Գրքեր

Դրամը քրիստոնյայի կյանքում

«Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք» (Ղուկ 16.9)։

Չնայած որ բարեպաշտության տեսանկյունից սովորական է դարձել այն կանոնը, որը հավատացյալներին պարտադրում է մանավանդ ապաշխարության օրերին ձեռնպահ մնալ մտքի կամ մարմնի այն բոլոր զբաղումներից, որոնք վերաբերում են կյանքի նյութական ըմբռնմանը, այդուհանդերձ Եկեղեցին այդ երկյուղալի ողջախոհության դեմ ոչ անխոհեմ մի «հակադրությամբ» մեր միտքը սևեռում է մի այնպիսի կետի, որը ենթադրում է կյանքի գաղափարի լիակատար նյութականացում։

Անշուշտ, դա մի փոքր տարօրինակ է հնչում, և մանավանդ այժմ, երբ ակեղծության ու միամտության անունների տակ քողարկված սուտը և կեղծիքը կրոնի հովանու ներքո մեծագույն ավերածություններ են գործում, Փրկչի այդ կարգադրությունը տխրահռչակ հոգիների համար գուցե գայթակղեցուցիչ թվա, բայց լրջմիտ խորհողի և մեր սուրբ Եկեղեցու խոհական ոգին ունեցողի համար դյուրին է ըմբռնելը, որ այդ կարգադրությունն ինքնին որքան բնական, նույնքան էլ բանական է՝ նկատի ունենալով բոլոր հանգամանքները։

Մարդկային միտքը սովորաբար շատ հանդարտ ու հետևաբար նաև բավականին առանձնահատուկ ըմբռնումով է անդրադառնում ավելի հեռավոր, քան թե մոտ գտնվող որևէ երևույթի, ավելի անցյալ, քան թե ներկայում կատարվող դեպքերին։

Երբ կողքիդ, աչքիդ առջև կամ ձեռքիդ տակ ունես սիրելի մի առարկա, դրա մասին չես խորհում, քանի որ ցանկանում ես միայն վայելել այն, իսկ ահա հայացքիդ առջևից անհետացած որևէ բան կամ գործ իսկույն իր վրա է սևեռում քո մտածումները, դու խորհում ու խորհրդածում ես դրա մասին, այն առաջացնող պատճառի կամ դրանից առաջացող հետևանքի մասին, և այդպիսով, իսկապես, ավելի ճիշտ ու ավելի խորն է լինում այդ երևույթի կամ իրի մասին քո ունեցած պատկերացումը։

Սա մտքի համար այնքան բնական մի բան է, որքան որ ամենքիս համար սովորական է այն իրողությունը, որ երբ ցանկանում ենք մեզ արդեն ծանոթ մի երևույթի մասին ուշադրությամբ խորհել, ինքնաբերաբար փակում ենք մեր աչքերը։

Խորհելու այդ եղանակին դիմել է կոչ անում նաև Եկեղեցին՝ մի կողմից արգելելով հաճույքի վայելումը մանավանդ ապաշխարության օրերին, և մյուս կողմից մեզ պարտավորեցնելով, որ մեր խորհրդածության առարկա դարձնենք այդ հաճույքը, քննենք և ճանաչենք նրա լավ կամ վատ ազդեցությունները մեր կյանքի, քրիստոնյայի կյանքի վրա՝ մի կողմից չհանդուրժելով, որ հավատացյալներն այդպիսի օրերին հատկապես մեծ ջանքեր գործադրեն սեփական շահույթն ապահովելու և դրամ հայթհայթելու համար, սակայն մյուս կողմից էլ մեզ որպես հոգևոր ընթերցանության նյութ ներկայացնելով Ավետարանի ա՛յն հատվածը, Հիսուսի ա՛յն առակը, որում քարոզվում է դրամի անհրաժեշտությունը, դրամի դերը, դրամի արժեքն ու հարգը մեր կյանքում գործածության համար։

