Գրքեր

Դատավորի կիրակի (քարոզ)

«Սրտում վառվող սիրո հուրը հարություն է տալիս աղոթքին, իսկ երբ հարուցյալ աղոթքը երկինք է ելնում, աստվածային լույսն իջնում է հոգու տաղավարը» (Հովհաննես Սանդուղք):

Սիրելի՛ հավատացյալներ,

Բարձրյալ Աստծո ամենախնամ Աջի հովանու ներքո իրենց սահուն ընթացքն են շարունակում Մեծ պահքի լուսաբեր շաբաթները՝ մեր հոգիներին առատորեն բաշխելով այն հոգենորոգ սնունդը, որ այս շրջանին է հատուկ և որն այնքան անհրաժեշտ է մեզ: Սիրելինե՛ր, Մեծ պահքի շրջանը հրավիրում է մեզ հրաժարվելու ոչ միայն կենդանական ծագում ունեցող սնունդից, այլև առաջին հերթին մեր հոգու որոմներից՝ այն վատ սովորություններից, կործանարար կրքերից ու մեղքերից, որոնք հեռացնում են մեզ կյանքի անաղարտ Աղբյուրից և դեպի կործանում տանում: Այդ պատճառով էլ այս շրջանը նախ և առաջ ապաշխարության շրջան է, որի անբաժան մասն են կազմում սեփական մեղքերը տեսնելու և ընդունելու քաջությունը, չար ընթացքից հրաժարվելու հաստատ որոշումը, անկեղծ զղջման ինքնաբուխ արցունքները, աստվածահաճո գործերը և իհարկե անձանձիր աղոթքները: Հենց այս վերջինի մասին է Տեր Հիսուս Քրիստոսի առակը, որի պատվին այս կիրակին անվանվել է Դատավորի կիրակի: Ղուկասի ավետարանի տասնութերորդ գլխում նկարագրված առակը կոչվում է «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը», որը Եկեղեցու սուրբ հայրերը հիմք են ընդունել Մեծ պահքի կարևորագույն շրջանի կիրակիներից մեկի համար: Մեր իմաստուն հայրերը վստահաբար մեծ խորհուրդ են տեսել այս առակի մեջ, եթե հարկ են համարել ընդգրկել այն քրիստոնյաների համար կարևորագույն այս շաբաթների շարքում և ամեն տարի անդրադառնալ դրան: Ուստի մենք էլ մեծ ուշադրությամբ կրկին անգամ քննենք այն և որպես Քրիստոսի հետևորդներ՝ որդեգրենք այն կենսատու ճշմարտությունները, որ Տիրոջ յուրաքանչյուր խոսք է իր մեջ պարունակում: Այսպիսով, սիրելինե՛ր, երբ Քրիստոս պատասխանեց Աստծո արքայության գալուստի մասին փարիսեցիների հարցին, անմիջապես հետո մի առակ պատմեց անիրավ դատավորի մասին, որի մոտ մի խեղճ այրի կին էր անընդհատ գալիս և խնդրում ազատել իրեն իր թշնամու հալածանքներից, իսկ դատավորն անընդհատ խուսափում էր նրա հարցով զբաղվելուց: Սակայն դա ամենևին էլ չէր հուսահատեցնում այրուն և ի վերջո նրա շարունակական այցերն ու համառ խնդրանքներն իրենց գործն արեցին, և անարդար դատավորը, որ իր իսկ խոսքով ո՛չ Աստծուց վախ ուներ, ո՛չ էլ մարդկանից՝ ամոթ, ուղղակի հոգնեց նրա համառությունից և լուծեց նրա խնդիրը, որպեսզի այլևս չանհանգստացնի իրեն: Առակի վերջում Տեր Հիսուս Քրիստոս հավելեց. «Լսեցե՛ք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի. իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»:

Հովհաննես Երզնկացի կաթողիկոսը «աղոթք» բառը ստուգաբանելիս ասում է, որ դրա առաջին՝ «աղ» վանկը աղաչական, աղերսական, սրտի խորքից բխած աղաղակի իմաստն ունի: Եվ որքա՜ն մեծ շնորհ է մեզ համար, սիրելի՛ հավատացյալներ, որ մենք՝ պարզ ու մեղավոր մահկանացուներս, հնարավորություն ունենք ամեն պահի ուղղակիորեն դիմելու ամենայնի Արարչին և ակնկալելու Նրա օգնությունը: Առակում բերված Տիրոջ խոսքերն էլ մեծ մխիթարություն են Իրեն հուսացողների համար, քանի որ վստահեցնում են, որ երկնային Արդար Դատավորը, որ վեր է ամենից ու ամեն ինչից, չի խորշում մեղավորներից, այլ լսում է Իր ծառաների աղերսներն ու անպայման պատասխանում նրանց: Իսկ այն մարդկանց համար, ովքեր ասում են, որ չեն ստացել իրենց խնդրանքների պատասխանը, մեջբերեմ սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետի խոսքերը, որոնցում ասվում է. «Թող ինձ լսեն նրանք, ովքեր աղոթում են անփութորեն և տրտնջում խնդրած պարգևի ուշացման համար: Երբ ես ասում եմ` կանչիր Աստծուն, խնդրիր, աղաչիր Նրան, դու պատասխանում ես` ես խնդրեցի մեկ, երկու, տասը, հարյուր անգամ և չստացա: Սակայն մի դադարիր, քանի դեռ չես ստացել, երբ կստանաս, այդժամ դադարիր կամ ավելի ճիշտ մնա աղոթքի մեջ: Եթե չես ստացել, ապա աղոթիր, որ ստանաս, եթե ստացել ես, ապա շնորհակալ եղիր, որ ստացել ես»:

Այս հարցի շուրջ բազմիցս է խոսվել, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, և հստակ գիտենք, որ Աստված երբեք չի անտեսում Իրեն ուղղված աղոթքները, և նույնիսկ, երբ թվում է, թե իսկապես աղոթքն անպատասխան մնաց, հենց այդ լռության մեջ է կայանում պատասխանը: Եվ փա՜ռք Տիրոջը մեր թվացյալ անպատասխան աղոթքների համար, որովհետև շատ հաճախ դա նման է լինում այն պատկերին, երբ օրինակ՝ փոքրիկը լալիս է՝ հորից դանակ խնդրելով, անգիտակցաբար կարծելով, որ շողշողուն սայրով այդ իրը հրաշալի խաղալիք կլինի իր համար: Եվ միանգամայն բնական է, որ իր զավակին սիրող և նրա կյանքի մասին հոգ տանող ծնողը երբեք տեղի չի տա նրա լացին և չի նվիրի որևէ բան, որը միայն վնասելու է նրան: Այսպես էլ մենք, սիրելինե՛ր, հաճախ որևէ բան ենք խնդրում Աստծուց, առանց գիտակցելու կամ ի զորու լինելու տեսնել դրա հետևանքները, որոնք կարող են վտանգավոր լինել մեզ ու մեր շրջապատի համար: Կամ էլ մեզ թվում է, թե անհրաժեշտ բան ենք խնդրում Աստծուց, բայց ինչպես կյանքն է հաճախ ցույց տալիս, երբ ի վերջո ստանում ենք մեր ուզածը, հասկանում ենք, որ ամենևին էլ դրա կարիքը չունեինք, և զուր ժամանակ ու ջանքեր վատնեցինք դրան հասնելու համար: Ուստի, նման սխալներից խուսափելու համար, պետք է լիովին տրվենք Աստծո սուրբ կամքին և ամեն անգամ մեր Երկնավոր Ծնողից որևէ բան խնդրելիս հարկ է, որ բացարձակ խոնարհությամբ հավելենք, որ ոչ թե մեր կամքը թող լինի, այլ՝ մեր ամենատես և սիրող Հոր:

Լինում են նաև դեպքեր, երբ մեզ թվում է, թե ակնհայտորեն բարի բան ենք խնդրում Աստծուց, օրինակ՝ առողջություն և ապաքինում՝ մեզ կամ մեր հարազատի համար, սակայն այս աղերսը ևս կարծես թե անպատասխան է մնում: Այս պարագայում նախ և առաջ պիտի հիշենք, որ մեր Հայրը անսահմանորեն սիրում է մեզ և եթե նույնիսկ հապաղում է մեր բարի խնդրվածքը կատարել, ուրեմն դրանում ավելի մեծ բարիք է տեսնում մեզ համար: Շարունակենք աղոթել, սիրելինե՛ր, և հիշենք, որ աղոթքն է միակ կենդանի շփումը մարդու և Աստծո միջև և մտածենք, թե որքա՞ն հաճախ ենք դիմում այդ անգին հնարավորությանը և ամենակարևորը՝ հիշո՞ւմ ենք արդյոք Տիրոջ մասին, երբ առողջ ենք, ուրախ ու անհոգ… Ուստի, երբեմն հիվանդությունը առիթ է ընձեռում վերականգնելու այդ անգին շփումը, անմիջականորեն զգալու Ամենակարողի ներկայությունը մեր կյանքում, որ վեր է ամեն բարիքներից և գնահատելու այն, ինչ կորցրել ենք, իսկ ավելի լավ է՝ այն, ինչ դեռևս ունենք, քանզի մենք չէ, որ արժանի ենք այն ամենին, ինչ Աստված պարգևել ու պարգևում է մեզ, այլ Նրա անհուն ողորմածությունն է, որ արժանացնում է մեզ դրանց…

