Արդ, քանի որ եթե Պողոս և Պետրոս առաքյալներն ու նրանց նախանձախնդրությամբ օժտված սրբերը երես թեքեն մեզանից, էլ ուրիշ ոչ ոք չպիտի աղոթի մեզ համար, ուստի ջանա՛նք մեր անձերն արժանի դարձնել երկնային մեծ խորհրդակցությանն ու Քրիստոսի նահատակների հետ տեսությանը, որպեսզի այստեղ՝ երկրի վրա, գեթ նրանց ձայները լսողներ չլինենք, այլ կարողանանք այնտեղ՝ Երկնքում, նաև նրանց տեսնել։ Չէ՞ որ, թեպետ այժմ չենք կարող մարմնապես նրանց կողքին լինել, սակայն կարող ենք տեսնել նրանց՝ լուսապայծառ բազմած արքունական գահին։ Այնտե՛ղ, ուր հնչում են քերովբեների փառաբանությունները, այնտե՛ղ, ուր սերովբենե՛րն են ճախրում։ Այնտե՛ղ է, որ, որպես սրբերի բյուր դասերի առաջնորդ ու վերակացու, պիտի տեսնենք Պողոսին՝ Պետրոսի հետ մեկտեղ, և այդժա՛մ նրանց մտերմիկ սերը պիտի վայելենք։ Քանի դեռ նրանք այստեղ՝ երկրի երեսին էին, որքա՜ն էին սիրում այն մարդկանց, որոնց ընտրում էին Քրիստոսինը դառնալու ու Քրիստոսի հետ լինելու համար, ուրեմն որչա՜փ առավել այնտեղ՝ Երկնքում, նրանք պիտի ցույց տան իրենց ջերմագույն սերը։
Այս պատճառով է, որ ես մինչև իսկ Հռոմն եմ սիրում։ Ու չնայած որ այդ քաղաքը գովասանքի է արժանի և՛ իր մեծության ու առաջնայնության, և՛ գեղեցկության ու բազմամարդության, և՛ զորության ու հարստության, և՛ պատերազմներում ցուցաբերած այն քաջության համար, որի շնորհիվ ողջ աշխարհը նվաճեցին, սակայն իմ երանության պատճառը այս ամենից և ոչ մեկը չէ. միայն ու միայն այն բանի համար եմ երանի տալիս Հռոմին ու նրա բնակիչներին, որ ինքը՝ Պողոսը, իր կենդանության օրոք գրում է նրանց մասին ու այդչա՜փ սիրում նրանց։ Եվ երբ Պողոսը գնում է այնտեղ, երես առ երես խոսում է նրանց հետ ու սքանչելիքներ գործում։ Նաև Հռոմի բնակիչներին են պատկանում Պողոսի ու Պետրոսի սուրբ մարմինները, որով և, ամեն ինչից առավել, նշանավոր է դառնում այդ քաղաքը։ Ու ինչպես մարմինն է զորավոր ու սքանչելի դառնում իր երկու աչքերի լույսով, նույնպես և այս քաղաքը՝ այս երկու սրբերի ճառագայթող աճյուններով։ Արևի ճառագման պահին երկինքն այնքան պայծառ չէ, որքան հռոմեացիների այս քաղաքը՝ համայն տիեզերքում շողարձակող իր այս ճառագայթներով։ Այնտեղից էր, որ երկինք վերափոխվեց Պողոսը, այնտեղից՝ Պետրոսը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի՜ հրաշք է տեղի ունենում հռոմեացիների աչքի առաջ․ Պողոսը՝ Պետրոսի հետ մեկտեղ, հանկարծ հափշտակվում են երկինք՝ Տիրոջ առաջ։ Տեսե՛ք, թե որպիսի՜ ընծաներ է Հռոմը մատուցում Տիրոջն ու ինչպիսի՜ պսակ, ինչպիսի՜ ոսկեշար հանդերձ ու կյանքի ի՜նչ աղբյուր է առնում Տիրոջից։ Ուստի հիանում եմ ես այս քաղաքով ո՛չ իր ունեցած անբավ ոսկու, ո՛չ սքանչելազարդ սյուների և ո՛չ էլ այլ հիասքանչ գեղեցկությունների, այլ Եկեղեցու այս զույգ սյուների պատճառով։