Ուրեմն մի պահ ամենքիս ուշադրությունը դարձնենք դեպի այդ շատ ծանոթ, ամենքիս մտածմունքների ամենակարևոր առարկաներից մեկը՝ դեպի այդ չնչին իրը՝ դրամը, որպեսզի գիտենանք, թե որն է Հիսուսի տեսակետն այդ դրամի մասին, որպեսզի իմանանք, թե ավետարանական բարոյականությունն ինչ արժեք է տալիս դրամին ու վերջապես, թե ինչ նշանակություն պիտի ունենա այդ դրամը քրիստոնյայի կյանքում առհասարակ։

Դրամը․․․ օ՜հ, աղքատի արցունքներով ու անիրավության քրտինքով աղտոտված այդ գարշելի մետաղը․ մի՞թե հարկ է, որ դա լիներ բարեպաշտական խոկումների նյութ, այն դեպքում, երբ մյուս կողմում Աստծու նախախնամության խորհուրդը կամ մարդու ճակատագրի գաղտնիքը կա՝ թեմաներ, որոնց բացատրությունը մեծ անհրաժեշտություն է։

Կամ էլ արդյոք պետք չէ՞ խոսել հանդերձյալ կյանքի երանավետ հույսերի մասին, քանի որ հավատքը մեզ թևեր է տալիս՝ երկնային բարձրություններ ելնելու․ այդ դեպքում ուրեմն ի՞նչ հարկ կա սողոսկելու երկրաքարշ աղտեղությունների մեջ։

Ով որ այդպես է խորհում, անշուշտ, մեծապես սխալվում է, քանի որ այդպես մտածող մարդը խաբում է նախ՝ ինքն իրեն, և ապա՝ դիմացինին։ Դրամը, հարստությունը, ինչքերի և ունեցվածքի առատությունն այնքան անարգ ու անգոսնելի «առավելություն» չէ, որքան դա մեզ փորձում են ցույց տալ պայմանական բարեպաշտության կողմից բանաձևված վճիռները։

Դրամի հանդեպ սերը խոր և հասարակական մի զգացում է, որը գոյություն ունի բոլոր մարդկանց սրտերում․ ինքնե՛րդ փնտրեք, թե արդյոք որտե՞ղ այն ազդեցություն չունի։

Դրամն է բոլոր խորունկ երազներում, դրամն է բոլոր բնագավառների վերին աստիճանին, դրամն է բոլոր պատիվների գագաթնակետին․․․

Օդի դեմ պատերազմողի զուր ջանքերն ու հոգնությունն են հանձն առնում ստանձնել նրա՛նք, ովքեր ցանկանում են մարդու սրտից վերացնել ու ջնջել դրամի հանդեպ սերը։ Այն աշխարհի տերն է․ դու ամեն ինչ ես, երբ այն ունես, և ոչինչ ես, երբ չունես այն։

Հայր, մայր, ազգական ու նույնիսկ հեռավոր բարեկամ չունեցող անտեր որբն էլ, եթե դրամ կամ ունեցվածք ունենա, հեգնական զվարթությամբ կարող է դիմակայել բախտի անագորույն հարվածներին։ Մինչդեռ բազմանդամ գերդաստանի երջանիկ սերնդի ներկայացուցիչը՝ գգվանքների ու համբույրների մեջ մեծացած պատանին, որբին հատուկ տխրությամբ տառապում է, երբ չի տեսնում, որ իր ապագան ապահովված է դրամական կամ ունեցվածքային ժառանգությամբ։

Դրամը կյանքի հանելուկի լուծումն է, կենսական ամենակնճռոտ դժվարությունների բանալին։ Այն մեծատոհմիկներին իր առջև խոնարհեցնող, բազմություններին շարժման մեջ դնող, ազգերի միջև բարեկամություն կամ ատելություն սերմանող, ամենաանհամապատասխան նկարագրի տեր անձանց իրար մոտեցնող մոգական զորությունն է, որի առջև շատ անգամ նույնիսկ օրենքը, սկզբունքը, համոզումը, հավատքը, պարկեշտությունն ու առաքինությունը, մնացյալ ամեն բան լուծարվում և ի չիք են դառնում։

Եվ դա այն պատճառով, որ դրամը ուժ է, ամենաահավոր, ամենաանտեղիտալի զորություններից մեկը, որին անկարող է դիմադրել մարդկային մտքի «արտադրած» հնարանքներից և որևէ մեկը։

