26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Եկեղեցու համայնքի աջակցությունը Արցախից տեղափոխված ընտանիքներին

Դեկտեմբերի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանից Երևան տեղափոխված վիրավոր և զոհված զինծառայողների քսանհինգ ընտանիքի հետ: Տեր Հայրը զոհվածների հոգու խաղաղության համար հոգեհանգստյան կարգ կատարեց և իր խոսքն ուղղելով ներկաներին՝ ասաց. «Մեր խոնարհումը ձեզ և մեր բոլոր զինվորներին ու զորավարներին, ովքեր իրենց կյանքը գիտակցաբար զոհաբերեցին՝ հանուն հայրենիքի ու հավատի: Ցավ է մեզ համար նրանցից յուրաքանչյուրի մահը, որ դեռ շատ անելիք ունեին: Սական կարևոր չէ, թե մարդն ինչքան է ապրում, կարևորը, որ նրա ապրած կյանքը լեցուն է, իսկ նրանց կյանքը լեցուն էր հայրենիքի և եկեղեցու հանդեպ ունեցած սիրով, իրենց զոհաբերած կյանքով: Թող Տերը ողորմի իրենց և արդարների դասում բնակեցնի: Մենք և մեր երեխաներն այսուհետ երախտապարտ ենք ձեզ և միշտ ձեր կողքին կլինենք»:

Տեր Հայրը եկեղեցում ներկաների ուշադրությունը հրավիրեց Ս. Վարդան զորավարի սրբանկարի կողքին դրված փոքրիկ խաչքարին, որ մի զինվոր Հադրութի անտառից էր գտել և պատերազմի ավարտին եկեղեցուն հանձնել: Տեր Գրիգորը հույս հայտնեց, որ հաղթանակած զորավարի սրբանկարի ու խաչքարի առջև կանթեղը վառելով և միասնական աղոթք  առաքելով առ Տեր՝ մի օր պիտի ունենանք երազած հաղթանակը: Ապա Տեր Հայրը Արցախից ժամանած ընտանիքներին նվիրեց եկեղեցու կողմից հրատարակած հոգևոր գրականություն:

Այնուհետև Տեր Գրիգորը երիցատանը համայնքի կողմից արցախցի յուրաքանչյուր ընտանիքի փոխանցեց դրամական օգնություն (50 000 դրամ) և սննդի փաթեթ, որ տրամադրել էին «Մարտին Սթար» ՍՊԸ-ն՝ հանձինս տնօրեն Անդրանիկ Բաբոյանի, «Էրիզ» ՓԲԸ- ն՝ հանձինս տնօրեն Արսեն Ասլանյանի և «ԼԻԱ-Կ Գրուպ» ՍՊԸ-ն՝ հանձինս տնօրեն Անդրանիկ Գասպարյանի:

Ճշմարիտ սերը ճանաչվում է գործով: Առանց այդ սիրո չկա նաև կյանք, որ լուսավորում, ջերմացնում ու կենդանացնում է կյանքը: Անկեղծ ու գործուն սերն է, որ կարող է օրհնաբեր համարվել և այդ սերն է, որ բնորոշ է Քրիստոսի հետևորդին: Այդ պատճառով սիրո առաքյալ Հովհաննեսն ասում է. «Որդյակնե՛ր, մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլ գործով արտահայտված ճշմարիտ սեր» (Ա Հովհ. 3:18): Նա, ով չի ճաշակել ճշմարիտ սիրո պտուղները և գտնվում է եսասիրության մեջ, վաղ թե ուշ կքաղի ոչ ցանկալի պտուղները՝ կհեռանա Աստծուց՝ ճշմարիտ Լույսից, կհայտնվի մեղքի խավարի, անհանգստության և տկարության մեջ: «Ինչ շնորհներ, որ տվել է քեզ Տերը, գործածիր հօգուտ կարիքավորի, որպեսզի չդատապարտվես սիրո պակասի և անգթության համար»,- ասել է Ս. Եփրեմ Ասորին:

 

Կարինե Սուգիկյան

 

25.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․