Իսկ այժմ ես որքա՜ն կուզեի լցվել Պողոսի տեսությամբ, հայացք հառել նրա գերեզմանին ու տեսնել այն մարմինը, որն իր վրա կրեց Քրիստոսի նեղությունների լուծը, որն ընդունեց հալածվածներին, որն ամենուր քրիստոնեության քարոզությունը տարածեց։ Տեսնել աճյունն ա՛յն մարմնի, որով Քրիստոս էր խոսում և որում ծագեց բոլոր փայլատակումներից առավել պայծառ լույսն ու դևերի աչքին բոլոր որոտմունքներից առավել ազդու թվացող ձայնը, որով երանելին բարբառում է. «Աղոթում եմ, որ իմ եղբայրների փոխարեն ե՛ս նզովյալ լինեմ Քրիստոսից»։ Ա՛յն ձայնը, որով նա համարձակաբար խոսում էր թագավորների առաջ ու չէր ամաչում։ Եվ հենց ա՛յդ ձայնով էր, որ ճանաչեցինք Պողոսին, ու նրա միջոցով՝ նաև Տիրոջը։ Որոտմունքը մեզ այնքան չի զարհուրեցնում, որքան Պողոսի ձայնը՝ դևերին, քանի որ, եթե մինչև իսկ նրա հանդերձից էին սարսռում, որքա՜ն առավել ձայնից կտագնապեին։ Չէ՞ որ նա էր, որ հալածեց դևերին։ Նա էր, որ սրբեց տիեզերքը։ Նա էր, որ վերացրեց հիվանդությունները։ Նա էր, որ արմատախիլ արեց անիրավությունն ու ճշմարտությունը տնկեց, քանի որ Քրիստոս նրա շուրթերին էր և Քրիստոսով նա ամենուր հաջողության էր հասնում։ Պողոսի ձայնն այնպիսին էր, ինչպիսին քերովբեներն են, և Քրիստոս, ինչպես քերովբեների զորության, նույնպես և Պողոսի շուրթերի վրա է բազմում։ Եվ քանի որ նա արժանացել էր Քրիստոսին ընդունելուն, ուստի միայն այն էր բարբառում, ինչը Քրիստոս սիրում էր, և այդպիսով, որպես սերովբե, ճախրում էր երկնքի բարձունքներում։ Հիրավի, ի՞նչ կա առավել բարձր այն ձայնից, որն ասում է. «Վստահ եմ, թե ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները և ո՛չ զորությունները, ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն և ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծո այդ սիրուց, որ կա մեր Տեր Հիսուս Քրիստոսով» (Հռոմ. 8:38-39)։
Ի՞նչ ես կարծում, քանի՞ թև ու քանի՞ աչք ունի այս ձայնը։ Այս բանի համար էր, որ նա ասում է, թե «անտեղյակ չենք նրա [սատանայի] մտադրություններին» (Բ Կորնթ. 