19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Հոգու մասին

Այնպես պատահեց, որ մի անգամ ինչ-ինչ մարդիկ  գինի էին ըմպում պանդոկում և արբած խոսում էին միմյանց հետ զանազան  բաներից:  Հետո զրույց բացվեց,  թե ինչ է լինում այստեղից (աշխարհից) հեռանալուց հետո: Այդ ժամանակ նրանցից մեկն ասաց.

- Քահանաները զուր են խաղում մեզ հետ, որ ասում են, թե հոգիները այս կյանքից հետո կենդանի են: Այս լսելով՝ ամենքը ծիծաղում են: Եվ ահա մի մարդ՝ ուժեղ ու մեծահասակ, գալիս  նստում է նրաց մոտ և հրամայում գինի բերեն, սկսում է  ըմպել և հարցնում, թե ինչ են միմյանց հետ խոսում: Առաջինը պատասխանում է, թե.

- Մարդկանց հոգիների մասին ենք զրուցում, որ եթե  մեկը կամենա իմ հոգին գնել, էժան կվաճառեի նրան և ինչ որ առնեի՝ հոժարությամբ ամենքի փոխարեն գինու գինը կվճարեի:

Եվ երբ ամենքը նրա անմտության վրա ծաղրում էին, հյուրն ասաց.

- Ես նման վաճառող եմ փնտրում և հոժար եմ գնել: Ասա՛, որքան ես վաճառում այն:

Իսկ նա իր բերան բացեց, ասաց.

- Այսքան

Եվ նույն ժամանակ գինը որոշեցին,  և հոգիների գնողը դրամը տվեց: Եվ երբ ամենքն արդեն ուրախությամբ ըմպում էին լի բաժակները, նա, որ իր հոգին վաճառել էր, ոչինչ չէր մտածում: Իսկ երբ երեկո եկավ, վաճառականն ասաց.

- Ժամանակն է, որպեսզի ամեն մեկն իր տուն գնա, բայց մինչ կգնանք, նախ դատաստան արեք: Եթե մեկը ձի գնի և  այն բերանին  սանձ ունենա, միթե՞ չի բռնի սանձն այն՝ ձիու հետ գնված: Ամենքը միաբերան պատասխանեցին,  թե.

- Այդ այդպես է:

Եվ ահա հոգեծախ  թշվառականն սկսեց ահից դողալ: Իսկ վաճառականը,  բոլորի աչքերի առաջ վերցրեց  նրան, բարձրացրեց  վեր՝ հոգով և մարմնով հանդերձ,  և  տարավ իր հետ դժոխք, քանզի նա սատանա էր՝ մարդու կերպարանքով, քանի որ  էլ ով՞ կարող է մարդու հոգի գնել, եթե ոչ նա, ով միշտ և ամեն օր ջանում է կորստյան մատնել մարդու հոգին:

 

Հայելի վարուց

11.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․