Գրքեր

Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Այսօրվա ավետարանական հատվածից տեսանք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս խոսում է ամուսնալուծության դեմ` ասելով. «Աստված «արու և էգ ստեղծեց մարդկանց» և նրանց ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն»: Հետևաբար, այլևս երկու չեն, այլ մեկ մարմին: Արդ, որևէ մեկը թող չբաժանի նրանց, որոնց Աստված միացրեց» (Մարկ. 10:6-9):

Վաղուց արդեն ոչ ոքի համար նորություն չէ, որ Արևմուտքում ամուսնալուծությունները սովորական երևույթ են դարձել, իսկ ամուր և հաստատուն ամուսնությունները եզակի են և զարմանքի առարկա են հանդիսանում: Ցավոք մեր երկիրն էլ անմասն չի մնացել այս արատավոր երևույթից և մեզ մոտ էլ ամուսնության լուծումը կամաց-կամաց դադարում է արտասովոր լինելուց: Երիտասարդները հանդիպում են միմյանց, սիրահարվում, այդ խանդավառ զգացողության ազդեցության ներքո շտապում են ամուսնանալ, պսակադրվել ու կարճ ժամանակ անց, գիտակցելով, որ սխալվել են, կանգնում են ամուսնալուծության ցավոտ շեմին:

Սա իսկապես շատ լուրջ և չափազանց կարևոր խնդիր է, սիրելինե՛ր, քանի որ «արու և էգ» ստեղծված լինելով, բոլոր մարդիկ էլ իրենց իսկական կեսի, հարազատ հոգու, այն միակի կարիքն են զգում իրենց կողքին, որն իսկապես կլրացնի ու կամբողջացնի իրենց: Ուստի բնական է, որ մարդկանց մեծամասնության երջանկության և դժբախտության զգացումները կապված են հենց ընտանիքի և ամուսնության հետ: Մարդիկ ամուսնանում են, որովհետև կարծում են, թե սիրում են և ցանկանում են իրենց կյանքն այդ մեկի կողքին անցկացնել: Ամուսնանում են, որովհետև հույս ունեն, որ իրենց կողակիցը պիտի երջանկացնի իրենց: Ամուսնանում են, որովհետև վախենում են միայնակ մնալուց, որովհետև տարիներն անցնում են, որովհետև զավակներ են ցանկանում ունենալ… Պատճառները շատ են ու բազմազան: Սակայն քչերն են իրենց ամուսնությունը կառուցում այն միակ ճշմարիտ հիմքի վրա, որը դրա անսասանության երաշխիքն է: Ամուսնությունը պետք է կառուցված լինի Քրիստոսահիմն սիրո վրա: Չէ՞ որ պսակադրությունը լոկ ծես կամ գեղեցիկ արարողություն չէ, այլ խորհուրդ, Եկեղեցու յոթ սրբազան խորհուրդներից մեկը:

Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, մարդ արարածը ամուսնության մեջ և ամուսնությունից դուրս նույն էությունն ունի, ոչ մի տարբերություն: Այսինքն, եթե նախքան ամուսնությունը մարդը ձգտում էր Քրիստոսի հետ միավորմանը, Քրիստոսին իր սրտում բնակեցնելուն, ապա ամուսնության մեջ էլ սա պետք է առաջնային բնույթ կրի, քանի որ Քրիստոս ասում է. «Նախ Աստծո Արքայությունը խնդրեցեք» (Մատթ. 6:33): Մարդ արարածի գերագույն նպատակը, այն է Աստվածային Էության հետ միավորումը, պետք է ուղեկցի նրան ողջ կյանքում՝ լինի ամուսնացած, թե ոչ և հավատացեք սիրելինե՛ր, որ երկկողմանի դրսևորված այս ձգտումը ամուսնությունը անսասան ու հարատև կպահի: Կհարցնեք ինչպե՞ս: Պատասխանն ամենևին էլ բարդ չէ, ինչպես կարող է առաջին հայացքից թվալ: Աստծո Արքայությունը որտե՞ղ պիտի փնտրենք, եթե ոչ Աստծո մոտ: Իսկ ինչպես Հովհաննես ավետարանիչն է ասում. «Աստված սեր է» (Ա Հովհ. 4:8): Պողոս առաքյալն էլ իր հերթին բացահայտում է մեզ համար սիրո բանաձևը. «Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի անհետանում.» (Ա Կորնթ. 13:4-8):

