19 Նոյեմբեր, Գշ, Հինանց պահքի Բ օր

«Ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք»

«Դուք նախ խնդրեցե՛ք, որ Աստծո Արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթ. 6:33): Քրիստոս հորդորում է նախ խնդրել Երկնքի Արքայությունը, Նրա արդարությունը և ապա հոգալ երկրային գործերի մասին: Մարդու համար Երկնքի Արքայության փնտրումը, աստվածահաճո ապրելը և հոգու փրկության վերաբերյալ մտահոգությունն ամենակարևոր և էական մտահոգությունը պետք է լինի: Քրիստոնյան ձգտում է հավիտենական երանելի կյանքին և այդ նպատակն իր համար ուղեցույց պետք է լինի: Երկնքի Արքայության ձգտումը չի խոչընդոտում երկրային գործերով, ուսմամբ, ընտանիքում և աշխատավայրում պարտականությունների կատարմամբ զբաղվելուն: Քրիստոնեական կյանքը պահանջում է միայն, որ բոլոր գործերից առաջ դրված լինի հոգու և հավիտենական կյանքի մասին մտահոգությունը: Երկնքի Արքայությունը փնտրում են հոգով, սրտով, հոգևորի մասին խոկումով, և որպեսզի սիրտը ուղին գտնի ու հասնի Երկնքի Արքայության դարպասին, պետք է մաքուր լինի և ազատ՝ կրքերից, քանի որ մաքուր սիրտն է Սուրբ Հոգու բնակարանը, այդ է պատճառը, որ Քրիստոս փարիսեցիներին ասաց. «Աստծո թագավորությունը դրսից տեսանելի նշաններով չի գալու. կամ չեն ասի, թե՝ «Ահա այստեղ է կամ այնտեղ», որովհետև ահա Աստծո թագավորությունը ձեր մեջ է գտնվում» (Ղուկ. 17:21):   

Աստված կհոգա, որ մարդն անհրաժեշտն ունենա երկրային կյանքի համար և դրա մասին միտքը չպետք է տանջի քրիստոնյային, ինչպես տանջել է հեթանոսներին: «Դու անարգում ես քեզ, երբ հալումաշ ես լինում անցողիկ բարիքներ ձեռք բերելու հոգսերով: Ասա՛ ինձ, ինչո՞ւ Քրիստոս հորդորեց հաց խնդրել»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը: Եթե մենք Տիրոջից խնդրենք հոգու համար անհրաժեշտը, ապա Աստված կտա նաև մարմնի համար անհրաժեշտը: «Տերունական աղոթք»-ն ասողը, մինչ հանապազօրյա հաց խնդրելը, խնդրում է Տիրոջից՝ Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի (Մատթ. 6:9-11): Եկեղեցու հայրերից մեկն ասում է, որ եթե Աստված մարմնի համար անհրաժեշտը տալիս է առանց խնդրելու, ապա ինչո՞ւ ենք «Տերունական աղոթք»-ում հանապազօրյա հաց խնդրում. «Իհարկե, նրա համար, որ աղոթքի միջոցով գիտակցենք, որ Աստված է մեզ սնում և ոչ թե մեր մտահոգությունը, որպեսզի ընդունելով այս՝ երախտագիտությամբ ավելի մոտենանք Նրան»:

Երկնքի Արքայություն փնտրողն ազատվում է ոչ անհրաժեշտ իրերի հանդեպ հակումից, և նրան տրվում է փրկության համար անհրաժեշտը, այդ թվում նաև նյութական բարիքներ: Ս. Աթանաս Մեծն ասել է, որ Երկնքի Արքայությունը ոչ այլ ինչ է, քան ապագա բարիքների ճաշակումը: Հոգսը, ապրուստի համար ավելորդ անհանգստությունը խլում է մարդու ողջ ժամանակն ու ուշադրությունը՝ հեռացնելով հոգու փրկության մասին հոգսից: Ավետարանն ասում է, որ եթե Աստված կերակրում է թռչուններին, որոնք ո՛չ ցանում են և ո՛չ հնձում, հագցնում է դաշտային շուշանին, որ անգամ Սողոմոն արքան իսկ իր ամբողջ փառքի մեջ չկարողացավ նրանցից մեկի նման գեղեցիկ հագնվել, ապա առավել ևս կսնի և կհագցնի նրանց, ովքեր փնտրում են Երկնքի Արքայությունը (Մատթ. 6:26-31): Դարեր առաջ որոշ աղանդներ, ավետարանական այս խոսքերը չարափոխելով, ծուլություն են քարոզել: Այնինչ Աստված դեռևս դրախտում առաջին մարդկանց աշխատելու պատգամ տվեց և դա պատիժ չէր նրանց համար, քանի որ իրենք դեռ չէին մեղանչել: Հետևաբար, ով աշխատում է՝ կատարում է Աստծո կամքը: Աշխատելու պատգամը հաստատվեց, երբ Աստված Ադամին և Եվային դրախտից վտարեց և ասաց, որ իրենց երեսի քրտինքով իրենց հացը վաստակեն (Ծննդ. 3:19): Այնուհետև Նոր Կտակարանում ևս հանդիպում ենք աշխատելու պատգամին. մինչ քարոզելը Քրիստոս աշխատում էր և պատգամում, որ մարդիկ աշխատեն և աշխատեն ոչ միայն իրենց համար, այլ նաև՝ մերձավորին օգնելու: Առաքյալներին ուղարկելով քարոզչության՝ Տերն ասաց նրանց. «Ճանապարհի համար ո՛չ պարկ վերցրեք, ո՛չ ավելորդ հագուստ, ո՛չ կոշիկ և ո՛չ էլ գավազան, քանզի աշխատողն արժանի է իր օրապահիկին» (Մատթ. 10:10), իսկ յոթանասուներկու աշակերտներին էլ ուղարկելով՝ ասաց. «Ձեր իջևանած տա՛նը մնացեք, և այնտեղ ինչ-որ տան ձեզ, կերե՛ք և խմեցե՛ք, որովհետև մշակն արժանի է իր վարձին» (Ղուկ. 10:7): Քրիստոս իր առաքյալների հետ միասին իրենց գանձանակն ունեին, որպեսզի հոգային իրենց հոգսերը: Հացն ու ձուկը բազմացնելուց հետո Նա առաքյալներին ասաց, որ ավելացած հացն ու ձուկը հավաքեն, բնականաբար, մյուս օրերի խնայողության համար: Պողոս առաքյալն էլ մշտապես աշխատում էր. նա վրանագործ էր: Եփեսոսի երեցների հետ հանդիպման ժամանակ առաքյալն ասաց նրանց. «Դուք ինքներդ գիտեք, որ իմ այս ձեռքերով շահեցի և հոգացի թե՛ իմ և թե՛ իմ ընկերակիցների կարիքները: Ես իմ կյանքի օրինակով ցույց տվեցի ձեզ, թե այդպես պետք է աշխատել և օգնել տկարներին՝ հիշելով այն խոսքը, որ Տեր Հիսուսն Ինքն իսկ ասաց, թե՝«Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը»» (Գործք Առ. 20:34):  