Այո՛, դրամը զորություն է, և դրամի հենց այդ հատկությունն է, որ նրա արժեքը բարձրացնում է քրիստոնեության առջև։ Այնտեղ, որտեղ կա ուժ, այնտեղ կա բարին գործելու ընդունակությունը, և այդտեղ չարը չի կարող մշտապես զորավոր լինել։

Բարին կյանքն իսկ է, և ամեն բան, որ կյանք ունի, բարու տարրն ունի իր մեջ, լինի դա բնության մի ստեղծագործություն, լինի դա մտքի ծնունդ եղող որևէ բան, որը գոյության տիրույթից ներս է մտնում։

Սա նշանակում է, որ դրամը պետք է բարի նպատակի ծառայեցնել, քանի որ այն օգտակարն ու բարին գործելու կոչումն ունի․ բավական է միայն, որ մի աչք հսկի ու մի ձեռք ուղղորդի այդ դրամը դեպի բարի նպատակը։

Չարը բարու խեղաթյուրումն ու ապականումն է, և այդ չարն իր գոյության համար գրեթե միշտ պարտական է մարդկանց անզգույշ տհասությանը։ Իսկ ահա դրամն իր ծագումով ըստ ամենայնի բարի է, քանի որ ստեղծված է որպես այս կամ այն կարիքին գոհացում տալու միջոց, որը պիտի դյուրացներ մարդկանց առևտրական հարաբերությունները, նման այն վառելիքին, որը ծախսվում է տնտեսական գործառնություններ իրականացնող մեքենան շարժի գցելու համար, որպեսզի այդպիսով ամենօրյա աշխատանքի արդյունքը անկորուստ և միանգամայն դյուրին ձևով բարիքի վերածվի։

Դրամը միայն այն ժամանակ վերափոխվեց չարության գործիքի, միայն այն ժամանակ սկսեց համարվել չարիքի առարկա, երբ մարդիկ անտեսեցին դրամի գործածության բարի նկատառումները և այն որպես գործիք ծառայեցրին իրենց փառատենչ ցանկություններն իրականացնելու համար։

Դրամը, ինչպես ասացի, ուժ է։ Արդ որևէ ուժ, զորություն չի կարող ըմբռնվել որպես նպատակ, այլ այն պիտի ծառայի միայն որպես միջոց, մի ճանապարհ, որը տանում է դեպի նպատակ։ Ուրեմն դրամը միջոց պիտի լինի, և ո՛չ երբեք՝ նպատակ։ Սա է, ահավասիկ, այն ուսուցումը, որն այդքան պատկերավոր օրինակով մեզ բացատրում է Ավետարանը՝ պատմելով «Տնտեսի առակը»։

Հարուստ տանուտերն ուներ մի մատակարար, որը ձեռներեց ու ճարպիկ մարդ էր, սակայն որի գործելակերպն այդքան էլ հաճելի չէր թվում շատերի աչքին, և վերջիններս գուցե նախանձում էին այդ մատակարարի դիրքին ու համբավին։

Այս տնտեսի մասին հաճախակի հնչող զրպարտություններն այլևս ձանձրացրել էին տանուտիրոջը, որը մի օր էլ իր մոտ է կանչում տնտեսին և խստորեն ասում․ «Այլևս հոգնել եմ քո մասին ամբաստանություններ լսելուց, տո՛ւր հաշիվդ, քանի որ այսուհետ պիտի դադարես ինձ համար աշխատելուց»։

Այս ճարպիկ մարդը շվարեց, քանի որ մինչև այդ պահը նա ո՛չ գողություն էր արել, և ո՛չ էլ ինչք ու հարստություն էր ամբարել իր համար, այլ հավատարմությամբ ծառայել էր իր տիրոջը․ ուրեմն նա ինչպե՞ս պիտի ապրեր այդ գործից դուրս գալուց հետո։

Այո՛, այս տնտեսը հարուստի համբավ ուներ, սակայն չուներ հարուստի ունեցվածքը․ ի՞նչ պիտի աներ ուրեմն։ Նա, որ այդքան գործավորների էր աշխատեցրել իր ձեռքի տակ, այժմ ամաչում էր նրանց վիճակակից լինելուց, նրանց հետ և նրանց նման աշխատելուց ու հասարակության աչքի առջև նվաստ համարվող աշխատանքներ կատարելուց։