2:11)։ Այս պատճառով է, որ դևերը, հալածվելով՝ փախչում էին, և այդ ոչ միայն Պողոսի ձայնից, այլ, թեպետ հեռու էլ լիներ նրանցից, նրա զգեստները տեսնելուց իսկ սարսափահար էին լինում։ Կկամենայի այժմ տեսնել այն աճյունները, որոնց միջոցով երբեմն Քրիստոսի անճառելի խորհուրդներն էին բարբառվում։ Նույնպես և Սուրբ Հոգու շնորհները նրանց միջոցով բաշխվեցին ողջ տիեզերքում։ Իրոք որ, Պողոսի բերանն ի՜նչ բարություն ասես, որ չգործեց․հալածեց դևերին, մաքրեց մեղքերը, պապանձեցրեց բռնավորներին, փակեց «փիլիսոփաների» բերանը, համայն տիեզերքը որպես ընծա մատուցեց Աստծուն, բարբարոսներին մտահայել սովորեցրեց, բոլորին խրատեց, օգնության ձեռք մեկնեց ամենքին՝ ինչպես երկրի վրա, նույնպես և երկնքում։ Ու ինչ որ նա ուզում էր Աստծուց, ստանում էր, մինչև իսկ կապելու և արձակելու իշխանությունը՝ ում որ կամենար։ Եվ արդ, ոչ միայն երբևէ նրա աստվածախոս բերանը տեսնել կուզեի, այլև ոտքերը նրա։ Իսկապես, մեղանչած չեմ լինի, եթե տիեզերքի սիրտ, բարության աղբյուր և մեր կյանքի տարրերի սկիզբ ու արմատ կոչեմ նրան։ Չէ՞ որ կենդանության Հոգին նրանից էր բաշխվում ամենքին, և Քրիստոսի եկեղեցու անդամները նրան էին վստահված ոչ թե իբրև առևտուր, այլ նրա իսկ բարի կամքի հոժարությամբ։ Այնքան մեծ էր Պողոսի սիրտը, որ իր մեջ կրում էր բոլո՜ր-բոլո՜ր ազգերի ներկայացուցիչներին՝ թե՛ քաղաքաբնակ և թե՛ ռամիկ, քանի որ ասում է՝ «Մեր սրտերը լայն են ձեզ համար» (Բ Կորնթ․ 6:11)։ Ու այնքան ընդարձակ է նրա սիրտը, որ երբեմն ճմլվում է իր մեծ սիրուց, քանի որ ասում է՝ «բազում վշտերի ու սրտի նեղության պատճառով ձեզ գրեցի» (Բ Կորնթ. 2:4)։ Նրան է, որ կկամենայի տեսնել։ Նրան, ով հանապազ այրվում էր ուրիշների կորստյան պատճառով, քանի որ նրանք զրկվեցին Աստծո տեսությունից, ինչպես որ գրված է. «նրանք, ովքեր սրտով մաքուր են, Աստծուն պիտի տեսնեն» (Մտթ. 5:8)։
Իսկ ի՞նչ կարծիքի ես այն մասին, որ նա պատարագ եղավ Աստծո համար, ինչպես որ գրված է. «Խոնարհ հոգին է պատարագն Աստծո» (Սղմ․50:19)։ Չէ՞ որ Պողոսը, որ Քրիստոսից էր սկիզբ առնում իր առաքելությունը, խոնարհագույնը եղավ բոլորի մեջ, չնայած որ նա երկնքից էլ առավել բարձր էր, բխումն էր տիեզերքի, ճառագայթներից ավելի լուսավոր էր ու կրակից ավելի ջերմ, ավելի կարծր էր, քան ադամանդը, և նրանից էին սկիզբ առնում գետերը, ինչպես որ գրված է. «Նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն» (Հովհ. 7:38)։ Այստեղից է սկիզբ առնում և Պողոսը՝ այն աղբյուրը, որն արբուցանում էր ոչ թե երկրի երեսը, այլ մարդկանց հոգիները։ Ուստի օր ու գիշեր արտասուքի գետեր ու աղբյուրներ էին հոսում նրանից, որոնք ուրիշ ո՞ւմ, եթե ոչ մեր կյանքի համար էին։ Նա ասում է՝ «Կենդանի եմ այսուհետև. բայց ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս» (Գաղ․2:20)։ Ապա ուրեմն, Պողոսի սիրտն Աստծո՛ սիրտն էր։ Սուրբ Հոգու շնորհների գիրքն էր Պողոսի սիրտը, որը դողում էր այլոց մեղքերի համար։ Նա ասում է՝ զարհուրում եմ, որ հանկարծ «ընդունայն ընթացած և ընդունայն աշխատած չլինեմ» (Փիլիպ. 