Ճգնավորն ու երկու եղբայրները

«Ուզում էի գնալ հիպիների հետ ապրել Մատալայում»,- մի անգամ ասաց ծերը․․․

(Խոսքն այստեղ Հունաստանի կղզիներից մեկի մասին է, որտեղ հավաքվում են հիպիները՝ բողոքի բոլոր սովորական արտահայտություններով՝ թմրանյութեր, վայրի լողափ, բարքերի ազատություն – խմբ․)։

Քրիստոսի հանդեպ սերն անսահման է այնպես, ինչպես սերը մերձավորի հանդեպ։ Թող այն տարածվի ամենուր, մինչև աշխարհի ծայրը։ Ամենուր, բոլոր մարդկանց հանդեպ։ Ես ուզում էի գնալ հիպիների հետ ապրել Մատալայում, իհարկե չկրկնելով նրանց մեղքերը, այլ նրանց ցույց տալով Քրիստոսի սերը, թե այն որքան մեծ է, և ինչպես կարող է փոխել, փոխակերպել նրանց։ Սերն ամեն ինչից վեր է։

Մի օրինակ բերեմ ձեզ։

Մի ծեր ճգնավոր կար, որ երկու աշակերտ ուներ։ Նա մեծ ճիգեր էր գործադրում նրանց օգնելու և լավը դարձնելու համար։ Սակայն անհանգստանում էր՝ մտածելով, թե արդյո՞ք նրանք առաջադիմում են հոգևոր կյանքում, պատրա՞ստ են Աստծու Արքայությանը։ Ուստի նշանի էր սպասում Աստծուց, սակայն ոչ մի պատասխան չէր ստանում։

Մի անգամ պետք է գիշերային հսկում լիներ մեկ այլ անապատի եկեղեցում, որը մի քանի ժամվա հեռավորության վրա էր գտնվում։ Անհրաժեշտ էր անապատով գնալ։ Նա առավոտից ուղարկեց իր աշակերտներին, որպեսզի նրանք ավելի շուտ հասնեին և ամեն ինչ նախապատրաստեին եկեղեցում, իսկ ծերը ճանապարհ ընկավ երեկոյան։ Աշակերտներն արդեն բավականին հեռու էին, երբ հանկարծ հառաչանքներ լսեցին, որ մի վիրավոր մարդ էր արձակում՝ օգնություն խնդրելով․

- Ինձ էլ ձեզ հետ վերցրեք, խնդրում եմ,- ասաց նա,- որովհետև այստեղ ամայի տեղ է և ոչ մեկը չի անցնում։ Ո՞վ ինձ կօգնի։ Դուք երկուսով եք։ Բարձրացրեք ինձ ու տարեք մինչև մոտակա գյուղը։

- Չենք կարող,- պատասխանեցին նրանք։- Մենք շտապում ենք, մեզ հանձնարարել են գիշերային հսկմանը պատրաստվել։

- Ինձ էլ տարեք, խնդրում եմ։ Եթե թողնեք այստեղ, կմեռնեմ ու վայրի գազանների կեր կդառնամ։

- Մենք ի՞նչ կարող ենք անել։ Մենք պետք է մեր պարտականությունները կատարենք։

Եվ հեռացան։ Երեկոյան ծերը ճանապարհվեց հսկման։ Նա նույն ճանապարհով գնաց։ Հասնելով այն տեղին, որտեղ վիրավորն էր, տեսավ նրան, մոտեցավ ու հարցրեց․

- Ի՞նչ է պատահել, մա՛րդ Աստծու։ Վաղո՞ւց ես այստեղ։ Ոչ մեկը չտեսա՞վ քեզ։

- Առավոտյան երկու վանական անցան։ Խնդրեցի օգնել, սակայն նրանք շտապում էին հսկման։

- Ես քեզ կտանեմ, մի՛ անհանգստացիր,- ասաց ծերը։

- Դու ծեր ես, չես կարողանա տանել ինձ, անհնար է։

- Ո՛չ, կտանեմ։ Չեմ կարող քեզ այստեղ թողնել։

- Բայց ախր ինձ բարձրացնել անգամ չես կարող։

- Ես կկռանամ, իսկ դու բռնվիր ինձնից, և կամաց-կամաց քեզ կհասցնեմ մոտակա գյուղը։ Մի քիչ այսօր կտանեմ, մի քիչ վաղը, բայց քեզ տեղ կհասցնեմ։

Նա մեծ դժվարությամբ բարձրացրեց նրան ու այդ ծանր բեռով գնաց ավազի միջով, թեև շատ դժվար էր։ Քրտինքն առվակի պես հոսում էր նրա վրայից, սակայն նա մտածում էր․ «Թեկուզ երեք օր էլ տևի, տեղ կհասցնեմ»։

Ճանապարհին նա զգաց, որ իր բեռը գնալով թեթևանում է և մի որոշակի պահի արդեն ասես ոչինչ էլ չէր տանում։ Այդժամ շրջվեց, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվում և զարմանքով տեսավ, որ ուսերին հրեշտակ է։ Հրեշտակը նրան ասաց․

- Աստված ուղարկեց ինձ՝ ասելու, որ քո երկու աշակերները արժանի չեն Երկնքի Արքայությանը, որովհետև սեր չունեն․․․

Աստված սեր է, այլ ոչ թե մեր կյանքի ուղղակի հանդիսատես։ Նա հոգ է տանում մեր մասին և հետաքրքրվում մեզնով որպես մեր Հայր, որպիսին և է իրականում, սակայն Նա նաև հարգում է մեր ազատությունը։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

28.03.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․