21 Դեկտեմբեր, Շբ
Հավիտենականության շավիղներով ընթանալիս մարդ-Աստված փոխհարաբերության խորքում, այսպես ասած, խարսխված է մի պայման, որն էական է այդ հարաբերության արտացոլման մեջ: Անշուշտ, այդ առումով առաջին միտքը, որ գալիս է, հավատն է առ Աստված: Առանց հավատի, առավել ևս հավատի հիմնասյունի` վստահության առ Աստված, չի կարող լինել ամուր հաղորդակցություն Արարչի հետ: Բայց քրիստոնյայի համար շատ անգամ վերացական է մնում, թե ինչպիսի հավատի մասին է խոսքը, մանավանդ ամբիոններից կամ բեմերից հռետորական է հնչում, թե հավատա և կիրականանան քո բաղձանքն ու խնդրանքը, քանի որ Ավետարանն ասում է. «Խնդրեցեք Աստծուն, և Նա կտա ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեր առաջ, որովհետև ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի» (Մատթ. 7.7-11): Համենայն դեպս, գեղեցիկ և լուսավոր ապագայի հեռանկարներով հյուսված աստվածաշնչյան այս խոսքերը մշտապես հնչում են քրիստոնեական քարոզներում, բայց անհատի մոտ հաճախակի այդպես էլ մնում է անպատասխան, թե ինչու Աստված չի իրականացնում իր բարի նպատակները կամ ուշացնում է իր բաղձանքների իրագործումը: Տեսականորեն լավ է ասված` հավատա և կիրականանա, բայց գործնականում անհատն արձանագրում է, որ տեսականորեն հնչած այդ խոսքն իր առօրեական կյանքում կիրառության մեջ չի արտացոլվում և սարերի, ձորերի հեռավորություն կա քարոզներում հնչած հավատի և իրական կյանքում գոյություն ունեցող իրադրությունների վերաբերյալ: Պատասխանը կարող է լինել` մարդու թերահավատության պատճառով է: Միանշանակ այդպես է, բայց դա նման է այն իրադրությանը, երբ ցավ ունեցող մարդը դիմում է բժշկին, և բժիշկը նրան ասում է, որ տվյալ անձը հիվանդացել է: Առանց այդ բժշկի խորհրդի էլ տվյալ անձը գիտի, որ հիվանդ է: Լավագույն դեպքում բժիշկն ախտորոշում է և նկարագրում, թե ինչ հիվանդություն է և, ճիշտ կամ սխալ դեղատոմս նշանակելով, փորձում է վերացնել տվյալ հիվանդության հետևանքները: Բայց արդյունքում սարդոստայնի պես պատած ցավը մնում է անհատի հոգում և նույնիսկ որոշ դեպքերում ավելի արմատանում, և անձը կրկին կանգնում է նույն հարցադրման առջև՝ ինչո՞ւ Աստված չի իրականացնում իր բարի ու լուսավոր մտադրություններն ու խնդրանքները, մանավանդ, որ ինքը հավատում է Նրան:
Խնդիրն այն է, որ հոգևոր դեղատոմսը պիտի լինի այնպիսին, որ բուժի տվյալ մարդու հոգին խաթարած պատճառները: Վերացնելով պատճառները, ժամանակի ընթացքում անհետանում են նաև հետևանքները: Հարցեր կան, որոնք ընդհանուր են, հարցեր կան, որոնք մասնավոր են, այդ իսկ պատճառով հնարավոր չէ այս փոքրիկ հոդվածում յուրաքանչյուր անհատին հետաքրքրող խնդրի լիարժեք պատասխանը տալ: Բայց մեկ ընդհանուր կարևոր հիմնակետի մասին անհրաժեշտ է նշել. այն է՝ ինչո՞ւ չեն կատարվում կամ ուշանում են անհատի բաղձանքներն ու բարի երազանքները, եթե Ավետարանն ասում է, թե խնդրեք, կտրվի ձեզ: Նույն Ավետարանը ուշադրություն է հրավիրում որթատունկի և ճյուղերի մասին Հիսուսի խոսքին (Հովհ.15 գլ.): Այդտեղ Հիսուսն առաքյալներին անվանում է իր բարեկամներ: Բայց ավելացնում է` դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես ձեզ պատվիրել եմ: Անշուշտ, առաջին մեծ պատվերը սիրո պատվիրանն է, որի մասին Հիսուսը խոսում է և այդ սիրո առանցքի շուրջ անհատական կյանքը կառուցելու մասին է: Ի՞նչ է նշանակում սա, ի՞նչ պատգամ է սա ուղղված մարդուն: Այլ խոսքով՝ սա Աստծո ակնկալիքն է, որ իրեն հավատացող անհատը դառնա նոր մարդ, որի մասին Պողոս առաքյալը բազմիցս խոսում է իր թղթերում: Քանի դեռ անհատը նոր մարդ չի դարձել, Աստված չի իրականացնի չբժշկված մարդու բարի երազանքները: Մեղքից չազատագրված մարդու երազանքներն իրականություն