Պիտի մուրա՞ր․ սակայն դա ամենախոր նախատինքը կլիներ՝ ուղղված իր նման խելացի ու առողջ մարդու արժանապատվությանը․․․ Սակայն վերջապես մի միջոց էր պետք ապրուստը հոգալու համար։

Տնտեսը կամքի տեր մարդ էր՝ բառի ամենալայն իմաստով։ Նա այն նկարագրից զուրկ, տկար մարդկանցից չէր, որոնք, երբ իրենց ծրագրերը հանկարծ ձախողված էին համարում կամ հայտնվում էին անելանելի թվացող մի ձախորդության առջև, վերջին խոսքը «հանձնում» էին թույնին կամ մահաբեր գործիքին։

Այս մատակարար-տնտեսը կամենում էր ապրել, և ապրել իր անվանն ու կարողություններին արժանի կյանքով։ Եվ, ահավասիկ, հանկարծ նա մտաբերում է, որ իր տերը մի քանի մարդկանցից տակավին պահանջներ ուներ, հնացած ու ավելացած տոկոսներով խոշոր պարտքեր, որոնք ո՛չ պարտապաններն էին ի զորու վճարել, և ո՛չ էլ պարտատերն այլևս հույս ուներ՝ դրանք ստանալու։

Այդուամենայնիվ, հարկ էր փակել հաշիվներն ու առիթ չտալ, որ պաշտոնը թողնելուց հետո էլ չարալեզու բերաններն խոսեին իր մասին։ Ուստի տնտեսը մեկ առ մեկ կանչում է պարտապաններին և նրանցից առաջինին հարցնում է․ «Որքա՞ն է քո պարտքը»։ Սա պատասխանում է․ «Հարյուր տակառիկ ձեթ»։ Եվ տնտեսն ասում է․ «Թող հիսուն դառնա, և այժմ ևեթ վճարի՛ր այն»։

Մյուսին հարցնում է․ «Քո՞ պարտքն ինչքան է»։ Սա պատասխանում է․ «Հարյուր պարկ ցորեն»։ Տնտեսն ասում է․ «Թող ութսուն լինի, բայց ա՛յժմ վճարիր»։ Ու այդպես փակվում են հին հաշիվների բոլոր բացերը։

Տանուտերը գոհ մնաց, քանի որ նրա ամենաանհույս պարտքերը վերադարձվեցին։ Գոհ մնացին նաև պարտապանները, քանի որ հնարավոր եղավ քչով մարել իրենց պարտքերն ու փրկել սեփական պատիվը։ Գոհ մնաց նաև ինքը՝ տնտեսը, որովհետև առանց երկու կողմերի սրտերը վիրավորելու կամ զրկանք պատճառելու կարողացավ իր համար բարեկամներ ձեռք բերել։

Եվ տանուտերը գովեց տնտեսին՝ որպես իմաստուն գլխի, իսկ պարտապանները նրան գովեցին՝ որպես բարի սրտի։ Ու այդպիսով իրեն նախանձողների կողմից որպես «անիրավ» ամբաստանված մատակարարը՝ «անիրավ տնտեսը», արդարացվեց իբրև իմաստուն ու ազնիվ մի մարդ։

Սակայն մի կողմ թողնենք առակի մանրամասնությունները, որոնք պատկերի ամբողջությունը կազմող գծեր ու երանգներ են միայն։ Այս առակի պատգամը, ընդհանուր իմաստն ու ոգին ա՛յն է, ա՛յն եղանակը, որով տնտեսը վերաբերվում է դրամին, այն գործածում է որպես մի ուժ, որը նրան վեր է բարձրացնում չարության պատրաստած խորխորատից։

Տնտեսը դրամն օգտագործում է որպես միջոց և ոչ երբեք որպես նպատակ ու այն գործածում է իմաստությամբ և բարությամբ։ Որքա՜ն սքանչելի է այդ պատկերը, որի վրա գեղեցիկ արտափայլումով պատկերվում են մտքի մարդը, սրտի մարդն ու գործի մարդը, և որտեղ հավատքն ու հաշվենկատությունը ձեռք ձեռքի են տալիս, և մարդկությանը հավիտենապես քարոզվում է բարոյականության ու տնտեսագիտության կողմից հավասարապես ընդունելի այս ճշմարիտ սկզբունքը, թե «դրամը չարիք է, երբ այն որպես նպատակ է ծառայում, սակայն այն կարող է բարիք լինել, եթե գործածվի որպես միջոց բարի նպատակի հասնելու համար»։

«Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր արեք»։ Աշխատեցե՛ք ձեր կյանքում դրամը բարի զորության վերածել։ Որքա՜ն իմաստուն է հնչում այս պատգամը հատկապես հիմա, երբ բնավ դժվար չէ ըմբռնելը, թե մեր կյանքի համար որքա՜ն փրկարար ազդեցություն կարող է ունենալ դրամի ճիշտ գործածությունը։

Հասարակության մեջ, թե՛ հին ժամանակներում, և թե՛ նույնիսկ ներկայումս, դրամն ընդհանրապես ավելի շատ չարության գործիք է եղել, քան թե բարության։ Եվ դա, կարող ենք ասել, մարդու հոգեկան իմաստության անխուսափելի հետևանքն է։ Մարդկային բնությունը մշտապես ավելի հակված է դյուրին, քան թե դժվարին գործերի։ Եվ տխրառիթ, սակայն հավիտենապես ճշմարիտ խոստովանություն է այն, որ մեր տկարության համար միշտ ավելի դյուրին է չարիք գործել, քան թե պատճառ լինել մի բարի գործի համար։

Մեզ համար ավելի հեշտ է յուրացնել ուրիշների աշխատանքի արդյունքը, քան թե թույլ տալ, որ ուրիշները օգուտ քաղեն մեր ջանքերից։ Մեզ համար ավելի հաճելի է պատրաստի, հարուստ ժառանգության վրա անհոգ նիրհելը, քան անդադրում տքնելը կարիքավորների ապրուստի մասին հոգալու մտքերով։ Եվ շատ մարդկանց համար էլ դրամն ուրիշի աշխատանքը շահագործելու գերազանց միջոցն է։ Մտածե՛ք ուրեմն, որ շատ ու շատ մարդկանց ձեռքը հանձնված այդ «ահավոր ուժն» ինչպիսի սարսափելի աղետների կարող է հանգեցնել։

Հին ժամանակներում հասարակական մի կացութաձև կար, ըստ որի՝ պատերազմում հաղթված կամ մինչև իսկ ստորին պայմաններում ծնված մի շարք մարդիկ դատապարտված էին ուրիշների կամահաճությունների կույր գործիքը լինելուն։ Այժմ այդ վիճակը փոխվել է, սակայն միայն մասամբ․ այդ սկզբունքի գործադրության եղանա՛կն է փոխվել։ Դրա փոխարեն ձևավորվել է մի ուրիշ իրավիճակ, երբ մարդիկ՝ շատ ավելի մեծաթիվ, քան հին ժամանակների հասարակության պարագայում էր, կամավոր և գիտակից հանձնառությամբ իրենք իրենց դատապարտում են ուրիշի քմահաճույքների զոհը լինելուն։

Այս վերջին դրությունը շատ ավելի ծանր ու դժվարին է, քան այն առաջինը, որովհետև երբ հնում անձնավոր «ես»-ը, փառասիրությունն էր տիրում, այն հնարավոր էր գոնե մերթ ընդ մերթ սիրաշահել ու գթություն առաջացնել։ Իսկ ահա այս նոր ժամանակներում դրա՛մն է տիրողը, և այն չի ճանաչում ո՛չ գութ ու ո՛չ էլ կարեկցանքի որևէ զգացում։

Մի տնտեսագետ-ճարտարախոս ասում է, որ աշխարհում ապրող մարդկանց ինը տասներորդն ապրում է այդ տասներորդի փշրանքներով ու նրա հաճույքների սպասարկությանը ծառայելով։

Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկային հոգին ու մարդկային արժանապատվությունը ոչնչացնող անիրավություն, որն առաջացել է ոսկու և դրամի տիրապետության պատճառով։

