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

21.06.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․