2:16)։ Նաև ասում է. «Երկյուղ եմ կրում, թե մի գուցե, ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային, ձեր միտքը ապականվի ու շեղվի» (Բ Կորնթ. 11:3) Նաև՝ «երբ գամ, գուցե ձեզ չգտնեմ այնպես, ինչպես ես կամենում եմ» (Բ Կորնթ. 12:20)։ Նա, սակայն, չի կասկածում իր աղոթքին՝ ասելով «վստահ եմ, թե ո՛չ հրեշտակները, ո՛չ զորությունները չեն կարող բաժանել մեզ Աստծո սիրուց» (Հռոմ. 8:39)։ Նա, որ արժանի եղավ Քրիստոսին սիրելու այնպես, ինչպես ոչ ոք չէր սիրել։ Նա, որ արհամարհում էր մահն ու գեհենը և եղբայրական արտասուքներով էր թրջում իր երեսը։ Պողոսն, այն ժամանակ, երբ հեռանում է նրանցից, ասում է՝ ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք լալիս ու ճմլում իմ հեգ սիրտը։
Կուզենայի տեսնել նրա ձեռքերը, որոնք, թեպետ կապված էին շղթաներով, սակայն որոնց ձեռնադրությամբ Սուրբ Հոգին էր շնորհված և որոնցով իր խոսքերն է գրի առել նա. «Տեսե՛ք, - ասում է, - թե ինչպիսի՛ գրերով գրեցի ձեզ իմ այս ձեռքով» (Գաղ. 6:11), ու դարձյալ, թե՝ «Ես՝ Պողոսը, իմ ձեռքո՛վ գրեցի» (Փիլիմոն 1:19)։ Կուզենայի տեսնել այն ձեռքերը, որոնք տեսնելով՝ իժը խարույկի մեջ ընկավ։ Կուզենայի տեսնել անսահման գեղեցկությունը նրա աչքերի, որոնք նայեցին դեպի տիեզերքի փրկությունը, որոնք կենդանության իսկ օրոք արժանի եղան տեսնելու Քրիստոսին, ու որոնք, միաժամանակ, նայում, բայց չէին տեսնում երկրավոր բաները, ա՛յն աչքերի, որոնք չգիտեին, թե ինչ բան է քունը, որոնք, թեպետ ողջ գիշեր էլ տքնում էին, սակայն որևէ կերպ չէին վնասվում։ Կկամենայի տեսնել և նրա սուրբ ոտքերը, որոնք դեպի երկինք էին ընթանում ու չէին հոգնում, որոնք իր՝ բանտում եղած ժամանակ սեղմված էին կոճղերի մեջ, որոնք քայլում էին շեն ու անշեն վայրերով և որոնք ճանապարհորդեցին բազում անգամներ։ Եվ արդ, էլ ինչպե՞ս չասեմ, որ կամենում եմ տեսնել գոնե նրա սուրբ գերեզմանը, որում շտեմարանված է զենքն արդարության, զրահը լույսի՝ նրա սուրբ մարմնի անդամները, որոնք այժմ, չնայած նրա մեռած լինելուն, կենդանի են, և այնժամ, չնայած իր կենդանի լինելուն, մեռած էին։ Քրիստոս էր կենդանի Պողոսի այն մարմնի մեջ, որը խաչը ելավ, որը անդամն էր Քրիստոսի, որը շղթայված էր ի Քրիստոս, որը տաճարն էր Սուրբ Հոգու՝ կառուցված սրբերի արյամբ, որը կապյալն էր այդ նույն Հոգով, որը բևեռված էր Աստծո երկյուղով ու որն իր մեջ կրում էր Քրիստոսի անվան համար հալածվածներին։ Ահա ա՛յս մարմինն է պարսպում Հռոմ քաղաքն ու պահպանում այն առավել զգուշությամբ, քան նրա բոլոր աշտարակներն ու պարիսպները։