Հին ժամանակներում ծառան գիտեր, թե այդպիսին է ճակատագրի կամ բնության տնօրինությունը, և այդ պատճառով էլ համակերպվում էր իր վիճակին մի կույր համբերատարությամբ։ Իսկ այժմյան ժամանակներում մարդ գիտակցում է, որ ինքն էլ իրավունք ունի երջանկության ու հանգստի այն վիճակի, որից զրկված է, և այդ գիտակցումից է, որ ծնվում են այն տանջանքներն ու տվայտանքները, որոնք մրրկում են մարդու հոգին և նախանձի ու ատելության դառը զգացում են առաջացնում դրամի հանդեպ։

Մինչդեռ դրամի նկատմամբ անկուշտ սերն էլ ագահության է վերածվում և խոչընդոտում է հասարակական խաղաղությանը, ոճրագործ անիրավություններ ու զրկանքներ է ծնում և թույն է խառնում աղքատի հացի մեջ։

Մյուս կողմից էլ դրամը դավաճանական անհավատարմություններ ու հափշտակություններ, նույնիսկ դարանակալ վայրագություններ է թելադրում, որոնց առջև շատ հաճախ տեղի են տալիս նույնիսկ կրոնական զգացումը, մարդկանց հանդեպ սերը և ընտանիքի ու զավակների նկատմամբ ունեցած պարտականությունների գիտակցումը։

Այդ ամենը սրտի և հոգու ապականության դրսևորում են, որոնց մասին բանաստեղծը հառաչանքով բացականչում է․ «Կոտորված մարդկանց սրտերը նույնիսկ գութդ չեն շարժում, ո՜վ ժանտաժուտ քաղց ոսկու․․․»։

Դրամը որպես չարության գործիք, որպես հակառակության զենք կամ որպես անիրավության շղթա գործածող մարդիկ, եթե տիրանում էլ են ուրիշների ակամա հնազանդությանը, անկարող են, սակայն, տիրանալ նրանց սրտին։

Բոլորն ատում են այդպիսի մարդկանց, և նրանք իրենց նեղության ժամանակ բարեկամական ոչ մի բերանից չեն կարող լսել մխիթարական մի խոսք, չեն կարող ունենալ ոչ մի բարեկամ, քանի որ առակի տնտեսի նման չեն վարվել՝ ամեն կերպ ջանալով իրենց համար բարեկամներ՝ բարի ուժեր պատրաստել «անիրավ մամոնայից» (դրամից)։  

Ուրեմն ինչպե՞ս պետք է գործածել դրամը, ինչպե՞ս պետք է այն բարի ուժ դարձնել մեր ձեռքում։ Այս հարցումը, անշուշտ, նրա՛նց իրավունքն ու պարտականությունն է, ովքեր կա՛մ բախտի օժանդակությամբ, կա՛մ իրենց արդար քրտինքի շնորհիվ կարողացել են ձեռք բերել ապահով վիճակ՝ առատ դրամի կամ ունեցվածքի տիրանալով։

Իհարկե, երանի՜ այն հարուստին, որն իր ոսկիները հաշվելիս միայն իր քրտինքի շողշողումն է տեսնում։ Բայց երանի՜ նաև ա՛յն հարուստին, որն այդ հաշվարկի մեջ կարող է լսել անիրավված թշվառների բողոքարկու հեծկլտանքը և անկեղծավոր խղճահարությամբ հնարներ փնտրել՝ սրբելու համար իր բարոյական արժանապատվությունն աղտոտող խղճի արատները։

Այս վերջին տեսակի հարուստը կրկնակի պարտականություն ունի բարիք գործելու․ նրա՛ն է ուղղված առաքյալի պատվերը․ «Ով գողանում էր, այլևս թող չգողանա՛, այլ մանավանդ թող աշխատի իր ձեռքերով բարիք գործել» (Եփես․ 4․28)։ Նա, ով գողությամբ է ձեռք բերել իր հարստությունը, պետք է դադարի այլևս գողություն անելուց և աշխատի բարեգործություններով քավել իր մեղքերը։ 

Ուրեմն, թե՛ արդարությամբ, և թե՛ անիրավությամբ դրամը քրիստոնյան պիտի ջանա բարեկամ, բարի ուժ դարձնել իր ձեռքում՝ բարի ուժ իր անձի, իր ընտանիքի, իր կողքին ապրող մարդկանց, ամբողջ մարդկության և, որ արդեն բնական հետևանքն է այդ ամենի, իր հոգո՛ւ համար։

