Գրքեր

Բուն Բարեկենդանի քարոզ

 

«…. աղաչեա մայր Աստուծոյ Մարիամ, զմիածին քո զՈրդին զի շնորհեսցէ ըստ աւազակին. Ժառանգել վերըստին մեզ ըզդրախտին վայելչութիւն»:

«…. Մա՜յր Աստծո` Մարիա՛մ, աղաչի՛ր քո Միածին Որդուն, որպեսզի, ինչպես ավազակին, նույնպես և մեզ շնորհի ժառանգել Դրախտի վայելչությունը» (Շարակնոց)։

 

 

Այսօր եկեղեցում գեղեցիկ տոն է, սիրելինե՛ր,

Բուն Բարեկենդան: Քրիստոնեական ուրախության տոն, հիշատակն այն կատարյալ երանության, որում արարվեց մարդը, որն ուներ ու վայելում էր դրախտային այգում: Այսօր մենք հիշում ենք այն երանությունը, որը չնայած կորցրինք, սակայն որին կոչված ենք և ձգտում ենք:

Մեր նախահայր Ադամը, որից սերում ենք, սխալվեց մեկ անգամ ու իր երկար ու ձիգ կյանքի ողջ ընթացքում ողբաց այդ սխալը: Աստվածային անմահական քաղցրությունը ճաշակած հոգին դարեր շարունակ ստիպված եղավ՝ իր մեղքի դառնահամ լեղին խմելու: Հին Ադամի սխալը փակեց Եդեմի դարպասները, սակայն մենք այսօր ուրախանամ ենք, քանի որ Նոր Ադամի ամենաօրհնյալ զոհագործությամբ դրանք վերստին բացվեցին և հավիտյանս բաց են նախամարդու սերունդների առջև:

Ադամը լալով ավանդեց հոգին, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, սակայն ոչ երբեք հուսահատ, քանի որ գիտեր ու հավատում էր Արարչի խոստմանը, որ մի օր գալու է այն Մեկը, որն ի զորու է լինելու սրբագրել իր գործած սխալն ու մահը ջնջելով` ոսկետառ ու անանց կյանք է գրելու: Աստվածորդու գալստյամբ Բազմագութն ու Ողորմածը վերջակետ դրեց հայր Ադամի հազարամյակներ ձգվող հոգնատանջ սպասումին և նրա տառապյալ հոգին վերջապես խաղաղության արժանացավ վերագտնված դրախտի լուսե օթևաններում:

Եկեղեցու խորանն այսօր փակ է, սիրելինե՛ր, և դա մեզ հուշում է, որ ինչ որ արտառոց ու խորհրդավոր բան է կատարվում Զինվորյալ Եկեղեցում: Փակվել է եկեղեցու վարագույրը, որպեսզի կրկին բացվի շաբաթներ անց՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառապանծ Հարության տոնին: Բացվելու է կյանքի հաղթության տոնին՝ բերկրությամբ լցնելով բոլորիս հոգիները: Բայց նախքան այդ ցնծալի իրադարձությունը, նախքան զատկական տոնական զանգերի ղողանջը, մենք ճանապարհ ունենք անցնելու, սիրելի՛ հավատացյալներ: Եվ այսօր՝ դրախտի փափկության հիշատակության օրը, երբ արդեն փակվել է խորանի վարագույրը, կամաց-կամաց վեր է բարձրանում մեկ այլ վարագույր՝ մեր առջև բացելով Մեծ Պահքի մարգարտաշար կիրակիների հոգեշահ ճանապարհը, որի ամեն մի հատիկը քրիստոնեական գիտակցությամբ անցնելով՝ պիտի հասնենք Սուրբ Հարության տոնին և ողջունենք հարուցյալ Քրիստոսին:

Պահքի ճանապարհն, այո՛, դյուրին չէ, սիրելի՛ հավատացյալներ, որովհետև ենթադրում է ոչ միայն սնունդի, այլ առավել մեր անձի սահմանափակում: Սա հոգևոր պայքարի, հոգևոր գիտելիքի գործնական կիրառման կարևորագույն ճանապարհ է: Ճանապարհ է հոգևոր փորձառության, աճի և իմաստության: Եվ որքան էլ խրթին է պայքարի ուղին, որքան էլ չարը փորձում է զանազան հնարքներով մեզ հետ պահել առաքինության ճանապարհից, չպիտի վախենանք կամ ծուլության ու փափկասիրության պատճառով հրաժարվենք մեզ ընձեռված անգին հնարավորությունից, որովհետև նախ՝ զինվորագրվել ենք Զինվորյալ Եկեղեցուն և երկրորդ՝ ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Ամեն ինչի կարող եմ նրա՛ շնորհիվ, ով ինձ զորացրեց» (Փիլ. 4:13):  

Մարդ արարածը մի զարմանալի հատկություն ունի, սիրելի՛ հավատացյալներ՝ ամեն ինչի հարմարվելու հատկությունը, երբ մարդու համար սովորական է դառնում թե՛ լավը, թե՛ վատը:

Դա մի կողմից կենսական անհրաժեշտություն է, քանի որ երբեմն պաշտպանական դեր է կատարում, երբ, օրինակ՝ մարդը հայտնվում է անազատության պայմաններում, կամ գամվում անկողնուն, և համակերպվելուց զատ այլ ելք չի մնում: Այլապես մարդկային փխրուն հոգին կարող է չդիմանալ այդ պայմաններին և մարդը կարող է ուղղակի խելագարվել: Սակայն այս հատկության բացասական կողմն այն է, որ մարդու համար սովորական է դառնում նույնիսկ ամենաթանկագինն ու արժեքավորը, այն, ինչին նա ձգտել է ողջ կյանքում, կամ անգամ չի էլ երազել, որ մի օր կարող է իր երազանքն իրականություն դառնալ: Այն, ինչ երեկ սրտիդ ստիպում էր խենթորեն բաբախել, այն, ինչից շունչդ կտրվում էր, այսօր դառնում է սովորական քեզ համար, բայց ոչ այն պատճառով, որ այսօր ավելի պակաս արժեքավոր է, այլ մարդկային թերի բնությունն է իր համար արժեզրկում հասանելի անգինը: Մարդկային տկար բնությունը, որ իր անլիարժեքությունը լրացնելու անդադար փնտրտուքների մեջ է, հաճախ հակված է տրտնջալու, սրտնեղելու ու երբևէ չբավարարվելու: Այս հակումն է, որ մարդու համար արժեզրկում է նույնիսկ ամենաանգինն ու սուրբը, և նա դառնում է այն պատմության հերոսը, որը ողջ կյանքում փնտրում էր երջանկություն պարգևող քարը, և երբ մի օր ծովափի քարերի մեջ փնտրելիս, դրանք հերթով ջուրն է նետում, սովորության ուժով նետում է նաև բաղձալի քարը, որի փնտրտուքներին ողջ կյանքն էր նվիրել:

Այս պատմությունից ապահովագրված չէ և ոչ մեկը, սիրելինե՛ր, քանի որ երկար տարիներ Եկեղեցում սրբությանն առընչվելով՝ հետզհետե սկսում են խամրել գույները, թուլանալ հոգևոր հոտառությունն ու տեսողությունը, և աստվածային քաղցրությունն իր տեղը մեր հոգում աստիճանաբար զիջում է խստասրտությանը, հոգևոր գոլությանն ու անտարբերությանը: Եվ ահա Մեծի պահոց շրջանը հրաշալի առիթ է՝ թմրությունն ու ծուլությունը մեզնից թոթափելու և թարմացնելու սովորական դարձած հոգևոր կյանքի խամրող գույները: Հրաշալի միջոց է՝ այնքա՜ն կարևոր հոգևոր արգելակը սեղմել սովորելու, քանի որ սովորելով ձեռքը ժամանակին կերակրի ամանից հետ քաշել, սովորում ենք նաև միտքը կառավարել և մարմնի մյուս մասերը զսպել մեղանչելուց: Հրաշալի առիթ է՝ նոր ուժով զգալու Քրիստոսի սերը մեզնից յուրաքանչյուրի հանդեպ և մեր փոխադարձ սերը փաստելու առ Տեր: Հենց այս գիտակցումով պիտի մտնեք պահոց շրջանը, որպեսզի այն չվերածվի տանջալից փորձության: Սիրով և ուրախությամբ պիտի կատարեք ձեր զոհաբերությունը, սիրելի՛ հավատացյալներ, վստահ լինելով, որ Երկանավոր Հայրն անասելի ուրախանում է՝ Իր զավակի ջանքերը տեսնելով, և շտապում՝ զորացնելու նրան իր անձնական սխրանքի ու նվիրումի ճանապարհին:

Նայե՛ք սրբերին, սիրելինե՛ր, վերընթերցե՛ք նրանց վարքը, կարդացե՛ք ճգնավորների կյանքի մասին ու կտեսնեք, թե ինչպիսի՜ պատրաստակամությամբ և ուրախությամբ էին նրանք գնում պահեցողության: Ինչպիսի՜ սիրով էին խնամում ու հոգ տանում նույնիսկ օտարներին՝ նրանց մեջ տեսնելով սիրելի Քրիստոսի լուսապայծառ պատկերը: Բազում ճգնավորներ, անտեսելով մարմնի ցավը, հիվանդության պատճառած դժվարությունները, անթաքույց ուրախությամբ իրենց ծառայությունն էին մատուցում Ամենակալին, քանի որ աստվածային սիրո քաղցրությունը, որ ստանում էին Տիրոջից, ծածկում ու մոռացնել էր տալիս ամեն տեսակի դժվարություն: Ես կոչ չեմ անում՝ անտեսելու առողջությունը, բնա՛վ, այլ հորդորում եմ հնարավորության սահմաններում, յուրաքանչյուրդ իր չափով, իր անձնական զոհաբերությունը բերի մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Որի սերը, խնամքն ու հոգատարությունը զգում ենք ամեն վայրկյան և ողջ կյանքի ընթացքում: Մերօրյա հայրերից մեկը գրում է. «Ուժերիդ ներածին չափո՛վ պահք պահիր: Բժշկի՛ այցելիր, իմացի՛ր՝ չունե՞ս արդյոք առողջական խնդիրներ: Օրգանիզմիդ վնաս հասցնելու վախի պատճառով պահքը մի՛ անտեսիր: Մի՛ թերագնահատիր հոգիդ և մի՛ գերագնահատիր մարմինդ: Ուժերդ մի՛ թերագնահատիր, քանի որ շատ բան կարող ես անել հանուն Քրիստոսի, իհարկե, Նրա օգնությամբ»: 

Այս շրջանը նաև ջերմեռանդ աղոթքի շրջան է, սիրելինե՛ր: Շա՛տ աղոթեցեք, անկեղծորեն խոսեք ձեզ սիրող Հոր հետ: Սիրող սիրտ, իմաստուն միտք ու ջերմեռանդ հոգի խնդրեք Նրանից: Խնդրեք, որպեսզի Տերն ավելացնի ձեր սերը Նրա ու մերձավորի հանդեպ, ամրապնդի ձեզ առաքինության, հավատքի ու վճռականության մեջ: Շա՛տ կարդացեք, սիրելի՛ հավատացյալներ: Թող Սուրբ Գիրքը, սրբերի վարքն ու հայրերի գրվածքներն ամեն օր սնեն ու զորացնեն ձեզ: Կարդացե՛ք Առակաց գիրքը, որն ականջ ունեցողի համար հրաշալի խրատարան է և իմաստության աղբյուր: Կարդացե՛ք սաղմոսները, փորձեք պահքի ընթացքում որոշ համարներ անգիր սովորել, օրինակ՝ 27(26)-րդը, 31(30)-րդը կամ 91(90)-րդը, որոնք իբրև անխոցելի վահան ձեզ կպաշտպանեն թշնամու նետերից: Եվ թող սուրբ Աստվածամոր և սրբերի բարեխոսությամբ Բուն Բարեկենդանի ուրախությունն ուղեկցի ձեզ Մեծ Պահքի ողջ ընթացքում և ապահով հասցնի Սուրբ Հարության լուսաշող տոնակատարությանը. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

23.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․