Գրքեր

Բարսեղ եպիսկոպոս Կեսարացու պատասխան նամակը՝ Մեծն Դիոդորոս Անտիոքացի երեցին

Մեզ հասավ այն գրությունը, որը «…Դիոդորոսից» խորագիրն ուներ, սակայն այդ գրությունը մեզ հասցնող պատգամաբերի խոսքը վայելչությամբ չէր զիջում քո խոսքին, Դիոդորո՛ս: Ինձ այնպես է թվում, թե այդ պատգամաբերը որևէ հրաշքով քո իսկ կերպարանքն էր առել՝ ունկնդիրներին իր խոսքերի մեջ հավաստիացնելու համար: Սակայն երբ նրան հարցրին, թե՝ եթե մեկի կինը մեռնի, այդ մեկը կարո՞ղ է իր կնոջ քրոջը կնության առնել, նա, թեպետ չդողաց ու չսոսկաց այդ հարցումից, սակայն, խնդությամբ հանձն առնելով պատասխանել այդ հարցին, նման գիջական ցանկությունը իրագործելը թույլատրելի համարեց:

Արդ, եթե ես քո գիրը ավելի վաղ ստացած լինեի, քո այդ պատգամաբերի հետ էլ կուղարկեի պատասխան գրությունը, որը քեզ բավականին կօգներ ճշմարտությամբ առաջնորդվելու հարցում: Սակայն քանի որ նա, ով մեզ բերեց-հասցրեց քո նամակը, իսկույն էլ հեռացավ՝ իր ձեռքում իբրև հաղթաթուղթ ունենալով վերոնշյալ գիջական ցանկությունը թույլատրելի համարելու իշխանությունը, ուստի մենք միայն այժմ ենք գրով դիմում ձեզ՝ ցանկասիրության արգասիք եղող մարդկային այդ սովորության նկատմամբ ձեր տված թույլտվությանն արգելք հանդիսանալով։

Հենց այս իսկ պատճառով էլ քեզ գրում եմ այս նամակը, որպեսզի ես և դու երկու տարբեր կողմերից պայքարենք այդ անօրեն ցանկասիրության դեմ՝ թույլ չտալով, որ մարդիկ իրագործեն այն և ոչ էլ մեզնից այնպիսի մի խոսք լսեն, որը կարող է նրանց համար չարիք գործելու առիթ դառնալ։

Եվ, նախ և առաջ, նշեմ, որ ժամանակների հեռավորությունից մեզ է հասել այս հարցին առնչվող մի այնպիսի սովորություն, որն այժմ արժանի է հիշատակելու և որը օրինական մեծ զորություն ունի իր մեջ՝ սուրբ մարդկանց կողմից մեզ ավանդված լինելու պատճառով: Այդ սովորությունը, որի մասին խոսում եմ, հետևյալն է. «Եթե մեկը, պղծության ախտով հաղթվելով, անօրինաբար մերձենա երկու քրոջ հետ, թող որ դա ամուսնություն չհամարվի և ոչ էլ կարելի է նրանց եկեղեցու միաբանության գիրկն ընդունել, մինչև նրանց՝ միմյանցից բաժանվելը»:

Սակայն, քանի որ այդ ասվածը բավական չեղավ և մարդկանց չարությունն էլ այնքան շատ էր, որ այդ կանոնը խախտվեց անարգ ու խոտելի արարքներով և դեռ չարի այդ ընթացքը մինչև իսկ մեր օրերում շարունակվում է, այդ պատճառով էլ հարկ է, որ մենք ևս, ինչքան որ մեր միտքը թույլ է տալիս, օգնենք ամենքին՝ հեռու մնալու այդ չար սովորությունից, և թույլ չտանք նրանց այդ չարիքը գործել:

Իսկ ահա հավատք ունեցող յուրաքանչյուր մարդու համար էլ հույժ առաքինի, մեծագույն ու ամեն խոսքից էլ առավել զորավոր մի խոսք կա՝ գրված Ղևտական գրքում, որն ասում է. «Քո կնոջ քրոջ հետ չմերձենա՛ս, քանի դեռ քո կինը ողջ է, որովհետև դա քո կնոջ համար խանդի պատճառ կդառնա և քեզ համար խայտառակություն ու ամոթ կլինի» (հմմտ. Ղևտ. ԺԸ 18): Արդ, արդյո՞ք այս խոսքից հայտնի է դառնում, որ կնոջ վախճանից հետո թույլատրելի է նրա քրոջը մերձենալը:

Այս ամենի մասին ես նախ և առաջ կամենում եմ ասել, որ սխալ է այն կարծիքը, թե վերոնշյալ խոսքերը Օրենքի տակ գտնվողներին են վերաբերում, և թե՝ «հակառակ դեպքում ուրեմն մենք էլ պետք է թլփատություն կատարենք, պահենք շաբաթը և կերակուրներն ընտրողությամբ ճաշակենք»: Այսպես խորհողները այն բոլոր հարցերում, որոնցում իրենց հեշտասիրությունը «թույլ է տալիս», Օրենքի ծառայության լծի տակ են դնում իրենց անձերը, իսկ երբ որևէ օրենք իրենց համար ծանր կատարելի է թվում, այդժամ նրանք իրենք իրենց Քրիստոսի ազատությամբ  Օրենքից «ձերբազատված» են համարում:

Մեզ հարց է տրվել, թե արդյո՞ք կարելի է կնոջ մահից հետո կնոջ քրոջը կին առնել: Նախ ասեմ, որ մենք շատ զգուշավոր պետք է լինենք, որպեսզի հաստատուն ու ճշմարիտ պատասխան տանք, քանի որ այդ մասին որևէ բան չկա գրված: Ուստի և, քանի որ այս հարցին առնչվող որևէ գրություն չկա, մենք զգուշություն պիտի ցուցաբերենք, որպեսզի չստացվի այնպես, որ նման վատ սովորությունը արգելել ջանացող մեր խոսքը օրինադրի խոսքին հակասող թվա և մարդիկ էլ, այդ ամենից օգտվելով, համարձակորեն հանդգնություն ցուցաբերեն ու մինչև իսկ կնոջ՝ դեռևս ողջ լինելու ժամանակ նրա քրոջը կին առնեն:

Այլ գիտենա՛նք, որ օրինադրի կողմից սահմանված՝ կնոջ քրոջ հետ ամուսնանալու արգելքը նաև կնոջ մահվանից հետո էլ շարունակում է արգելք մնալ: Ոմանք ասում են, թե այդ արգելքի պատճառն այն էր, որ նման մերձեցումը կնոջ համար խանդի պատճառ կդառնար, ուստի և եթե կինն արդեն վախճանված լինի, նման հակառակություն չի կարող առաջանալ, այդ իսկ պատճառով էլ, ըստ ոմանց, այդ դեպքում թույլատրելի է կնոջ քրոջ հետ ամուսնանալը: Սակայն այսպես են ասում այս ախտի ջատագովները և կնոջ մահվան պարագայում հակառակության ու նախանձի տրամաբանական «բացակայությունն» էլ առիթ են համարում կնոջ քրոջ հետ ամուսնանալու արգելքի վերացման:

Ուստի այժմ տեսնենք, թե ինչն է, որ արգելք է հանդիսանում կնոջ քրոջ հետ ամուսնանալու համար, և ո՛չ թե գոյություն ունեցող փաստարկները բերենք, որոնք արգելում են միությունը և միացած լինելու դեպքում էլ՝ բաժանում են պարտադրում, այլ այդ արգելքը հիմնավորող մտքի ընթացքին հետևելով՝ փաստենք, որ ահրաժեշտ է օրինադրի սահմանած կարգին դառնալ ու դադարել հակառակամիտ չարախոսություններից:

Ինքը՝ օրենքների Օրինադիրը, իր ժողովրդին որոշ մեղքերից հեռու պահելու նպատակով նրանց հրամայեց հեռանալ եգիպտացիներից ու գնալ քանանացիների երկիրը՝ պատվիրելով. «Մի՛ արեք այն, ինչ արեցիք եգիպտացիների երկրում, որտեղ բնակվում էիք, և մի՛ արեք նաև այն, ինչ անում են քանանացիների երկրում, ուր ձեզ տանելու եմ, և նրանց օրենքներով մի՛ առաջնորդվեք» (հմմտ. Ղևտ. ԺԸ 3): Արդ, տեսնում ենք, որ եթե Իսրայելը կատարեր Օրինադրի պատվիրանը, ապա հեռու կմնար զանազան մեղքերից, սակայն քանի որ հրեա ժողովուրդը չլսեց Տիրոջ պատգամները, չար սովորություններով գարշելի պղծությունների մատնվեց:

Այս նույն կերպ էլ մյուս օրինադիրը՝ Մովսեսն է զգուշացնում հեռու մնալ զանազան ախտերից: Սակայն այստեղ հարց է ծագում, թե ինչու նա, մեծ ախտերից զգուշացնելով, փոքրերի մասին լուռ է մնում և թեպետ երկու ողջ եղող քույրերին կնության առնելը, իբրև մարմնասեր ցանկություն, վնասակար է համարում և արգելում է, սակայն նրանցից մեկի վախճանի դեպքում տեղի ունենալիք հնարավոր մերձեցման մասին որևէ բան չի ասում: Այս դեպքում, ուրեմն, մենք ո՞ր խոսքի համաձայն պետք է գործենք, գրի առնվա՞ծ, թե՞ լռության մատնված՝ այս վերջինը քննելով և հետազոտելով:

Այստեղ մեզ ուղղորդելու են գալիս Սուրբ Գրքի տողերը: Հայտնի է, որ չի կարելի և արգելված է, որ հայրն ու որդին միևնույն պառնիկ կնոջ հետ խառնակվեն, և չնայած որ դրա մասին որևէ բան չկա գրված Օրենքում, սակայն այդ երևույթը ամբաստանության է ենթարկվում մարգարեի կողմից. «Հայր ու որդի,- ասում է,- մի կնոջ մոտ էին մտնում» (Ամոս Բ 7):

Եվ դեռ քանի՜-քանի տեսակի պիղծ ախտեր կան, որոնց մասին դիվական խորհուրդները գիտեն, սակայն և որոնց մասին աստվածային Գրքերը լռում են, որպեսզի պարկեշտ պատվիրանները զազիր ու գարշելի անունների թվարկումով չաղտոտեն, այլ այդ բոլորը մեկ ընդհանուր անունով աղտեղություն են համարում, ինչպես որ Պողոս առաքյալն էլ է ասում. «Պոռնկության և ամեն տեսակ աղտեղության անունն իսկ թող չհիշվի ձեր մեջ, ինչպես որ վայել է սրբերին» (հմմտ. Եփս. Ե 5)՝ այդպիսով «աղտեղություն» անվան տակ ամփոփելով տղամարդկանց ու կանանց ոճրագործությունները: Եվ ապա, ուրեմն, ոչ բոլոր հարցերի շուրջ լռությունն է ցանկասերներին աներկյուղություն ուսուցանում:

Բայց և ես մեր կողմից քննության առարկա այս խնդրի մասին պետք է ասեմ, որ այն բնավ լռության մատնված չէ, այլ շատ էլ խոսուն ձևով արգելված է օրինադրի կողմից, քանի որ, ասելով՝ «քեզ արյունակից հարազատիդ չմոտենա՛ս՝ նրա ամոթույքը բանալու նպատակով» (Ղևտ. ԺԸ 6), Մովսեսը որևէ ազգականի հետ մերձենալու արգելքը սահմանեց: Իսկ ահա, քանի որ կնոջ հետ ունեցած հարազատությունից առավել հարազություն չի կարող գոյություն ունենալ, որովհետև մարդն ու կինը այլևս երկու մարմին չեն, այլ՝ մի մարմին (հմմտ. Եփս. Ե 31), ուստի և այդ պատճառով էլ, կնոջ հետ միությամբ պայմանավորված, ամուսինը ազգակցական կապերով է կապվում իր կնոջ քրոջ հետ:  

Եվ ինչպես որ ամուսինը իր կնոջ մոր կամ իր կնոջ դստեր հետ չի կարող մերձենալ, այդպես էլ և կնոջ քրոջ հետ չի կարող ամուսնանալ: Այս նույն օրինակով էլ, ինչպես որ տղամարդը իր կնոջ քրոջը չի կարող կնության առնել, այդպես էլ կինը չի կարող իր ամուսնու ընտանիքի անդամներից մեկի հետ ամուսնանալ, քանի որ այր ու կնոջ դեպքում հավասարապես նրանք իրենց ամուսնու ազգականների հետ միացած են հարազատության կապերով:

Բայց ես բոլոր նրանց, ովքեր  ամուսնության մասին են խորհում, իբրև հորդոր մի բան կասեմ, թե «այս աշխարհի վայելչությունը անցնելու վրա է» (հմմտ. Ա Կորնթ. Է 31) ու «ժամանակը կարճ է, ուստի և նրանք, որ կին ունեն, թող այնպես ապրեն, որպես թե՝ ունեցած չլինեին» (հմմտ. Ա Կորնթ. Է 29):

Իսկ եթե մեկը ինձ բերի-ցույց տա ու ընթերցի այն խոսքը, որն ասում է՝ «աճեցե՛ք և բազմացե՛ք» (Ծննդ. Թ 1), ես կծիծաղեմ նրա վրա ա՛յն բանի պատճառով, որ նա օրինադրության ժամանակը տարորոշել չի կարողանում: Իսկ ահա երկրորդ ամուսնությունն, առհասարակ, սփոփանք է ընդդեմ պոռնկության և թույլատրված է անհագ գիջության պաշարը սպառելու անհրաժեշտությամբ. «Եթե չեն կարողանում իրենց անձերը հեռու պահել պոռնկանալուց, թող ամուսնանան» (հմմտ. Ա Կորնթ. Է 9):

Սակայն այդպիսիք, ահավասիկ, անգամ մարմնի բնության հարազատությունը չեն տեսնում իրենց հոգու աչքերի՝ անհագ գիջության պատճառով ճպռակալած լինելու պատճառով, և չեն զանազանում այն, ինչը վաղնջական ժամանակներից ի վեր միևնույն ցեղին պատկանելիությամբ պայմանավորված՝ ուրիշներից զանազանության չափանիշ է եղել:

Արդ, ուրեմն, խառնակ ամուսնությամբ ծնված մանկանը ինչպիսի՞ ազգակցական հարաբերությունների մեջ պետք է դնել մյուս երեխաների հետ: Եղբա՞յր պետք է անվանել այդ մանուկներին, թե՞ մորաքրոջ որդիներ պիտի կոչվեն նրանք, քանի որ այս երկու անուններն էլ տեղին են ու պատշաճում են նրանց՝ տեղի ունեցած խառնակ մերձեցման պատճառով:

Ո՜վ մարդ, դու կին մի՛ առ քո մորաքրոջը, քո մորից ծնված զավակներից և ո՛չ մեկին և ո՛չ էլ քո մանուկներին մոր փոխարեն գուրգուրած ու սնուցած կնոջը, քանի որ այդպիսի խորթ մայրը մշտապես անհաշտ, քինախնդիր և նախանձոտ է լինում ու մինչև մահ թշնամանքով է լցված լինում իր խորթության պատճառով: Եվ եթե նրանք, ովքեր տարբեր ազգությունների լինելով՝ թշնամանք են ունենում միմյանց նկատմամբ, մահվամբ հաշտություն են «կնքում», ապա խորթություն ունեցող մայրերի պարագայում անգամ մահից էլ անդին շարունակվում է թշնամությունը:

Արդ, իմ այս ճառի գլխավոր գաղափարն այն է, որ եթե մեկը օրինական ձևով ամուսնանալ է կամենում, ապա ողջ աշխարհը նրա առջև բաց է՝ այր կամ կին ընտրելու համար, իսկ եթե նրա ամուսնության փափագը ախտավոր է, ապա նրան խստիվ պետք է արգելել իր այդ չար ցանկությունն իրագործելուց, որպեսզի և յուրաքանչյուր ոք էլ սովորի իր անձը պահել սրբությամբ, ու ոչ թե՝ ցանկության կրքով (հմմտ. Ա Թսղ. Դ 4):

Ես կկամենայի շատ ավելին ասել՝ այս խնդրի հանգույցը արձակելու համար, սակայն թղթի չափը ինձ թույլ չի տալիս այդ անել: Բայց աղոթքով խնդրում եմ, որ մեր այս խրատը ախտից ավելի զորավոր գտնվի, որպեսզի կարիք չլինի, որ մենք գանք- հասնենք այն ցավի վայրը, որտեղ որևէ մեկը կհամարձակվի այս ախտով մեղանչել, այլ կկամենայինք, որ ամենքս էլ շարունակեինք մնալ ու ապրել այնտեղ, որտեղ որ ենք այժմ:

 

 

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս Էջմիածին, 2008թ,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ Կարապետյանը

22.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․