Պողոսի հետ մեկտեղ է նաև Պետրոսը, որին իր կենդանության օրերին պատվում էր նա՝ ասելով. «Ելա,- ասում է,- տեսնելու Պետրոսին» (Գաղատ. 1:18)։ Այս պատճառով է, որ իրենց վախճանի ժամանակ նրանք իրար կողքի լինելու շնորհին արժանի համարեցին միմյանց։ Ուստի և կկամենայի տեսնել նաև հոգևոր առյուծին՝ Պետրոսին․ չէ՞ որ, ինչպես առյուծի ձայնը հնչելիս աղվեսների ճահուկը սարսափահար փախչում է, նույնպես և նրա ձայնից սարսում է դևերի ու «փիլիսոփաների» բազմությունը և Պետրոսը կործանում է նրանց իր գավազանի զորությամբ։ Պետրոսը հանդիմանում էր նրանց ոչ միայն իր իմաստությամբ, այլև, մինչդեռ հեռվից իսկ տեսնում էին նրա ստվերը կամ լսում նրա ձայնը, սարսափած ու զարհուրած փախչում էին նրանից։ Այս կերպ Պետրոսը մի որոշ հեռավորությունից կորստյան մատնեց պոռնկացողին։ Նա նաև շատ ու շատ ուրիշներին էլ ազատեց դևերից՝ խրատելով նրանց այլևես երբեք չհայհոյախոսել։ Այսպես նաև Պողոսը խրատում, ոգևորում ու քաջալերում էր բոլորին, մինչև իսկ քարոզիչներ կարգելով նրանց՝ որպես Երկնքի արքայության առաջնորդներ, քանի որ, ինչպես գրում է նա եփեսացիներին. «Մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ իշխանությունների ու պետությունների» (Եփես. 6:12), ապա նաև երկինքն է մատնանշում, ասելով՝ «մեր կռիվը երկրավորների դեմ չէ, այլ երկնքի և երկնքի տակ գտնվող չար ոգիների դեմ»։ Ուրիշներին էլ ասում է. «Չգիտէ՞ք, թէ մենք հրեշտակներին էլ ենք դատելու, ուր մնաց թէ՝ երկրավորներին» (Ա Կորնթ. 6:3)։
Եվ արդ, այս ամենն իմանալով, հաստատո՛ւն լինենք մեր առաքինությունների մեջ, քանի որ Պողո՛սն էլ, Պետրո՛սն էլ մեր բնությանը հաղորդ, մեզ պես հասարակ մարդիկ էին, բայց, քանի որ ամեն բանից առավել Քրիստոսին սիրեցին, երկնքից էլ վեր ու հրեշտակների հետ դասվեցին։ Ուստի և մենք, եթե կամենանք փոքր-ինչ արթուն լինել ու մեր հոգում վառ պահել աստվածային հուրը, կկարողանանք նմանվել այս սրբերին։ Հակառակ դեպքում չէր ասի Պողոսը, թե «Նմանվեցե՛ք ինձ, ինչպես որ ես՝ Քրիստոսին» (Ա Կորնթ. 11:1)։ Եվ արդ, միայն հիացողն ու զարմացողը չլինենք Պողոսի ու Պետրոսի շնորհներով, այլև նմանվողնե՛ր լինենք նրանց, որպեսզի, երբ այստեղից այնտեղ՝ Երկինք գնանք, արժանի լինենք նրանց տեսնելու և նրանց նման հաղորդակից լինելու անճառելի փառքին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, ում վայել է փա՜ռք հավիտյանս։ Ամեն։
Հովհան Ոսկեբերան, «Ճառք նշխարք ի մեկնութեանց Սուրբ Գրոց», աշխտ. Հ. Քյոսեյանի, Ս. Էջմիածին, 2009թ.
Գրաբարից արևելահայերենի փոխադրեց Գևորգ սրկ. Կարապետյանը