Գրքեր

«Երանի կյանքի ծովի այն լողորդին, որ հաճախ նայում է դեպի երկինք»

Արարչության պսակի՝ մարդու համար հավատը բնական վիճակ է: Հավատը հոգու համար նույնն է, ինչ շնչառությունը մարմնի համար: Եթե ​​կյանքը ծով է՝ խռովված փոթորիկներից, ապա հավատն այն հուսալի և ամուր նավն է, որ փոթորիկներից չվախենալով՝ մարդկանցից յուրաքանչյուրին առաջնորդում է դեպի հավիտենական կյանքի հանգիստ ափերը: «Երանի կյանքի ծովի այն լողորդին, որ հաճախ նայում է դեպի երկինք: Կենդանի հավատը բացում է հոգու աչքերը, և մարդը սկսում է տեսնել հոգևոր երկինքը, Քրիստոսի ուսուցումները: Հավատն առ Աստված կյանք է, և անկյալ մարդկությունը կարող է միայն հավատքով մոտենալ սրբազան ճշմարտությանը, այնտեղ հասնելու այլ ճանապարհ չկա»,- ասել է սբ. Իգնատի Բրյանչանինովը: Հավատն ամրապնդելու ուղիներից մեկն է ուխտագնացությունը, քանի որ հոգևոր կյանքն ամրանում, աճում ու պտղաբերում է այնտեղ, ուր անպակաս է աղոթքը:

Հուլիսի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, մեկնեց ուխտագնացության Հայաստանի նշանավոր ուխտավայրերից մեկը՝ Ամենափրկիչ Հավուց Թառ վանական համալիր: Վաղ առավոտյան ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի սրբավայր: Վաղ միջնադարում հիմնադրված վանական համալիրը գտնվում է  Խոսրովի արգելոցի խիտ անտառներում, ուր հասնելու համար ուխտավորները ոտքով անցան նեղ ու դժվարանցելի արահետը, որին հատուկ գեղեցկություն և խորհրդավորություն էին հաղորդել ճանապարհին հանդիպող խաչքարերը: Խոնարհված սրբավայրում «Զորավոր արանց» միությունը համախմբվեց միասնական աղոթքի շուրջը՝ Տիրոջ ողորմությունը հայցելով Հայաստան և Արցախ աշխարհի համար: Այնուհետև ուխտավորները երգեցին Սուրբ Պատարագից հատվածներ և քրիստոնեական ուղիղ ու ճշմարիտ հավատքի ուղղափառ դավանությունը՝ Հավատամքը: Սիրո ճաշով եզրափակվեց «Զորավոր արանց» միության հոգենորոգ ուխտի հերթական ուղին:

 

 

Կարինե Սուգիկյան

 

24.07.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․