1․ Բարի ուժ իր անձի համար - Մարդ իր վաստակած դրամը չպիտի խնայի իր անձի համար գործածելիս։ Այլ պետք է փորձի իր կյանքի համար անհրաժեշտ օգուտը քաղել այդ դրամից՝ այն ծառայեցնելով նախ և առաջ իր մարմնական առողջությանը և իրեն որպես բարոյական անհատ ձևավորող պարտականությունների կատարմանը։

Առողջությունը մարդու ամենաէական կարիքն է, ամենաթանկագին գանձը, մեր կյանքում ծավալած գործունեության դրամագլուխը, մեր անձի ամենաանխարդախ բարեկամը։ Իսկ ահա բարեգործությունն էլ անձնական առաքինություն է, որը միտված է սեփական աշխատանքի արդյունքից օրինավոր մաս հատկացնելու իր իսկ անձի համար կենսական, բարոյական պետքերի համար։

Շատ հարուստներ, սակայն, սխալ ըմբռնած տնտեսագիտության պատճառով, շռայլություն են համարում անձնական պետքերի համար կատարված ամենաչնչին ծախսն անգամ։ Հոգ չեն տանում իրենց սննդի, հագուստի կամ կենցաղային պայմանների մասին և միայն մեկ մտքով են տառապում՝ ինչպե՞ս յուրաքանչյուր օր գեթ մի փոքր էլ ավելացնել ամբարված ոսկիների վրա։ Այդպիսի մարդիկ իրենց կյանքի արժեքը չգնահատող անգութներ են, համրաշարժ անձնասպաններ, որոնց ամենամեծ թշնամին այն է, ինչը որ նրանք ամենից շատն են սիրում՝ դրամը։ Անշուշտ, նրա՛նց էլ է վերաբերում Ավետարանի պատգամը․ «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք»։

2․ Բարի ուժ ընտանիքի համար – Սեփական անձի մասին հոգածությանը հաջորդում է ընտանիքի խնամքը, և այդ պարագայում նույնպես նույնքան անհրաժեշտ և նվիրական է դրամի մատուցած ծառայությունը։

Նա, ով իր զավակների նյութական և բարոյական բարեկեցության համար խնայում է իր դրամը, այդպիսով ամենամեծ չարիքն է գործում։ Այդպիսի մարդը գողություն է կատարում՝ նմանատիպ զրկանք պատճառելով իր ընտանիքի անդամներին։

Դրամը հոր ձեռքին գործիք պիտի լինի՝ իր սիրելիների երջանկությունն ապահովելու համար։ Նրանց առողջությունը, կրթությունը և զարգացումը ապահովություն է նաև իր ապագայի համար, բարի ուժ, որի կարիքը նա պիտի զգա իր տկարության օրերին, բարի շնորհ, որը կարող է «գնել» իմաստուն շրջահայացությամբ գործածված դրամի միջոցով։

3․ Բարի ուժ իր շուրջն ապրողների համար – Մարդ պարտավոր է մտածել ոչ միայն իր և իր մտերիմների, այլ նաև ուրիշների մասին։ Բարեգործությունը բնական օրենք է, որը, սակայն, ամենքս էլ շատ հազվադեպ ենք գործածել։

Որքան էլ մեկի անձնական ապահովվածությունը բարձր աստիճանի վրա լինի, միևնույն է, նա իր գրաված դիրքի կամ տիրացած հարստության մի կարևոր մասի համար պարտական է իրեն շրջապատող մարդկանց գոյությանը։ Հետևաբար, նյութական փոխադարձության տեսանկյունից նա էլ պարտավոր է օժանդակել իրեն շրջապատողներին, երբ նրանք կարիքի մեջ լինեն։ Այս օգնությունը, սակայն, պիտի նյութական փոխադարձության սկզբունքից էլ անդին անցնի և զուտ ազնիվ գոհունակության արտահայտություն լինի։

