19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Սուրբ Ղևոնդյանք՝ հայրենիքի և հավատքի նվիրյալները

Ղևոնդյանց սուրբ քահանաները Սուրբ Վարդանանց հետ Ավարայրի ճակատամարտի զինվորներ ու նահատակներ են: Թեև տոնացույցում որպես քահանաներ են հիշատակվում ինը հոգուց բաղկացած նահատակների այս խումբը, սակայն նրանք պատկանում են եկեղեցական կարգի բոլոր աստիճաններին՝ կաթողիկոս, եպիսկոպոս, քահանա և սարկավագ: Նահատակների այս խումբը կոչվեց Ղևոնդյանք՝ ի պատիվ իրենց հոգևոր զորավարության և նահատակության պարագլուխ երիցս երանելի Ղևոնդ Երեցի: Նա լի Սուրբ Հոգով, առատ ու լուսավոր վարդապետությամբ երկրի նախարարներին և քահանաներին խանդավառում և սպառազինում էր, ոգեշնչում քաջությամբ մարտնչելու հավատքի թշնամիների դեմ և աներկյուղ կերպով իրենց անձերը զոհելու հանուն եկեղեցու և ի սեր Քրիստոսի: Նա իր հոգեշունչ ու հորդորական խոսքերով քաջ զորականների սրտերն էր գոտեպնդում՝ հոժարությամբ ընդունելու քրիստոնեությունը:

Ճակատամարտից հետո

Սբ. Ղևոնդյանք իրենց մարտիրոսության պսակը ստացան ավելի ուշ՝ 454թ-ին: Ավարայրի ճակատամարտից հետո պարսիկները Վասակի առաջնորդությամբ պաշարեցին Հայոց ամրությունները: Ուխտապահ նախարարները ամենուրեք կատաղի դիմադրություն ցույց տվեցին: Պարսից զորապետը հայոց կաթողիկոսին և իրենց դեմ պայքարում աչքի ընկած հոգևորականներին շղթայակապ ու չարչարանքներով տարավ Պարսկաստան և բանտարկեց մահապարտների բանտում: Նրանց հետ բանտարկվեցին նաև հայոց նախարարները, որոնք Պարսկաստանում էին: Երանելիները ուրախացան, քանի որ Քրիստոսի անվան համար արժանի եղան անարգանքների, ծեծի և դատապարտության: Թեպետ շատ նեղություններ էին կրում բանտում, սակայն այդ ամենը սիրով էին տանում՝ Քրիստոսի սիրո համար, մխիթարելով իրար, ասում էին.

-Ինչպես որ մինչև հիմա ճգնեցինք սուրբ հավատքի համար, և քաջությամբ պատերազմեցինք եկեղեցու թշնամիների դեմ, այսուհետև ևս ճգնենք՝ ավելի մեծ համբերությամբ: Բոլոր առաքինությունների գլուխը համբերությունն է, իսկ երկնավոր իմաստությունը՝ կատարյալ աստվածպաշտությունը: Սուրբ Գիրքն էլ մեզ քարոզում է, թե շատ նեղություններով պարտավոր ենք մտնել Երկնքի Արքայություն: Եվ որքան շատանան նեղությունները և չարչարանքները, այնքան ավելի կբազմանա հատուցման վարձքը: Մենք միայն աղաչենք, որ Աստված մեզ համբերություն տա, և Տերը ինքը կհոգա մեր փրկությունը: Լավ է Տիրոջը հուսալ, քան մարդկանց: Ուրեմն այս իմանալով, եղբայրներ, չվախենանք անաստված հեթանոսներից. որովհետև թեև խոցոտիչ մեղուների նման պատել են մեր շուրջը, բայց Սուրբ Գրքի գրվածի համաձայն՝ Տիրոջ անունով պիտի վանենք նրանց: Ինչպես որ մեղուները ուրիշներին խայթելով իրենք էլ են վնասվում, նույնպես էլ նրանք, որ մեզ չարչարում են, իրենց ավելի են վնասում, քան մեզ:

Դարձյալ բանտում

Երանելի քահանաները և նախարարները բավականին երկար, շուրջ մեկ տարի սքանչելի համբերությամբ մնացին բանտում: Այդ օրերին, 454թ. Հազկերտ թագավորը պատերազմի պիտի գնար հոների դեմ: Նախքան իր հեռանալը հրամայեց կալանավորներին տանեն և Նյուշապուհ քաղաքի ամուր բերդի մեջ արգելափակեն: Նրանց հսկողությունը հանձնեց մեծ մոգպետին: Վերջինս մեծ հարգանք ու պատիվ էր վայելում ամբողջ Պարսկաստանում և դենպետ՝ այսինքն կրոնապետ էր կարգված: Կարդացել ու յուրացրել էր զրադաշտական կրոնի բոլոր գրքերը: Մոլի էր իր կրոնի մեջ և սոսկալի հակառակորդը քրիստոնյաների:

Հավատափոխության փորձ

Մոգպետը, կալանավորներին մոլորվածներ համարելով, նրանց չարչարելը իր համար պարտականություն էր նկատում: Զանազան ձևերով, ինչպես նաև տանջանքներով ջանաց համոզել քահանաներին ու նախարարներին ուրանալու Քրիստոսի հավատքը:

Տրված հրամանը ծայրահեղ ճշտությամբ գործադրեց մոգպետը: Երբ իր փորձերը անցան ապարդյուն, և երբ տեսավ, որ բանտարկյալները ուրախությամբ են տանում չարչարանքները, եկեղեցականներին նախարարներից առանձնացրեց խոնավ նկուղի մեջ: Բանտապահներին պատվիրեց, որ միայն գարեհաց և ջուր տան նրանց:

Երանելի սուրբերը մեծ համբերությամբ կրեցին բոլոր չարչարանքները: Նրանք շարունակ սաղմոսներ երգելով ու աղոթելով էին կատարում իրենց առօրյա պաշտամունքը:

Այս ձևով անցան քառասուն օրեր: Սուրբ Ղևոնդյանք այս քառասուն օրերին ևս չկորցրեցին իրենց հոգեկան արիությունն ու զվարթախոհությունը: Մոգպետ իշխանը հակառակ իր ակնկալության՝ թուլության ոչ մի խոսք չլսեց սուրբերից: Նա խորապես ազդվեց այս անօրինակ երևույթից: Շատ զարմացավ և բանտապահների հավատարմության վրա կասկածելով՝ կնքեց բանտի դռները և միայն վստահելի ու իրեն հավատարիմ մարդկանց ձեռքով ուղարկեց կերակուրը: Բայց դարձյալ իզուր անցան իր փորձերը:

Բանտարկյալների ֆիզիկական առողջությունը զարմացրեց բանտապահներին, որոնք այդ մասին հայտնեցին դենպետին, նշելով, որ առանց գերբնական ուժի հովանավորության հնարավոր չէ երկար ժամանակ դիմանալ այդ մահաբույր վայրի մեջ, քանի որ նրանցից առաջ այնտեղ գտնվողները հազիվ մեկ ամիս են կարողացել ապրել:

Առաջին տեսիլքը

Մոգպետը մի օր գիշերվա ուշ ժամին բարձրացավ բանտի տանիքը և սկսեց գաղտագողի հետևել սուրբերին: Երանելիները նոր վերջացրած իրենց պաշտամունքը, հանդարտ քնած էին: Հանկարծ մոգպետը արժանանում է հրաշալի տեսիլքի. յուրաքանչյուր բանտարկյալ կանթեղի նման բոցավառվում էր: Դենպետը նախ զարհուրեց, հետո տարակուսեց, թե արդյոք իրականությո՞ւն էր իր տեսածը: Ու մինչ մտածումների մեջ էր, տեսավ, որ սուրբերը արթնացան և նույն լուսափայլ տեսքով սկսեցին կատարել Աստծո պաշտամունքը: Այս ամենը լուսավորեց մոգպետի միտքը: Կանչեց իր մոտ պահապաններին և պատվիրեց նրանց ավելի հարմար տեղ փոխադրել բանտարկյալներին:

Բանտապահներից մեկը, երբ մոգպետի հրամանը սուրբերին հաղորդեց, մեծ ընդունելություն ակնկալեց նրանցից: Սակայն Հովսեփ կաթողիկոսը հայտնեց, որ իրենք գոհ ու երջանիկ են Հիսուսի անվան համար իրենց կրած չարչարանքներից: Որ իրենք անցավոր հանգիստ չեն ցանկանում, և ոչ էլ ստիպողաբար են այս բանտի մեջ, այլ կամավոր սիրով և ուրախությամբ: Կաթողիկոսը խոսեց նաև Քրիստոսի խաչելության, փառավոր հարության և սուրբերին խոստացած հավիտենական երջանկության մասին:

Բանտապահը նրանց մերժումը պատմեց մոգպետին, ով շատ հուզվեց և օրերով քունը կորցրեց:

Դենպետի դարձը

Մի գիշեր մոգպետը նորից միայնակ բանտ գնաց ու գաղտագողի դիտեց ներսը: Ու տեսավ նորից, որ երանելիները իրենց տանջանքի դառնությունները քաղցրացնում էին մշտամռունչ ու սրտաբուխ աղոթքներով: Նախորդ տեսիլքը դարձյալ պարզվեց իր աչքերի առջև: Նա ներս մտավ: Կալանավոր եկեղեցականները խիստ զարմացան:

Մոգպետը պատմեց իր երկու տեսիլքները ու սկսեց արտասվել: Ղևոնդ Երեցն ասաց.

-Մոգպետ, այսօր քո խավարած միտքդ ու հոգուդ կուրացած աչքերը բացվեցին և տեսար Աստծո շնորհի անշեջ լույսը: Շտապի՛ր, մի՛ ծուլացիր, հանձնի՛ր ինքդ քեզ Քրիստոսին:

Մոգպետը սկսեց արտասվախառն աղոթել ու իր մեղքերի համար թողություն խնդրել Աստծուց:

Եկեղեցականները փառք տվեցին Աստծուն և ուրախ սրտով քնեցին: Սակայն մոգպետը ոտքի վրա անքուն մնաց մինչև երեկո, ձեռքերը բազկատարած և աչքերը դեպի վեր սևեռած, շարունակ աղոթեց: Ու մինչ աղոթքի մեջ էր, հանկարծ լուսեղեն սանդուղք տեսավ, որի ծայրը երկինք էր հասնում: Փայլուն հանդերձներով ու հրեշտականման դեմքերով զորքեր էին բարձրանում դեպի վեր: Մոգպետը զորքերի մեջ ճանաչեց Ավարայրի դաշտում նահատակված Քաջն Վարդանին, Արտակ և Խորեն Խորխոռունի իշխաններին, որոնք իրենց ձեռքերում ինը պսակներ բռնած, իրար հետ խոսելով, ասում էին. «Ահա հասավ ժամանակը, որ նրանք էլ խառնվեն մեր գնդին, որովհետև մենք նրանց սպասում ենք և նրանց համար ենք բերել այս նվերները: Իսկ նրան, ում չէինք սպասում, եկավ ու խառնվեց մեր մեջ ու եղավ Քրիստոսի զինվորներից մեկը»:

Երբ այս տեսիլքը երեք անգամ կրկնվեց, մոգպետը արթնացրեց սրբերին ու պատմեց իր տեսածը: Եկեղեցականները, լսելով այդ, աղոթեցին և Աստծուն շնորհակալություն հայտնեցին. «Ով Տեր, մեր Տեր, ի՜նչ փառավոր է Քո անունը երկրի վրա»:

Եվ այսպես երկարատև աղոթքներով և արցունքներով աղաչում էին Աստծուն, որ հաստատուն մնան նեղությունների մեջ, և չզրկվեն ցանկալի պսակներից: Քանի որ Սուրբ Հոգու ազդեցությամբ հասկացան, որ մոտեցել է իրենց կոչման պահը և կարոտագին սպասում էին իրենց նահատակությանը:

Վերջապես մոգպետը առաջնորդվեց դեպի այն Լույսը, որ վճիտ աղբյուրն էր կալանավորների մխիթարության: Ինքն էլ ընդունեց քրիստոնեությունը: Գիշերով եկեղեցականներին ու նախարարներին գաղտնի իր ապարանքը փոխադրեց: Նախ մկրտվեց, ապա Սբ. Հաղորդություն ստացավ: Այնուհետև ուրախության սեղանով պատվեց նրանց: Մոգպետ իշխանը ընկերացավ Սուրբ Ղևոնդյաց մինչև բանտ և ինքնակամ շղթայակից եղավ նրանց:

Ռևանի զոհերը

Հազկերտի հավատարիմ զորավարներից Դենշապուհը, երբ իմացավ դենպետ իշխանի քրիստոնյա դառնալը, ջանաց ետ դարձնել կրակապաշտության: Սակայն մոգպետը անդրդվելի մնաց իր նոր հավատքի մեջ: Հազկերտը, մոգպետի քրիստոնյա դառնալը իմանալով, զգաց զրադաշտական կրոնի տկարությունը և քրիստնեության հաղթանակը, որի առջև ինքը անզոր գտնվեց: Եվ մտածում էր, եթե մոգպետին հրապարակավ չարչարեր, ապա հետևանքը աղետալի պիտի լիներ զրադաշտականության համար: Ուստի խորհուրդ տվեց Դենշապուհին, որ զրպարտությամբ մոգպետին աքսորի հեռավոր մի վայր:

Դենշապուհը քաղաքից դուրս հանեց նախկին մոգպետին և առաջարկեց ուրանալ քրիստոնեությունը, փոխարենը խոստացավ թագավորի կողմից մեծարանքներ ու պատիվներ: Բայց նա հաստատ մնաց իր հավատքի մեջ և իր ծեր տարիքում աքսորվեց: Ի վերջո, վիրապում անտանելի տանջանքներով արժանացավ մարտիրոսության պսակին:

Դենշապուհը Հազկերտի հրամանով բանտից դուրս հանեց հայ եկեղեցականներին և նրանց, ամայի տեղ տանելով, անլուր չարչարանքների ենթարկելուց հետո սպանեց: Նրանց նահատակությունը տեղի ունեցավ Ապար աշխարհի Ռևան գյուղի մոտ, 454թ. հուլիսի 31-ին:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Ղևոնդյաց հիշատակը տոնում է Վարդանանց տոնին նախորդող երեքշաբթի օրը: Ղևոնդյանց տոնը հայ քահանայական դասի տոնն է: Նրանց հիշատակի օրը Հայ եկեղեցում ավանդաբար քահանայական ձեռնադրություն է կատարվում:

Սբ. Ղևոնդյանք հայ եկեղեցականության պարծանք սրբերն են. անձնավորում են հայրենիքի և հավատքի նվիրումի գաղափարը: Նրանք արիաբար կրեցին անլուր չարչարանքները և, ի վերջո, իրենց արյունը թափեցին Հիսուս Քրիստոսի անվան ու փառքի համար: Իրենց համբերությամբ ու աղոթքով պատճառ դարձան դենպետ իշխանի դարձին:

Սբ. Ղևոնդյանց արիությունն ու համբերությունը մեզ համար օրինակ պիտի լինեն: Քրիստոնյան դժվարությունների ու նեղությունների դեպքում չպետք է ընկրկի, այլ աղոթքով խնդրի Աստծո զորությունը դիմակայելու համար: Ինպես նաև աղոթի իրեն չարչարող, ծաղրող ու նախատող անձերի փրկության համար, որպեսզի նրանց հոգու աչքերը բացվեն ու, Ճշմարտությունը տեսնելով, դարձի գան:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

26.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․