Քրիստոս հարցրեց, թե արդյո՞ք մտահոգվելը մեկ կանգունով կավելացնի ձեր հասակը (Մատթ. 6:27): Սույն համարի հետ կապված Օգոստինոս Երանելին ասել է, որ Քրիստոս այստեղ նկատի ունի տարիքը, քանի որ առանց Աստծո օգնության մարդ չի կարող իր կյանքը մեկ ժամով անգամ երկարացնել: «Մի մտահոգվեք վաղվա մասին: Վաղվա մտահոգությունը վաղվան թողեք: Յուրաքանչյուր օրվա նեղությունը ինքնին բավարար է» (Մատթ. 6:34),- պատգամում է Տերը և Նրա հորդորին միանում է նաև Ս. Հովհան Ոսկեբերանը. «Բավակա՞ն չէ քեզ, որ ուտես քո երեսի քրտինքով վաստակած հացը: Ինչո՞ւ ես քեզ ենթարկում չարչարանքների, ինչո՞ւ ես ձգտում օրն ավելի ծանրացնել, քանի որ օրվա նեղությունն ինքնին բավարար է: Մենք չենք արարվել նրա համար, որ ուտենք, խմենք և հագնվենք, այլ որպեսզի աստվածահաճո ապրելով՝ արժանանանք ապագա բարիքներին: Այսօրվա բարիքները ոչինչ չարժեն՝ ի համեմատություն ապագա բարիքների: Այսպիսով, երբ մարդը փնտրում է ապագա բարիքները, ստանում է և այսօրվանը, մի՛ փնտրիր տեսանելին և անպայման այն կստանաս: Ոչինչ այնքան վտանգավոր չէ մարդու համար, որքան անցողիկի հանդեպ հակումը և հակառակը՝ ոչինչ այնպես չի տանում մարդուն ներկա և ապագա բարիքների վայելմանը, որքան ապագա բարիքների գերադասումը: Այսինքն՝ ստանալ ապագա բարիքները, նշանակում է ստանալ նաև ներկայինը»:

Հայրաբանության հարուստ գանձարանը, իր գանձերը բաշխելով ընթերցողներին, հորդորում է. «Մի՛ ասա, թե ի՞նչ եմ ուտելու, երբ ծերանամ: Մեզ արգելված է հոգս անել վաղվա օրվա համար, իսկ դու հոգս են անում ծերության մասին: Քրիստոսի տանը Քրիստոսին չենք փնտրում, եթե Հավիտենության Տանն աղոթում ենք միայն անցողիկի համար: Մեկը կին է խնդրում, մյուսը՝ հագուստ, երրորդը՝ ապրուստ: Թեև անհրաժեշտ է Ամենակարողից խնդրել այն, ինչի կարիքն ունես, բայց պետք է միշտ հիշել, թե ինչ պատվիրեց Տերը. «Դուք նախ խնդրեցե՛ք, որ Աստծո Արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթ. 6:33): Մեղք չի համարվում Քրիստոսից խնդրել այն, ինչ անհրաժեշտ է, եթե այն ավելորդ չէ»:

Այսպիսով, թողնենք երկրային մտահոգությունները, Աստծո կամքին հետամուտ լինենք, քանի որ, ինչպես Քրիստոս է ասում. «Ձեր հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նույնիսկ, երբ դեռ բան չեք խնդրել Նրանից» (Մատթ. 6:8):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

17.12.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․