դարձնել նշանակում է տվյալ մարդուն ոչ թե օգնել, այլ վնասել: Այս դեպքում Ավետարանն ասում է` ինչ արժեք ունի, եթե ամբողջ աշխարհը շահես, բայց քո անձը կորցնես (Մատթ. 16.26): Արդ, Աստծո Հոգին սկսում է աշխատել այն քրիստոնյայի հետ, ով դիմել է իրեն ինչ-որ խնդրանքով, սակայն այդ աշխատանքը սկսում է այդ անձին հոգևոր խոնարհություն և սիրո պատվիրանների մեջ ամրապնդելու սկզբունքով` հարկ եղած դեպքում բացառելով մնացյալ բարի իրողությունների կատարումը, մինչև մարդու հոգին կմաքրվի, հոգևոր կերպով կհասունանա և կկարողանա ունկնդրել Աստծո Հոգու խորհուրդները։
Միշտ հարց է առաջանում` ի՞նչ անել, չէ՞ որ հավատում ենք, բայց ոչինչ չի փոխվում: Խնդիրն այն է, որ ոչ թե ոչինչ չի փոխվում, այլ դու ինքդ պիտի փոխվես, պայմանը սա է: Շատերի համար պատվիրանները պահելը դիտվում է ըստ նպատակահարմարության: Եվ փարոսի պես հանդիսավոր փայլող պատվիրաններից այն կողմ կարծես այլևս անելու ոչինչ չկա: Սա նման է այն պարագային, երբ զբոսաշրջիկը հեռվից հիանում է ճարտարապետական կոթողի գեղեցիկ քանդակազարդ տանիքով, բայց միևնույն ժամանակ չի նկատում այդ տանիքը պահող ողորկ սյուները, որոնց շնորհիվ կանգուն և տեսանելի է հնամենի այդ տանիքը: Այսինքն` պահել պատվիրանները նշանակում է առօրյա կյանքի մանրուքներում կրել անհատական փոփոխություն, այլևս չապրել նախկին կենցաղով, այլ նոր մարդու կեցությամբ: Մարդու անփոփոխ այս վիճակը ամենամեծ սխալներից մեկն է, որը բազմաթիվ քրիստոնյաներ անտեսում են: Որո՞նք են վերոհիշյալ փոփոխության ուղեցույցները: Դրանք են` Սուրբ գիրքը, հոգևոր գրականությունը, եկեղեցին, հոգևորականի հետ զրույցը, հոգևոր դասընթացները, աղոթքը և այլն: Այնուամենայնիվ մարդիկ հարցնում են` ի՞նչ անել: Ավետարանում Հիսուս ասում է` ինչ անել (Մատթ. 5-7 գլխ.), բայց ընդհանուր նշենք, թե ինչ անել. փոխել բնավորության բացասական գծերը, վատ սովորությունները` հետևելով առաքինություններին, կարողանալ ընդունել սեփական սխալները և ուղղել դրանք` ինքնաանդրադարձ կատարել յուրաքանչյուր քայլի համար, կարողանալ ներել, միշտ ձգտել լինել ուրախ` կյանքի ուղին կառուցելով Աստծո և աստվածային սիրո հիմնակետում, նախաձեռնությունների կենտրոնում դնել Աստծուն և Իր եկեղեցին, այլ ոչ թե սեփական անձը, զարգանալ աղոթքի մեջ, ձգտել ներդաշնակության, լինել համբերատար, համակարգել առօրյա կյանքի ընթացքը` տարբերելով առաջնայինը երկրորդականից, լինել ազատ` զարդարված առաքինություններով, չդատել ուրիշներին, մտքի, սրտի, կամքի փոփոխություն և ճիշտ ուղղվածություն և այլն: Հետևաբար, անհատական կյանքի փոփոխություն ոչ միայն մեծ և երևացող երևույթների պարագայում, այլև կեցության յուրաքանչյուր առօրեական մանրուքում: Միանշանակորեն Աստծո Հոգու գործուն աջակցությամբ են տեղի ունենում այս փոփոխությունները մարդու կյանքում, բայց անհատը պիտի իր ձեռքը մեկնի Աստծուն, որպեսզի Երկնավոր Հայրն էլ օգնի նրան փոխվել դեպի դրականը, ինչպես Ավետարանն է ասում` եղեք կատարյալ, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ (Մատթ. 5.48):
Արդ, քրիստոնեությունը շատ գեղեցիկ ու ճշմարիտ ճանապարհ է ցույց տալիս այդ ամենի համար` բացահայտելով սիրո վարդապետությունը նաև ներանձնական մարդաբանության մեջ, որտեղ տիրում է ներքին ներդաշնակ համակարգն ու ներքին անսահման ազատությունը, ուր ամեն բան իր տեղում է և խաթարված չէ, որտեղ չկա «ես»-ի, էգոյի և ինքնակենտրոնության խնդիր, այլ աստվածային լույսի փոխանցման ու զորության սկզբունք, ինչպես որթատունկի ու ճյուղերի միջոցով (Հովհ. 15) նկարագրված է Ավետարանում, ուր բացահայտվում են նաև յուրաքանչյուր անձի անկեղծ և ճշմարիտ աստվածանմանությունն ու անկրկնելիությունը:
Հովհաննես սրկ. Մանուկյան