Համարձակորեն կարող եմ ասել, որ այս բանաձևը նաև երջանկության բանաձևն է, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ եթե ուշադրությամբ ընթերցեք, թե ինչպիսի աստվածային հատկություններով է օժտված սերը, ապա կհասկանանք, որ դրանց կիրառումը կյանքում մեզ զերծ կպահի այն բոլոր տարաձայնություններից, գժտություններից ու վիրավորանքներից, որոնք խարխլում են ամուսնության հիմքերը: «Չկա ավելի թանկարժեք բան, քան կնոջդ կողմից սիրված լինելն ու նրան սիրելն է: Երբ կնոջ ու ամուսնու միջև համաձայնություն կա, իմաստունը դա երանությունների շարքին է դասում: Որտեղ դա առկա է, այնտեղ ամեն տեսակի հարստություն ու երջանկություն կա, և ընդհակառակը, եթե այն չկա, ապա ուրիշ ոչինչ չի օգնում, ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ տհաճությամբ ու դառնությամբ է լցվում»,- ասում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը: Բնականաբար սա ոչ միայն ամուսնական կյանքին է վերաբերում, այլև մեր ողջ կյանքին ու դրանում առկա բոլոր տեսակի հարաբերություններին: Ուստի վստահաբար կարող եմ ասել, որ այն հարաբերությունները, որոնք կառուցվում են նման սիրո վրա կամ առաջնորդվում են դրանով, հեշտությամբ են հաղթահարում այն բոլոր թաքնված խութերը, որոնք անխուսափելի են մարդկային անկատար հարաբերություններում: Ես կկամենայի, որպեսզի բոլոր երիտասարդները անգիր իմանային ճշմարիտ սիրո այս բանաձևը, անդադար կրկնեին այն ու կիրառեին իրենց կյանքում, որպեսզի երբևէ չկանգնեին կյանքի ընկերոջ ընտրության հարցում սխալված լինելու տխուր փաստի առջև, և որպեսզի պսակադրությունը միանշանակ ամուսնության ամրությանը տաներ: Ես կկամենայի, որպեսզի երիտասարդները պսակի խորհրդին գիտակցաբար մոտենային, գնահատեին դրա սրբությունը, Սուրբ Խորանի առջև կանգնեին վստահ լինելով իրենց զգացմունքների անկեղծությանն ու ամրությանը, որպեսզի «Որդյակ իմ, փեսա՛, մինչև ի մահ տե՞ր ես» և «Դուստր իմ, հա՛րս, մինչև ի մահ հնազա՞նդ ես» հարցերին «այո՛» պատասխանելիս խորապես գիտակցեին, որ Ամենակալի առջև տրված իրենց խոստումը մինչև ի մահ է տրվում, այլ ոչ թե մինչև սիրահարվածության անցնելը և հասկանալը, որ այն մարդու կողքին չեն գտնվում, ում կողքին, որ պիտի լինեին:

Սիրելի ծնողնե՛ր, խնդրում եմ ձեզ և հորդորում, ձեր իսկ զավակների երջանկության համար, լրջորեն վերաբերվեք և նրանց էլ սովորեցրեք լրջությամբ մոտենալ իրենց կյանքի այդ պատասխանատու քայլին: Սկսե՛ք դա նրանց մանկությունից՝ նախևառաջ նրանց իսկական քրիստոնյաներ ու Հայ Առաքելական Եկեղեցու զավակներ մեծացնելով ու նրանց հոգում հայի ինքնությունը պահպանելով: Սովորեցրե՛ք նրանց մարդու մեջ նախ նրա մարդկային հատկանիշները գնահատել, տեսնել դիմացինի հոգու գեղեցկությունը, հարգել տղամարդու առաջնությունն ու պաշտպանել կանացի նրբությունը: Սովորեցրե՛ք նրանց հոգ տանել ալեզարդ գլխով մեծահասակների մասին: Սովորեցրե՛ք ուրախանալ կյանքի մանրուքներով և Աստծո անգին պարգևներով: Աղոթե՛լ սովորեցրեք նրանց, որպեսզի իրենց հարազատների ու ծանոթ մարդկանց համար արվող աղոթքների միջոցով սովորեն սիրել ու գնահատել Աստծո բոլոր արարածներին, որպեսզի սովորեն քայլ անելուց առաջ Աստծո օրհնությունն ու առաջնորդությունը խնդրել: Սեփակա՛ն օրինակով սովորեցրեք, սիրելինե՛ր և վստահ եղեք, որ լիարժեք ու Աստվածահաճո մարդկանց եք մեծացնելու, որոնք այս կյանքում առաջնորդվելու և առողջ որոշումներ կայացնելու համար ճիշտ հիմքեր ունեն:

Իսկ բոլոր նրանց, ովքեր արդեն ամուսնացած են, ինչպիսին էլ, որ այդ ամուսնությունը լինի, բացառությամբ իհարկե այն ծանր դեպքերի, երբ Եկեղեցին թույլատրում է լուծել Պսակի Խորհուրդը, համբերություն, իմաստություն և իհարկե Աստվածային սեր եմ մաղթում: Եթե քայլն արված է և ետդարձի ճանապարհը փակ, ուրեմն աղոթենք Ամենակալին, որպեսզի Իր անսպառ իմաստության լույսով լուսավորի մեր ընտանեկան կյանքը, սովորեցնի քրիստոնեական սիրով, մեծ համբերությամբ և հանդուրժողականությամբ վերաբերվել մեր կողակցին, մեր զավակի ծնողին: Սովորեցնի միայն դիմացինի մեջ մեղավոր չփնտրել, քանզի ընդհանուր սխալի համար երկուսն էլ հավասարապես են պատասխանատու: Թող Աստված մեղմացնի մեր սրտերը, սովորեցնի քրիստոնեական արժեքների կրողները լինել թե՛ ընտանիքում և թե՛ հասարակության մեջ:

Մաղթում եմ, որպեսզի ամուսնությունը և մանավանդ Պսակի Խորհուրդը ձեր հոգիներում պատկերվի ոչ միայն գեղեցիկ արարողությամբ, շքեղ մեքենաներով, հարսանեկան տորթով ու նկարահանումներով, այլ առաջին հերթին հիմնավորվի փոխադարձ աստվածային սիրով, մեկը մյուսին երջանկացնելու, միմյանց փոխարեն պատասխանատվություն կրելու, համատեղ կյանքի ուրախություններն ու վշտերը միասնաբար տանելու պատրաստակամությամբ և միասին դեպի Աստծո Արքայությունը քայլելու նպատակով: Թող Ամենասուրբ Աստվածածնի բարեխոսությամբ և Տիրոջ օգնությամբ ամուսնության մեջ պատահող դժվարությունները ձեր առաքինությունները զարգացնելու պատճառ հանդիսանան: Թող հպարտության փոխարեն խոնարհությունը զարդարի ձեր հոգիները, վախի փոխարեն արիությունը, պատանեկան թեթևամտությունն իր տեղն աստվածային իմաստությանը զիջի: Եվ մաղթանքս ավարտեմ սուրբ Թեոփան Ճգնավորի խոսքերով. «Պահպանե՛ք փոխադարձ սերը: Դրանում է երջանիկ ամուսնական կյանքի աղբյուրը»:

Սեր, շնորհ, խաղաղություն ամենեցուն: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
 

18.09.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․