Մյուս պատճառը, երբ հիվանդության կամ նեղության պարագայում կարծես թե պատասխան չենք ստանում Ամենակալից, կրկին իր խորքում մեծ իմաստ է պարունակում, որովհետև շատ հաճախ նման պարագաներում սկսում ենք ակամայից կատարել մերձավորին մեր անձի պես սիրելու Տիրոջ պատվիրանը (Մտթ. 22:39), քանի որ սկսում ենք նկատել և իսկապես ցավակցել մեր շրջապատում գտնվող այն մարդկանց, որոնք նմանատիպ խնդիրներ ունեն, սակայն որոնց մենք բավարար ուշադրություն չէինք դարձնում նախկինում և չէինք մտածում նրանց իրական օգնություն ցուցաբերելու մասին: Իսկ այն ցավը, որ անմիջականորեն մեր մաշկին ենք զգում, ստիպում է մեզ նայել մեր շուրջը, կարեկցող դառնալ ու ամենակարևորը՝ գործել՝ օգնելով թե՛ ինքներս մեզ, թե՛ մեր նմաններին:

Սակայն, սիրելի՛ հավատակիցներ, լինում են նաև դեպքեր, երբ մեր աղոթքները հավանաբար իսկապես չեն լսվում Տիրոջ կողմից, և նման դեպքերի համար ես կարճ կլինեմ և կպատասխանեմ ձեզ կրկին Ոսկեբերանի խոսքով, որ ասում է. «Դու ինքդ չես լսում քո աղոթքը, ուզում ես, որ Աստված լսի՞: Ծնրադրեցի, ասում ես, սակայն միտքդ հեռու կողմեր թռավ: Մարմինդ եկեղեցու ներսում էր, իսկ հոգիդ` դրսում, շրթունքներդ աղոթք էին մրմնջում, իսկ ուշք ու միտքդ` տոկոսներ էր հաշվում, պարտավորություններ, առևտրական շրջագայություններ, ձեռքբերումներ, ընկերական հավաքույթներ: … Եվ հաճախ է պատահում, որ ավարտելով աղոթքը` մենք հեռանում ենք` չլսելով այն, ինչ ասել ենք»: 

Ուստի, ուշադիր լինենք մեր աղոթքներում, սիրելի՛ հավատացյալներ, և վերջապես, կրկին դառնալով անիրավ դատավորի մասին առակից առաջ և դրա վերջում Տեր Հիսուս Քրիստոսի տված բանալուն, տեսնենք, թե երբ կարող ենք լիովին վստահ լինել, որ մեր աղոթքները լսվել են Ողորմածի կողմից և Նա անպայման օգնելու է մեզ: «Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մտթ. 6:33),- սովորեցնում է մեզ Տերը, որպեսզի սովորենք վերջապես առաջնայինն ու հավիտենականը տարբերել նվազ կարևորից և ժամանակավորից: Որպեսզի կանգ չառնենք մեր խնդրած ժամանակավոր բարիքները ստանալուց հետո, այլ մշտապես առաջ գնանք, անդադար աղոթենք և ձգտենք հավիտենականին: Քանի որ հավիտենական Աստված, մեզ նայելիս, առաջին հերթին մեր անմահ հոգիներն է տեսնում և տեսնում է Իր Միածնի մահը խաչի վրա՝ այդ հոգիների փրկության համար, ուստի բնական է, որ առաջին հերթին մեզնից Երկնային Արքայությանն արժանացնելու աղերս է սպասում:

Արդ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այսօրվա առակի այրի կնոջ օրինակով երբեք չհուսահատվենք, երբ որևէ խնդրի առջև ենք հայտնվում և հարատևենք մեր աղոթքներում, առավել ևս, որ մեր խնդրանքներն ուղղված են ոչ թե ոմն անիրավ դատավորի, այլ Արդարադատ Աստծուն, Ով, ի հավելումն, նաև այնքա՜ն ողորմած է Իրեն ապավինողների նկատմամբ: Մշտապես փառաբանենք Ամենասուրբ Երրորդությանը և հետևենք Վարդան Այգեկցու խրատին, որ ասում է. «Աղոթենք անդադար, քանզի սա է անուշահոտ խունկը, որ ծխվում է Աստծո առաջ ոսկե բուրվառով, որն էլ հաճելի է Աստծուն: Աղոթքով միշտ բախենք Արարչի գթառատության դուռը: Աղոթքը սանդուղք է երկրից մինչև երկինք, լույս է խավար ճանապարհին, մնայուն պաշար է մշտնջենավոր կյանքի համար: Ուստի ջանանք սուրբ մտքով արիաբար աղոթել այս կյանքում, որպեսզի սրանից հետո արժանանանք անպատում բարիքներին ու հավիտենական կյանքին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներով ու մարդասիրությամբ», ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

11.03.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․