Գրքեր

Ճգնավոր, քահանա և վանական

Ճգնավորները կոչվում են նաև միայնակյացներ: Միայնակյաց նշանակում է ոչ միայն միայնակ ապրող, այլև միայնակ աղոթող, որովհետև ճգնավորներն առանձին ապրելով` առանձին էլ աղոթում էին: Քրիստոս ասաց` ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ (Մատթ. 18.20): Երեքը վերաբերում է ընդհանրական աղոթքին, իսկ երկուսը` առանձնական, որի ընթացքում միաբանվում են երկուսը, այսինքն` հոգին և մարմինը, որի շնորհիվ էլ միտքը կարողանում է մտնել աղոթական վիճակի մեջ: Հավանաբար շատերն են ձեզանից հետևյալ հարցը տվել. «Մենք հիմա ապրում ենք քսանմեկերորդ դարում, ի՞նչ կարիք կա միջնադարյան ճգնավորների, վանականների կամ էլ թեկուզ կուսակրոն քահանաների»: Այսպիսի հարց տվողներն ուշադրությամբ չեն խորասուզվել այն աստվածային հայտնության մեջ, որը բովանդակում է Աստվածաշունչը: Ճգնավորները հենց միայն իրենց աղոթքներով մեծ օգուտ են տվել ողջ մարդկությանը, ինչպես որ ժամանակին Մովսես մարգարեն աղոթում էր, և իսրայելացիների հաղթանակն ու պարտությունը կախված էին միմիայն նրա աղոթքներից (Ելք 17.11): Քրիստոս Երկնքի Արքայությունը նմանեցրեց կույսերի: Պողոս առաքյալը գովելի համարեց ամուսնությունը, սակայն ավելի գովելի` կուսության ողջախոհությունը (Ա Կորնթ. 7.1-2, 8-9, 32-35): Եկեղեցու Հայրերն ասում են, որ Երկնքի Արքայության մեջ միմիայն կույսերն են արժանի համարվելու անկյալ հրեշտակների ամենաբարձր տեղին: Սակայն եթե մի կողմ դնենք և՛ Հայրերի ասածները, և՛ նշված վկայությունները, ապա դարձյալ մնում է Հովհաննու Հայտնության մեջ նկարագրված ճշմարտությունը, ըստ որի, անմիջականորեն Քրիստոսի ներկայությունը հավիտյանս վայելելու են այդ մեծ առաքինությունն ունեցողները (Հայտն. 14.4):

Հետաքրքիր կլինի իմանալ ճգնավորի կամ հասարակ վանականի և քահանայի տարբերությունը: Եկեղեցում աղոթքի ժամանակ վանականը կանգնում է ձեռնադրված քահանայից հետո, որովհետև չնայած մեծ ողջախոհությամբ է ապրում, սակայն չունի մեղքեր կապելու և արձակելու, մկրտելու, պատարագելու աստվածապարգև իշխանությունը: Տարբերություն կա նաև հագուստների մեջ: Քահանան սքեմ է հագնում, իսկ վանականը կամ ճգնավորը հաճախ միայն` պատմուճան, որն անպայման պետք է գոտի ունենա: Այդ գոտին խորհրդանշում է մարմնական և ընդհանրապես ստոր ցանկությունների ու կրքերի զսպումը: Քահանաները կարող են պատարագի ժամանակ բեմ բարձրանալ և իրենց ձեռքով հաղորդություն ստանալ առանց պատարագիչ քահանայի միջնորդության, իսկ վանականները հաղորդություն ստանում են միայն քահանայի ձեռքից: Հնում հանգուցյալին գերեզման տանելուց նախ դնում էին եկեղեցում, քահանան կատարում էր նաև եկեղեցու կարգը, որից հետո արդեն հանգուցյալին տանում էին գերեզմանատուն: Եվ ահա հստակ տարբերություն կա, թե եկեղեցու որ մասում պետք է դրվի հանգուցյալ օծյալ հոգևորականը, հանգուցյալ վանականը և այն ննջեցյալը, որը ժողովրդի միջից է: Հոգևորականները դրվում են խորանին մոտ, վանականները խորանից քիչ հեռու, իսկ ժողովրդից եղող հանգուցյալը` ավելի մոտ եկեղեցու դռանը: Սա պայմանավորված է ոչ թե հավատի, այլ առաջին հերթին Աստծուց ստացած իշխանության և Աստծո հանդեպ պատասխանատվության չափով: Քահանան Աստծո առջև պիտի պատասխան տա իրեն հանձնված ողջ ժողովրդի համար: Այդ իսկ պատճառով էլ ժողովրդի համար արվող հոգևոր այս պատասխանատու սպասավորության մեջ քահանան մեծ անհրաժեշտությունն ունի ժողովրդի աղոթքների և աջակցության:

Ճգնավորություն և մարդկային կրքեր

Եկեղեցին ամեն տարի տոնում է Եգիպտոսի անապատաբնակ սուրբ ճգնավորների տոնը: Հաճախ վիճահարույց է ճգնավորների հետ կապված հարցը. ոմանք ասում են, որ սխալ է առանց ամուսնական կյանքի ապրելը և սերնդագործելու բնական մղումն ու ցանկությունը ճնշելը` եզրակացնելով, որ այդպիսի ընթացքը մեծ դժվարությունների ու մարմնական անառողջ վիճակների պիտի հանգեցնի: Սակայն կրոնական մոտեցումը բոլորովին այլ է: Պողոս առաքյալն ասում է. «Ով կին չունի, հոգում է, թե ինչպես հաճելի լինի Տիրոջը: Իսկ ով կին ունի, աշխարհի մասին է հոգում, թե ինչպես հաճելի լինի իր կնոջը: Եվ այսպես տարբերվում են իրարից ամուսնացած կինը և կույսը. քանի որ կույսը հոգում է Տիրոջ գործերի մասին, որպեսզի սուրբ լինի մարմնով և հոգով: Իսկ ամուսնացած կինը հոգում է աշխարհի մասին, թե ինչպես հաճելի լինի իր մարդուն» (Ա Կորնթ. 7.32-34), այսինքն` չամուսնացած բարեպաշտ մարդիկ ավելի մեծ հնարավորություն ունեն առ Աստված ամբողջական նվիրումի: Ամուսնացողներն ապրում են բնական կյանքով` նմանվելով Աբրահամին, մյուս նահապետներին, Պետրոս առաքյալին և Քրիստոսի մյուս ամուսնացյալ առաքյալներին: Իսկ ովքեր չեն ամուսնանում` պահպանելով իրենց կուսության առաքինությունը, ապրում են գերբնական կյանքով` նմանվելով Եղիա մարգարեին, Հովհաննես Մկրտչին, Պողոս առաքյալին և մեր Տեր Հիսուս Քրիստոսին:

Հայտնի փիլիսոփա Շոպենհաուերը մարդկային կրքերը բաժանել է երեք խմբի: Նրա նման մենք էլ առանձնացնենք կրքերի, հաճույքների երեք տեսակները: Առաջին խմբում կյանքի համար խիստ անհրաժեշտ կրքերն ու ցանկություններն են` ուտելը, խմելը, քնելը և հանգստանալը: Երկրորդ խմբում կյանքի պահպանության համար ոչ անհրաժեշտ կրքերն են` ճանապարհորդություն, մարզաձևեր, որսորդություն, պարեր և այլն: Երրորդը մտավոր-զգացական հաճույքներն են` հայեցողություն, մտածողություն, զգացողություններ, արվեստ, բանաստեղծություն, երաժշտություն, ուսուցում, ընթերցանություն, փիլիսոփայություն: Եկեղեցին կյանքի համար անհրաժեշտ կրքերի առաջին տեսակի համար սահմանել է կանոններ, հրահանգներ հատկապես պահքի և ուտիքի օրերի առնչությամբ և          երկրորդական համարելով վերոնշյալ երկրորդ խումբը` հիմնական ուշադրության արժանի է համարել երրորդը` աղոթքի, խոկումի, ընթերցանության, մտքի աշխատանքի հորդորելով: Մեր եկեղեցական հեղինակներից Առաքել Սյունեցին իր «Ամենայն չար տանջելի է» աշխատության մեջ նշում է, որ մարդկային բնությունը զորավոր է, և կամքը չի կարող հակառակվել բնությանը, հակառակ պարագային կդադարի մարդու կյանքը: Այսինքն` կամքն է բնությանը հետևող և ոչ թե բնությունը կամքին: Եվ քանի որ կյանքի շարունակության համար խիստ անհրաժեշտ են կարևոր կրքերը, կարիքները, ապա մարդկային կամքը այս պարագաներում չի կարողանում հակառակվել բնությանը: Օրինակ` որևէ մեկը չի կարող երկար ժամանակ առանց ուտելու կամ խմելու ապրել, և կյանքի պահպանության համար կամքը հետևում է բնության պահանջներին: Բայց քանի որ խիստ անհրաժեշտ չէ ամուսնական կյանքը, այլ այն կարգված է մարդկային սերունդը շարունակելու համար, մարդն իր ցանկությամբ, կամքը համաձայնեցնելով բնության հետ, կարողանում է կուսական առաքինի կյանք վարել: Այդպես է, որ մենք ունենք ճգնավորներ և բազում այլ սրբեր, ովքեր ապրել են ողջախոհության այս մեծագույն առաքինութամբ:

Ճգնավորություն և սեր

Հունարեն լեզուն իմաստությամբ սիրո գաղափարը, մարդկանց միջանձնական հարաբերություններում միմյանց հանդեպ սերը արտահայտում է երկու բոլորովին տարբեր բառերով` ագապե և էռոս: Այս վերջինը այն սերն է, որով մարդն ուրիշի մեջ իր համար հաճույք է փնտրում: Սիրո հենց այս տեսակն էր տարածված անտիկ աշխարհում: Պլատոնի մի ստեղծագործության մեջ խնջույքի տարբեր մասնակիցներ գովերգում են սերը: Եվ պարզվում է, որ ամենագովելի սերը ոչ թե սերն է տղամարդու և կնոջ միջև, այլ սերն է տղամարդկանց միջև` իր զգացական և մարմնական դրսևորումներով: Ի դեպ, Պլատոնի ստեղծագործություններում քիչ չեն այսպիսի գաղափարները: Պատմությունը ցույց է տալիս, որ սիրո անվան տակ հանդես եկող այդ արատը նախ տարածված է եղել Պարսկաստանում, և հետագայում, երբ աշխուժացել են հարաբերությունները Պարսկաստանի տերության և Հունաստանի միջև, այդ արատն անցել է նաև Հունաստան: Հայտնի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը, որ սխալմամբ մարդկային հոգեբանության մեջ մեծ և առաջնային դեր է տալիս սեռականությանը և անգամ զվարճալի օրինակով բացատրել էր սեռական հակումների ճնշման անցանկալի լինելը, իր մեկ այլ աշխատության մեջ մեծապես գնահատում է ճգնավորների դերը` ասելով, որ նրանց ողջ կյանքը եղել է պայքար կրքերի դեմ, և հատկապես ճգնավորները սիրո գաղափարին տվեցին հոգեբանական այն անգնահատելի խորությունն ու իմաստը, որ երբեք մարդկությանը չէր կարող տալ անտիկ, հեթանոսական աշխարհը:

Ոմանք մեղադրում են ճգնավորներին, որ նրանք ապրել են մարդկային հասարակությունից հեռու, մենակ և միայն իրենց համար: Սակայն այսօր հաճախ ընտանիքներում միևնույն ընտանիքի անդամները բնակվում են միասին, կողք-կողքի` իրականում ապրելով միմյանցից առանձին, ամփոփված յուրաքանչյուրն իր խնդիրներով, ներաշխարհով: Մինչդեռ ճգնավորները մշտապես մտածել ու աղոթել են ողջ մարդկության համար: Եվ ստացվում է, որ ճգնավորները, բոլորից հեռու ապրելով, միևնույն ժամանակ ապրում էին բոլորի հետ` հոգևոր իրական միասնության ու սիրո մեջ:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

21.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․