Բարի գործը արցունքներ է սրբելու, սրտեր է նորոգելու և վերջ է դնելու թշվառություններին։ Եվ այդ բարի գործը կատարողը մշտապես վայելելու է իր հետ ու իր կողքին ապրողների սերը և վստահությունը։ Նրա կյանքը օրհնությամբ է լցվելու և քաղցրանալու է իրեն ուղղված երախտագիտության բացականչություններով, և իր այդ բարեգործության հասցեատերերի երջանկությունն ուժ է դառնալու՝ իր իսկ եռանդն ու ջանասիրությունն է՛լ ավելի բազմապատկելու համար, բարի ուժ, որը հնարավոր է «գնել» դրամով։

4․ Բարի ուժ ամբողջ մարդկության համար – Բայց որքա՜ն ավելի մեծ է ա՛յն սրտերի երանությունը, որոնք իրենց ապրած միջավայրից դուրս, հեռավորների վրա են կարողանում տարածել իրենց բարեգործության արդյունքները։

Նրա՛նք են ճշմարիտ հարուստները․ հարուստ թե՛ հոգով և թե՛ ունեցվածքով։ Նրանք չեն ննջում ոսկիների կույտերի վրա, այլ դրանք շարունակ գործածության մեջ են դնում, ճյուղավորում են իրենց գործառնությունները՝ այդպիսով ընդարձակ շրջանառությամբ գործածելով իրենց դրամը հօգուտ թե՛ իրենց, և թե՛ անթիվ մարդկանց, մինչև իսկ ժողովուրդների։ Այդպիսի հարուստները վայելում են ամբողջ մարդկության հիացմունքն ու համակրանքը, նրանց վրա է երկնքի հովանավորությունը, նրանց հետ է բյուրավոր սրտերի բարեկամությունը և սերը, որ ոգևորում է նրանց իրենց ամենածանր տագնապների ժամանակ։ Եվ այդ ամենը զորավոր ու բարի ուժ է, որ «գնված» է դրամի միջոցով։ Դրամն այդպիսի բարի ձեռքերի մեջ է, որ կարող է առաքինության պատվական գործիք լինել։ Մի շարք լեզուներում կա մի բառ, որը նշանակում է միաժամանակ և՛ «խելք», և՛ «դրամ»։ Դա «տաղանդ» բառն է։ Ճիշտ ա՛յդ է Ավետարանում նկատի առնվող դրամը՝ տաղանդով վաստակված ու գործածված «տաղանդը», այսինքն՝ խելքով ու արդարությամբ շահված, խելքով և բարությամբ ձեռք բերված հարստությունը, որը միայն միջոց կարող է լինել մեզ երկրից երկինք բարձրացնելու համար։

Ուրեմն, հարստությունը, դրամն արհամարհելի բաներ չեն։ Առանց դրամի թերևս բոլոր առաքինություններն էլ անպտուղ կլինեին։ Ուրեմն եթե ուզում ես բարի և առաքինի լինել ոչ միայն խոսքով, այլ նաև գործերով, ապա աշխատի՛ր արդարակորով ջանասիրությամբ՝ տեր լինելու դրամի և հարստության։

Ինքնասեր հարուստի, միայն ու միայն իր սեփական պետքերը սպասարկող մեծատան մասին է ասվում՝ «նրանց համար դժվար է Արքայություն մտնելը»։ Իսկ ահա նրանք, ովքեր իրենց ունեցվածքից ու գանձերից բաժին են հանում չքավորին և թշվառին, իրենց առջև մշտապես բաց պիտի գտնեն երկնքի դռները։ Եվ այսպիսիների համար էլ ասվում է․ «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ»։

Ուրեմն, սուտ պարկեշտության քողի տակ չարհամարհենք դրամը, եթե իհարկե սիրում ենք աշխատանքը։ Բայց նաև կեղծ բարեսիրության պատրվակի տակ քողարկված մոլի դրամապաշտնե՛ր էլ չլինենք։ Դրամ ունենալու համար աշխատենք, սակայն ոչ թե միայն այն ունեցած լինելու, այլ նաև գործածության մեջ դնելու համար՝ որպես բարձր նպատակների հասնելու ապահով միջոց։

Եվ ահա այդ ժամանակ իսկապես մեզ համար բարեկամներ պատրաստած կլինենք և՛ այս, և՛ հանդերձյալ կյանքի համար․ ամեն։

 

 

Թորգոմ ծ. վրդ Գուշակյան (Արմաշ), «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար»,Կ Պոլիս, 1905 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

03.07.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․